* * *

ԱՆԳԵԼԻՆԱ ԱՌՍՏԱՄԵԱՆ

Դու ուզեցիր,
որ
քո բացակայութեամբ
ես չլսեմ մեր տղայի
առաջին ճիչը,

չտեսնեմ նրա
աստղեր փնտրող
քո աչքերը,
չզգամ անմեղութեան բոյրը,
չգուրգուրեմ նրան
հեքիաթ պատմող
քո գրկում.

Դու չես դառնում
բացակայութիւն։

* * *

Իմ
շնչառութեան
մանեակին
քո
անունն եմ
գրել,
որովհետեւ
սիրոյ
ճանապարհին
իմը
մոռացել եմ։

Նորից
կը սկսենք՝
ամպերից
վերեւ…

…քամին
սրինգ է
քո
շուրթերին։

* * *

Քեզ մօտ
տանող
ճանապարհներին
ինձ եմ
հանդիպում։

Մոլորեցնող է։

Մեր տնկած
ծառը
անտառապա՞հն է
հատել։

Մտքերս
ինձ
օտար են։

…հոգիս
բողոքում է,
պահանջը՝
դու ես։

* * *

Մենք
կը հանդիպենք։

Քեզ այնտեղ կը տանեմ,
ուր երիցուկն է աճում՝
առանց ջրուելու,
ուր ամեն ինչ
լցուած է
արեւի լոյսով,
ուր անձրեւը
սիրոյ նշան է
եւ՝ ոչ լացի։

Ստեփանակերտ

Ծանօթ. խմբագրութեան.— Անգելինա Առստամեանի այս գրութիւնները մրցանակի արժանացած են «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակին կողմէ վերջերս կազմակերպուած «Ապրելու ձայնը» գրական-մշակութային եօթնօրեակի ծիրէն ներս կայացած արցախաբնակ երիտասարդ ստեղծագործողներու գրական աշխատանքներու մրցոյթին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *