Մահացել է մանկագիր Ղուկաս Սիրունեանը

ԵՐԵՒԱՆ—Յուլիսի 1-ին, կեանքի 68-րդ տարում վախճանուել է Հայաստանի գրողների միութեան անդամ, բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունեանը:
Ղուկաս Սիրունեանը ծնուել է 1949թ. դեկտեմբերի 18-ին Ուջան գիւղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ):
1971 թուականին աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետեւ հայոց լեզու եւ գրականութիւն է դասաւանդել Սեւանի Գեղամաւան գիւղի դպրոցում,1972-1978 թուականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրութիւնում, 1978-1989 թուականներին՝ «Գարուն» ամսագրում՝ որպէս պոէզիայի բաժնի վարիչ։
1989-1992 թուականներին աշխատել է Հայաստանի մշակոյթի ֆոնդում, 1992-1993 թուականներին՝ ռադիոհեռուստապետկոմում՝ որպէս մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր, 1993-1994 թուականներին՝ «Ազատամարտ» թերթում, 1996-1997 թուականներին՝ Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, 1997-1998 թուականներին՝ «Պարտէզ» մանկական ամսագրում՝ գլխավոր խմբագիր։
1998-2010 թուականներին եղել է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան լրատուութեան եւ քարոզչութեան վարչութեան գլխաւոր խմբագիրը։
Գրել է մեծերի եւ մանուկների համար։ Թարգմանուել է մի քանի լեզուներով։ Գրել է նաեւ կինոսցենարներ։ Հեղինակ է աւելի քան 23 գրքերի։
1988թ. «Աստղածաղիկ» մանկական բանաստեղծութիւնների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զօրեանի անուան մանկապատանեկան գրականութեան մրցանակի։ 2007թ. «Ուշացած կապիկներ» վէպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակի: Իսկ 2011թ. «Տառափնջիկ» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանեանի անուան մանկապատանեկան գրականութեան մրցանակի։
(«Երկիր»)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *