ՔՐԻՍՏԻՆԷ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Միֆ ես, պատիր, պատրանք …
Աշնանային թոյլ մառախուղ ես ու լեռնային ըմբոստ քամի։ Դու յոյս ես, լոյս ես, կեանք ու մահ ես, պատիւ ու արժանապատւութիւն ես, սէր ու ջերմութիւն ես, քայլող բարութիւն ու հոգու մեղեդի ես, թաց աչքերով աղօթք մրմնջող ես, հանգստութեան աւետարան ես։
Դու ո՞վ ես …
Քո շուրջն անտարբեր աշխարհն է, բայց դու գրկել ես քո աշխարհիկն ու բաց չես թողնում։ Դու ականատեսն ես արհաւիրքի, կրողն ես ցաւի, բայց շարունակում ես լոյս մնալ, որովհետեւ ներսում՝ շատ խորքում, դու հաւատում ես։
Դու երջանկութեան խողովակ ես, որը կաթիլ-կաթիլ ասելիք ունի, դու տեղով երազանք ես։
* * *
Դու գերութիւնից տուն վերադարձած նեղացած մառախուղ ես, ձիւնաճերմակ պարզերես լեռ, տերեւաթափ խշշացող անտառ ես, դու միջին վիճակագրական անորոշութիւն ես, ծայրահեղ սիրոյ ու դաւաճանութեան խառնուրդ։
Դու դեռ չես որոշել, թէ ով ես։ Ու քեզ կոչում են մեծամասնութիւն։
Քեզ համար, քո շնորհիւ, քո պատճառով …
Ընտրի՛ր, թէ դու ով ես։ Եւ այսպէս թէ այնպէս դու կիսատ ամբողջութիւն ես, ու քեզ իրականութիւն են կոչում։
* * *
Իսկ դո՞ւ։
Դու սիրու՞մ ես, քեզ սիրու՞մ են։ Դու մտացրիւ քաոս ես, բաժանում ես, տանջում ու տանջւում ես։
* * *
Ծուռումուռ փողոցներով ու իմ ծուռումուռ մտքերով կտրում-անցնում եմ իմ բաժին ճանապարհը՝ յոյս ունենալով, որ լոյս կոչուածը երեւալու է։ Ես փորձում եմ տեսնել քեզ, բայց քո շորի փէշն եմ ընդամենը տեսնում։ Ի՞նչ է, նեղացե՞լ ես։
Ե՞րբ հասցրի քեզ նեղացնել, եթէ ես առաջ չէի էլ հասկանում, որ դու կաս կամ կարող ես գոյութիւն ունենալ։ Չէ, դու ինձ չես հասկանում ու չես էլ հասկանայ, բայց ուշադիր լսիր, որ պատմես իմ մասին, պատմես այն տարբեր «դու»-երի մասին, ովքեր կան, գոյութիւն են ունեցել, ունեն ու կ՚ունենան։
Տերեւները իրար հերթ չտալով խշշում են ոտքերիս տակ։ Խոստովանում են՝ դու սէր ես, միակն աշխարհում՝ տեսածների ու չտեսածների մէջ։ Քեզ համար կանգնում ու կանգնած էլ ընկնում են, քեզ սիրում ու փայփայում են ու մէկ էլ որոշում են դաւաճանել ու կեղծել անցեալդ։ Դու պարտէզ ես, որտեղ ծաղիկները դադարել են թառամել։
Այստեղ իրականութիւնը եփւում է գլխիդ մէջ ու եփում գլուխդ։ Սա մեր նոր սահմանն է՝ ոչ վաղ անցեալի ու իրականութեան տհաճ սահմանագիծը։
* * *
Դու բացակայ ներկան ես, վախ ես, արագացուած սրտի դոփիւն ու անփորձ երեխայ ես։
Ախր, որքան անհասկանալի ու հասկանալի ես միաժամանակ, ինչպէս բոլորս։
Դու պատերազմ ես, որը խաղաղութիւն է տենչում, քնած ենթագիտակցութիւն ես, մարած մոմի վերջին ծուխն ես…
* * *
Հիմա ասա ինձ, դո՞ւ հասկանում ես։ Կամ այդ հասկանալն ինչպէս է լինում, չէիր հասկանում ու սկսում ես հասկանալ, մտածել, փորփրել, ստեղծել, արարել, վերջապէս ապրել։ Ասա՛ ինձ, վերջապէս ապրու՞մ ես։
Արի՛ ընկեր, վերցրու քո բոլոր «դու»-երն ու արի տաքացնենք մեր ձեռքերը յիշողութիւնների խարոյկի մօտ։
Ամենն ունի իր հասցէն…
Մարտակերտ, Արցախ
Ծանօթ. խմբագրութեան.— Քրիստինէ Կարապետեանի այս գրութիւնը մրցանակի արժանացած է «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակին կողմէ վերջերս կազմակերպուած «Ապրելու ձայնը» գրական-մշակութային եօթնօրեակի ծիրէն ներս կայացած արցախաբնակ երիտասարդ ստեղծագործողներու գրական աշխատանքներու մրցոյթին։