ԱԼԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
Ամեն օր
Նա իր սէրը նկարում է լուսամուտին
Եւ անձրեւը`
Մերկ աչքերի, մաքրում է սրտիկները.
Արդէն բոլոր եղանակներն էլ անձրեւոտ են։
Նա ամենուր նկարում է ձեռքեր,
Բայց ձեռքերը գիրկ չեն դառնում,
Եւ ճչում է սէրը։
Ամեն բառի մէջ
կարօտն է խնկարկւում.
Լուսամուտները արցունքոտւում են,
Սէրը ճերմակ աղաւնի է.
Ճախրում է երկնքում։
ՀԱՄԲՈՅՐ
Նրանք հանդիպեցին,
Եւ կարօտը լեզու առաւ.
Անմոռաց ու
Անկրկնելի էր
Նրա բառապաշարը։
Եւ հէքեաթներն
իրականութիւն դարձան.
Անսպասելին սպասուած էր,
Հրաշքը` սովորական։
Շուրթերի տօնակատարութիւն էր։
Նրանք հանդիպել էին,
Եւ ձեռքերն աւելորդ էին,
Եւ աչքերը` փակ։
* * *
Վերադարձրու ինձ.
Քո վերադարձով է
պայմանաւորուած
Խաղաղութիւնը։
* * *
Արցախում
Լուսաբացը սկսւում է
Պատերազմի դէմքով,
Մթնշաղը` խաղաղութեան երազանքով։
Վախերի ստուերներով է
Պատուած ժամանակը։
* * *
Նորից պատերազմը
Սեւ ամպի նման
Ծանրացել է երկրիս վրայ։
Անսպասելի չէր,
Բայց մենք անակնկալի եկանք,
Ինչպես 2020 թուականին։
Վախը,
Ինչպէս եօթգլխանի վիշապ,
Կանգնեց մեր գլխավերեւում,
Բայց մենք յամառօրէն`
Երես առած երեխայի նման,
Մեր լեռների կողքին
Ծանր քարի անշարժութեամբ
Մնում ենք կանգնած։
* * *
Պատերազմը
Կործանելու սովորութիւնը չյաղթահարեց,
Չսովորեց աստուածաշնչեան
Հանդուրժողականութիւնը,
Եօթ մահացու մեղքերն
Ի կատար է ածում
Ամենայն մանրամասնութեամբ։
Անկենդան է անգամ
Կենդանի մնացած մարդը։
* * *
Պատերազմից յետոյ երբեմն
Անկողնուց անկողին են տանում
Մինչ այդ հաւատարմութեամբ աչքի ընկնող
կանանց
Քաղաքը կեղտոտուել է
անզգացմունք կրքերից.
Սէրը թաւալւում է փողոցներում։
Արցախ