Նոտագրելով տիեզերական քաոսի ալքիմիան

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ

«…որովհետեւ հարկ է պարպել լսողութիւնը, որպէսզի որսաս նրա մակընթաց ալիքը, միայն, երբ հնչի մոմի լոյսը, վառված մոմի լոյսը ծղոտէ կանաչ բազկաթոռի վրայ, կը հնչի նրա շնչառութիւնը…»:
Անտոնէն Արտօ (1)

Ես ոչինչ չեմ հասկանում երաժշտութիւնից: Այն ընկալում եմ մաշկով, լսում՝ բիբերով:
Արդէն քանի ամիս տարուած եմ Յարութիւն Դելլալեան անձով եւ գտնւում եմ նրա հիպնոսացնող մեղեդիների ազդեցութեան տակ:Ծնուող պատկերների հոսքից ճախրում է միտքը՝ ստիպում թափառել տարածութեան մէջ, զգալ մենութեան ոսկին, նրա զրնգուն ճիչը, արձագանքուող ձայները:
Գրիչս թարգմանում է Դելլալեանի հայտնութեան ֆենոմենը:
Հնչիւնների ծանրութիւնից կարկամում է լռութիւնը:
Թուղթը գծագրում է առասպելը՝ մետաֆիզիկ յիշողութիւնները վերածելով ծխացող տեսիլքների հարմոնիայի:
Տիեզերական անվերջութեան մէջ բնազդօրէն ընկալում ես զգայական շղարշով օծուած սիմֆոնիաների մոգական ուժը, որոնք վերացարկում են Ժամանակը՝ բախուելով գունագեղ ալեգորիաներին:
Փայլատակող մեղեդիներից ճախրում է աստուածային լեզուն, լեզու, որ մագաղաթեայ աղօթք է՝ խելայեղ հրավառութիւն, շնչահեղձ տարափ, պաթոսային ռիթմ, որի ջրվէժահունչ երեւակայութիւններից մագնիսանում է ուղեղս՝ վերածուելով ուրուատեսիլներով շաղախուած եթերային պատարագի:
Սոնետները լցուած են ոսկէ, դողդոջուն տառերով՝ մտագար նկարչական վրձնազարկերով, տարածական փոխակերպումներով, որ ստիպում են երկար լսել Ժամանակի Աղմուկը:
Հնչիւնը վերապրում է երաժշտական նշանների թանաքէ յորձանքը, գոյնի դիմադրութիւնը, զարդանախշերով ներհիւսուած ձեւագոյացումների հէքեաթային երանգների հրավառութիւնը:
Շիկացած զգացմունքների արտահոսքը ճառագում է յուզական մթնոլորտում:
Ապշեցուցիչ է:
Դու փոխակերպւում ես թրթռացող ներվի, քայքայուող նիւթի:
Իրականութեան մէջ արտացոլուող ելեւէջների շնչող տիեզերական պատկերները հնչեցնում են Լռութեան Աղմուկը:
Կայծակի զիգզագներն ակօսում են աստղազարդ երկնքի ձայնային տատանումները:
Լսելով սիմֆոնիաները՝ շօշափում եմ թափանցիկ բառերի, անտեսանելի սահմանների ու ձեւերի մոգութիւնը, որովհետեւ թւում է՝ հնչիւններով ջրերի վրայ անսահմանութիւն ես նկարում:
Փակում եմ աչքերս:
Պատկերների յորդահոս անցումները ներթափանցում են գիտակցութեանս մէջ՝ ճեղքելով ներսում սերտաճած մամռոտ քարերի անսահման տխրութիւնը, եւ սարդոստայնին յայտնուած բիբը դանդաղ ծորացող անձրեւի կաթիլուող համրութիւնից թարգմանում է Քո Յարութեան ծէսը:
Անտեսանելի մէկը հեթանոս քրմի նման անշտապ իջնում է լեռներից ու սկսում փչել գալարափողը:

* * *

Անցեալի ձայները կլանում են շարժումը՝ փորձելով վերարտադրել յիշողութեան մէջ թաքնուած առասպելական Ոգին:
Հնչիւնները տրոհւում են՝ ստեղծելով մի նոր հնչիւնութիւն, ինչպէս նկարչութեան մէջ տարածական, բեկուող պատկերների երազային հոսքը, որ քեզ դանդաղ տեղափոխում են Աստծոյ կողմից մոռացուած կիսաւեր տաճարի կամարների տակ, որտեղ լսում ես հալուող մոմերի խնկաբոյր կաթոցը:
Դու փորձում ես հնչիւնների միջոցով վերարտադրել գերզգայական աշխարհի արձագանքը:
Երկաթէ ձողը լարերից քամում է լոյսի զրնգոցը, նրա ներքին հնչողութիւնը, պրկուած նեարդերը քամու ոռնոց են, իրերի մէջ վերացարկուող ճիչ, պատկերի, գոյնի եւ տարրալուծուող բառերի ճառագում՝ չափման մէջ ու նրանից դուրս:
Ձայնային ֆորմաներում փոխակերպուող, ներթափանցող ակորդները ժայռապատկերների նման սեպագրում են ապագայում արձագանքուող ու երբէք չկիրառուած աննիւթեղէն նոտաների տարերային հոսքը արեան մէջ:
Topophono-ն լսուող հնչիւնների եւ նրանց ճեղքումից առաջացած ատոմային էներգիան կլանելու սինթէզ է:
Գալակտիկաներում թափառող նախնական, չդեֆորմացուած կիսաձայները իրականութեան մէջ համակարգելու իւրայատուկ ճիգ:
Դու փորձում ես գտնել հնչիւնի քիմիական ռեակցիան ու նրանից քամել Գոյնի Ակուստիկան, բացայայտելով ոչ թէ նրանց քայքայումը, ոչնչացումը, այլ շօշափելով տրոհուող ձայնից նոր ռիթմի արարման իւրայատկութիւնը:
Ելեւէջներին գոյնի շարժում հաղորդելով՝ բացում ես նրանց մաթեմատիկական, վերացական կառուցուածքների բանալին:
Հայեացքդ սահում է օդում թրթռացող պոլիֆոնիկ միրաժների միջով:
Դու վերանում ես: Դառնում Գոյնի Լսողութիւն:
Ակորդները արտագրում են բնութեան ձայների հարմոնիան:
Փշրելով հարթութեան սահմանները՝ յայտնւում ես իրար յաջորդող հնչիւնների քաոսում՝ ընկալելով տարածութեան մէջ թաքնուած բառերի ներքին ուրուագծերի սինթէզը, լսելով տերեւաթափից պոկուած քամու ալիքուող մենութիւնը:
Topophono-ն մահապատժի դատապարտուած ոտնաձայների դիւային երկխօսութիւն է, որպէս նեարդոդ պատարագ, կառափնարաններում լսուող զառանցանք, որ սղագրում է ժամանակից ու տարածութիւնից դուրս գտնուող, բայց միայն Դելլալեանի զարկերակներում բաբախող կէսգիշերային աղօթքի թափանցիկ ելեւէջների մեկնութիւն: Այնտեղ «Աշխարհը հնչում է: Այն ոգեպէս գործող էակների տիեզերք է»(2), մոգական լոյսերով ողողուած հայելային լաբիւրինթոս:
Ամեն ինչ սկսուեց պատահականութիւնից: Մեր կեանքը դիպուածների հոսք է:

* * *

Մի գիշեր դուստրդ՝ Նարինէն, իմանալով, որ ես կախարդուած եմ Քո երաժշտութեամբ, ինձ ուղարկեց լուսանկար, որտեղ Կոստան Զարեանի բառերն էին ու քո մանկական, նուրբ ձեռագրով արուած նոտագրերը:
Զարմանքից քարանում եմ: Բացում եմ Զարեանի «Բառերի ոսկին» ժողովածուն ու վերծանողի հայեացքով գտնում «Օրերի պսակից» արտագրածդ հատուածը:
Կոստանի բանաստեղծութիւնն ու քո նոտաները:
Սա ֆանտաստիկ, բացառիկ երեւոյթ է:
Դուք կեանքում երբեք չէք հանդիպել: Ես հիմա համոզուած եմ, որ չճանաչելով իրար՝ նոյն շնչառութիւնն ունէք: Ու այնտեղ՝ Աստղերից մէկի վրայ, միասին զրուցում էք՝ քարտեզագրելով Ձեր Նոր Յայտնութեան սկիզբը:
Ամեն բան սերում է երազներից, պայծառացումներից: Դու բացւում ես իմ առջեւ Ջոյսի Ուլիսի պէս՝ շերտ առ շերտ, ինչպէս դելտաներն են հոսում շիկացած աւազների վրայ:
Յարութիւն, գիտես, մենք հանդիպել ենք երազում:
Ես գնացքում եմ: Յանկարծ դու՝ կաթնագոյն վերարկուն հագիդ, արագ ներս ես մտնում: Առանց բառ ասելու մօտենում ես, նստում կողքիս, աջ ձեռքդ դնում ուսիս:
Շունչս կտրւում է:
Բացում ես կաշուէ պայուսակդ ու հարցնում.
—Ի՞նչ ես տեսնում:
—Թղթեր,—պատասխանում եմ:
Գլխի դանդաղ շարժումով հերքում ես ասածս ու աւելացնում:
—Ոչ, սա ժամանակ է:
—Ժամանա՞կ,—զարմանում եմ:
Չոր, կտրուկ, էլեկտրական ձայնով աւելացնում ես.
—Պարտիտուրան միջոց է, որ յաւերժացուի ժամանակը:
Դողում եմ:
Երկաթգծերը լուսնոտների պէս հանդարտ սահում են արծաթաշղարշ քնքշութեան վրայ:
Հնչում է յաջորդ նախադասութիւնդ.
—Շատերը կարծում են՝ երաժշտութիւնը գործիքների կարիք ունի: Դա այդպէս չէ:
Միջոցները մենք ենք յօրինում: Երաժտութիւնը մեր ներսում է:
Դուրս ես գալիս:
Փորձում եմ հետեւել քեզ: Կանխազգալով քայլերս՝ սաստում ես.
—Չիջնես, լսում ես, չիջնես:
Ինձ թեթեւ հրում ես նստարանին: Մատներիդ հպումը զգում եմ այնքան մօտ, այնքան իրական:
Աչքերդ,
կիսաթէք, սֆինքսէ հայեացքդ, ու հեռացող լռութիւնը:
Ես վագոնում եմ, ոչինչ չի մտածւում:
Ստուերները լիզում են լապտերներից կաթող մթնշաղի փոշին:
Կրկին յայտնւում է ցոլացող կերպարանքդ: Ճակատս յենում եմ քրտնած ապակուն:
Ձախ ձեռքդ վեր բարձրացնելով՝ ժպտում ես:
Սարսուռը քարացրել է ինձ: Ափիս մէջ լսում եմ սրտիս զարկերը:
Կայարանում ոչ ոք չկայ:
Դատարկութիւն է:
Բրոնզէ ճառագայթը մագիլում է աչքերս:
Գնացքը շարժւում է:
Դու գնում ես դէպի լոյսը ու ձուլւում թափանցիկ շամանդաղին:

Արթնանում եմ: Դեռ գիշեր է:
Նեարդերս արձագանքում են տեսիլուող բառերի աղմուկը:
Լռութիւնը քայլում է սառցէ միջանցքներով:
Միացնում եմ «Մեդիտացիադ»՝ պատարագող «Մեդիտացիադ»:
Մաքուր հնչիւնները ձգտում են սինթէզել հակադիր հնչողութեան բեկուող տոնայնութիւնը: Մեղեդին դառնում է մանրանկարչութիւն, ներքին թելադրանք, հազարաւոր նուրբ գծերի լարում, որոնք պոռթում են ատոնալ հնչողութեան էլեկտրական գրգիռների պայթիւնից:
Լսում եմ կիսաձայն հնչող բառերի ճաքած լռութիւնը:
Հիմա փորձում եմ գրել այնպէս, որ ցաւը քերի մաշկիս սերտաճած տագնապը, որ տառերն արնահոսեն ու ինձնից ոչինչ չմնայ, աղմուկը խլացնի հնչիւնների միֆական դատարկութիւնը:
Թանաքը դուրս գայ բառի տիրոյթից եւ սպառուած լռութիւնը խեղդուի տողերի ալիքուող ջղերի մէջ:

* * *

Գրել նշանակում է վերածնուել մանկան բիբերով:
Զգում եմ ձեռքերիդ ծանրութիւնը, շօշափում ջրերի վրայ իջնող ոսկէ փաթիլների դիւային հնչողութիւնը: Ոսկրոտ մատներդ հպւում են թղթերին:

Դելլալյանի սիմֆոնիաներն իրենց մէջ կրում են մոռացուած ձայների արձագանքը:
Նա ստեղծել է իր միկրոտիեզերքը ու փորձում է նոր լեզուով ուղղորդել պայծառացումներին հասնելու իր յայտնաբերած ճանապարհով:
Դրանք դէպի Արարչական Սկիզբ տանող նախնեաց մաքուր հնչիւններն են՝ գենետիկ յիշողութիւնները, որ երազային առկայծումներով, գոյնի երաժշտությամբ յայտնւում էին Արշիլ Գորկուն, որոնց մասին նա գրում է.
«Աստուածները՝ Աստծուց առաջ: Միտքը՝ Աստուածներից առաջ: Առաջիններից առաջ»։(3)

Աշխարհը մեր երեւակայութեան մտացարկումն է, մեր յաւերժութեան ընկալման պատկերը, որ գտնւում է ժամանակից դուրս ու անընդհատ շարժման մէջ է: Ներկան այնքան վերացական է, որքան որ ապագան: Ուրեմն, խօսել կոմպոզիտորի մասին միայն ներկայով՝ աններելի է:
Պէտք է յաղթահարել երկրի ձգողական ուժը, սահմանուած ժամանակից անցնել Անյայտութեան, որովհետեւ, ինչպէս Բորխեսն էր ասում, «ներկան կանգ չի առնում: Չէինք կարողանայ պատկերացնել զուտ ներկայ. այն զրոյական կը լինէր: Ներկան միշտ անցեալի մասնիկ ունի, ապագայի մասնիկ»:(4)

* * *

Յարութիւն, օկտաւներիդ վայրկենական պոռթկումից ծնւում է Ձայնի Յաւերժութիւնը:
Բանաստեղծական հիւսուածքների առաձգականությամբ ընդարձակում ես անսահմանութեան մէջ սուզուելու կարողութիւնը, խազագրելով Ձայնի ծագումը, նրա մէջ թաքնուած խելագարութեան պուլսացիան:
Սգոյ քայլերգդ հնչում է ինչպէս շարական՝ Մենութեան Ժամերգութեան մէջ ելեւէջող դրախտի մեկնութիւն, որ ստիպում է կուտակուել ինքդ քո ներսում, խխունջի պէս սեղմուել, հայեացքով որոնել հեռացող տեսիլքներն ու անէանալ թղթերի դատարկ կնճիռների մէջ:
Բացում եմ աչքերս, նայում երկինք՝ զգալով թիկունքիս հպուող հրեշտակների ափերի դողը: Ես հէքեաթում եմ, կտաւի մէջ, որտեղ հաղորդութեան պէս խնկարկւում է ռիթմի հրաշքը՝ Աստծոյ մոգական ներկայութիւնը:
Սարսուռը սողում է պոլիֆոնիկ հոգեհոսքով, նեարդերս պրկւում են, քներակներս արձագանքում են ասուպների ոռնոցը:
Փոքրանում եմ, դառնում լուսափոշի՝ վերածուելով ապակին շօշափող գոլորշու:
Մեղեդին սահում է մատներիս արանքով:
Ես ոչինչ եմ, ոչինչ, տարրալուծուող ռիթմ, յախճապակէ ճաղերին զարկուող մելանէ շաղախ: Բիբերս ճաքում են հայելիների արձագանքուող աղմուկից:
Յետոյ՝ դանդաղ ընկալում եմ անթարգմանելի հնչիւնների շարժման թերապիան, որ անցնում են երակներիս մէջ:

* * *

Հարկաւոր է կանգնել անձրեւի տակ ու լսել, թէ ինչպէս են ջրի կաթիլները խլացնում Լոյսի Լռութիւնը:
Քո գործերն իրենց մասշտաբային խտությամբ ինձ համար Սիմֆոնիաներ են՝ ամբողջովին երազատեսութիւններ, ակորդների մէջ թաքնված վերազանցական հնչիւնների գունատոնային առկայծումներ եւ մագնիսացնող Մեդիտացիա:
Թւում է՝ դու չես լսում, զգում ես մարմնով, ատոմային ռիթմը խփւում է քունքերիդ, ստիպում քեզ քայլել անդունդի եզրով, կլանել մազանօթներիդ մէջ հալուող ելեւէջների արձագանքը՝ նոտագրելով Տիեզերական Քաոսի Ալքիմիան, որ ժամանակի մէջ ու նրանից դուրս հնչում է ինչպէս Օրատորիա՝ Յարութեան Օրատորիա:

(andin.am)

 

1. Անտոնեն Արտօ, Վան Գոգ, հասարակութեան ինքնասպանը, թարգմ.՝ Վ. Ֆերեշեթեանի:
2. Կանդինսկի, Հոգեւորն արուեստում, էսսէներ, Երեւան 2000, Սարգիս Խաչենց:
3. Արշիլ Գորկի, Նամակներ, Երեւան 2005, Գրաբեր:
4. Բորխես, Յաւերժութեան պատմութիւն, Երեւան 2016, Սարգիս Խաչենց, Փրինթինֆօ, Անտարես:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *