Կապոյտ մեղեդի ջութակի համար

Յուսիկ Արա

Աշուն: Օրացոյցին` 19, 21, 25…
Սեպտեմբերեան օրեր են` դառն ու աղի:

Մի՛ ընկիր, ոգիս,
իմ թռչուն` տրուած ի վերուստ.
մենք շրջելու ենք դեռ ջրերի վրայ խաղաղ,
ինչպէս Աստծու ոգին է շրջել,
եւ զատելու ենք ջուր ու ցամաք`
լո՛յս, լո՛յս որպէս եւ սէ՛ր:
Մենք արարելու օրեր ունենք`
մէկից մինչեւ եօթ,
եւ դրախտում ապրելու կեանքեր.
դեռ շուտ է, ոգիս,
թէ հանգիստ առնենք:

Ահա, ես էլ եկայ
եւ տեսնում եմ այն,
որ կարդացել էի ծանր գրքերում,
թերթել պատմութեան փոշոտ էջերին
եւ խոտորուել խութուխորշում ժամանակների:
Արդ, թոյլ չեմ տայ ինձ,
որ նորից ձեռքս գրի`
ցեղասպանութիւն.
իմ աչքերը գունաթափուել են
բառն այդ կարդալուց:

Թող հնչի հոգիս
թէկուզ անյարմար,
սակայն
կապոյտ մեղեդի
ջութակի համար:

Խեթի՛ր կողս, հրեշտակ իմ փափուկ քնի,
մղձաւա՞նջ է գուցէ սա.
արթնանամ եւ տեսնեմ նորից,
որ չքնաղ է աշունն այս ու անարատ:

Երկար քայլում են, դանդաղ, խռնուած,
աչքերը դատարկ, հոգու մէջ ոչինչ.
նրանք ելել են տնից,
թիկունքում` սպանդ,
կրծքին` հրազէն,
ու մի ճանապարհ`
կոկորդին կապած պարանի նման:
Կին ու երեխայ, տարեց ու ջահել,
մարդիկ, պարզապէս մարդիկ…
Բնիկների արտագաղթն է սա,
տեղահանութիւն,
որ վարք ունեն շերտ-շերտ
եւ յիշողութիւն,
լեռների վրայ եւ այս հողի տակ`
հազար ու հազար
եւ էլի հազար տարիների մէջ:

Հիմա շներն են ոռնում այնտեղ`
լքուած տաճարներից ներս`
պաղ գիշերուայ մէջ,
դունչը պարզած Աստծուն`
լուսնի փոխարէն:

Կանգ մի՛ առ, սիրտ իմ,
խփիր թէկուզ թոյլ,
եւս մէկ անգամ ու էլի՛, էլի՛,
գուցէ խաղաղուե՞ն մարմին ու հոգի
եւ գտնեն հաշտուելու
մի աղօտ եզր,
գոնէ չժխտող մէկմէկու` ինձ եւ ինձ:

Շուրջս խանութներ,
դուրս եկող կանայք` լիքը ձեռքերով.
գոհ են, հայեացքը խաղաղ,
եւ` մանուկներ գոյնզգոյն:
Գարեջուր, չիփսեր ու թղթախաղ
տաղաւարներում,
զբօսանք, ժամանց.
զառն է գլորւում նարդու տախտակին`
գրազ ու փողով,
թէ ով է վառելու կրակը խորովածի:
Այդպէս իջնում են օրերը`
զուարթ, տօնական,
մեր թափուած արեան,
անթաղ զոհերի
եւ կորցրած երկրի քանդուաւերին`
դեռ տաք տնքացող ու թարմ:

Եւ չգիտեմ,
ինձ այդպէս` մի սփոփ խօսքով,
փրկո՞ւմ եմ, որ չխելագարուեմ,
թէ՞ փրկութիւնը
խելագարուելն է մինչեւ վերջ:

Մի՛ ընկիր, հոգիս,
երկինք ունենք մենք,
եւ թեւե՛ր,
որ ծուատ չեն
ու չեն փետրաթափ.
մեր թռիչքը մեր մէջ եւ մեզնից է վեր:
Մի՛ ծալուէք դեռ, իմ յոգնած ծնկներ,
գնանք քայլ առ քայլ,
անտարակոյս.
պահուած առաւօտ կայ մեզ
եւ ծագող արեւ:

Երեւան

(Լրամշակուած. նախնական տարբերակը հրապարակուած է «Գրանիշ» կայքին վրայ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *