Նանար Սիմոնեան
Պօղոսեան Գոհար, «Յիշողութեան գոյները» — Երկլեզու (հայերէն եւ անգլերէն) փաստագրական վիպակ, «Արմաւ» հրատ., Երեւան, 2025, 112 էջ։
«Յիշողութեան գոյները» փաստագրական վիպակը արմատներին ամուր կառչելու, լեռների յիշողութիւնը վառ պահելու եւ տունդարձի մասին է։ Վիպակը շարադրուած է պարզ ու անմիջական ոճով։ Ծննդավայրի լուսաբացներն ու մայրամուտները այլ հմայք ունեն։ Գոհար Պօղոսեանի վիպակը գալիս է վերահաստատելու այս պարզ ճշմարտութիւնը։ Շրջափակման ծանր, փորձութիւններով լի ժամանակահատուածն է նկարագրում հեղինակը, երբ թշնամին ապօրինի եղանակով փակել էր Արցախը Մայր Հայաստանին կապող կեանքի ճանապարհը։ Ադրբեջանն ամեն օր դիմում էր սադրանքի՝ կրակելով դաշտերում ու այգիներում աշխատող խաղաղ բնակչութեան վրայ։ Թշնամին յանդգնել էր փակել միակ գազատար խողովակը, կտրել էլեկտրական լարերը։ Գոհար Պօղոսեանը հայ ժողովրդին բաժին հասած պատմական բարդ ժամանակահատուածի մասին է գրում, երբ հաց գտնելը դարձել էր օրախնդիր, հայրենիքում ապրած իւրաքանչիւր օրը՝ պարգեւ։ Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ հալածւում էր մի ժողովուրդ, որը պարզապէս ուզում էր ապրել ու արարել իր ծննդավայրում։ Հացի փռերի մօտ «հոգի մաշող» անվերջանալի հերթեր, կտրօններով մթերք, դատարկ ու փակ խանութներ, սովալլուկ մանուկներ, քար լռութիւն, որ օր-օրի աւելի ճնշող էր դառնում։ «Միակ բանը, որ ունէինք, որը հաստատ գիտէինք մերն է՝ յոյսն էր։ Յոյսը չէր սպառւում, յոյսը մեզնից ոչ ոք չէր կարող խլել» (էջ 19):
Եւ ահա, այս բարդ, փորձութիւններով լի ժամանակաշրջանում երիտասարդ զոյգը, որ տաս տարի բալիկի էր սպասում, իմանում է երկար սպասուած աւետիսը։ Այս լուրն էլ դառնում է ծանր օրերը տանելի դարձնող, խաւարի մէջ լոյս սփռող փարոս, յոյս ու հաւատով լցնում երիտասարդ զոյգի եւ նրանց ընկերների, մտերիմների ու բարեկամների սրտերը։ Շրջափակման օրերին մեզանից իւրաքանչիւրը Մարդ մնալու քննութիւն էր յանձնում ամեն քայլափոխի։ Բացառութիւն չէր նաեւ Գոհար Պօղոսեանը։ «Աւելի երանելի է տալը, քան՝ առնելը», — Աստուածաշնչեան այս իմաստնութիւնն է քայլում Գոհար Պօղոսեանի վիպակի սկզբից մինչեւ վերջ։
Զաւակի ծնունդը կնոջ կեանքի մեծագոյն պարգեւն է։ Հեղինակը գրում է. «Դու ծնուեցիր այնտեղ, ու դա աշխարհի ամենասիրուն լուսաբացն էր։ Դու մնացիր այնտեղ ընդամենը երեք օր, բայց կայ մի ճշմարտութիւն, որն անբեկանելի է՝ դու Արցախի քաղաքացի ես, ինչպէս հայրդ ու ես, ինչպէս քեզ ու մեզ նման հազարաւոր մարդիկ։ Ինչ էլ լինի, կեանքիդ մնացած օրերը որտեղ էլ որ ապրես , յիշի՛ր այս ճշմարտութիւնը, որովհետեւ սա է, որ քեզ մի օր տուն է տանելու…» (էջ 5)։
Գոհար Պօղոսեանը Արցախում սկիզբ առած իր գեղեցիկ սիրոյ պատմութիւնն է ներկայացնում, որի հիմքի վրայ, աւելի ուշ, ձեւաւորւում է ընտանիք։ Թէեւ հեղինակը ծանր օրերի մասին է գրում, նա չի չարանում։ «Յիշողութեան գոյները» վիպակում ծայրից ծայր լուսաւոր հաւատ է, յոյս ու լաւատեսութիւն։ Հեղինակի համար մի բարի խօսքը, վերաբերմունքն ու օրհնութիւնը վեր է ամեն բանից։ «Ես աղօթում էի բոլորի համար։ Ես ուզում էի, որ սա Արցախի վերջին փորձութիւնը լինէր, որ երեխաները խաղաղ երկնքի տակ մեծանային, բայց… Սա մեծերի դաժան խաղն էր, որից տուժեցին փոքրերը» (էջ 17)։ Մայրութիւնը գալիս է փոխելու կնոջ կեանքը, այն աւելի լուսաւոր դարձնելու առաքելութեամբ։
Քաղաքի նկարագիրը առանձնակի ջերմութեամբ, հոգատարութեամբ, նաեւ՝ սրտի կսկիծով է տալիս հեղինակը։ Նա գրում է. «…ժամանակին մեր սիրելի քաղաքը ծաղկուն էր. ամենուր մարդիկ եւ աշխուժութիւն, ամենուր կոկիկ հագնուած կանայք ու տղամարդիկ, որոնք շտապում էին աշխատանքի։ Ամենակարեւորը՝ քաղաքը մաքրող կանայք էին, որոնք բոլորից շուտ էին արթնանում եւ աւլում, մաքրում փողոցները։ Ստեփանակերտը մաքրութեան խորհրդանիշ էր։ Դրա մասին շատ յօդուածներ են գրվել միջազգային թերթերում» (էջ 10)։
Գոհար Պօղոսեանը մատը դնում է ցաւոտ վէրքին։ Նա նկարագրում է, թէ ինչպէս է աշնանային պայծառ ու գեղեցիկ օրը դժոխքի վերածւում։ Առաջին ահաւոր դղրդիւնին յաջորդում են միւսները։ Կրակում էին ամեն տեսակ զէնքերից։ Դէպի նկուղ շտապող, վախից աղմկող երեխաներ, դիրքերից հասնող ցաւալի լուրեր, էթնիկ զտում ու սարսափ։ «Պատերազմն այդպիսի բան է։ Նա խլում է կեանքեր, փոշիացնում երազանքներ, կոտրում սրտեր ու ոչ ոք դրանից ապահովագրուած չէ։ Մնում էր միայն աղօթել ու սպասել», — գրում է Գոհար Պօղոսեանը։ Ցեղասպանութեան մասին կարդացած գրքերը, դիտած ֆիլմերը տեսաժապաւէնի նման յայտնւում են հեղինակի աչքի առաջ։ Արցախի քաղաքներից ու գիւղերից տարբեր արահետներով, անտառներով մերկ ու սոված, ոտաբոբիկ, կեղտոտ շորերով մարդիկ մազապուրծ հասել էին Ստեփանակերտ՝ ամենքի աչքերում վախ, անորոշութիւն ու յուսահատութիւն։ Միջշրջանային բոլոր ճանապարհները թշնամին փակել էր՝ կրկնակի շրջափակման մէջ առնելով բնակչութեանը։ Կրակոցների ձայները գնալով աւելի էին մօտենում։ Մարդիկ գիտակցում էին, որ երկար շարունակուելու դէպքում մի ողջ ժողովուրդ կը ցեղասպանուէր։ Ձեռք բերուած պայմանաւորուածութեան արդիւնքում պարզ դարձաւ, որ ճանապարհը բացում են։ Միակ ելքը ծննդավայրը թողնել ու հեռանալն էր։ Երկիրը կորցնելու սարսափն անտանելի էր։ Եւ ահա, այս քաոսի, իրարանցման ու ցաւի մէջ, Արցախ աշխարհում շարունակում էին լոյս աշխարհ գալ հրաշք մանուկներ։ Գալիս էին լրացնելու հեռացողների դատարկ մնացած աթոռները, գալիս էին՝ ծանրացող ցաւը իրենց ներկայութեամբ տանելի դարձնելու առաքելութեամբ։ Հեղինակի դուստրը՝ Գաբրիէլլան, այդ փոքրիկների շարքում էր։ «Երանի՜ բոլոր պատերազմներն աւարտուեն մանկան ճիչով ու կապ չունի, թէ աշխարհի որ ծայրում է այդ պատերազմը», — խորհում է Գոհար Պօղոսեանը։
«Յիշողութեան գոյները» վիպակը ցաւի, տառապանքի, միաժամանակ՝ անսահման սիրոյ, պայքարի ու յոյսի պատմութիւն է։ Հեղինակը հաւատում է, որ արդարութիւնն, ի վերջոյ, յաղթելու է, բացուելու են տունդարձի ճանապարհները եւ նորից գրկելու ենք կամրջից այն կողմ մնացած ԵՐԿԻՐԸ… Գրկելու ենք նրան եւ պատմենք նրան մեր՝ առանց իրեն անցկացրած անարեւ, անգոյն օրերի եւ աչքերից ամեն օր արցունքներ քամող կարօտի մասին…
Երեւան