ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ, ՄԱ՛Մ…

ԲՈՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Ես այստեղ եմ, Մա՛մ…

Էլ ինձ մի՛ փնտրիր…
Ես քո ներսում եմ,
Քո տա՜ք սրտի մէջ…
Էլ ինձ մի՛ փնտռիր…

Աղաչու՜մ եմ քեզ, էլ մի՛ լացիր, Մա՛մ…
Երբ դու լացում ես` լացում եմ եւ ես…
Երբ որ կծկւում ես` կծկւում եմ եւ ես…
Մա՛մ, էլ մի՛ լացիր…

Ես ամենուր եմ… հաւատա՛ Դու ինձ…
Ես քո անանուն Կարօտի մէջ եմ,
Իմ թա՜նկ, իմ միա՜կ…
Վշտից ճերմակած մազերիդ մէջ եմ,
Քո դալուկ դէմքի կնճիռների մէջ,
Յուշերիդ մէջ եմ…ես քեզ չե՜մ լքի…
Ես այն Կարօտն եմ կարօտներիդ մէջ,
Որ միշտ իշխում է ողջ կարօտներիդ…
Ես քո սպիտակած այն միա՜կ մազն եմ`
Ամենաճերմակը հազարների մէջ…

Էլ ինձ մի՛ փնտռիր, Մա՜մ…

Գիտե՞ս, մի գաղտնիք կայ`
Ուզում եմ բացել…
Բայց խնդրում եմ, Մա՜մ,
Բոլոր Մայրերին սա կը փոխանցես…
Թող որ Աշխարհի Մայրերը բոլոր
Այսուհետ իրենց դուստրերին, որդոց
Սպասեն հաւատով…սպասեն Յոյսի մէջ…
Թող նրանց փնտրեն միմիայն մի տեղ…
Նորածինների…
Անգի՜նս… Լո՜յսս, այո՛,
Նրանց մէջ…
Նորածինների՜…
Լինի նա եղբօր, կամ քրոջ զաւակ,
Լինի հարազա՜տ…
Ես շուտով կը գա՜մ…միայն հաւատա՜…
Կը վերածնուե՜մ, քո գիրկը կը գամ…
Միայն հաւատա՜ ու սպասի՜ր ինձ,

Մա՜մ…

Արցախ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *