ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Յիշողութիւնս
աչքեր ունի,
որ մնացել են
մեր գիւղի ճամբին
եւ սպասում են
ուշացող վերադարձիս…
Յիշողութիւնս ընկել է
մանկութեանս
գիժ խաղերի յետեւից
եւ վազում, վազո՜ւմ՝
չի՜ հասնում նրանց…
Տատիս գոգնոցից
մի քանի չամիչ է ընկել
եւ յիշողութեանս
բերանը քաղցրացել է նորից.
ծամո՜ւմ, ծամո՜ւմ է…
Բակի տանձենուց
պապս ճօճք է կապել
եւ յուշերս կռիւ են տալիս
ճօճուելու համար…
Հին նստարանին
իրար կողք կողքի
նստոտել են կարօտներս
եւ շնչում են բոյրը
տաք թոնրահացի…
Յիշողութիւնս
ձեռքեր ունի,
որով ծամերս էին հիւսւում.
մազերիս մէջ
նորից զգում եմ
փափկութիւնը մօրս մատների…
Մի բուռ երկինք է
հաւաքել յիշողութիւնս
եւ աստղեր է նկարել.
աստղերը խաղալիքներ են,
որ չեմ ունեցել…
. . . . . . . . . . . . . . .
Յիշողութիւնս աչքեր ունի.
աչքերը վկաներ են,
որ ես ներկայ եմ եղել
այնտեղ…
Արցախ
«Կորած հասցէներ» անտիպ գրքէն