Երգը

Արտաշէս Շահբազեան

Սահակ Սահակեանի յիշատակին

Հեղինակին կողմէ. — 2020 թուականի մեծ ողբերգութեան նախօրէն էր: «Անուշ» նստած էինք իրար հետ՝ ես, Շառոյեան Ռադիկը եւ Սահակ Սահակեանը: Սահակի ներկայութեամբ, բնականաբար, խօսակցութեան թեման երաժտութիւնն էր: Խօսում էինք այն մասին, թէ ազգային-յեղափոխական երգը, որքան դերակատար եղաւ եւ ինչ ազդեցութիւն ունեցաւ Արցախեան ազատամարտի, ազատամարտիկների ոգու բարձրացման եւ հայրենասիրական դաստիարակութեան գործում: Սահակն ինձ ասաց, թէ՝ «Այ էս թեմայով մի բան գրիր»: Մօտ երեք շաբաթ անց գրուած պատմուածքը ներկայացրի ընկերների դատին: Յետոյ տեղի ունեցան աներեւակայելի իրադարձութիւնները եւ մենք մեզ մոռացանք, ուր է թէ ուրիշ բաների մասին յիշէինք: Սահակի հեռանալուց յետոյ յիշեցի այդ ամենը եւ որոշեցի պատմուածքը հրապարակել՝ նկատի ունենալով, որ երգչի նախատիպը Սահակն է, եւ պատմուածքն էլ նուիրուել է սիրելի ընկերոջը:

Երգը քէֆի սեղանով տարածուեց լաւաշ հացի հետ: Բազմաձայն երգը սենեակ խուժեց տղերքի խուռներամ բազմութեան, յատակին քսուող աթոռների աղմուկի, դանակ-պատառաքաղի, ափսէ-բաժակի չխկչխկոցի հետ միաժամանակ: Սեղանի գլխին կանգնած Հրամանատարը փորձում էր յաղթական բազուկների պէս դէպի վեր պարզել բեղի ծայրերը, բայց մազը չէր ենթարկւում: «Էս ձեւով չենք յաղթի, ամեն մէկը մի երգ է երգում՝ անսլուխ-անկանոն, բարձր ու ցածր, տեղին ու անկապ՝ անկազմակերպ: Անկազմակերպ, աներգ զօրքը ո՞նց կը յաղթի: Ա՜խ երգիչ, հէնց հիմա՞ դու պիտի ցաւ ու հոգսի բեռան տակ այսպէս տկարանայիր, ախր յոյսս քո երգն էր»:
Վերջում սեղանին մօտեցաւ երգիչը, դանդաղ քաշեց աթոռը, զգոյշ, ասես ամեն շարժում ցաւ էր պատճառում մարմնին, ինքնամփոփ տեղաւորուեց տղերքի կողքին:
— Որտե՞ղդ է ցաւում, — հարցրեց կողքին նստած խոհարարը:
— Հոգիս՝ եղբայր, հոգիս, — տնքաց երգիչը:
— Չէ՛, այսպէս չենք յաղթի, — հաստատեց մտքում Հրամանատարը, մատների մէջ մտազբաղ տրորելով բեղի ծայրը, ինչպէս կը խաղար համրիչի քարերի հետ, — խէր, շառ, Աստուած, խէր, շառ Աստուած, Աստուած, Աստուած, Աստուած՝ կարող է այնպէս պատահել, որ էս պատերազմը յաղթենք՝ երկիրն ազատագրուի, էս երկրի վրայ իշխի հայի շունչը, մանուկների անհոգ խաղը, սիրահարների երջանիկ ծիծաղը: Ամեն առաւօտ, գետի պէս, փողոցներ յորդան համազգեստաւոր դպրոցականների խմբերը, իսկ նրանց ուղեկցի շինարարների մուրճերի ու հատիչների համերգը, յետոյ մեդալները կրծքերին շարած զինուորականները, իրենց պճնուած կանանց հետ, երեխաների ձեռքները բռնած հպարտ-հպարտ գնան շքերթի, ու ամեն տարի ազգը շքերթ անի՝ հպարտ ու ձիգ զինուորներով, տանկերով ու հրանօթներով՝ բարձրում կանգնած ազգային իշխանութեան ղեկավարութեամբ: Բայց, Աստուած, դեռ կռիւը չսկսուած ես էս ինչ ցնորքների մէջ եմ: Յոյսս մեզ վրայ դնելու փոխարէն, քո ամենակարողութանն եմ ապաւինում…
Հրամանատարը սթափուեց, որովհետեւ տղերքը ծամելն ընդհատել՝ հայեացքները յառել էին իր կողմը: Հրամանատարը վերցրեց օղիով լի բաժակը, մէկ անգամ էլ վեր ձգեց բեղի ծայրն ու մաքրեց կոկորդը. — ականջիս շշուկներ են հասնում, իբր որոշները շատ խիստ թերագնահատում են թշնամուն, իբրեւ թէ, խաղ ու պար անելու պէս յաղթելու ենք: Պաշտօնապէս յայտարարում եմ, որ դատապարտում եմ, նման թեթեւամիտ խօսակցութիւնները: Եթէ թշնամին իրենից բան չներկայացնէր ու զանազան հանգամանքներից օգտուելու հունար չունենար, այսօր նստած չէր լինի մեր հողերի վրայ ու չէր պատահի այն՝ ինչ պատահել է: Մենք այս պատերազմը յաղթելու ենք, բայց ուրիշ պատճառով, յաղթելու ենք, որովհետեւ չենք կարող պարտուել՝ այլես չենք կարող պարտուել, մեր պարտութիւնների լիմիտը սպառուել է: Կամ մենք կը յաղթենք, ու սա կը դառնայ մեր յաղթանակների սկիզբը, կամ՝ կը պարտուենք ու պարտութիւնը կը դառնայ մեր վերջի սկիզբը: Խմում ենք յաղթանակի համար:
Տղերքը ոտքի կանգնեցին ու կնճռոտուելով կուլ տուեցին խաղողի թանձր օղին: Հրամանատարը միացաւ հացկերոյթին, որովհետեւ տղերքին անհանգստութեամբ վարակել չէր կարելի՝ յաջորդ օրը տեղի էր ունենալու առաջին մարտը:
Սեղանի վրայ իշխում էր քչփչոցների, շարժուող դանակ-պատառաքաղի խուլ ժխորը: Այս ժխորից զատուեց տխուր-մեղրածոր երգը.
Ով կամաւոր է գրւում, այն օրից հերոս է նա,
Իր ազգի ազնիւ կռւում ամենամեծ յոյսն է նա,
Սիրայօժար, մահն աչքերին է գնում,
Առիւծի պէս է կռւում:
Չի երազում ոչ անուն, ոչ ոսկի, ոչ գանձ,
Հայրենիքն է իր հոգում սրբազան նախանձ,
Կռիւներ է մղում նա բոցերում անշէջ,
Սխրանքները չի պատմում, պահում է իր մէջ:

— Երգի՛չ, — յուսահատ-թախանձագին կանչեց Հրամանատարը։ Առանց այն էլ իր կենացը մի բան չէր, հիմա էլ երգիչն էր ծանրացնում մթնոլորտը: Երգիչն ընդհատեց երգն ու լուռ-հարցական նայում էր Հրամանատարին: Յետոյ նա դողացող ձեռքը երկարեց, վերցրեց օղու շիշը, լցրեց բաժակն ու մօտեցրեց այն շուրթերին, բայց, միտքը փոխելով, ետ դրեց բաժակը, անձեռոցիկով սրբեց բերանն ու բազուկներին ուժ տալով ոտքի կանգնեց.
Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը՝ մարդուն,
Փայլեցնում է արեւի պէս պատկերը մարդուն…

Տղերքն աշխուժացան, — ընկերների կենացը, մեր ընկերութեան կենացը, — կանչեցին այս ու այն կողմից՝ նրանց միացաւ եւ Հրամանատարը: Խմիչքը քաշեցին գլխներին՝ բաժակներն աղմուկով զարկելով իրար: Տրամադրութիւնը մի քիչ փոխուեց, տղերքը բարձրաձայն կատակում էին: Հրամանատարը հերթով նայում էր նստածներին ու զարմանում. «էս քսան օրում ոնց փոխուեցին տղերքը, անհոգ դէմքերին մտահոգութիւնը ակօսներ գծեց՝ լրջացան: Նորածիլ բեղ-մօրուքը, խռիւ մազափնջերին խառնուած ալիւրի նման փոշին, խոհուն տեսք հաղորդեցին երեկուայ արհեստաւորին, ուսանողին ու դպրոցականին։

— Ճո՛ւտ, ճուտը ո՞րտեղ է, — ձայն տուեց հրամանատարը:
— Արջի թիկունքի ետեւում եմ Հրամանատար, տնաշէնի թիկունքն էնքան լայն է, որ կողքին նստած չեմ երեւում, — ասաց Ճուտը, ափով շփփացրեց արջի թիկունքին ու ոտքի կանգնեց՝ պատանեկան չարաճճի ժպիտը երկնքի պէս ջինջ աչքերում: Հրամանատարի ասելիքը կատակից հեռու էր. — եկեղեցին լրիւ մաքրուե՞ց, աղբը հեռացրի՞ք տարածքից:
— Ոնց որ հրամայել ես, ընկեր Հրամանատար, մտնես եկեղեցի կը հիանաս՝ իւղ շաղ տաս՝ իւղ կը հաւաքես:
— Լա՛ւ, — պահպանելով դէմքի լրջութիւնը արձագանքեց Հրամանատարը, միաժամանակ ականջից չվրիպեց Լոլոզի քրթմնջոցը՝ «չեմ հասկանում կռուելու ենք եկել, թէ՝ բարեգործական աշխատանքների, մի շաբաթ է եկեղեցի ենք բարեկարգում»:
Հրամանատարի ներսում կուտակուած տագնապներն ու մտահոգութիւնները կարծես միանգամից պրկուեցին ու վերածուեցին շիկացած զսպանակի: Նա ծառս եղաւ տեղից ու գոչեց. — Լոլո՛զ, եթէ կարծում ես թէ էս պատերազմը ձեռքիդ խաղալիքով էս յաղթելու, իմացիր, որ խորը մոլորութեան մէջ ես: Ես քեզ խնդրում եմ, չէ՛ պահանջում եմ, որ այսուհետեւ, պատերազմական ժամանակներին համապատասխան վերաբերմունք դրսեւորես բոլոր հրամանների նկատմամբ եւ շուրջդ սադրիչ մտքեր չտարածես: Հակառակ դէպքում քաղաքի շորերդ կը հագնես ու հայդա՝ որտեղից եկել ես:
Լոլոզը դժգոհ սսկուեց, մի պահ շփոթմունք տիրեց սենեակում, միայն Ժպիտն էր ժպտալով նայում շուրջբոլորը: Տեղին միջամտեց երգը.
Երազ իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, յոյսդ մեծ,
Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր, Հայաստան:

Կէսից բոլորը միացան երգին, հրամանատարի աչքերը կայծկլտացին, դէմքի ամպերը սկսեցին ցրուել:
— Տղե՛րք, բա չխմե՞նք մի բաժակ, — երգիչը խրոխտ ոտքի էր կանգնել, մեծ ափի մէջ, ականի պէս թափահարում էր օղու շիշը:
Յետոյ երգիչը բազուկը գցեց Արջի թիկունքին ու իր հետ տարաւ սրահի կենտրոն: Մէկ մարդու պէս տղերքը շարուեցին կողք-կողքի, ամուր շղթայ կազմեցին, անխոցելի բերդապարսպի նման, եւ երգի թնդիւնի հետ սենեակը լցուեց յատակին զարնուող ոտքերի դոփ-դոփիւնով, պարողների գոռում-գոչիւնով: Պարի հրամանատարը երգը դրօշի պէս առաջ պարզած երգիչն էր: Երգիչը ձգուել էր, թաւ գլուխը ետ գցել՝ կծկուած ուսերը բացել լայն, դարձել էր ճկուն, շարժումը հաստատուն, ոտքերն ամուր՝ ինչպէս նախկինում: Ոգեւորութեան լիցքերից սենեակը թնդում էր, երգի ու կանչերի ձայները դուրս էին թռչում բանտող պատերի միջից եւ թեւածում էին դէպի լուսնի արծաթ շղարշով պատուած լեռնալանջերը: Գիշերային միւս ձայները սսկուել էին: Հեռուից ականջ դնողին կարող էր թուալ, թէ կռիւն արդէն սկսուել է:
Երգիչը, քրտինքը սրբելով, մօտեցաւ Հրամանատարին. — ընկե՛ր, ինձ զէնք կը տաս՝ առաւօտեան ես էլ եմ գալու:
— Եղբայր դու կազդուրուիր, առանց քեզ էլ մի բան կ՚անենք:
— Հիմա արդէն լաւ եմ, երգը մտաւ ոսկորներիս մէջ, միտքս զուլալուեց, երբ չեմ երգում հիւանդանում եմ: Յետոյ, ասեմ քեզ, առանց երգի կռուելը ճիշտ չէ: Հրամանատարը ցցուած բեղի տակ թաքցրեց խորամանկ ժպիտը ու Երգչի հետ մտաւ պարի շրջանի մէջ:
Արարատն առա՛ջ հայ զինուորը քաջ,
Վրէժ մեր սրտում՝ գնանք աննահանջ…

Արեան ընդվզումից ծայր առած ոգեւորութիւնը դուրս էր յորդում երգի ու պարի հետ, ինչպէս փրփրացող գինին՝ լիքը կարասից: Պատերը հարբել՝ շորորում էին թունդ երգից, յատակի փայտերը թմբկահարում էին տղերքի պարին համահունչ: Խոհարարը օղին բերեց, Արջը լիքը բաժակները բաժանում էր պարողներին: Հրամանատարը խանդավառութեան այդ պահին ընդհատեց ուրախութիւնը եւ բոլորին հրաւիրեց սեղանի մօտ:
— Հիմա սթափուէք, լսէք ինչ եմ ասում: Ամեն ինչից երեւում է, որ էս խմորը շատ ջուր է վերցնելու՝ պատերազմը երկար կը տեւի: Այդ պատճառով, առաջին մարտից առաջ, ես ձեզ հրամայում եմ՝ պիտի դիմանաք, կը կռուէք խելքով, չլքէք մարտական շարքերը:
Հրամանատարը հանդիսաւորութիւն հաղորդեց ձայնին ինչպէս արած պիտի լինէր իր պաշտելի հերոսը, ձեռքը տարաւ բեղին. — ով զարկուի՝ դաւաճան է:
Յետոյ նորից հանդարտուեց. — Որպէսզի ատելութեան թոյնը չկուրացնի ու չմթագնի ուղեղներդ, մարտի դաշտում կ՚առաջնորդուէք ոչ թէ թշնամու նկատմամբ ատելութեամբ, այլ կը մտածէք բոլոր էն մարդկանց մասին ում սիրում էք, կը խորհէք, թէ էս յաղթանակը քանի սերնդի անկատար երազանքը պիտի իրականութիւն դարձնի: Կը մտածէք էս հող-ու-ջրի մասին: Առաւօտ վաղ ենք վեր կենալու, արեւը դաշտ ու անտառին համբուրեց՝ մարտը սկսելու ենք. դրա համար հիմա գնացէք քնէք, որ ուժներդ տեղը լինի ու շատ խմելուց ձեռքներդ չդողայ: Բայց, մինչեւ գնալը, ամեն մէկս իր համար թող կրկնի երդումը. «Երդւում եմ պատուովս եւ հայրենիքովս» ու միասին բարձրաձայն արտասանենք. «Իսկ եթէ հարկ լինի՝ նաեւ կեանքիս գնով…»:

* * *

Աքաղաղներն ասես մի բան գիտէին՝ ձէն-ձէնի տուած կանչել սկսեցին, երբ մութը դեռ խոր քնած էր թաւուտներում: Ջոկատը գիւղից հեռու էր արդէն, երբ գոմի դռները ջարդող կենդանիների մայիւնների ու բառաչների արձագանգները, դիմացի սարին դիպչելով, մասնատուեցին հազար բեկորի ու տարածուեցին կանաչ սարահարթերով ու երկնած դաշտերով: Իրենց տարածքներ ներխուժած ձայներից արթնացած թռչունները քչփչալ սկսեցին ձորաբերաններով, մացառուտներով ու ծառերի մէջ սեղմուած արահետներով լուռումունջ առաջ շարժուող մարդկանց մասին: Գիշերուայ շաղը հագուստը թրջում էր մինչեւ ծնկները՝ շուրջը տարածելով գարնան թարմ կանաչի բոյրը: Ինչ որ տեղ ձորում, մանկան պէս, թնկթնկում էր քնահարամ առուն: Աղջամուղջի ետ քաշուող վարագոյրը բացայայտում էր կանաչ բլուրների եւ ծաղկափթիթ դաշտերի ու մարգագետինների թատերաբեմը: Ծմակների գորշութեան մէջ տամկահոտ մամուռն ու խոնաւ փայտը թաքցնում էին ինչ որ հին ու կարեւոր ասելիք: Անտառապատ լեռների վրայ մէջքը շտկող քնատ հսկայի կերպարանքով մուժը ակնարկում էր այս յաւիտենական եւ անյատակ անեզրութեան խորքերում ապրող խորհրդաւոր եւ անպարտելի ոգու գոյութեան մասին: Ամպերից պոկուեց եւ արթնացող օրուայ վրայ դանդաղ թեւածեց միայնակ արծիւը: Թեւածեց դանդաղ, հպարտ, իշխելով ընդարձակ համայնապատկերի վրայ, ասես լայնատարած թեւերին կրելով ազատութեան շունչը: Հրամանատարը հրահանգեց մարել ծխախոտները, շշուկները դադարեցնել եւ երեք մասի բաժանուած, դիմահայեաց լեռնանման բլրի տեսադաշտից խուսափելով, ոլորապտոյտ շրջանցումներով հասնել նախօրօք ճշտուած դիրքեր:
Փոթորկին նախորդող լիցքաւորուած անդորրի պահն էր: Արեւի արծաթ շողերը բլուրից սահելով փորձում էին բացայայտել ջոկատի դիրքերը:
Հրամանատարը եւս մէկ անգամ հեռադիտակով զննեց շրջապատը, ուսումնասիրեց շարժի նշաններ ցոյց չտուող թշնամական յենակէտերը եւ դիմացի երփներանգ դաշտին հպանցիկ հայեացք նետելով՝ գլխով խօսուն շարժում արեց երգչի կողմը: Երգիչն ուսից վար բերեց ինքնաձիգը ու բռունցքած աջը վեր պարզած գոչեց.
Յառաջ, նահատակ ցեղի անմահներ,
Վեց դարու անմոռ վրէժի զրահներ,
Կատարն հայրենի լեռանց հեռագոյն՝
Երթանք կոթողել դրօշակն եռագոյն:

Անմահներ բառի հետ ճարճատեց գնդացիրը ու երգը փամփուշտի ծայրին գնաց-հասաւ խոժոռ բլրի գագաթը: Գնդացրին աջից ու ձախից ձայնակցեցին ինքնաձիգների կրակահերթերը եւ այս ահարկու աղմուկից բարձր սիզախոտի մէջ առաւօտեան քուջուջն անող կարմրատոտիկ կաքաւները գլխապատառ նետուեցին տարբեր կողմեր: Քիչ անց, բլրի գագաթից դիմացի մարգագետնի, մանր բլրակների ու սակաւախիտ անտառի վրայ տեղաց գնդակների կարկուտը: Դժուար չէր հասկանալը, որ հակառակորդը սպասում էր այս յարձակմանը եւ զինապաշարի առումով գերազանցում էր յարձակուողներին: Նրա գլխաւոր առաւելութիւնը բարձր եւ իշխող դիրքն էր, որտեղից թիրախի տակ էր առնելու առաջխաղացման իւրաքանչիւր փորձ: Նա նաեւ խրամատներ ու պաշտպանական այլ կառոյցներ էր ստեղծել, ինչը գրեթէ անիմաստ էր անելը նրա համար, ում խնդիրը անակնկալ յարձակումն ու առաջխաղացումն էր՝ գրաւելու նպատակով մի քանի գիւղերի ու ճանապարհների վրայ իշխող, ռազմավարական նշանակութեան բլուրը: Հրամանատարը, յամենայնդէպս, կրակային առաջին հակագրոհից յետոյ գոհունակութեամբ արձանագրեց իր համար, որ դիրքերն ու մարտիկների տեղաբաշխումը վատ չէր արուած: Նա, ականջը սրած, փորձում էր հասկանալ որքան ճշտօրէն են մարտիկները կատարում հրամանը, երբ ինքն էլ շատ յստակ չէր պատկերացնում, թէ ինչպէս կարելի է եւ փամփուշտը խնայել եւ չզիջել նախաձեռնութիւնը՝ հակառակորդին ազատ գործելու հնարաւորութիւն չընձեռել: Պարբերաբար մարող եւ կատաղութեամբ բռնկուող կրակահերթերը մօտ երկու ժամ յաջորդում էին իրար: Հրամանատարը անցնում էր դիրքից-դիրք ստուգելով տղերքի ոգին եւ դիրքապահ խմբերի կազմակերպական վիճակը: Հրամանատարը հարուածող ուժը կենտրոնացրել էր կենտրոնում, որտեղից պէտք է կարողանար թեւերին օժանդակութիւն հասցնել, հարուածը վերցնել իր վրայ եւ, միաժամանակ ճեղքումը նախաձեռնել: Մարգագետինը յաղթահարելու դէպքում բլուրի գագաթ տանող լանջի կուզի նման գոգաւորութիւնը կը պաշտպանէր վերեւից տեղացող գնդակներից, իսկ այդ ընթացքում, դիմացի կրակէտերը առնելով կրակի տակ, հնարաւորութիւն կը ստեղծուէր, որ աջ ու ձախ թեւերից տղերքն առաջանային: Գնդացրորդը սկսել էր նեարդայնանալ չճկուող դիմակայութիւնից:
— Շան որդի, ինձ չե՞ս տեսնում, որ կակաչներն ես հնձում: Ախր կակաչը գարունն է, գարունն ինչո՞ւ ես սպանում: Հրամանատար թոյլ տուր դիրքս փոխեմ, դիմացինս քոռ է՝ հասնեմ մինչեւ բլրի ստորոտը, թէ չէ սա դաշտում կակաչ չի թողնի:
— Առանց հրամանի ոչ ոք չշարժուի տեղից, — գոռում էր հրամանատարը:

Մենք քաջ տոհմի զաւակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջութիւն,
Ինչ էլ որ լինի՝ չենք հադուրժի պարտութիւն:
Ուրեմն՝ առաջ զարկենք թմբուկ յաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատուական,
Թող իմանան՝ մենք չենք դառնայ խաղալիք,
Այնպէս պիտ՚ ծեծենք, որ յիշեն հօր հարսանիք:

Երգիչն ինքն էր իր տեղն ընտրել եւ ընտրել էր այնպէս հմտօրէն, որ երգը սաւառնում էր մարտադաշտի վրայով, հասնում էր դիրքերը ու գլորւում էր դէպի աջ թեւի անդնդախոր կիրճն ու ձախ թեւի ձորակը:
Տղերքը կրակահերթերն արձակում էին երգի ռիթմի հետ: Երբեմն նրանց թւում էր, որ ոչ թէ Երգիչն է երգում, այլ զէնքերի փողերը:
Արեւն սկսել էր վեր մագլցել, թէժացնելով առանց այն էլ տաք մթնոլորտը: Հակառակորդի անընդհատ կրակը ինչ որ պահի սկսեց վերածուել մարող տեղատարափի:
Հաւանական է ինչ որ բան են մտմտում, — խորհեց Հրամանատարը: Մօտ քառասուն րոպէ անց հայհոյախառը աղմուկն ու անկանոն, խառը կրակահերթերը պայթեցին աջ թեւում: Կարծես թէ արդարանում էին Հրամանատարի մտավախութիւնները: Հակառակորդը, ըստ երեւոյթին, փորձելու էր իրենց դիրքերը շրջանցել թեւերից ու թէեւ իր ընտրած տարածքը երկու կողմերից սեղմուած էր կիրճով ու ձորակով, բայց պատերազմական գործողութիւնների ժամանակ սա չկաշկանդող եւ ոչ վճռորոշ հանգամանք էր՝ ինչն էլ այդ պահին կարծես փաստւում էր: Հրամանատարը աջ թեւի դասակի տղերքի նուիրուածութեանը չէր կասկածում, բայց ի սկզբանէ մտահոգ էր, թէ փորձառութեան պակասը արդեօ՞ք վատ դեր չի խաղայ: Այնտեղ էին Արջը, Դանդուռ Արմոն, Ճուտը, Լոլոզը, Բուդիոնին ու միւսները՝ Սիրուն Սամոյի գլխաւորութեամբ: Սիրուն Սամոն իրենց էր միացել ուսումը կիսատ՝ փախչելով Ռեազանի օդադեսանտային ուսումնարանից: Զինուորական այդ դպրոցի տղերքի հմտութիւններին ու քաջութեանը Հրամանատարը ծանօթ էր դեռ Աֆղանստանից եւ հիմա հաշուարկել էր, որ Սիրուն Սամոյի սառնասրտութիւնն ու կողմնորոշուելու կարողութիւնը պիտի լրացնէին դասակի տղերքի անփորձութեան բացը: Ի հարկէ Հրամանատարը կարող էր աւելի ուժեղ թեւ ձեւաւորել, բայց դա կարող էր անել եղած ռեսուրսները հաշուի առնելով եւ ոչ միւս ուղղութիւնների հաշուին: Միւս կողմից տեղի ունեցողը կարող էր լինել կեղծ թիրախաւորում՝ ուշադրութիւնը շեղելու եւ այլ թեւում հիմնական հարուածը հասցնելու նպատակով:
Հրամանատարն իր մօտ կանչեց եւ աջ թեւին օժանդակութեան ուղարկեց Աֆղանցուն, Դիպուկահարին, Վարժապետին ու Առզօ Ազնաւուրեանին:
— Աֆղանցի՛, տղերքին կը գօտեպնդես, Դիպուկահար՝ կը նստես կիրճի պռնկին՝ որպէսզի ծիտը չանցնի կիրճով: Ժողովուրդ, տղերքին կը փոխանցէք՝ Հրամանատարն ասում էր՝ գիտեմ, հնարաւոր չէ անել անհնարինը, բայց յիշէք, որ թիկունքում մեր մայրերն են, հայրերը, քոյրերն ու երեխէքը: Ու մէկ էլ յիշէք երդումը. «….Իսկ եթէ հարկ լինի նաեւ կեանքիս գնով…»:
Հրամանատարի ականջներում ձայները չէին զատւում՝ ստեղծելով խառնիճաղանճ մետաղեայ ժխոր: Նրան թւում էր, թէ աջ թեւում հակամարտող կողմերը փոփոխական յաջողութեամբ մօտենում են ու հեռանում իրարից: Միւս երկու ուղղութիւններով նա ուժեղացրել էր կրակը, որպէսզի հակառակորդը եւ չկարողանայ աջ թեւի ուղղութեամբ յաւելեալ ուժ առանձնացնել եւ եթէ սա շեղող մարտավարութիւն էր, ապա ձեռնպահ մնար միւս թեւերի վրայ անակնկալ գրոհների մտադրութիւնից: Երկնքի կենտրոնում դիրքաւորուած արեւը խանձող թիրախի տակ էր առել մարտադաշտը: Կռուողների աչքերի առջեւ մթնում ու լուսաւորւում էր՝ պատրանք ստեղծելով, թէ իրիկնանում էր: Հրամանատարին թւում էր կորցնում է ոչ միայն ժամանակի զգացողութիւնը, այլեւ մարտը զգալու բնազդը: Ճիշտ կէսօրին կապուեց Սիրուն Սամոն ու յայտնեց, որ Յատուկ նշանակութեան ջոկատի անակնկալ յարձակումը կասեցուած է, հակառակորդը ետ է նահանջում՝ հետը տանելով վիրաւորների ու ամենայն հաւանականութեամբ կորուստներ ունի: Մեր կողմից Դանդուռ Արմոն վիրաւորուել է ուսից, իսկ Սեւ Սքէն վազելիս բարձր տեղից վայր է ընկել՝ ջարդել է ոտքը, բախտը բերել է, որ ձորը չի գլորուել: Վտանգաւոր բան չկայ, երկուսին էլ Ռուզանը վիրակապեց, տարաւ թթանոցի կողմը: Հրամանատար, — ասաց Սիրուն Սամոն, — դիմացինի մօտ շփոթ է նկատւում՝ ես ուզում եմ առաջանալ:
— Սամո՝ հասանք տուն հարսանիքիդ քաւոր եմ կանգնելու, յանկարծ ծրագրերս չձախողես, մենք ձեզ թիկունքից կ՚աջակցենք: Ոնց որ հակառակորդի միւս թեւերում էլ առաւօտուայ առիւծները չեն:
Յետոյ մտքում աւելացրեց. «ցաւներդ տանեմ՝ տղերք»:
Ուղիղ 15-անց 15-րոպէին կենտրոնի դասակի գնդացրորդը դիրքաւորուեց բլրի գագաթին: Տղերքը արագ տեղ էին հասել եւ արդէն տեղաւորուել էին հակառակորդի խրամատներում՝ կանխելու համար հնարաւոր հակագրոհը: Ընդհանուր ճեղքումն ապահոված աջ թեւից հակառակորդը վերջնականապէս քաշուեց տեսնելով, որ յարձակուողները յայտնւում են իրենց թիկունքում եւ կարող են շրջափակման մէջ վերցնել: Ձախ թեւից, ցամաքած առուակի հունով, ականանետի ծանր փողն ուսին, լայն-լայն, դանդաղ-դանդաղ քայլերով բլուրն էր բարձրանում Քեռին, իսկ մի երեք մետր հեռուից, Քեռու ոտնահետքով, գլուխը կախ բարձրանում էր Կախգլուխ Համոն: 15-ն անց 45-րոպէին Հրամանատարը կապուեց գլխաւոր շտաբի հետ եւ զեկուցեց, որ յանձնարարութիւնը կատարուած է, բլուրը գտնւում է մեր հսկողութեան տակ: Դասակների հրամանատարները հակիրճ ու նախնական զեկոյց էին տալիս, Հրամանատարը նայեց շուրջն ու բացականչեց.
— Երգչին չեմ տեսնում՝ երգիչն ո՞ւր է: Ո՞վ է տեսել երգչին, ո՞վ մի բան կ՚ասի։ Ծօ՛, քեզ յանձնարարե՞լ էի աչքդ Երգչից չկտրես՝ խօսիր ի՞նչ էս լալկուել:
— Հրամանատար ջան էնէ իրար կողքի էինք, մեզ հետ կրակում էր, որ հակագրոհն սկսուեց ինքն էլ առաջ վազեց ու… Էլ չեմ տեսել:
— Մարտը յաղթեցինք, բայց պատերազմը տանուլ կը տանք, — սառը ասաց Հրամանատարը եւ ձեռքի հեռադիտակը ողջ ուժով հարուածեց գետնին, — մեղաւորը ես եմ՝ չպիտի զիջէի, — տղաները պապանձուել էին եւ վաղորդայնի շաղի պէս խանդավառութիւնը համբարձւում էր երկինք:
Ինչ որ տեղից յայտնուած մի վախեցած թռչուն ստուգողական կանչերով ուզում էր ճշտել վերադարձե՞լ է արդեօք խաղաղութիւնը: Նրան հեռուից հեգնեց կաղկանձող մի շուն: Ոչ ոք չէր համարձակւում խօսել համրացած Հրամանատարի ներկայութեամբ: Հեռւում, աղաւնու չափ երեւացող սպիտակ ձին խաղաղ արածում էր դաշտում՝ ասես աշխարհի վրայ ոչ մի արտառոց բան տեղի չէր ունեցել: Լռութիւնը ծանր փռուեց համայնապատկերի վրայ: Անգամ գետը զսպում էր խորը շնչառութիւնը, որը հառաչանք էր յիշեցնում: Այդ պահին, կրկին յայտնուած Արծուի ամպէ բարձունքներից, իսկ աւելի շուտ գետնի տակից յորդած ու բլուրների, կիրճերի ու անտառների վրայով ալիքուեց մի ձայն.
Գարահիսար լեռան լանջին՝
Նա էլ ընկաւ վիրաւոր.
Կուրծքը պատռած, սիրտը խոցուած,
Չար թշնամու գնդակով:
Ժայռոտ լեռան լերկ կատարից
Վար սլացիր, սէգ արծիւ,
Թեւերդ բաց, լայն թեւերդ
Ու ջիւանուն հով արա:

«Ե՜րգիչը, Երգի՜չը, ո՞ղջ ես Երգիչ ջան, բա ո՞ւր ես», բացականչեցին ու աղմկեցին տղերքը, ինչ որ մէկը չդիմացաւ եւ սկսեց օդում կրակահերթեր արձակել: «Ո՞րտեղ ես երգի՛չ», — գոռաց Հրամանատարը:
— Ե՛ս ձեր պահած Երգիչը…, — լսուեց պատասխանը, — Ձեր քարտէզների վրայ ինչո՞ւ չէք նշում, որ թշնամին մարտադաշտում մոշի թփեր է տեղակայել: Երկու ժամ է տանջւում եմ սրանց մէջ, վրաս սաղ տեղ չմնաց: Հէնց փորձում էի ազատուել բոլորն ինձ վրայ էին կրակում, — ձայնը մի պահ լռեց, բայց դեռ ասելիք ունէր, — թէ չէ երգչին կարելի է սպանել, բայց երգը ո՞նց կը սպանեն, դէ թող սպանէին էս հինգ հազար տարում:
— Երգիչ ջան, բեղիս մազի չափ չեմ կասկածում, որ էս պատերազմը յաղթելու ենք: Ճո՛ւտ, Ճուտն ուր է, Ճո՛ւտ ուրեմն վազում ես ներքեւ, վերցնում ես մեքենաս հասնում ես գիւղ, գտնում ես գիւղապետին, ասում ես, որ երկու գառ պիտի մորթի՝ մէկը յաղթանակը նշելու համար, միւսը մատաղ ենք անելու՝ բաժանենք: Ասում ես գիւղը պատրաստ պահիր ե՛ւ քէֆի ե՛ւ էսօրուայ ամենակարեւոր միջոցառման համար: Յետոյ թռնում ես քաղաք, գտնում ես Սրբազանին, իմ անունից ասում ես. «Սրբազան մէկ դար լռած եկեղեցու վերաօծումը պիտի անես էսօր՝ քեզ անձնական խնդրանք Հրամանատարից: Խնդրում ենք անպայման գաս եւ շատ մոմեր վերցնես հետդ… ինչի՞ ես ծիծաղում Ժպիտ՝ շա՞տ ծիծաղելի բան եմ ասում:
— Չեմ ծիծաղում՝ ժպտում եմ, Հրամանատար: Ախր, ցաւդ տանեմ, դու կարդացած, համարեա բանաստեղծ մարդ էս, էդ ո՞րտեղ էս տեսել, որ անզանգ եկեղեցին օծեն ու դեռ ներսում էլ մոմ վառեն:
Այս անգամ երկար ու խորամանկ ժպտաց Հրամանատարը, ժպտաց ու ծիծաղեց բարձրաձայն, յետոյ լրջանալով ասաց.
— Այ միամիտներ, մեր գիւղից դուրս գալու պահից, զանգը Գիւմրիից ճանապարհ է ընկել դէպի գիւղ, մինչեւ Սրբազանը գայ՝ տեղում կախուած է լինելու: Հէնց Սրբազանը մտաւ գիւղ զանգը ուժգին խփում ես՝ Ճո՛ւտ, էնքան բարձր, որ ղօղանջները տարածուեն գիւղի վրայ, գիւղն անցնեն տարածուեն էս դաշտերի, էս անտառների, էս գետ ու աղբիւրի վրայ:
Երանի մեզ՝ տղե՛րք, երանի ինձ, որ էս ամենը տեսայ: Երանի պապս ողջ լինէր ու ինձանից առաջ մտնէր եկեղեցի, զանգերի աւետիսի հետ մոմերի մաքրող-սրբող լոյսը վառէր՝ հաւատաւոր ժողովրդի հետ…
Ինչ էի ուզում ասել… Հա, Երգիչ ջան, խնդրում եմ էս պահին համապատասխան մի բան երգես մեզ համար…
— Չե՛մ երգի, — կտրեց մոշի փշերից ծուատուած Երգիչը, — չեմ երգի մինչեւ ձեռքս աւտոմատ չբռնեմ:
Երգիչը ինքնաձիգը վեր պարզեց, շուռ եկաւ դէպի գիւղը՝ որտեղից առաւօտեան ջոկատը ճանապարհ էր ընկել, ապա շրջուեց այն կողմը, ուր ծուարած՝ վէրքերն էր լիզում թշնամին եւ Հրամանատարի պէս բեղը ոլորելով կանչեց.
Ախ էն երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թէ ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թէ ուշ,
Արարատի գլխին դրօշ պիտի՛ դնենք վաղ թէ ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թէ ուշ:
Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացաւ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց զէնք բռնելը մոռացաւ,
Յոյսը միայն Աստծոյ վրայ՝ սրի դերը ուրացաւ,
Խաչով լինի, գրչով լինի պիտի՛ գնանք վաղ թէ ուշ:

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *