ՎԻՏԱԼԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Ինչ-որ մէկը քայլելով գծեց «նոր հայրենիքի»
սահմանները Գիւմրիից Երեւան եւ
հիմա կրճատւում է հայրենիքը դէպի նոր սահմաններ,
որի երկայնքով վխտում են վերելակային շշուկները,
շները կրծում են անճանաչելի դիակի ճակատագիրը,
իմ հայրենիքն այլեւս սահմաններ չունի,
ես այլեւս հայրենիք չունեմ:
24 նոյեմբեր 2020
Հադրութ
ԿԱՐՕՏԱԲԱՂՁՈՒԹԻՒՆ
Իմ լուսամուտները Հադրութից
նայում էին լեռների դէմքին,
եւ միտքս բախւում էր խաչին:
Իմ ժամանակակից լուսամուտներն Երեւանից
նայում են փողոցի դէմքին,
որտեղ հոսում են մեքենաները,
շէնքերը կախուել են քաղաքի մշուշից,
շները հոտոտում են անցորդներին,
եւ բոլորը խաբում են իրար,
մի քիչ աւելի լաւ ապրելու համար:
Իմ լուսամուտներն Հադրութում իմն էին,
նրանք նայում էին լեռների դէմքին,
այստեղ բոլորն ուրանում են իրար,
եւ քաղաքն ուտում է մարդուն…
ես էլ այլեւս առաջուանը չեմ:
Երբեմն ժամանակը հոսում է
քաղաքից տուն,
ես դեռ գիւղացի մի ուսուցիչ եմ
եւ բանաստեղծ,
բայց իմ տանն ապրում են թուրքեր
եւ բազմանում են որպէս առնետներ
ժամանակի քաղաքական արգանդում:
Իմ պատուհաններն հիմա ուրիշ են,
քաղաքը լափում է մարդուն,
ես դուրս եմ գալիս փողոց
ամեն ինչ նորից սկսելու համար,
մարդկանց աչքերին նայելու համար,
ինչ-որ մեկը կամաց-կամաց ջնջում է յիշողութիւնս,
ես խառնուել եմ բոլորի հետ
եւ հոսում եմ փողոցների լուսամփոփներով՝
որպէս կանգառ կամ ընթացք,
որից սկսւում են աշխարհի բոլոր պատուհանները:
Լուսամուտներս, լեռներին նայելիս,
յիշում են աչքերիս ժամանակագրութիւնը,
որտեղ ձեւականութիւն է ամեն ինչ:
22 դեկտեմբեր 2020
* * *
Օրերը թեթեւսոլիկ ծանրութիւն ունեն,
նրանք դռան բռնակ են, տարի.
պարապութիւնն օրօրւում է լուացքի
պարանի վրայ, որպէս գունագեղ լաթ
քաղաքի գոլորշում:
Գաղթականի աչքերով պարպում եմ
փողոցի դատարկութիւնը մուրացիկի
գլխարկի մէջ, որ մայթերը չզրկուեն
սահմաններից:
Մարդուն ճանաչում ես այն ժամանակ,
երբ յայտնւում ես նրա յոյսին.
բարեկամական ամբոխ փակ դռան
կողպուած անցեալում,
ես նայում եմ առաջ:
Առջեւում փակ դռներ են,
դրսում թափառում է սառած ոտքերի հետքը
ազատութեան հակականոն կանգառներում:
Օրը պարապութիւնից տրւում է քամուն,
մայթը կտցահարւում է պատահական կրունկներից,
իրար են խառնւում ձիւնը, մանդարինը,
դեռ փողոցով հոսող արիւնը, եւ մարդիկ,
մարդիկ, մարդիկ:
Ես հաշւում եմ քաոսը
եւ հեռանում եմ քեզնից դէպի ինձ:
23 դեկտեմբեր 2020
* * *
Իմ տնկած ծառերն էլ իմը չեն,
Իմ երդիկի ծուխն արդէն յիշողութիւն է,
օրերը բաժանարար համբերութիւն են,
որ սնել են վիժուածքների մի կրկէս.
շատ բան ունեմ գրելու,
արիւնը խեղդել է բառերը: