ԲՈՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
Ա՜խ, լուսէ՛ աղջիկ,
Դու բնակւում ես հոգուս Դրախտում,
Իմ ծաղկաշաղախ հոգու Պարտէզում,
Իմ անմար Սիրոյ ծովի եզերքում…
Աղաչո՜ւմ եմ քեզ, երբէք չլքե՛ս
Իմ Սիրոյ Կղզին ու չհեռանաս…
Չլքես Հոգիս, որ քո սիրուց է միմիայն ծաղկում
Ու քո ժպիտից անվերջ ջերմանում…
Չլքես Սիրտս, որ իմ ու քո Սիրոյ խաչն է դեռ կրում
Իր կարօտներում…
Չլքես Միտքս, որն իր մէջ Սիրոյ նուագն է քաղցրալուր
Անվերջ հնչեցնում… Քեզ` իր մօտ կանչում…
Մնա՛, ապրեցրո՛ւ ինձ քո խենթ Սիրոյ Արշալոյսի մէջ…
Մնա՛ ու ձուլի՛ր ինձ քո կերտուածքին,
Որ սիրտս լողայ քո ջինջ աչքերի
Անափ ծովի մէջ…
Մնա՛, սիրելի՛ս, եւ ինձ պարգեւիր
Ժպիտներ ու լոյս…
Մի՛ թող, լսո՞ւմ ես, քո Սիրեցեալին
Մենակ ու անյոյս…
Մնա՛` չմնայ հոգիս ալեկոծ ու փոթորկայոյզ…
Մնա՛, որ Սիրտս, Միտքս ու Հոգիս
Քո խորհրդաւոր Սիրոյ ջերմութեանն ամո՜ւր փաթաթուեն…
Ամբողջ մարմինս ու էութիւնս քո բոյր ու շնչին,
Քո էութեանը անխօս խառնուեն ու միաձուլուեն…
Մնա՛, որ մնամ ես ինքս իմ մէջ…
Մնա՛, որ ինքս ես ինձ չլքեմ…
Գիշերային լռութեան մէջ
Լսւում էր խենթ քամու երգը
Հոգեպարա՜ր, հոգեզմա՜յլ… Իսկ աստղերը ջինջ, վառվռուն,
Ստուերում էին իրենց փայլով
Սեւ ամպերին` տխու՜ր, մռա՜յլ…
Աստղաշաղախ գիշերուայ մէջ
Մի պատանի բարձրահասակ, լայնաթիկունք,
Դէմքին գծուած մի ջերմ ժպիտ,
Իր գեղանի սիրելիին ջերմ փաթաթուած
Հմայւում էր զուլալ գետի մեղմ խշշոցով,
Ու աստղերից զգեստաւորուած,
Արծաթափայլ ալիքներով` պարզ ու վճիտ…
Երազում էր, որ չաւարտուէր ո՛չ մեղեդին ալիքների քաղցրահնչիւն,
Ո՛չ սօսափէ նուագը մե՜ղմ, յուշի՜կ քամու…
Փափաքում էր, որ գիշերն այդ սիրահեղե՜ղ, սիրալեցու՜ն,
Չվերջանար…չչքանար…
Իսկ ինքն, ահա, սիրելիով փառաւորուած ու տոգորուած,
Սէրն իր սրտի մէջ ամբարուած,
Գովերգէր ու փառաբանէր…
Ու մէկ համբոյր սիրելիից իր առնելով`
Անզգայանար ու խենթանար…
Անպարագիծ, անմար սիրուց լիանար ու անէանար…
Արցախ