* * *

ԼՈՒՍԻՆԷ ԵՂԵԱՆ

տխրութիւնը՝ չզգալու մարմնիս ճահճացումը, խելակորոյս անհոգութիւնը բոլոր երեւոյթների ու ամբողջութիւնը տառապանքի, այն, որն չի դեֆորմացւում, չի մասնատւում, չի սկսում, չի վերջանում, այն, որի մասին պատմում էիր, երբ ինձ թոյլ էի տալիս խմած թափուել վրադ

փոքրիկ աթոռակներին նստած երեխանները շարունակ մանրանում են, նրանց մայրերը ձանձրոյթից փշեր են լցնում ասֆալտին, յետոյ լացում, յետոյ դանդաղ, սարսափելի դանդաղ պառկում լողակուած սաւանին,

իմ վրայ կանոնակարգուած ճշգրտութեամբ ծառեր են աճում, խոհանոցում ծուարած կանանց խաղաղ կսկիծը լայնանում է ու մամռակալում, մինչ ցաւը թուլանում է ու ամուր յենւում մարմնիդ

ես ջանում եմ յարմարուել ապրելուն, ինչպէս էս յոգնած հողագունդն է խոհեմօրէն սպասում երկրաշարժի, ինչպէս դեռահասի մարմինն է սարսռում ամեն փոքր տեղաշարժից

իմպուլսը՝ լինելու չորացած ճահիճ, վախենալ արեւից, քարերից, սիրելուց, մուտանտներից, ձեւաձեւ տիեզերքից, հայրիկից ու չյարատեւել գիտակցութեանը, որը պարփակւում է էս կիսատ-պռատ մարմնում,

ախր ես սիրում եմ էս խորացող անդունդը, էս ոչինչը, էս դատարկութիւնը, էս տնքացող կեանքը, էս ձիւնը, որ կպնում է շան ոտնաթաթերին, ու ամենը էս խորհրդաւոր տգեղութեան մէջ, որը բոլորովին էլ ինձանից անջատ չէ

ասում ա՝ ներսիդ երեխային հանգստացրու, կերակրի, սիրի, ասա, որ վրան աճած խոտը իսկապէս գեղեցիկ է, որ հեռուն սաւառնող վիշապների մէջ կաթով ապուր է լցուած, որ քեզ ծակող ցաւը դու չես, ու մեզ լափող պատերազմը երանելի հրաշք է, որ հէնց այս սայթաքումը փնտրածդ տունն է:

անջատ այս յիշողութիւնից, մարմնից, որ պարարտ հող է թաղուելու ու կից կարեկցանքին, որ ճիշտ ժամանակին թափւում է մերկութիւնիցդ ի վար՝ փորձելու սիրել սարդոստայնից թել մանող կնոջ դաժանութիւնը

մարմնական ցաւեր, որոնք երբեմն անդառնալի են, երբ նա ծոմ է պահում, լողանում, ապա աղօթում, յետոյ պատմում իր ներսում բիւրեղացած ջրի մասին, որտեղ ոսկեգոյն լորտուներ են վխտում

ինձ հետ նոյն սենեակում աշխատող կինը ամբողջ օրը խօսում է անձրեւի մասին, որը չի գալիս:

ապրել սկզբի մէջ լինելու կայֆը, ձեռքերդ լիզող չորքոտանին, ներսիդ ճեղքը, որտեղից նոր աստուածներ ու տիրամայրեր կը յորդեն, իրենց սովորական աւերում-ներումներով, ու սահելու ներսդ՝ արգանդը, որից հեռացել ես

վաու՜, ինչ կանացի են մոլախոտի փոքրիկ սերմերը ծակում քարի անհարթութիւնները, ինչ նուրբ քնքշութեամբ են սարերը ծորում դէպի մեզ, ինչ անհասկանալի ներշնչանքով է մարմինդ դանդաղ թուլանում

եւ վերջապես փորձիր խօսել հօրդ, մօրդ մասին, վիրաւորանքի ու ներման մասին, խելագարուող կնոջ մաշկի գոյնի, մէջդ լցուած առաջին սերմի, ծէսից յետոյ մնացեալի տխրութեան, ծեծուած կանանց մազերի, յետոյ նորից hօրդ ու մօրդ մասին:

* * *

կ՚ասես՝ սկզբում անձրեւ թափուեց ու ինքը վախեցաւ սահելու համար անյարմար զառիթափ լինել, ու ամենից անընդհատ կրկնապատկուելու հիացումը այնքան յանկարծակի էր, որ մէջը թպրտացող անհաւասարակշիռ երեխան սկսեց իրենից սկսուող հատոյթներում չորացող ակունք տեսնել

եւ այս սէրը՝ ժայռերի երկայնքով ծուարելու, լայնանալու, նսեմանալու, առանց շրջանցելու հասունութիւնը մարմնի, չխեղաթիւրելու անկման մեջ սաւառնող կնոջ թռչքի կարեւորութիւնը, այս պահին բաց լինելու երանութիւնը ու անտանելի ձանձրոյթը շարունակութեան

ես կարօտում եմ տղամարդուն, ով խօսում էր երկրակեղեւի վրայ սայթաքող մարդկանց գեղեցկութեան, կորցրածս կայունութեան ու բոլոր խոռոչներում ահագնացող անհաւատարմութեան մասին, նրա մէջ բաւարար ջուր կար մի ամբողջ կեանք ապրելու ու քամուց չմանրանալու համար

որոշել եմ տուն վերադառնալ, թոյլ տալ, որ խնամեն ինձ, սիրեն, տեսնեն թուլութիւններս, վախերս, հասունութիւնս՝ լեռներ բարձրանալու ու կծկումը՝ ապրելու, որ աստծոյ ու քամու մասին խօսեն, անհանգստանան, որ միայնակ, հետիոտն նոր թունելներ եմ շրջանցում, որ անհաղորդութեանս մէջ դեղին եղջերուներ են վազում,

ձանձրոյթը՝ նորից ածանցուելու. նոր սկիզբ չկանխագուշակող սերմի ազատութիւնը՝ հողի մէջ խորը ու խորը մերձենալու, չծնուելու՝ ի սէր կրքի, որ լաւագոյն հոգոցն էր:

եւ կարեւորելու համար ընթացքը, որ բոլորովին կից չէ էն վիթխարի լարուածութեանը, փոխակերպմանը, քեզանից անջատ լինելու մակընթացութեանը, յոգնածութեանը՝ ամեն օր նոյն երթուղայինով, ամեն օր նոյն ուղեգծով գնալու, անընդհատ գնալու

հայրիկի կարեկցանքը՝ խոտաբոյսերով պատրաստուած թուրմի մէջ փրկելու, մանր ապակիներ լցնելու գետնին՝ յանկարծ շատ խորը չներծծուենք, դուրս չգանք պատի միջից, այստեղ լինէք. յարատեւման ու լացի արանքում

դէպի լուռը, դէպի դատարկութիւնը, անօգնականութիւնը՝ իրար մեջ սերտաճած կանանց, իրերի չհիւծուող գեղեցկութիւնը, յիշողութիւնը՝ աւազի վրայ անաղմուկ յենուած քամու, երբեմնի յոգնածութիւնը՝ իշխելու ու ծառայելու ամենին

քեզանից հող թափուեց, որ երկնային տարածութեան մէջ չծագես, անխոհեմ չլինես՝ գիտակցութեանդ մէջ բազմացող փոքր թռչուններին անտէր թողնելու ու քեզ կախուածութիւնների մէջ բանտարկելու:

չհասկանալու, չգիտենալու էն նոսր տիղմը, որ ծնողներդ քսեցին մարմնիդ, էն կծկուած անհոգութիւնը փոքր սենեակում տարրալուծուող մեղքի զգացման՝ ծնուելու, լինելու, չքարանալու, մինչ կանգառ ամեն օր քայլելու, ապրելու, սիրելու կնոջը, տղամարդուն, արգանդը, որ դէպի ինձ գնալու նոր յենարան է

մաքրուելու համար: մաքրուելու համար սպիտակ թղթէ սաւանները լցրեցի յատակին, ջուր թափեցի վրաս՝ չոր ու կիսամեռ չլինեմ, դռան փոխարէն եղայ՝ ողնաշարիս կցուած չղջիկները չցնծան, ինձ հաստատակամ թուացի՝ սէրը անկոն թպրտում էր, իսկ ես այնքան բաց էր կլանելու կայունութիւնը մտքիս ու կեանքը, որ առանց իմացութեան խտանում էր

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *