ՎԱԽԸ

ԲՈՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Ատելի է դարձել վախը անիծեալ.
Այն ծնում է խռովք ու խուճապ…

Վախն է բոլորիս պարտութիւն բերում,
Ամեն բանի մէջ սարդոստայն դնում:

Վախն է մեզ դարձնում երբեմն մատնիչ,
Մատնիչ` հէնց մեր դէմ, մատնիչ ու սադրիչ.
Վախն է ծնում, անկախ մեր կամքից,
Անվստահութիւն,հոգու խորը ճիչ։

Պիտի բոլորս կռուենք վախի դէմ.
Պիտ հեգնենք նրան ու դարձնենք անդէմ,
Որ մահի դիմաց առանց վախերի,
Խունկը ծխանենք անվախ ջահերի:

Պիտի մենք քանդենք պատը բարկութեան,
Որ արգասիքն է խռովքի, ցասման.
Պիտ՚ լողանք ծովում մենք հանգստութեան,
Այլ ոչ թէ ճահճում անհանգստութեան:

Ուժ պիտի գտնենք մեր մէջ վեհագոյն.
Այն ամեն մարդու ոգու մեծագոյն
Առաւելութեան կէտն է բարձրագոյն,
Եւ ամեն մարդու կամքը լաւագոյն:

Եւ բարձրացնենք մեր նենգ վախի դէմ
Դրօշը` ծնուած «Ուժ»-ից յաղթադէմ.
Այն յաջողութիւն կը սփռի ճամբին,
Ու այս դարձդարձիկ, դիւրասահ բախտին:

Ուրեմն դառնանք անխա՛խտ, հաստատու՛ն.
Յիրաւի՜, կամքն է գերի լոկ մարդուն.
Եւ գերի է նա հէնց այն… ա՛յն մարդուն,
Ով տիրակալն է մտքին իր փայլուն…

Ամենքս դառնանք տէրը մեր բախտի,
Լինենք այն մարդը,ով անձամբ գիտի
Տնօրինելու ձեւը իր կեանքի,
Ու քանդել գիտի ոստայնը բախտի:

Եւ, այնուհանդերձ, իզուր չէ ասուած`
Եթէ հռչակուես կեանքում դու յաղթած,
Յաղթած կը կոչուես հէնց նրա համար,
Որ պայքարում ես ապրելու համար…

* * *

Մենք խաղակատար, իսկ կեանքը խաղ է…
Խաղի մէջ դաւեր, դաւում ` լի ցաւեր, ցաւի մէջ` ախեր.
Ախից գոյացած ստոր ու նենգ վախեր.
Վախը տարածող, ծնող «անվախներ»…
Կամ էլ` ի՞նչ «անվախ»…«դժբախտ-կախեալներ»…
Կեանքը շնորհեց նրանց մի կոչում…
«Ստոր ապերախտներ»…

— Մարդի՛կ, դուք բնութեան մէջ վեհ արարածներ.
Մի՞թէ ի վերուստ սա կեանքի մի խաղ կամ յօրինած էր,
Որ պիտի ձեզնից դուք հրաժարուէք`
Ձեր հոգիները անարժէք ծախէք,
Ձեր ներսի Մարդուն խեղդամահ անէք,
Կամ էլ լուռ սպանէք, կախաղան հանէք..

Մի՞թէ չէք կարող դուք ձեր էութեամբ,
Ձեր կամքի շնորհիւ` դուրս գալ այդ դերից…
Ձեր Մարդ տեսակի գոյութեամբ հանդերձ`
Խուսափել թշուառ այդ խաղի ձեւից ու կանոններից…

Մի՞թէ չարութիւնն իր նենգ ճանկերով,
Ձեր հոգու խորքում բարին է խեղդել…
Հոգու պատերից նենգօրէն կախուել`
Իր լայն երախով լաւին կուլ տուել…

Մի՞թէ պայքարի ջիղերը Ձեր մէջ
Անզգայացել են, սառչել ու մեռել…
Մի՞թէ մարդկային յոյզերն այդքան
Դժուար է սանձել ու ղեկավարել…

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *