ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՏԸ

Հրաչ Բեգլարեան

— Բալա ջան, երբ քունդ չտանի, մի լաւ բան յիշիր՝ կեանքիցդ մի սիրուն պատառ, փաթաթուիր դրա մէջ ու քնիր, — խորհուրդ է տալիս մայրս: Ասում է այնպէս, ասես ես նոր տասը տարեկան եմ, կարծես կեանքից բան չեմ հասկանում, կարծես երեկ եմ ծնուել, ու անքնութիւնն անխղճաբար յարձակուել է վրաս:
Անցած գիշեր նորից տառապել եմ անքնութիւնից, մտովի կշռել ու քննել եմ կեանքիս լաւ ու վատ պատառները, փորձել եմ գտնել ամենալաւ, ամենահաճելի դէպքն ու գտնել չեմ կարողացել: Դէպքերը, դէմքերը հատ-հատ ու միասնաբար անցել են մտքիս ու աչքերիս առջեւով, ու քունը նորից մօտ չի եկել: Փախել-գնացել է գոմից նոր դուրս հանած, գարնան արեւին անընտել հորթի նման: Առաւօտեան վեր եմ կացել ուռած, քառակուսի գլխով, բամբակ ծնկներով ու կեանքից յոգնած աչքերով:
Այսօր ծննդեանս օրն է: Ասենք, ճիշտ չեմ ասում: Ես իմ ապրած կեանքի մեծ մասն անց եմ կացրել առանց ծննդեան օրուայ: Հա, ծննդեան օր չեմ ունեցել: Մայրս ասում է, թէ ծնուել եմ յունուարի վերջերին՝ ձիւնապատ մի օր, մեր հին հացատանը: Տատմէր Արուսեակը հին մկրատով կտրել է պորտալարս, կերել տատիս սարքած ձուածեղը եւ հօրեղբօրս մէջքին բազմած` գնացել է իրենց տուն: Հօրեղբայրս հօ չէ՞ր թողնի, որ կաղ ու ծեր կինը ձների միջով գար ու յետոյ էլ գնար՝ սեփական կաղ ոտքի յոյսին մնացած… Արուսեակը գնացել ու երեւի հետը տարել է ծննդեանս օրը կամ այդ օրուայ յիշողութիւնը: Կամ էլ ծննդեանս օրը երդիկից ելնող ծխի հետ չուել-գնացել է անյայտ ուղղութեամբ: Գուցէ լուր է տարել բանակում ծառայող հօրս կամ, ով գիտէ, գուցէ թէ կորել է ծնկահար ձեան մէջ, թաքնուած է մնացել ողջ ձմեռ, իսկ ձնհալի հետ ներծծուել է հողի մէջ` էն գլխից իսկ իմանալով, որ ես բոլոր մարդկանց նման հող եմ դառնալու վերջում, եւ ծննդեանս օրը ոչ ոքի պէտք չի լինելու: Մի խօսքով, մօրս յիշողութեան միջից ջնջուել-վերացել է իմ ծննդեան ամսաթիւը, եւ ես կեանքիս մեծ մասն ապրել եմ առանց ծննդեան օրուայ: Ճիշտն ասած, իսկի չեմ էլ նեղուել դրանից: Ինչո՞ւ նեղուէի կամ ինչո՞ւ վշտանայի: Ախր այդ տարիներին իմ խաղընկերներից եւ ոչ մէկը ծննդեան օր, ճոխ սեղան, նուէր ու տորթ չէր ունենում: Ու ծննդեան օրը սովորական սպաս կամ մակարոնի փլաւ ուտելու օր էր բոլորիս համար:
Այդ օրը սեփական զաւակներս յայտնաբերեցին: Հա, երբ մի քիչ մեծացան, յայտնաբերեցին, որ մեր տանը մենակ ես չեմ նշում ծնունդս եւ սկսեցին քննել: Նախ զարմացան, որ չեմ յիշում իմ ծննդեան օրը, յետոյ ըմբոստացան ու ժպիտով պահանջեցին ինձ համար ծննդեան օր գտնել: «Տատիկին հարցրէք», — գլուխս ազատելու համար ասացի: Երբ ամռանը գիւղ տարայ, սկսեցին քննել տատիկին ու նշեցին, որ յունուարին եմ ծնուել՝ ձնառատ մի օր, հայրս խորհրդային բանակում է եղել, որ մեր հին հացատան առաստաղը մրոտ է եղել, որ մայրս, ըստ աւանդութեան, հաշուել է օճորքի գերանները, որ դրանց թուին համապատասխան զաւակներ ունենայ: Հաշուել է, եւ դրանք չորսն են եղել, կարծես եթէ երեք գերան հաշուէր, կրտսեր եղբայրս աշխարհ չէր գալու: Մի խօսքով, տատն ամեն բան պատմել էր մանր-մանր, բայց այդպէս էլ չէր գտել ծննդեանս օրը: Ու զաւակներիս այդ հոգսից ազատելու համար ես ինձ համար յունուարի օրերից մէկը ծննդեան օր համարեցի: Հիմա արդէն քանի տարի՝ մեր տանը նշում են ծննդեանս օրը: Ճիշտն ասած, ես չեմ սիրում այդ օրը: Ոչ թէ նրա համար, որ վստահ չեմ՝ հէնց դա՞ է աշխարհ գալուս օրը, ոչ էլ նրա համար, որ մի տարով էլ եմ մեծանում կամ ծերանում: Չէ, պարզապէս չեմ սիրում ու վերջ: Օրը օր է, ինչ տարբերութիւն: Օրը օր է, ի վերուստ տրուած ժամանակի մի հատուած, ու կարեւոր չէ՝ այդ օ՞րն ես ծնուել, թէ՞ մի այլ օր: Ինձնով լինէր, կ՚ուզենայի գարնան ծաղկունքին ծնուած լինել: Ես շատ եմ սիրում ծաղկած ծառերը եւ քիթը նոր-նոր հողից հանող կանաչն եմ սիրում: Մի խօսքով՝ գարունը, բայց հիմա հարազատներիս ու ընկերներիս շրջանում իմ ծննդեան հաստատուած օրը յունուարեան այս օրն է:

Լուսամուտից դուրս եմ նայում: Մառախուղը իջել, պատել է ամեն ինչ: Օդի խոնաւութիւնը ծառերին սպիտակ շապիկ է հագցրել: Ասես բոլոր ծառերը փշատերեւ են դարձել, սպիտակ փշատերեւ: Ես սիրում եմ այդ գեղեցկութիւնը, բայց այսօր դա էլ չի գալիս աչքիս: Միանգամից ասեմ՝ տղաս բանակում է: Բանակում լինելը մեր օրերում վատ է ու դաժան: Հա, դաժան, քանի որ տղաս դիրքի աւագ է, դիրքը թշնամուց հեռու է ընդամենը յիսուն մետր, ու յաճախ կրակում են: Ե՛ւ մերոնք են կրակում, ե՛ւ թշնամին, ու ինչ որ ծնողի սրտով է անցնում, թող սարով-քարով անցնի: Տղաս համարեա բան չի պատմում, նոյնիսկ իր սահման պահելը համարում է հէքեաթի պէս մի բան: Ես գիտեմ, որ ինձ եւ, յատկապէս, մօրը, հանգստացնելու համար է այդպէս անում: Ասենք, էն անգամ, որ հրամանատարի վարորդին յիսուն դոլար փող էր խոստացել ու մի շաբաթով տուն էր եկել` դէմքի եւ մարմնի վրայ առաջացած վէրքերը բուժելու համար, այնպէս էր ներկայացնում իրենց հողատնակը, կարծես Գագիկ թագաւորի պալատն էր Վասպուրականում:
Ասենք, եթէ տղաս բանակում էլ չլինէր, մէկ է, ես էլի իմ ծննդեան օրը չէի սիրելու: Տղաս բանակում է, ես վատառողջ եմ, դրսում ցուրտ ձմեռ է, ու ծննդեան օր նշելու տրամադրութիւն չունեմ: Բայց նշելու եմ, քանի որ ընտանիքս ու հարազատներս այդպէս են ուզում, քանի որ կարգ է մարդկային կեանքի, որ ամեն մէկն իր ծննդեան օրն ունենայ, եւ այդ օրը նրան բազմաթիւ լավ բաներ մաղթեն: Ես հօ մարդկային ցեղի աւելցուկ չե՞մ:
Կինս խոհանոցում վերցնում-դնում է ամանները, եփում-թափում է: Հայաստանը շրջափակման մէջ է: Գազ չկայ, բայց էլեկտրական սալիկի վրայ թխուածք է պատրաստել, չգիտեմ որտեղից միս է ճարել ու էլի շատ բաներ: Մայրս ու եղբայրներս զանգահարել, ասել են՝ գալու են: Իսկ ես տխուր եմ: Օրուայ մռայլը լցուել է սրտիս ու գլխիս մէջ, գիշերը փնտռել, մի կարգին լուսավոր բան չեմ գտել կեանքիս մէջ: Կեանքս՝ իր երեսունինը, թէ քառասուն տարով միշտ աշխատանք է եղել, վազք ու… փնտռտուքի մէջ միայն վերջերս հիւանդանոցում անցկացրած օրերն եմ գտել:
— Սուրճ տա՞մ, — հարցնում է աղջիկս:
Առաւօտ վաղ եկել, պաչել է թուշս, իր խնայած փողերով նուէր է առել, ու ես չեմ ուզում նրան նեղացնել, չեմ ուզում վշտացնել կնոջս: Ախր նա էլ է առաւօտեան համբուրել, մի քիչ վախուորած, մի քիչ ամաչելով հպուել է ինձ ու ականջիս մի քանի քնքուշ խօսք է շշնջացել: Կինս առհասարակ շատ ժլատ է իր փայեանքների ու խօսքերի մէջ, ու իր ասած այդ մի քանի բառը մի ամբողջ սիրոյ խոստովանութեան տեղ եմ ընդունել: Հիմա աղջիկս հարցնում է՝ սուրճ ուզո՞ւմ եմ: Կտրւում եմ բժշկի ու հիւանդանոցի յուշից, գլխով եմ անում ու լուսամուտից նայում եմ դուրս: Հիմա, որ դուրս գալ չեմ կարողանում, դրսի ցուրտը, սպիտակ խալաթ հագած ծառերն ինձ երազի նման բան են թւում: Թւում է՝ դրսում իրենց գործին գնացող մարդիկ հերոս են կամ, առնուազն, աշխարհի ամենաբախտաւոր արարածները:
Ես իմ կեանքում միշտ եմ գլխացաւեր ունեցել, բայց մի երկու շաբաթ առաջ գլխացավերս սկսվեցին միանգամից, անսպասելի: Այնքան ուժեղ էին, որ ինձ հիւանդանոց տարան: Հիւանդանոցի ճանապարհները ձնածածկ ու փակ էին, թէ կինս որտեղի՞ց «Նիւա» ճարեց, չգիտեմ, թէ ինձ ոնց հիւանդանոց հասցրեց, էլի չգիտեմ: Գիտեմ, որ բժիշկը սեղմեց, ճակատս, քիթս շօշափեց ու ասաց, թէ սրացած հայմորիտ է: Յետոյ նրա բերանից եկող սխտորի հոտն եմ յիշում, մի քիչ ծուռ մախաթի նմանուող մեծ ու հին ասեղը, որը քթիս միջից մտցրեց հայմորեան խոռոչ… յետոյ դարասկզբի քաղաքային հիւանդանոցի ցուրտ ու անհրապոյր պալատը, յետոյ անքուն գիշերը, ցաւերը, յետոյ…
Եւ հիմա ծիծաղս գալիս է՝ բժշկին յիշելով: Երբ ասեղը մտցրեց քթիս մէջ, ու ես մի քիչ վախեցած թափահարեցի գլուխս, ձեռքով թփթփացրեց ուսիս ու «Պտը՜ռռ» ասաց այնպէս, ասես ես խրտնած ձի էի, իսկ ինքը՝ ձիապան կամ հեծուոր: Հիմա տուն եմ եկել արդէն մի շաբաթ է, ու ցաւերը չեն անցնում: Դուրս գալ չեմ կարողանում, իսկ դրսում թէեւ մառախլապատ, բայց սիրուն ձմեռ է:
Աղջիկս բերում է սուրճը, դնում պատշգամբի լուսամուտի գոգին ու նայում է ինձ, իսկ ես դուրս եմ նայում: Կատուն, ոտքերն զգոյշ փոխելով, քայլում է ձների միջով: Ամեն ինչից երեւում է, որ ձիւնը չի սիրում, սառնութիւնը չի սիրում, ինքն էլ ինձ նման չի ուզում իր տաք տեղը թողած՝ դուրս գալ, բայց իր կատուային գործերն ունի, եւ միայն իրեն է յայտնի, թէ ուր է գնում: Մտքիս մէջ նաեւ կատուին եմ նախանձում: Գնում է՝ ուր ուզենայ, ինքն էլ ինձ նման չգիտի, թէ իր ծննդեան օրը երբ է, եւ հարկադրուած չէ նշելու:
— Կոնֆետ տա՞մ, — հարցնում է աղջիկս: Ես գլխով բացասական պատասխան եմ տալիս եւ յիշում, թէ հիվանդանոցում ոնց էր իրար խառնուել, ոնց էր վազվզում շուրջս եւ ամեն կերպ փորձում թեթեւացնել վիճակս: Անբառ սիրում եմ նրան՝ մազերը շոյելով:

Այս օրուայ մէջ մի լուսաւոր կէտ կայ: Գալու են եղբայրներս ու մայրս: Երկար ժամանակ չեմ տեսել, ու լաւ է, որ գալու են: Բայց դրսում բուք է, ցուրտ, չգիտեմ՝ ճանապարհները բա՞ց են, մաքրե՞լ են, թէ՞ յայտարարել են՝ միջոցների բացակայութեան պատճառով… եւ զգուշացրել վարորդներին՝ առանց ծայրայեղ անհրաժեշտութեան մեքենայ չվարել: Ես ի՞նչ իմանամ՝ եղբօրս հին «Ժիգուլու» համար այս օրը ճանապարհ ելնելը ծայրայեղ անհրաժեշտությո՞ւն է, թէ՞ չէ: Ես չգիտեմ, թէ հեռու, տաք ու լուսաւոր երկրների մարդիկ իրենց ծննդեան օրն ինչպէ՞ս են նշում, չգիտեմ, նրանք բոլորը գիտե՞ն իրենց ծննդեան ստոյգ օրը, թէ՞ ինձ նմաններն էլ կան: Կում-կում, դանդաղ, ասես գողանալով՝ խմում եմ սուրճս ու պատշգամբի լուսամուտից հեռու գնալ չեմ կարողանում: Կէսօրը վաղուց է անցել: Պիտի որ վաղուց հասած լինէին: Ժամանակը ձգւում, ձգւում ու չի կտրւում, ծանրանում ու ծանրանում է, ասես անքնութիւն լինի, ասես գլխի բոլոր մասերը բռնած ցաւ լինի ժամանակը:
«Այ մէր, — մտքիս մէջ խօսում եմ, — ախր ի՞նչ պէտք էր, որ էս բքախեղդ օրը, էս անճանապարհ երկրում ճամբայ ընկնէիք, թէ իմ ծնունդն է: Ախր «քաչալ պակռիշկեքով» «Ժիգուլին» էդ բաները չի հասկանում»: Խօսում եմ, չեմ կռւում մօրս հետ, ես մօրս հետ ոչ մի անգամ չեմ կռուել, թէկուզ կատակով, թէկուզ…
— Մի բան ուտէիր, — կիսաձայն ասում է կինս, — կը գան էլի, մի անհանգստացի, կը գան, — փորձում է ձայնի մէջ յոյս դնել, բայց չի կարողանում թաքցնել անհանգստութիւնը, — ճամբէքը վատ են, դրա համար են ուշանում:
Չեմ պատասխանում, չեմ ուզում ներսիս կոշտացած անհանգստութիւնն ու թախիծը նրան տալ: Միշտ ես եմ եղել նրան հանգստացնողը, միշտ ես եմ եղել պինդը ու հիմա… Երեսս շուռ եմ տալիս լուսամուտից ու փորձում եմ ժպտալ նրան, բայց ժպիտի փոխարէն երեւի դէմքիս աղաւաղուած անհանգստութիւն է նկարւում, ու կնոջս աչքերի մէջ անորոշ ինչ-որ տագնապ է գծագրւում:
— Մի կտոր թխուածք տամ, — չի հարցնում, առաջարկում է պարտադրելու պէս, իսկ ես թափահարում եմ գլուխս: Չեմ ասում, թէ կոկորդիս գունդ է կանգնած: Ասես ժամանակը անտեսանելի գունդ է դարձել ու բռնել է կոկորդս: Սեղմում է, բայց չի խեղդում, ասես դիտմամբ թողնում է, որ մի քիչ էլ տանջուեմ, մի քիչ էլ վշտանամ անժամանակ հիւանդանալուս, թշնամու դէմ կանգնած տղայիս օգնութեան չհասնելուս, երկար ու անյոյս սպասելուս համար: Կանգնում եմ էլի, նայում եմ սուրճի բաժակին: Վաղուց խմել-վերջացրել եմ, մրուրը չորացել, ճաքճքել է, երկար կանգնելուց ոտքերս ցաւում են, սառչում, որքան էլ որ տաք հողաթափեր եմ հագել: Երեսս խռոված շուռ եմ տալիս դրսից, էլ չեմ փափագում դուրս գալ, գնում եմ երկու սենեականոց բնակարանի խորքը եւ ճանապարհին աչքի պոչով տեսնում եմ պատին փակցրած սրբանկարը: Կինս է փակցրել, կրօնական օրացոյց է, վրան՝ Քրիստոսի նկարը Տիրամօր հետ: Կանգնում եմ նկարի առջեւ, ուզում եմ ինչ-որ բան ասել: Յիսուսին չեմ ասում: Յիսուսը զաւակ չի ունեցել, իսկ եթէ որեւէ մէկը զաւակ չի ունեցել, բանակում ծառայող զաւակ չի ունեցել, որքան էլ որ Աստուած լինի, մէկ է, դժուար թէ հասկանայ ինձ: Նայում եմ Տիրամօրը ու ընդամենը մի բառ է դուրս գալիս՝ կոկորդս քերելով. «Ախր…»: Չեմ շարունակում, ի՞նչ շարունակեմ, նա ամեն ինչ ինձնից աւելի լաւ գիտէ, նա ամեն բան ինձնից աւելի լաւ է հասկանում: Հիմա ընդամենը մի բան եմ ուզում: Ուզում եմ, որ մերոնք ճանապարհին փորձանքի եկած չլինեն:
Կինս վաղուց զարդարել, սեղանին է դրել մոմերով տորթը, խոհանոցում եփուել, յետոյ սառել են տօնական ճաշերը: Առաւօտից բան չեմ կերել, բայց ուտելս չի գալիս: Գիտեմ, կինս ու աղջիկս էլ են քաղցած, բայց մէջս ուժ չեմ գտնում, որ ինձ ստիպելով՝ մի կտոր բան դնեմ բերանս, օրինակ ծառայեմ նրանց:

Օրն արդէն դէպի երեկոյ է թեքւում, նախ ստուերները թանձրանում են տան մէջ, յետոյ աղջամուղջ են դառնում: Ես կանգնում եմ սրբանկարի տակ, ենթագիտակցօրէն նրանից օգնութիւն սպասելով՝ մէջքս հենում եմ պատին ու լռում: Լոյսերը չենք վառում: Ես կարծես թէ լոյսի կարիք չունեմ, մերոնք էլ ինձ են նայում ու լռում են՝ ամեն մէկը մի անկիւն մտած:
Դռան զանգն ինձ համար գոյժի նման է հնչում: Հնչում է պարտադրող, ու ես մի վայրկեանի մէջ որոշում եմ, որ վաղը պիտի այդ զանգն անջատեմ: Հա, անպայման պիտի անջատեմ, ով որ գալիս է, թող դուռը թակի: Կինս բացում է դուռը: Ներս են մտնում նախ եղբայրներս, յետոյ մայրս, յետոյ զինուորս…
— Վա՜խ, — բացականչում է կինս ու փոխանակ որդուն գրկի, գլուխը հենում է պատին:
— Մա՜մ, — բացականչում է տղաս ու գրկում նրան:
— Էս լոյսն ինչի՞ չէք վառել, — ասում է միջնեկ եղբայրս ու ձեռքը տանում է անջատիչին:
Յետոյ փոքր եղբայրս սեղանի մօտ ծիծաղում էր ու պատմում.
— Մենակ մամային տեսնեիք: Մեր մեքենան կանգնեցրինք պոստից մի քիչ ներքեւ: Զինուորները թոյլ չտուեցին առաջ գնալ: Մաման ասաւ. «Դուք գործ չունէք, դուք աւտոյի մոտ սպասէք, ես գնամ»: «Այ մէր, ախր…»,- ասացի՝ փորձելով համոզել, բայց մամային կանգնեցնե՞լ կը լինի: Ախր, հարցը իր թոռն էր, առաջին տղայի առաջին տղան, ու գնաց: Յետոյ երկու զինուոր աւտոմատների առաջ գցած տանում էին մամային: Յետոյ Դաւոյիս ձէնը լսեցինք. «Արա, տա՜տս ա, իջեցրէք աւտոմատները: Լրտե՞ս էք բռնել»… Պատմում ու ծիծաղում էր, ու ես չգիտէի, թէ էդ պատմութեան որ մասն էր ճիշտ, որը՝ յօրինովի:
Մայրս, զինուորներին տանձ ու խնձոր բաժանելով, գնացել, մտել էր հրամանատարի մօտ, նրան էր տուել ինձ համար կարմրացրած հաւն ու կոնեակը, խնդրել էր. «Բալա ջան, հէրը հիւանդ է, էսօր հօր ծննդեան օրն է, տղին տուր տանեմ, յետոյ կը բերեմ»: Ասել էր այնպէս, ասես հարեւանից ինչ-որ գործիք էր ուզում, որ տանելու էր մի օրով, բանեցնելու ու բերելու էր անվնաս:
— Ախր, մայրիկ ջան, — փորձել էր իր միջի հայ մարդուն քնացնել ու կոշտ զինուորական դառնալ հրամանատարը, բայց մայրս էլի էր համոզել.
— Դու ինձ չե՞ս հաւատում: Էսօր տանեմ, էգուց էս ժամին բերեմ:
— Այ մայրիկ, ախր բանակը… հայրենիքը… սահմանը… — փորձել էր պատճառաբանել հրամանատարը:
— Արեւիդ մեռնեմ, բա ես հայրենիք չեմ, ի՞նչ եմ: Ես էլ եմ հայրենիք, ախր: Հայրենիքին մեռնեմ, ես էս հայրենիքի տատն եմ ախր, — թոռին ցոյց տալով՝ ասել էր մայրս:
Յետոյ թոռի թեւը մտած՝ դէպի մեքենան էր գնացել՝ ճանապարհին զինուորներին կոնֆետ հիւրասիրելով.
— Առ, բալա ջան, հաշուի քո տատն եմ: Կեր, մեռնեմ արեւիդ, մի ամաչի…

Սեւան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *