ԵՐԳ ԶԱՆԳԱԿԱԾԱՂԿԻ ՄԱՍԻՆ

ԼԻԼԻԿ ՍՏԵՓԱՆԵԱՆ

Կար, ապրում էր մի զանգակածաղիկ:
Նա աճել էր բացատում, որտեղ ուրիշ շատ ծաղիկներ կային՝ բազմերանգ ու բազմաբոյր:
Զանգակածաղիկն այնքան նուրբ էր, կապոյտ, եթերային… Առաւօտեան նա սիրում էր դիմաւորել արեւագալը եւ շատ էր տխրում, երբ երեկոյեան արփին մայր էր մտնում անտառի յետեւում:
Գուցէ դուք կարծում էք, թէ նա միապաղա՞ղ էր ապրում: Ոչ, հաւատացէք ինձ, նրա օրերը լի էին հրճուանքով, որովհետեւ նա սիրում էր իրեն շրջապատող ամեն ինչ եւ ամենքին: Նա սիրում էր նոյնիսկ այն ժայռաբեկորը, որ չգիտես որտեղից էր յայտնուել բացատում, հէնց իր արմատի մօտ: Զանգակածաղիկը երբեմն գլուխը հենում էր այդ քարին եւ յարթմնի երազում: Դա նրա ամենասիրած զբաղմունքն էր…
Արեւի առաջին շողերի հետ արթնանում էր զանգակածաղիկը եւ օրն սկսում «բարի լոյսով»: Նա ուրախ թափահարում էր գլխիկը եւ մեղմ զնգոցը հասնում էր բոլորին. «Բարի լո՜յս, խոտե՜ր ու ծաղիկնե՜ր, բարի լո՜յս, իմ պաղանո՜ւշ քար, բարի լո՜յս, բացա՜տ, բարի լո՜յս, արեւ՜»: Եւ բոլորը պատասխանում էին նրան ժպիտով. «Բարի լո՜յս»:
Յետոյ նա մի կում ցօղ էր խմում եւ սկսում ծաղիկներին ու խոտերին պատմել այն զարմանալի երազները, որ տեսնում էր ամեն գիշեր առուակի, զեփիւռի ու արեգակի մասին: Օրուայ ընթացքում զանգակածաղիկը հետեւում էր երկնքով սահող ամպերին եւ ծաղկից ծաղիկ թռչող թիթեռներին, յաճախ նոյնիսկ երգում էր նրանց համար… Երեկոյեան հրաժեշտ էր տալիս մայր մտնող արեգակին եւ, երբ յոգնում էր, քուն էր մտնում՝ գոհ ու երջանիկ Աստծոյ պարգեւած օրով:
Սակայն զանգակածաղիկը երբեմն տխրում էր: Այդ պահերին նա յիշում էր հէքեաթային մի երազ, որ մի անգամ էր տեսել. շատ գեղեցիկ, սակայն անծանօթ, անանուն մի ծաղիկ գալիս, վերցնում էր նրան իր արմատի մօտ ընկած քարի մօտից ու բարձրացնում վեր, շա՜տ վեր եւ զանգակածաղիկը տեսնում էր աշխարհը՝ կապո՜յտ-կապո՜յտ… Եւ գնում էին նրանք միասին ու երջանիկ ծիծաղում…
Զանգակածաղիկը հաւատում էր ու սպասում, եւ ամեն անգամ արշալոյսին նրա յոյսը շողարձակում էր ոսկեդեղին ճառագայթներով, որ մինչեւ արեւն էին հասնում…
Այսպէս անցան օրեր, էլի օրեր…
Մի առաւօտ, երբ զանգակածաղիկը նոր էր արթնացել եւ ցօղով լուացւում էր, ուժեղ քամի բարձրացաւ: Արեւը սովորականի նման «բարի լոյս» չասաց եւ թաքնուեց ամպերի յետեւում: Զանգակածաղիկը վախից կուչ եկաւ հսկայ քարի տակ եւ պինդ փակեց աչքերը՝ սպասելով, որ քամին դադարի: Նա չզգաց էլ, թէ ինչպէս շուտով քնեց եւ երազ տեսաւ՝ այն կապո՜յտ-կապո՜յտ երազը…
Քամին անցաւ, ամպերը ցրուեցին:
Զանգակածաղիկը, նայելով փայլող արեւին, թափահարեց գլխիկը, որ ողջունի նրա յաղթանակը չար քամու նկատմամբ, բայց աւա՜ղ…
Չհնչեց այլեւս այն մեղմ զնգոցը, որով նա ողջունում էր բոլորին…
Կանգնած էր զանգակածաղիկը մերկ գլխիկով. քամին պոկել էր նրա կապոյտ, մաքուր երկնքի պէս թրթռուն թերթիկները, իսկ նա իր հէքեաթային երազում չէր էլ նկատել այդ…
Իսկ արեգակը նրան էր փնտռում եւ, չգտնելով, մտածեց, որ գուցէ ուժեղ քամին պոկել-տարել է զանգակածաղկին: Նա մռայլուեց մի պահ, բայց յետոյ ժպտաց: Չէ՞ որ նա արեւ էր եւ բացատում այնքա՜ն ուրիշ զանգակածաղիկներ եւ այլ ծաղիկներ կային՝ բազմերանգ ու բազմաբոյր…
Իսկ զանգակածաղի՞կը, — կը հարցնէք դուք: Բայց ես չեմ ուզում վշտացնել ձեզ, թէեւ ինքս ամեն անգամ անասելի տխրում եմ այս պատմութիւնը յիշելիս…

Երեւան (Գրանիշ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *