ԼՈՒՍԱԲԱՑ ԲԵՐ ՄԻ ՔԻՉ

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Դու ինձ կարող ես
Գտնել,
Հաւաքել,
Փնջել
Բառերիս,
Տողերիս,
Լռութեանս պարտէզում.
Այնտեղ ծաղիկներ
Շատ կան,
եւ բոլորն էլ
Թաքուն գոյն,
Թաքուն բոյր,
Թաքուն հայեացք ունեն
Քեզ համար պահած:
Դու ժրաջան մեղուի հայեացքով
Քաղիր լռութիւնս,
Կապիր
Հազար ու մէկ
Վարդագոյն թելերով,
Քաղիր բառերս ասուած
եւ նաեւ չասուած,
Որ պիտի նեկտար դառնան
Մի օր…
Դու ձեռքերիդ մէջ
Լուսաբաց բեր մի քիչ,
Այն լուսաբացներից,
Որտեղ չեն մրսում,
Չեն դողում,
Չեն լացում կարօտից.
եւ շաղ տուր այն
Բառերիս,
Տողերիս,
Լռութեանս
Պարտէզում…
Փնջիր ինձ այնպես,
Որ չթօշնեմ արեւներիցդ,
եւ ես կը ծաղկեմ
Ժամերիդ,
Օրերիդ,
Տարիներիդ
Գունաւոր ու անգոյն
Ծաղկամաններում…

Արցախ, գիւղ Աշան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *