Մարգարիտա Մամիկոնի Խաչատրեան
«Բարեբախտաբար, անգամ այլութեան մէջ … մենք այլ չենք դառնայ», — մտածեցի Արտաշէս Շահբազեանի «Ես կը գնամ» ժողովածուն (Երեւան, 2018) կարդալուց յետոյ։ Քիչ անց ծնուեց երկմտանքը՝ բարեբախտաբա՞ր … Երկար խորհելուց յետոյ երկրորդեցի, երրորդեցի՝ այո՛, որովհետեւ տեսակից փրկութիւն չկայ. պէտք չէ փնտռել։
Գրքի հերոսն ապրում է յաւերժութիւնից իրեն բաժին հասած դժուար ժամանակներում. անցեալը, ներկան, ապագան միահիւսուած են անտեսանելի ու շատ նուրբ թելերով, որոնցով հաստատւում է սերունդների կապը։ Այստեղ կա՛ն, ապրում են ընկերական փոխադարձ նուիրուածութիւնը, առանց կանչի՝ օգնելու մշտական պատրաստակամութիւնը, սիրով իմաստաւորուած գիշերներ եւ կասկածի երկմտանքով վարակուած ցերեկներ։ Այս հետաքրքիր, ինքնատիպ ու խորհրդաւոր աշխարհում մահն էլ է լուսաւոր երանգներ ստանում։ Կա՛ն, ապրում են յիշողութիւնները, եւ զարմանալի չէ, որ ապրողները ընդմիշտ հեռացած ընկերոջ ստուերի հետ «խորդուբորդ ոլորապտոյտներով վերադառնում էին իրենց կենսագրութեան սկիզբը», որ գտնեն իրենց մտահոգող հարցի պատասխանը («Մեզնից ո՞ր մէկը մեռաւ, տղե՛րք»)։
Սա սիրոյ ու նուիրուածութեան այն տարածքն է, որտեղ թագաւորում են անմիջականութիւնն ու անկեղծութիւնը, ժամանակների փոփոխութեան ցուցանիշն անցեալի ինչ-որ մասնիկի պակասն է կամ բացակայութիւնը. դա պապի հայհոյանքների ու նրա գործիքների անհետանալն է, պառաւած ծառերի չորանալը, այգու անծառ տարածքը ասֆալտապատելը, բայց ամենաիրականն ու տեսանելին չգիտես ինչու գեղեցկացած տատի դագաղն է։ Տատի հետ գնալու են թոռան մանկութեան հեքիաթները, նուէրները, բայց նրա դէմքից անջատուած լոյսը խառնուելու է առօրեային ու դառնալու է ապրելու յոյս («Լոյս»)։
«Տարուայ վերջին օրուայ պատմուածքը» շատ նուրբ վրձնահարուածներով ստեղծուած մեծ կտաւ է։ «Որոշուած էր՝ դեկտեմբերի երեսունմէկին պատմուածք էի գրելու։ Գրելու էի՝ այս տարուայ գործը հէնց այս տարի աւարտելու համար», — յայտարարում է հերոսը։ Նրա որոշումը հաստատում են դեռեւս հոկտեմբերին գրած մի քանի տողերը՝ պատմուածքի սկիզբը։ Ստեղծագործական որոնումները հերոսին հասցնում են ճանաչուած գրողների գրական դաշտ, բացում սովորականի, հասարակի, պարզի, ամենօրեայի գեղարուեստական ու ոչ բոլորիս տեսանելի շերտերը։ Այստեղ չեն մոռացւում մանկութեան սէրերը, խոստումները, անգամ կեանքում կատարուած կոպիտ փոփոխութիւնները չեն խանգարում ասպետավարի ապրելուն։
Դեռ ոչ մի բառ չէր գրել, երբ սկսուեցին փորձութիւնները՝ Նոր տարուայ հոգսեր, հին տարին ընկերների հետ ճանապարհելու աւանդոյթ… Տանը պարբերաբար հաստատուող ու խախտուող զինադադարը հերոսին մի քանի անգամ տանում է պատմուածքի դաշտ ու վերադարձնում իրականութիւն, որի անբաժան մասն է ուրիշին հասցէագրած էլեկտրոնային նամակի յայտնուելը։ Տէրունական աղօթքով սկսուող Նոր տարին կարող է դառնալ դարձ առ Աստուած. սա թող լինի անցնող ու նոր եկող տարիների համատեղ նուէրը մարդուն, նրա ընտանիքին, իսկ պատմուածքը… Ամանորեայ հէքեաթում միախառնւում են հերոսի եւ նրա զաւակների՝ երեխայ լինելու եւ հայր ունենալու բացառիկ երջանկութիւնը, որն ապրում է նաեւ յիշողութիւնների հուլունքաշարի հատիկների մէջ …
Մանկութեան հէքեաթում անմոռանալի են ձիւնառատ ձմեռները ու փողոցում գայլերի հանդիպելու վախը։ Սրան յաւելւում էր գիւղի տղամարդկանց ներկայութիւնը. գարնանը նրանք նորից կը մեկնեն արտագնայ աշխատանքի։ Դաւիթը հօր հետ մտովի անցնում էր Սասունցի Դաւթի տրորած ճամբաներով, քայլում էր ձիւնամրրիկի միջով ու կորցրեց տունդարձի յոյսը, երբ յայտնուեց հօր փրկարար բազուկների մէջ։ Հայր-որդի գենետիկ կապին բոլորովին նոր բովանդակութիւն է տալիս հօր մաղթանք-խոստովանութիւնը՝ թող ինչ-որ մէկը որդուն իրենից շատ սիրի, սիրի առանց նախապայմանների, սիրի հէնց նրա համար, որ Դաւիթը կայ կեանքում։ Հօր շիրիմի մօտ կանգնած Դաւիթը երկնքում անվերջ փնտռում է ու չի գտնում «այն ինքնաթիռը, որի վերադարձին չեմ կարող չսպասել»։ «Դաւթին որեւէ մէկը հօր չափ սիրե՞ց» անպատասխան հարցը իւրատեսակ նուէր է ընթերցողին. երանի՜ ինչ-որ մէկը գտնի պատասխանը («Վերադարձի երկինքը»)։
Զաւեշտա-ողբերգական պատմութիւն է «Հայկարամի ցերեկներն ու Ասպրամի գիշերները» պատումը։ Պարզւում է՝ սիրոյ դրսեւորման ձեւերից է Ասպրամի խանդը, որ Հայկարամի համար ծիծաղելի է ու անմիտ։ «Ջուր թափեմ, գամ» պատկերը լրացնում է նախորդ պատմութեան երգիծական շերտերը։ Սամսոն ու Աստղիկ երջանիկ ամուսինների կեանքում եղել է գաղտնիք՝ Սամսոնի անհիմն խանդի անմիտ դրեւորումները, հիմա ամեն ինչ պարզւում է, եւ թւում է՝ վերջ խանդին…
Մի՛ շտապէք, խանդելու նոր առիթ արդէն գտնուել է …
Կին-տղամարդ բազմազան ու բազմադէմ յարաբերութիւններից հետաքրքիր պատառիկներ են «Ինչպէս յոյսի բարակ շող», «Լինող բանը լինում է» պատմուածքները։ Ինքն իր համար շաբաթուայ օրեր նշանակող Արշակը սովորական միջակութիւն է, իսկ կեանքի հոլովոյթի մէջ ապրելն էլ սովորոյթ դարձրած մարդիկ միշտ արդարացում գտնում են իրենց ապաշնորհ արարքների համար …
«Գտնուած-կորսուած» դիպուկ խորագրով կարելի է բնորոշել ոչ միայն Արթուր Նիկոլայեւիչ դարձած Խաչատուր Գրիգորեանին՝ յաջողակ ու դասընկերներին զարմացնող հերոսին, այլեւ մեր ազգային կեանքի այն խառն ու խառնակ տարիները, երբ ջրի երես ելան մարդկային, ազգային դէմքը կորցրած (գուցէ եւ երբեւէ չունեցած) էակները ե՛ւ տնտեսութեան մէջ, ե՛ւ քաղաքական կեանքում։ Դասընկերները Խաչատուրի թաղումից յետոյ որոշում են մոռանալ իրենց կեանքը տակնուվրայ արած երկու ամիսները՝ Խաչիկի հետ իբր թէ ապրած օրերը …
Մենք ազգովին այս տեսակից փրկութիւն չունենք։
Ահա եւս մէկ «հերոս»՝ «Գեներալը» պատմուածքի Արտիոմը։ Ժամանակի յորձանուտում նա անվերապահ յանձնուեց ջրապտոյտին, կորցրեց մարդկային բոլոր չափերն ու չափանիշները, չխնայեց ոչ ոքի եւ ոչինչ, դարձաւ ճակատագրեր որոշող պաշտօնեայ՝ անգամ չնկատելով, թէ ի՛նչ աւերածութիւններ է գործում։
Մահը՝ բոլոր խորհրդավոր ու անպատասխան հանելուկների բանալի-լուծումը, ամեն ինչ իր տեղը դրեց. Արտիոմ Ասքանազովիչ դարձած Արտիոմը գեներալական համազգեստի մէջ շատ փոքր էր, աննշան …
Մահուան լրջագոյն թեման էլ կարող է կեանքում անսպասելի երանգներ ստանալ. «Վասակ Ջանփոլադեանի մահերը» վերնագիրը լարում է ընթերցողի ուշադրութիւնը։ Մեղուն ընդհատեց Վասակի ստեղծագործական փնտռտուքը։ Միայն իրեն հասկանալի տրամաբանութեամբ՝ հերոսը եզրակացրեց, որ մեղուի խայթոցը մահացու է։ Մեռնողի անզիղջ յամառութեամբ նա հերթով կտրում էր իրեն կեանքին կապող թելերը, ապրողների հետ յարաբերութիւնները, մինչեւ հասաւ հանճարեղ եզրակացութեան. «Ախմախ մարդը էս քաղցր կեանքը կը թողնի, կը հեռանայ»։ Հիմա կեանքի մասին նրա գրած խորհրդածութիւններին կը միանան մահուան մասին անմտութիւնները …
Մահը իւրովի իմաստաւորում է կեանքը. հանրայայտ ճշմարտութիւն է։ Բայց մահն էլ իր գաղտնիքն ունի … երբ մարդն ապրել է անիմաստ մի կեանք («Աշխարհի ամենայիմար մեռելը»)։ Անյաջողակ մարդը միայն իբր թէ մեռնելուց յետոյ է արժեւորում կեանքը եւ իր արարքները։ Կեանք վերադառնալու ցանկութիւնը ոչինչ չի փոխելու. նա հիմա էլ ընկերների հետ կը նշի վերակենդանանալու փաստը՝ ձեռքից բաց չթողնելով ուտել-խմելու յարմար առիթը …
Կեանք-մահ սահմանագլխին աճում են «Անթառամ ծաղիկներ». սրանք ծանր հիւանդութեան դէմ հնարաւոր-անհնար միջոցներով մաքառող Վերգինէի ու նրա նման խիզախ մարդկանց՝ գոյութեան մեզ անհասկանալի շարունակութիւնն են …
«Լա՜ւն էր շան աղջիկը» պատմուածքի խորագիրը կարելի է հասկանալ ե՛ւ որպէս գայթակղութիւնը յաղթահարած հաւատարիմ ամուսնու ափսոսանք, ե՛ւ որպէս պատահական հանդիպումից ու մտովի ապրած երջանկութիւնից մնացած յուշի պատառիկ։ Ընտրութիւնն ընթերցողինն է։
Գրքում առանձնանում է «Ապրիլ» գծանկար-պատմուածքը։ Հօր հետ դէպի Եռաբլուր քայլող փոքրիկի հարցերն առաջին հայեացքից միամիտ են, բայց ծով իմաստնութիւն են պարունակում. նոյն ճանապարհն անցնող մարդիկ երբեմն կարող են միասին չլինել, տարբեր մտածելակերպ ունենալ, բայց պատմութիւնը բոլոր յաջորդ սերունդներին բաժին է հանում։ «— Պապա՛, ես էլ իմ ճակատագրին եմ տէր» պնդումը երեխայի շուրթերից հնչում է երդման պէս։ Յետոյ ծնւում է վախը. եթէ ուրիշ վայրում ծնուած լինէր, ուրիշ ծնողներ կ՚ունենար … Այս դէպքում առաջնայինը, որոշողը պատմութեան ու ճակատագրի բեռը չէ, այլ հէնց ա՛յս հողին պատկանելու իրաւունք-պարտականութիւնը, այլապէս աշխարհի համատարած ժխորի մէջ կը կորչեն անմար կրակի փոխանցած հազարաւոր ձայները։
Դա մե՛ր՝ բոլո՛ր հայերիս ճանապարհն է, որով քայլելու ենք, քանի դեռ չենք կորցրել լսելու ունակութիւնը։
«Անդունդը» պատումը նիւթական հոգսի յետեւից ընկած հերոսների ու կարիքի, կորուստների ցաւից կծկուած մեր մի բուռ երկրի ողբերգութեան մասին է. մենք են լքել մեր պատմական յաղթանակը, սփոփանք փնտռել նիւթական հոգսերի ճահիճում ու մեզ համար էլ աննկատ ծնել-սնել իշխանութեան հասնելու մարմաջով վարակուած օտարամոլների նախիրը…
Փա՜ռք Աստծոյ, փրկութեան յոյսն ու միջոցը աստուածային նոյն՝ «Սիրեցէ՛ք միմեանց» պատգամն է, որի խորհուրդը չենք հասկացել։
Հիմա կը հասկանա՞նք …
Չգիտեմ։
Քարը, որ յաճախ ընկալում ենք որպէս մեր երկրի խորհրդանիշ, «Ես կը գնամ» գրքի համանուն պատմուածքում դառնում է պատմական մեծ ու փոքր իրադարձութիւնների ականատես-վկան։
Ամեն ինչ սկսւում է հեռավոր 1926-ի հոկտեմբերի 22-ին Շիրակի երկրաշարժի ժամանակ. սեխի մեծութիւն ու նմանութիւն ունեցող բազալտէ ծանր քարը պոկուեց ժայռաբեկորից ու յայտնուեց ճանապարհի վրայ։ Ցեխաջրով ողողուելուց յետոյ քարը նմանւում է հողակոյտի, եւ տասնամեակների ընթացքում շատերն են գայթակղւում քարը տեղաշարժելու մտքով։ Առաջինը Սարգիս Մելիքսէթեանն էր. նա երկար ու հերոսական պատմութիւն ունեցող սուինով փորձեց քարը տեղաշարժել ու կոտրեց սուինը։ Երեսուն տարի անց քարը յայտնուեց ասֆալտի շերտի մէջ։ 20-րդ դարասկզբի հայոց ազատամարտի հերոսներից Մօրուք Կարոն եւ Զնգլիկ Պետոն ապրում են մի երկրում, որտեղ չեն սիրում նրան՝ «ով իր երկիրը սիրում է»։ Արաքսի այն միւս ափին քրդերի ապստամբութեան լուրը լսելուն պէս Կարոն եւ Պետոն որոշել են անցնել սահմանը։ Գաղտնի զրոյցի ընթացքում Կարոն քարի վրայ մեծ դժուարութեամբ փորագրեց «Հ» տառը։ Նոյն քարի կողքին տեղի ունեցաւ նաեւ անասնական կրքերի գերի Իսլամի ու անպատւութեան, մարդկային անտարբերութեան, ծաղրուծանակի ճամբան անցած Իսկուհու հանդիպումը։
Այդ քարի կողքին 1957-ի օգոստոսի 14-ին ծնուեցին աքսորից վերադարձած Ամատունի Տէր-Նիկողոսեանի երկուորեակ որդիները։ 1995-ի մարտի 11-ին Ռոմիկ Մանուկեանն առաջնորդում էր դէպի Արցախ գնացող հայ ազատամարտիկներին, եւ Վարդան Մկրտչեանը քարի վրայ տեսաւ փորագրած տառը եւ յաւելեց երկու տառ՝ ստանալով ՀԱՅ բառը։
2010-ին Միկինեան ամուսիններն իրենց Դաւիթ որդուն ճանապարհում են Ամերիկա։ Ագռաւն ընկոյզը գցեց քարի վրայ, որ Դաւիթը փորձեց տեղահանել ու հետը տանել։ Մայրը չթողեց. Հայրենիքից հեռացածները սովորաբար բաւարարւում են Վերնիսաժում վաճառուող Մասիսի նկարներով։
Քարը մնաց ի՛ր տեղում։
Քարը եւ մշուշապատ լեռները նայում են իրար. նրանք են Հայաստան երկրի այս՝ սրտի չափ փոքր հատուածի յաւերժական երթի վկաները, խորհրդանիշը…
* * *
Գրքի «Պիեսներ» բաժնի «Մենք կը վերադառնանք» եւ «Հրաժարական» դրամատիկական պատկերները կարդացի ներքին տագնապով. մեր ազգային կեանքի ո՞ր չլուծուած (իբր լուծուած ունենք) խնդիրն է այնքա՜ն անհանգստացրել գրողին, որ դիմել է ընթերցողի հետ անմիջական երկխօսութեան եւ ասելիքը նաեւ լսելի դարձնելու հնարաւորութիւն ընձեռող գրական այս սեռին։
«Մենք կը վերադառնանք»-ը շատ ասելիք ունի ընթերցողին։
Արեւմտեան Հայաստան շրջագայութեան կամ ուխտագնացութեան մեկնած տասնինը հայերը վերադառնում են տուն, եւ թուրքական սահմանային անցակէտում զրոյցի անուան տակ հարցաքննութիւն է տեղի ունենում։ Պարզւում է՝ հայերից շատերը հող են տանում, ընդհանուր քաշով 113 կգ հող են հաւաքել պատմական վայրերից։
Թուրքավարի՝ թէյի հետ անուշեղէն հիւրասիրելով ու անընդհատ ժպտալով (չէ՞ որ երազում են Եւրոպայի մաս դառնալու մասին …)՝ հերթով ներս են կանչում հայերին՝ «մեր երկիր այցելութեան շուրջ» զրուցելու։
Պարզապէս զզուելի է շրջայցի (նա ուխտագնացութեան մասին պատկերացում անգամ չունի. փող է աշխատում) կազմակերպիչ տիկին Ամալիան, որի համար Թուրքիան կարգուկանոնի երկիր է, որտեղ «ամեն ինչ կատարւում է օրինականութեան սահմաններում»։
Աբէլ հայրիկը երջանիկ է. տեսել է իր պատկերացրած, երազում տեսած վայրերը, յատկապէս՝ Գլեգուզանը, որտեղից հող է տանում, որ սփռի կենդանութեան ժամանակ ամեն օր Էրգրից, Զուլումի արհաւիրքներից պատմող հարազատների շիրիմներին։ Նա նաեւ Մեղրագետից ջուր է տանում, որ կում-կում խմի։ Ինքն իրե՞ն, թէ՞ թուրք պաշտօնեային համոզելու համար ծերունին ասում է, թէ Թուրքիան ու թուրքերը փոխուել են ….
Յաւելեմ՝ երանի՜ հաւատացողին. աչքով տեսա՞ծն էլ չի սթափեցնում մեզ …
Գրողն արձանագրում է թուրք հերոսի դիպուկ խօսքը. «Չտեսած երկրի երազողներ…»։
ՀՀ Ազգային ակադեմիայի գիտաշխատող Նուարդը հողի նմուշներ է վերցրել եւ համոզուած պնդում է՝ հողը յիշողութիւն ունի, կարող է վկայել, թէ՛ երբ ու ինչպէ՛ս է ընդհատուել զարգացման բնականոն ընթացքը։ «Առանց ճշմարիտ հիմքի ապագայ չես կառուցի» համոզումով՝ Նուարդը կ՚օգնի պատմական իրականութեան վերականգմանը։
Երեւանի Այգեստան թաղամասում ապրող Արամի՝ Վանուհու թոռան հետ զրոյցից թուրք պաշտօնեան իմացաւ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մասին, իմացաւ, որ Վանում՝ Այգեստանում, Վանուհին թոռան հետ գտել է իրենց տունը, որտեղ քրդեր են ապրում։ Արամը հօրից լսել է, որ աշխարհում վատ մարդիկ չեն ծնւում, հանգամանքներն են մարդ արարածին գազան դարձնում, բայց շատ է ուզում իմանալ՝ իր նախնիները ինչո՛ւ են լքել Վանը։ Արամը պատրաստ է ճշմարտութիւնն իմանալու համար սպասել. «չէ՞ որ աշխարհում ոչ մի բան հնարաւոր չէ անվերջ թաքցնել…»։
Պատմական ճշմարտութիւնն անհերքելի է, մէկն է, բայց աշխարհում անլուծելի մի հանելուկ կայ. «Իսկ այդ ո՞վ պէտք է որոշի, թէ ո՞ր կողմն է ճիշտ»։
Թուրքի ու նրա նման մտածող վայ-հայերի համար՝ Հայկ Նահապետի սխրանքով սկսուող պատմութիւնը պարզապէս աւելորդ ծանրութիւն է … Բայց թուրքն էլ է հարկադրուած արձանագրում. «… հայերը պատմութեամբ ամենաշատը հետաքրքրուող ժողովուրդն են»։
Վերապահումով իրեն բանաստեղծ (յաւելեմ՝ նաեւ վերապահումով հայ) համարող Էքմեքչեանը հող չի տանում հետը, որ ուրիշների յիշողութիւնները չմխրճուվեն իր կեանքը, թուրք պաշտօնեային գինի խմելու է հրաւիրում, որ բանաստեղծութիւններ արտասանեն ու ոչնչի մասին չմտածեն։ Ու այս անմիտ խօսքի մէջ նա յիշատակում է Դանիէլ Վարուժանի անունը …
Էքմեքչեան տոհմի մի քանի մազապուրծ զաւակներ Մալաթիայից հասել են Փարիզ, յետոյ՝ Խորհրդային Հայաստան, որտեղից աքսորուել են Սիբիր։ Հիմա այս մարդուն անհանգստացնում են «Ինչո՞ւ չենք կարող ապրել ինչպէս բոլորը» անմիտ հարցը, թուրքական կողմի «փաստարկները» քննելու խնդիրը, դառը ճշմարտութեանը հասնելու համար հայութեան համարձակութիւն չունենալու պնդումը, թուրքերի իբր թէ խախտուած անվտանգութեան ու ինքնապաշտպանութեան դիմելու անհրաժեշտութեան մասին հէքեաթը … Ճիշտ է, Գրիգոր Բալայեանը հակադարձում է այս ան-Հայրենիք թրքամոլին, փաստերով հերքում նրա բարբաջանքները, բայց յամառ թրքասէրն անդրդուելի է …
Չգիտեմ՝ մոռացութիւնը կարո՞ղ է Էքմեքչեանին ու նրա նմաններին փրկել յիշողութիւնների դառնութիւնից …
Մատենադարանի աշխատակից Գրիգոր Բալայեանը ճանաչում ու մէկ առ մէկ պատմում է Արեւմտեան Հայաստանի տարբեր տեղավայրերից վերցրած հողի նմուշների մասին. տոպրակների վրայ ոչ մի նշում չկայ։ «Հողը նաեւ էներգիա է պարունակում», — համոզուած է Բալայեանը, եւ հողի այս նմուշներին նայողները «շօշափելիօրէն կը պատկերացնեն տուեալ տարածքը»։
Այս հանելուկը պարզապէս հունից հանում է թուրք կապիտանին։
Փաստօրէն հայերը «հողը ճանաչում են», «կարծես ենթագիտակցութեամբ զգում են» կորցրած Բնօրրանի՝ երբէք չտեսած ճամբաները, լեռներն ու ձորերը, «այդ հողը, հողի գաղափարը նրանց գլխի մէջ է»։
Վանուհու հետ թուրքի «զրոյցը» աւելի շատ վրէժ է յիշեցնում։ «Ցաւի լեզուն ամեն տեղ նոյնն է». «Ծառը պիտի հատեն։ Եւ սակայն անհոգ թռչուններն այնտեղ դեռ բոյն են հիւսում»։ Ճապոնական այս թանկայի երեք տողերում տեղաւորւում են ոչ միայն վանեցի լուսանկարիչ Յովսեփ Սուքիասեանի տոհմի անցած արիւնոտ ճամբաները, այլեւ հայ ժողովրդի անցած Գողգոթայի պատմութիւնը։ Այս ամենից Վանուհուն բաժին են հասել «սրախողխող արուած երեխայի եւ գանահարուած հօր արեամբ շաղախուած խոտերի մէջ» գտած ապարանջանը, որ նա նուիրում է թուրք կապիտանի անծանօթ աղջկան։ Անպատասխան երկու հարց կայ. « … հե՞շտ է անմեղ երախայի սպանելը», «Կարո՞ղ է մի տուն, մի երկիր նախապէս որեւէ մէկին չպատկանել եւ հէնց այնպէս բաժին հասնել մի եկուորի»։
Թուրք կապիտանի համար հայերը հանելուկ են, բայց չի հրաժարւում վաշխառուի հոգեբանութեամբ ապրող ու թուրքերի հետ առեւտրական ծրագրեր երազող Վոլտերի ծրար-կաշառքից, որ դաւաճանութիւն է անուանում։ Նրա հոգու խորքում կա՛յ, ապրում է թրքութիւնը. չէ՞ որ «պատմութիւնը ենթարկւում է ուժեղների կամքին եւ ոչ երբեք թոյլերի արդարադատութեանը», ինքն իրեն քաղաքակիրթ հռչակած աշխարհը երբէք չի վերանայի պատմութիւնը, իսկ հայութեան՝ աշխարհին յայտարարած Դոն Կիխոտի պատերազմն անհեռանկար կռիւ է անցեալի, մարդկութեան դէմ։
Առաջին հայեացքից թւում է՝ լոկ կեղծ ժպիտով եււրոպացիներին նմանակող թուրքն ապագայ ունի, բայց հէնց թուրք գնդապետը երկմտում է. քաղաքական խաղերի թակարդում յայտնուած երկրում փլուզւում է շատ բան, ամենակարեւորը՝ թուրքական գաղափարը …
Սրան յաւելենք այն փաստը, որ այս տասնինը հայերի թւում են նաեւ ազատամարտիկ Վահագն ու նրա ընկեր Հրայրը։ «Սեփական բաժին բեռը կրելու գիտակցումը» արուեստագէտին տարել է պատերազմի դաշտ …
Հեղինակը պարգեւատրում է իր անվախ հերոսին. կարդում ես ու հաւատում՝ Վահագնի ու Կարինէի պսակադրութիւնը տեղի կ՚ունենայ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, իսկ Վահագնի ասած ու միւսների՝ մի քանի անգամ կրկնած «Մենք կը վերադառնանք» նախադասութիւնը սոսկ յայտարարութիւն կամ սպառնալիք չէ. նախազգուշացում է ճիշտ այնպէս, ինչպէս մարտադաշտ մտնելուց առաջ Սասունցի Դաւիթն էր ազդարարում իր գալուստը …
Հաւատում եմ. «Մենք կը վերադառնանք»։
* * *
Գրքեր կան, որոնք կարդալուց յետոյ եթէ մտքերդ թղթին չյանձնես, երկար ժամանակ կ՚ապրես իւրատեսակ գերութեան մէջ։ Ես ինքս ինձ ազատագրեցի։
Մնացածն ընթերցողի խնդիրն է։ Չեմ կարծում՝ յօդուածը կարդալուց յետոյ շատերը կը փնտռեն գիրքը, բայց շատ-շատերը խորհելու եւ իրենց անելիքը ճշտելու առիթ կ՚ունենան։ Գրքի խորագիրը կրող ինքնախոստովանական երկու էջերը կրկին հաստատում են՝ մենք մե՛ր տեսակից ու պատմական մե՛ր բեռից ոչ մի տեղ փախչել չենք կարող, եթէ ուզում ենք հա՛յ մնալ։
Մե՛նք ենք մեզ յաղթողը։ Մենք ենք ծնում ան-հայրենիք էակների, որոնց համար միեւնոյնն է, թէ ո՛ւմ կը ծառայեն. գերխնդիրը կուշտ ստամոքսն է։
Մե՛նք ենք մեզ դէպի Յաղթանակ առաջնորդողը։ Այնպէ՜ս լինի, որ ազգովին հասկանանք կորցրածի արժէքը, համախմբուենք ու սկսենք լուծել անլուծելի թուացող խնդիրները։
Աստուած օգնական բոլորիս։
Երեւան