Կեանքից հեռացել է Պերճ Զեյթունցեանը

ԵՐԵՒԱՆ—Օգոստոսի 21-ի առաւոտեան՝ երկարատեւ, ծանր հիւանդութիւնից յետոյ կեանքից հեռացել է ականաւոր գրող, հրապարակախօս, թարգմանիչ Պերճ Զեյթունցեանը: Նա վերջերս էր բոլորել 79-րդ տարին:
Ծնուել է Ալեքսանդրիայում, Եգիպտոս, 1938 թ. յուլիսի 18-ին։ 1948 թուականին հայրենադարձել է։ Աւարտել է Երեւանի Ղազարոս Աղայեանի անուան միջնակարգ դպրոցը: 1963 թուականին աւարտել է Պեատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թուականներին սովորել է Մոսկուայի բարձրագոյն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թուականներին եղել է Հայֆիլմ կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թուականներին` հեռուստաֆիլմերի Երեւան ստուդիայի գլխաւոր խմբագիրը, 1975-1986 թուականներին՝ Հայաստանի գրողների միութեան քարտուղարը։ 1991-1992 թուականներին եղել է ՀՀ մշակոյթի առաջին նախարարը:
Առաջին գիրքը տպագրուել է 1956 թուականին։ Հեղինակ է 12 պիէսների, որոնք բեմադրուել են Երեւանի թատրոններում։ Գրքերը թարգմանուել են 11 լեզուներով, այդ թւում՝ ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, արաբերէն:
Զեյթունցեանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հռոմի արուեստների եւ հասարակական գիտութիւնների «Տիբերինա» ակադեմիայի պատուաւոր անդամ:
2007 թուականին Պերճ Զեյթունցեանին յանձնուել է Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ պատուոյ բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արուեստի ասպետ», ինչպէս նաեւ «Երեւանի պատուաւոր քաղաքացի» կոչումներին։ 2013 թ. ՀՀ Վարչապետի որոշմամբ պարգեւատրուել է ՀՀ վարչապետի յուշամեդալով։ 2016 թուականին ՀՀ անկախութեան 25-ամեակի առթիւ, հայ գրականութեան եւ մշակոյթի զարգացման գործում ներդրած մեծ աւանդի համար պարգեւատրուել է Պատուոյ շքանշանով:
Նրա գործերից են «Մեր թաղի ձայները», «Մեզնից յետոյ», «Փարիզի համար», «Ամենատխուր մարդը», «Վերջին արեւագալը», «Ոտքի, դատարանն է գալիս», «Յիսուս Նազովրեցին եւ իր երկրորդ աշակերտը: Խոր Վիրապ»…
Նրա կատարած թարգմանութիւններից են Էրսքին Քոլդուելի «Տաք գետը», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էռնեստ Հեմինգուէյի «Կիլիմանջարոյի ձիւները» եւ «Հրաժեշտ զէնքին» ստեղծագործութիւնները:
(«Երկիր»)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *