Նա մինչեւ կեանքի վերջին օրերը կռիւ էր տալիս հայրենիքը ծամող լէշակերների դէմ

ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՒԱՆԵԱՆ
ՀՀ ԱԺ պատգամաւոր

Մահացել է լրագրող Վահան Իշխանեանը։
Սա իրօք անժամանակ մահ էր։ Համ հեռանալու տարիքը չէր (58), հա՛մ էլ՝ հիմա նա մեզ շատ էր պէտք։ Յատկապես հիմա, երբ Հայաստանի բարձր ամբիոններից պետութեան վախճանը հրամցւում է որպէս փրկօղակ։
Վահանը սուր գրիչ ունէր։ Վահանի հետ մտերիմ էլ ենք եղել, վիճել էլ ենք։ Բայց միշտ միասնաբար կռիւ ենք տվել քաղաքական այլասերման դեմ։
Ինչ էլ գրէր Վահանը մի բանում համոզուած էի՝ չի խաղում, իր սկզբունքներին չի դաւաճանում, խփելուց ուժեղ է խփում, պաշտպանելուց լաւ է պաշտպանում։ Ու միշտ անշահախնդիր։
Վահանը չունէր հեղինակութիւններ։ Իր համար հեղինակութիւնը գիտելիքն էր, փաստարկն էր, փաստն էր եւ ինտելեկտը։
Նա լավ իմաստով պոֆիգիստ (հարցերը անձնականէն դուրս դիտող) էր, բնաւորութեամբ՝ ծանր, վարքաբանութեամբ ու մարդկային յարաբերութիւններում՝ ազատական, գաղափարախօսութեամբ՝ ձախական եւ ամենակարեւորը՝ միշտ հայկական։
Վահանինն այն դէպքն էր, երբ չես կարող յայտնի ձեւակերպումն օգտագործել՝ բնութիւնը հանգստացել է զաւակի վրայ։ Իր հօրը՝ հայտնի լեզուաբան, հրապարակախօս, բանասիրական գիտութիւնների դոկտոր պրոֆեսոր Ռաֆայէլ Իշխանեանին կարդացել եմ։ Կարող եմ ասել, որ Վահանն առնուազն պակաս չէր հօրից։ Աւելի ճիշտ՝ Վահանն ուրիշ ձեռագիր ունէր։ Նա սեփական դիմագիծն ու ես-ն ունէր եւ վաղուց էր դուրս եկել յայտնի մարդու որդու կարգավիճակից, քանզի իրեն իրենով գիտէինք։
Վահանի կարիքը մենք շատ կը զգանք, նրա տեղն այս պահին թափուր է։ Քանզի իր պէս քրքրող, գտնող ու կրակող այս պահին ուղղակի չկայ։ Վահանը՝ ոճ էր։ Վահանի ձեռագիրն առանց ստորագրութեան էլ զգացնել էր տալիս, թէ ով է հեղինակը։
Վահանը 88-ի Ղարաբաղեան շարժման երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչներից էր, շարժման զաւակը։ Դրա համար էր սիրտը ցաւում տեղի ունեցածի համար։ Դրա համար էր նա մինչեւ կեանքի վերջին օրերը կռիւ տալիս հայրենիքը ծամող լէշակերների դէմ։
Ափսոս, որ շուտ հեռացաւ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *