ՀԷՔԵԱԹ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՏԻԿՆԻԿԻ ՄԱՍԻՆ

ԼԻԼԻԿ ՍՏԵՓԱՆԵԱՆ

Կար-չկար խաղալիք սարքող մի վարպետ կար: Նա ոսկէ ձեռքեր ունէր եւ կարող էր ամենատարբեր խաղալիքներ սարքել, բայց գերադասում էր տիկնիկները, մանաւանդ, որ դրանք աւելի լաւ էին վաճառւում:Մի օր, երբ վարպետը շատ տխուր էր, որոշեց մի հետաքրքիր տիկնիկ ստեղծել, այնպիսի տիկնիկ, որ կարողանայ քայլել, գլուխ տալ ու պարել:
Շատ չարչարուեց վարպետը եւ ահա տիկնիկը պատրաստ է. սեւաթոյր գանգուրներով, գեղիրան, ժպտադէմ:
Վարպետը խնդրեց ծանօթ մի դերձակուհու՝ սեւ ու կարմիր ժանեակներից զգեստ կարել տիկնիկի համար: Հիմա պէտք էր փորձել, թէ ինչպէս է նա պարում:
Վարպետի փոքրիկ տունը լեփ-լեցուն էր հետաքրքրասէր մարդկանցով:
Նա վերջին անգամ ուղղեց տիկնիկի մազերի ժապաւէնը եւ լարեց: Լսուեց մի պարզ, բայց շատ հաճելի մեղեդի ու տիկնիկը սկսեց պարել: Նա պարում էր ճիշտ եւ ճիշտ բալետի պարուհու նման, այնքա՜ն ճկուն, որ մարդիկ հաճոյքից ծիծաղում եւ ծափ էին զարկում: Ա՜յ քեզ հրաշք տիկնիկ՝ միաբերան գնահատեցին բոլորը:
Վարպետը մի քանի օր հիացաւ իր ստեղծագործութեամբ, յետոյ տարաւ խանութ, որտեղ տարբեր խաղալիքներ էին վաճառում:
Տիկնիկն անընդհատ շուրջն էր նայում, նա չգիտէր, թէ իրեն ինչու են այդտեղ բերել: Շուտով մօտեցաւ երկնագոյն, կարճ խալաթով մի սիրունիկ աղջիկ եւ նրա փէշից մի թուղթ կախեց: «Հետաքրքիր է, ի՞նչ է գրուած այդ թղթի վրայ»,— մտածում էր տիկնիկը, երբ մի տղայ մօտեցաւ, նայեց թղթին եւ սուլեց. «Այ քեզ գիի՜ն…»: Տիկնիկը հասկացաւ, որ թղթի վրայ գրուած է իր գինը եւ այն բաւական բարձր է, որովհետեւ տղան շարունակեց.
— Շատ գեղեցիկ տիկնիկ է, ափսոս, այդքան փող չունեմ:
Տիկնիկն ուրախացաւ, լսելով, որ ինքը շատ գեղեցիկ է: «Տեսնեմ, թէ ինձ ո՞վ կը գնի»,— մտածում էր նա ու նախօրօք հրճւում այն մտքից, որ կարող է իր տիրոջ համար ոչ միայն ակնահաճոյ լինել, այլեւ ուրախացնել՝ պարել ու զբօսանքի գնալ նրա հետ:
Այդ օրը տիկնիկին ոչ-ոք չգնեց:
Երկնագոյն խալաթով աղջկայ խնդրանքով տիկնիկը տեղում երբեմն-երբեմն պարային զանազան շարժումներ էր անում: Խանութի այցելուները խմբւում էին ցուցափեղկի առաջ, հիացմունքի ճիչերով դիտում պարը, յետոյ հարցնում էին՝ ինչ արժէ եւ գլխիկոր հեռանում:
Յաջորդ օրը, ընդմիջումից առաջ, տիկնիկին մօտեցաւ մի ծերուկ: «Աստուա՜ծ իմ, ես երբէք չեմ տեսել նման գեղեցկութիւն: Եւ մինչեւ հիմա ոչ-ոք չի՞ գնել: Տարօրինակ է: Ես ինքս հաճոյքով կը գնէի, բայց դէ իմ ժամանակն անցել է, թոռներ էլ չունեմ, կ՚ասեն՝ ցնդել է ծերուկը»:
Յետոյ խանութ մտաւ շքեղ հագնուած կին՝ երեխայի ձեռքը բռնած: Փոքրիկ տղան երկար նայեց տիկնիկին, տեսաւ, թէ ինչ գեղեցիկ է նա պարում եւ խնդրեց մօրը գնել:
—Ո՛չ, ո՛չ, դու այնքա՜ն անզգոյշ ես, կարող ես ջարդել, ափսոս է: Տղան լաց եղաւ, ոտքերը խփեց գետնին, բայց ոչինչ չօգնեց: Նա յետոյ մի քանի անգամ առանց մայրիկի խանութ եկաւ՝ տիկնիկին տեսնելու, իսկ յետոյ մոռացաւ:
Օրերն անցնում էին սպասումի մէջ:
Տիկնիկը յոգնում էր անընդմէջ պարելուց… Խանութի տնօրէնը կարգադրեց հանել նրան առջեւի ցուցափեղկից եւ տեղաւորել վերջին շարքերում: Նրան դուր չէր գալիս, որ այցելուները պարող տիկնիկին նայելուց յետոյ միւսներին չէին մօտենում, թէեւ նրանց գինը անհամեմատ մատչելի էր:
Տեղափոխումից յետոյ խանութն սկսեց ապրել առաջուայ կեանքով: Խաղալիքները կամաց-կամաց վաճառւում էին: Միայն ամենագեղեցիկ տիկնիկն էր մնում տեղում: Մարդիկ կամ այդքան դրամ չունէին, կամ վախենում էին ջարդել (այդպիսի շքեղ տիկնիկ պահելու համար պէտք է համապատասխան պայմաններ ունենալ), կամ էլ բաւարարւում էին նայելով, թէ նա ինչպէս է պարում: Նայում էին, ծափահարում եւ գնում…
Միակ բանը, որ մխիթարում էր տիկնիկին՝ երկնագոյն, կարճափէշ խալաթով աղջկայ հաւատն էր. «Դու շա՜տ լաւն ես, դու մեր խանութի ամենագեղեցիկ տիկնիկն ես, գուցէ եւ ամենագեղեցիկ տիկնիկն ամբողջ աշխարհում: Այ կը տեսնես, քեզ անպայման կը գնեն, միայն թէ դու տեղում երբեմն պարային շարժումներ արա, թէ չէ այստեղից այնքան էլ լաւ չես երեւում»: Նա ամեն առաւօտ ուղղում էր տիկնիկի զգեստի ծալքերը եւ մի քանի յուսադրող խօսք ասում:
Որոշ ժամանակ անց տիկնիկը նկատեց, որ աղջիկը շատ ցրուած է դարձել, իրեն քիչ է մօտենում, անընդհատ ժամացոյցին է նայում, իսկ աշխատանքից յետոյ, խանութի մօտ, նրան միշտ մի երիտասարդ է սպասում:
Մի օր էլ աղջիկն աշխատանքի եկաւ այդ երիտասարդի հետ եւ նրանք բոլորին շամպայն հիւրասիրեցին: Խանութի աշխատողները համբուրում էին աղջկան, շնորհաւորում եւ բարի ճանապարհ մաղթում: «Նա երեւի ինչ-որ տեղ է մեկնում»,— մտածեց տիկնիկը եւ նոյն պահին էլ լսեց աղջկայ ձայնը. «Արի՛, ես քեզ ցոյց կը տամ: Ահա, սա է: Իսկապէս շատ գեղեցիկ է, չէ՞: Գիտե՞ս, նա քայլում եւ նոյնիսկ պարում է»: Տիկնիկի աչքերն ուրախութիւնից փայլեցին: «Գուցէ այս երիտասարդն ուզում է գնել ինձ իր հարսնացուի համար»,— մտածեց նա ու սկսեց պարել: «Այո, հրաշալի տիկնիկ է, երբ մենք երեխայ ունենանք, նրա համար այսպիսի տիկնիկ կը գնենք: Իսկ հիմա գնանք, թէ չէ կ՚ուշանանք»:
Երկնագոյն խալաթով աղջկան տիկնիկն այլեւս չտեսաւ:
Միւս վաճառողուհիներն առանձնապէս չէին սիրում նրան, առաւօտեան ոչ-ոք չէր մօտենում, չէր ուղղում զգեստը, չէր բարձրացնում տրամադրութիւնը…
Յետոյ տիկնիկին աւելի հեռու եւ չերեւացող մի անկիւն խցկեցին ու մոռացան:
Որոշ ժամանակ անցաւ: Մի օր էլ խաղալիք սարքող վարպետը եկաւ եւ հարցրեց՝ չի վաճառուել արդեօք տիկնիկը: Ասացին, որ ինչ-որ խաղալիքներ վաճառուել են եւ բերեցին դրամը: «Դէ ոչ, դրանք չէ, ես պարող տիկնիկի մասին եմ հարցնում»: Վաճառողուհիները, երկար փնտրելուց յետոյ, գտան եւ բերեցին տիկնիկը, որի վրայ հաստ շերտով փոշի էր նստել: Նա այլեւս չէր քայլում: Իսկ երբ զգեստը թափ տուեցին ու լարեցին, որ պարի՝ պարզուեց, որ նա չի էլ պարում: «Երեւի ինչ-որ բան փչացել է»,— ասաց վարպետն ու տիկնիկին տուն տարաւ:
«Տարօրինակ է, ի հարկէ, որ քեզ չգնեցին, ախր այդքան գեղեցիկ ես եւ պարել գիտես: Չեմ հասկանում, ուրիշ ի՞նչ է պէտք մարդկանց,— քրթմնջում էր վարպետը,— դէ լաւ, տեսնենք ինչ է պատահել»:
Վարպետը հանեց տիկնիկի զգեստը, բացեց ներսն ու անսպասելիութիւնից քար կտրեց. տիկնիկի մետաքսից սիրտը վշտից ճաքել էր…
«Ահա թէ ինչու էլ չես պարում, իմ խե՜ղճ տիկնիկ, քեզ էլ ոչ-ոք չի գնի… Էհ, ոչինչ, մնա ինձ մօտ»:
Վարպետը տիկնիկին տեղաւորեց իր համեստ տան ամենաերեւացող տեղում՝ հին կոմոդի վրայ:
Խաղալիքներ սարքող վարպետը մենակ էր ապրում: Իսկ հիմա նա երբեմն զրուցում էր տիկնիկի հետ կեանքի լաւ ու վատից, թանկ ու էժանից, չարից ու բարուց… Նա շարունակում էր խաղալիքներ սարքել, միայն տիկնիկ այլեւս չէր սարքում…

Երեւան (Գրանիշ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *