Յովհաննէս Երանեան
Բողոքաւոր մարդկանց երթը սեւ ժապաւէններով ու գրութիւններով ծածկուած փողոցներով մայրաքաղաքի մի հրապարակից դէպի միւսն էր գնում: Երբ նրանց՝ «Դաւաճան, հեռացիր» վանկարկումներն արդէն շատ մօտ էին, տաքսու վարորդը չուզեց ոտատակ ընկնել եւ կծկուեց իր մեքենայի մէջ: Թէեւ ուղեկից ոստիկաններ կային, սակայն տեսան ու չմիջամտեցին, երբ երթից մէկը քացով ուժգին հարուածեց նրա մեքենայի դռանն ու գոռաց.
— Ինչի՞ չես միանում, այ դաւաճանի զոմբի:
Նրա այս հայհոյանքը ուրիշներին էլ ոգեւորեց: Երկու հոգի էլ ուզեցին ոտքերով հարուածել մեքենայի կողերին, բայց փոշմանեցին ու առաջ գնացին: Այդ ամենը վայրկեաններ տեւեց: Երբ գոչիւնները հազիւ լսելի դարձան, նա իջաւ մեքենայից, կաղալով մի կերպ պտոյտ տուեց չորս կողմն ու գոհ մնաց: Հարուածի հետք գրեթէ չէր երեւում: Նորից նստեց Մերսեդեսի ղեկին, արդէն որերորդ անգամ աչք գցեց սեւ ժապաւէններին ու կրկնեց.
— Նարեկ 20, Նարեկ 19, Սամուէլ 19, Նարեկ 18, Տիգրան:
Տիգրանի թիւը լաւ չէր երեւում: Կամ 35 էր, կամ՝ 38:
— Ուրեմն կամ սպայ կը լինի, կամ` կամաւոր, — ասաց ինքն իրեն ու որոշեց տուն գնալ:
— Տղէս, ինձ Ղարաբաղ կը տանե՞ս, — լսեց յանկարծ ապակու իջեցուած փոքրիկ ճեղքից: Նայեց նրան ու հասկացաւ, որ ինքն իր մէջ կուչ եկած վաթսունի մօտ տղամարդը վստահ է, որ մերժում է ստանալու:
— Ի՞նչ ես կորցրել Ղարաբաղում, հօպար, — պատասխանեց վարորդը, — բոլորն էնտեղից փախչում են, դու ուզում ես՝ գնա՞ս:
— Տղայիս գտնեմ, կը տանե՞ս:
— Հա՜, — ծոր տուեց տաքսիստը, — էսօր հարեւանս էլ զանգեց, խնդրեց:
— Տանելո՞ւ ես:
— Լաւ, արի էսպէս անենք. զանգեմ հարեւանիս: Երկու ժամ առաջ ինքն էլ էր ուզում գնալ: Եթէ ուրիշի հետ չի պայմանաւորուել՝ միասին գնանք, հա՛մ շատուոր կը լինենք, հա՛մ էլ կը կիսուէք փողը, ես էլ իմ կողմից զեղչ կ՚անեմ:
Տղամարդը լուռ սպասում էր։
— Չէ, չկպաւ, — հարեւանի հետ խօսելուց յետոյ շշնջաց երիտասարդ վարորդը, — ասեց՝ արդէն Սիսիան են հասնում:
— Ուրեմն, չե՞ս տանի:
— Ես քշող եմ, բայց քո մասին եմ մտածում: Ախր, երկրաշարժից փլուած տան տեսք ունես, երեւում ա, որ նեղութեան մէջ ես, քեզնից ո՞նց վերցնեմ էդքան փող:
— Փող ունեմ, բայց յոյս չունեմ: Հինգ օրուայ մէջ ժամանակ կը գտնէր զանգելու…
— Մի վռազ թաղի տղուդ, հօպար: Կարող ա` վիրաւոր ա, կամ հեռախօսն ա փչացել, կորել: Ես ինչ գիտեմ, էնքան տարբերակ կայ:
Տղամարդը չասաց, որ արդէն երեք օր, հէնց աչքը մի քանի րոպէ կպչում է՝ նոյն երազն է տեսնում։ Որդին վիրաւոր ընկած է մի սարի վրայ, արնաքամ է լինում, եւ չկայ ոչ մի օգնող։
Նա յանկարծի հեկեկաց, եւ վարորդը հասկացաւ, որ որդուց անլուր հինգ օրերին նա կնոջ ու դստեր առաջ լաւատես է ձեւացել՝ «յաղթելու ենք, զգետնելու ենք», բայց ուզել է լալ, եւ չի թաքնուել խոհանոցում կամ զուգարանում, որ աչքերը սրբի գաղտագողի, որովհետեւ ինքն էլ մի քիչ հաւատացել է, որ որդին անփորձանք վերադառնալու է, եւ իր յանձնուելու մի կաթիլ արցունքը որդու սեւ թղթի վրայ դրուած կնիքի անգոյն թանաքը կը դառնայ, հեռախօսով յայտնուած բօթի առաջին հնչիւնը կամ մահուան ցուցակների առաջին անուան առաջին տառը:
Վարորդն ուզեց նրան առաջարկել, որ նստի կողքին, մեքենայի մէջ, բայց չհասցրեց, որովհետեւ նա ինքը դա արեց, յետոյ թաշկինակը անփոյթ շտապողականութեամբ տարավ-բերեց աչքերին, ու իրեն վերագտած ասաց.
— Եթէ համաձայն ես, որ 30 հազարը տեղում տամ, մնացածը մի քանի օրից, ուրեմն հէնց հիմա գնանք:
— Մտքովս բան անցաւ, հինգ օր դիմացել ես, մի ժամ էլ համբերիր: Հիմա մի ցուցանակ կպցնեմ, որ Արցախ ենք գնում, ու մի քիչ սպասենք, հնարաւոր ա էլի մարդիկ ուզենան գալ:
Տղամարդու լուռ համաձայնութիւնը տեսնելով՝ աւելացրեց.
— Բայց էստեղ չէ, գնանք աւտոկայան։
Արդէն կէս ժամ էր մեքենայի մէջ լուռ նստած էին աւտոկայանում, երբ ուղեւորն ասաց.
— Մի քսան մետր առաջ չե՞ս գնայ:
Վարորդը նայեց դիմացի սեւ ժապաւէնին ու հարցրեց.
— Տղուդ անո՞ւնն էլ ա Տիգրան:
Տղամարդը գլխի շարժումով լուռ հաստատեց:
— Կամաւոր ա գնացե՞լ, թէ զօրակոչուածների մէջ ա:
— Չէ, ժամկէտային ծառայող, — պատասխանեց ուղեւորն ու հարցրեց, — թոյլ կը տա՞ս ծխեմ։:
— Ծխի, հօպար, հանգիստ ծխի: Ես էլ բանակում ծխել եմ մի երկու ամիս, բայց թարգեցի:
Յետոյ էլի լուռ էին, ու կրկին վարորդն առաջինը խօսեց.
— Ուշ ես երեւի ամուսնացել, որ տղադ ժամկէտային զինուոր ա:
— Չէ, քսանեօթում, — խեղճացած պատասխանեց ուղեւորը, — երեսուն էի, որ ծնվեց, ճիշտ նոյն օրը, ինչ որ ես:
— Քանի՞ տարեկան է, — զարամացած հարցրեց վարորդը:
— Տասնինը: Անցած տարի պոլիտեխնիկ ընդունուեց, յետոյ բանակ տարան:
— Բան չհասկացայ, հօպար, ուզում ես, ասե՞ս, որ դու ընդամենը…
— Հա, քառասունինը: Պատերազմից առաջ էսքան ծեր չէի։
Յետոյ մի քիչ էլ լռեցին ու վարորդն ասաց.
— Մի ծանօթ բարեկամ չունէի՞ր, գազի փող տայիր՝ ընկերական տանէր:
— Ես իմը նուիրեցի բանակին, տարան գցեցին դրակոնի երախը:
— Դրոնի՞:
— Եղբօրս երեկուանից շնչառական սարքի տակ են պահում, հարեւանս քրոջ տղային է թաղում, փեսաս էդ պարտութեան թղթի պատճառով կաթուած տարաւ: Ամեն մէկն իր ցաւի հետ:
— Երկար ճանապարհ ենք գնալու, արի, քանի սպասում ենք, մի քիչ քնենք:
Նա իր նստարանը փոքր ինչ հետ տուեց ու կիսապառկած շարունակեց:
— Դու էլ փորձի:
— Բա, չկարողանայի՞:
— Դէ, լաւ, ոնց ասես, բայց եթէ սիրտդ էլի ծխել ուզի, խնդրում եմ, դրսում արա, քնած ժամանակ ծխախոտի հոտից սրտխառնոց ա սկսւում:
Նա էլի լուռ գլխով արեց, բայց մէկ-երկու րոպէ անց մի զոյգ մօտեցաւ մեքենային եւ տղամարդը հարցրեց.
— Ղարաբա՞ղ էք գնում:
— Հա, — վարորդի փոխարէն պատասխանեց ուղեւորը, — դո՞ւք էլ:
— Մենք չէ, ես — պատասխանեց նորեկ տղամարդը:
— Չէ, քեզ մենակ չեմ թողնի, ես էլ եմ գալիս, — ասաց կինն ու բացելով դուռը՝ նստեց մեքենայի հետեւի նստարանին:
— Իջիր մեքենայից, Թագուհի աղջիկ: Ժողովուրդ ջան, էս կնոջը մի խօսք հասկացրէք: Ասում եմ՝ գնամ-տեսնեմ՝ տունն ինչ վիճակի մէջ ա, թէ որ ապրելու պիտանի ա, կարգի բերեմ, մի քանի օր էլ սպասեմ, տեսնեմ, թէ իրօք խաղաղ ա, թէ ռուսը պաշտպանում ա, իմաց անեմ, կամ հէնց ինքս գամ ձեր հետեւից:
— Ճիշտ բան ա ասում, մօրքուր, — նստատեղն ուղղելով ու աչքերը տրորելով՝ ասաց վարորդը:
— Ճիշտ եմ ասում, բա ինչ եմ անում, — ոգեւորուեց ամուսինը, — դու մնա հարսիդ ու թոռներիդ մօտ, մինչեւ ռազվեդկա(*) անեմ, գամ:
— Ասացի, մենակ չես գնայ, ռազվեդչիկիս(*) տեսէք, — չզիջեց կինը:
— Չի համոզուի, — ասաց տաքսիստը, — որոշի, կամ գնում ենք, կամ էլ միասին յետ էք դառնում:
— Պնդաճակատ ղարաբաղցի, — սկսեց կամաց-կամաց նահանջել ամուսինը՝ մեքենայ նստելով, — Սողոմոնի հէրն եմ անիծել, որ չծանօթացնէր քեզ հետ: Քշի տղայ ջան, գնացինք:
— Եկէք սկզբում ծանօթանանք, երկար ճանապարհ ենք գնալու, իրար անունները չիմանա՞նք: Տիկին Թագուհունն արդէն լսեցինք: Իմ անունը Մեսրոպ ա, բայց բոլորը Մոսօ կամ Մոս են ասում, — ներկայացավ տաքսիստը:
— Ես էլ ոչ բարով էդ Թագուհու կամակատար ամուսին Վլադիկն եմ:
— Անունս Յարութիւն է, Արշակեան Յարութիւն, — քրթմնջաց առաջին ուղեւորը:
— Ըհը, ծանօթացանք: Քսան հազար դուք էք տալիս, տասնհինգ էլ՝ ուստա Յարութը, համաձա՞յն էք:
— Բայց էդ քիչ չի՞, — հարցրեց Վլադիկը, — որ տաքսիստին մօտեցանք, յիսուն ուզեցին:
— Չէ, քիչ չի: Հա, մի բան էլ, հասնենք Գորիս, սպասենք լոյսը բացուի, նոր մտնենք Ղարաբաղ, որ գիշերով մի փորձանքի չգանք: Էլ ջիհադիստ վարձկաններ, էլ թուրքեր:
Թագուհին հարցրեց՝ թէ որ պիտի Գորիսում սպասեն լուսաբացին, աւելի լաւ չի՞ ուղղակի Երեւանից ուշ շարժուեն, իսկ վարորդը պատասխանեց, թէ հիմա չեն կարող քնել, բայց ճանապարհից յոգնած Գորիսում ոնց էլ չլինի մի քիչ կը ննջեն։
— Հը՞, գնացի՞նք, — արդէն անհամբեր էր Յարութիւնը:
Մեսրոպն առաջարկեց մօտակայ կրպակից ջուր եւ մանր-մունր քաղցրեղէն վերցնել, բայց Վլադիկն ասաց.
— Թագուհուս պայուսակում ուտելիք կայ, կը հերիքի, ջուր էլ ունենք, արաղ էլ:
— Դէ, ուրեմն սպասէք, գնամ մի բան էլ ես վերցնեմ, — նեղուեց Յարութիւնը:
— Այ, Յարութ ջան, ասեցի ամեն ինչ էլ կայ, քշի նաւապետ Մովսէս:
— Լաւ, կ՚ուզես Մովսէս ասա, բայց Մեսրոպն եմ, — թեքուեց, ժպտաց տաքսիստն ու իր գործին անցաւ:
* * *
Դեռ Երասխաւանի օղակաձեւ խաչմերուկին չէին հասել, որ մթնեց: Քիչ անց լսուեց Վլադիկի խռոցը, ու կինը շշուկով ասաց.
— Չորս օր չի քնել, հիմա, որ տուն ենք գնում, երեւի սիրտը հանգստացաւ:
Քիչ անց, գլուխն ամուսնու ուսին դրած, ինքն էլ ննջեց:
Յարութիւնը ծխախոտն առանց վառելու շուռումուռ էր տալիս շուրթերի արանքում:
— Գիտեմ, ծխել ես ուզում, բայց որ կանգնեմ, դուռը բացես՝ կը զարթնեն, թող մի քիչ հանգստանան, լա՞ւ: Մի կէս ժամից Եղեգնաձորի կողմերը գազ ենք լցնելու, կը դիմանա՞ս:
— Կը դիմանամ, — կմկմաց Յարութիւնը:
Սակայն չարթնացան: Երկուսն էլ դուռը զգուշօրէն բացեցին, եւ իջնելով՝ առանց փակելու վրայ բերեցին: Յարութիւնը նկատեց, որ վարորդը դժուարութեամբ է քայլում, ու մտածեց, որ յոգնել է, ոտքերը թմրել են երկար նստելուց: Բայց տարօրինակ տկտկոցին ուշադրութիւն չդարձրեց: Մինչ լիցքաւորման խողովակը կը միացնէին, հասցրեց ծխել: Բայց երբ Մեսրոպը դանդաղ, զգոյշ ու կաղալով դէպի իրեն էր գալիս, կրկին լսեց տկտկոցը, աւելի ստոյգ՝ թխկոցը, որ ձախ ոտքը գետնին դնելուց էր լսւում: Դեռ ոչ մի բառ չէր հասցրել հարցնել, երբ տաքսիստն ասաց.
— Բանի տեղ մի դիր, ես լաւ եմ:
— Կօշիկիդ կրու՞նկ ա պոկուել, — հարցրեց:
— Տուր մի հատ էլ ես ծխեմ, — պատասխանեց Մեսրոպը, — եւ մինչ Յարութիւնն առանց աչքը նրա ոտքից կտրելու՝ տուփից երկու հատիկ ծխախոտ կը հանէր, շալվարի ձախ փողքը մի քիչ վեր բարձրացնելով՝ շարունակեց, — ծնկից ներքեւ երկաթ ա:
— Այ քեզ բան, բա ո՞նց ես մեքենայ վարում, — հարցրեց վառիչի կրակը նրան մօտեցնելով:
— Աւտոմատ ա, քշելուց ձախ ոտքն անելիք չունի, — պատասխանեց, ծուխը ներս քաշեց ու հազաց Մեսրոպը:
Յետոյ էլի ծուխը քաշեց, կրկին հազաց, ծխախոտը աղբամանի մէջ նետեց ու ասաց.
— Բայց արի նրանց բան չասենք, ի զուր թող չանհանգստանան:
— Ո՞նց ես յաջողացրել:
— Ապրիլեանից նուէր մնաց: Իրօք որ յաջողեցի: Շատերը կողքիս մեռան։ Կտրեցին, մի տարի յետոյ պրոտէզ դրեցին:
Լցակայանի աշխատողը ձեռքով նշան արեց, որ մեքենան լիցքաւորուած է:
— Թող քեզ օգնեմ, — տաքսիստին թեւանցուկ անելով՝ ասաց Յարութիւնը: — Տուր, ես փողը տանեմ, վճարեմ, էդքան չքայլես:
— Արդէն տուել եմ, հանգիստ եղիր:
* * *
Ամուսինները դռների փակուելուց էլ չարթնացան, բայց Վլադիկի խռոցը չկար: Շուրջ մէկ ժամ անց Մեսրոպը շշուկով ասաց.
— Ամբողջ ճանապարհի ամենաբարձր ու ամենացուրտ կէտում ենք: Էստեղ միշտ ճնշումս մի քիչ բարձրանում ա:
— Ամուսնացա՞ծ ես, — քրթմնջաց Յարութիւնը:
— Հա, ընկերուհուս չկարողացայ հրաժարեցնել, հիմա կինս ա, երկու տարեկան աղջիկ ունենք:
— Առաջ բոլորը տղայ էին ուզում ունենալ, հիմա՝ աղջիկ:
— Հա, ո՞ր: Էդ ինչի՞, — հարցրեց Մեսրոպը:
— Պատերազմների երկրում տղէն ծնուած օրուանից առանձին ցաւ ա:
— Բայց որ տղերք չլինեն, կը մտնեն մեր տների մէջ աղջիկներին էլ կը սպանեն, — չհամաձայնեց տաքսիստը ու քիչ անց հարցրեց.
— Ուսուցի՞չ ես:
— Հա, ի՞նչ իմացար: Քիմիա, կենսաբանութիւն եմ տալիս, համ էլ դպրոցի տնօրէն եմ, — պատասխանեց Յարութիւնը:
Յետոյ յուշերը դարսդարսելուց յետոյ աւելացրեց.
— Վիրաբոյժ էի, մի ջահել կնոջ լեղապարկը հեռացնելիս լեարդը վնասել էի: Մինչեւ հասկացանք ինչն ինչոց է՝ մահացաւ: Արգելեցին բժիշկ աշխատել, երկու տարի էլ պայմանական տուեցին:
Մեսրոպը ոչինչ չպատասխանեց: Գորիսին էին մօտենում, որ Յարութիւնն ասաց, թէ ջուր թափելու անյաղթահարելի ցանկութիւն ունի:
— Աւելի շատ ծխելու համար ես ասում, չէ՞, — հարցրեց Մեսրոպը ու կանգ առաւ աղբիւրի մօտ, որը թէեւ մթութեան մէջ չէր երեւում, բայց ջրի ձայնը լսւում էր: Յարութիւնն արագ-արագ իջաւ, գրեթէ վազելով անցավ մայրուղու հակառակ կողմը, թաքնուեց ծառի թիկունքին: Քիչ անց ջրի ձայնի ուղղութեամբ գնաց, գտաւ աղբիւրը ձեռքերը մտցրեց ջրի տակ, մի լաւ տրորեց, ու թէեւ ցուրտ էր, բայց դէմքն ու գլուխն էլ ցօղեց դաշոյնի շեղբի կտրող սառնութեամբ ջրով, մի երկու կում խմեց, ափերը չորացրեց տաբատի վրայ քսելով եւ ծխախոտը բերանը խցկեց: Երբ վերադարձավ ու փակեց դուռը՝ Թագուհին արթնացաւ:
— Որտե՞ղ ենք, — հարցրեց, — թու էս ի՞նչ ծխի հոտ ա գալիս:
— Գորիս ենք հասնում, — պատասխանեց Մեսրոպը:
— Պահօ, ուրեմն մի երեք ժամ քնել ենք: Վլադ վեր կաց, վիզդ կը ծռուի կողք գցած:
Ամուսինը չպատասխանեց:
— Քեզ հետ եմ այ մարդ, — ցնցեց ամուսնու ուսը, բայց արձագանք չեղաւ:
Նա աւելի ուժգին հրեց ամուսնուն: Վլադը ընկաւ նստարանին, եւ գլուխը դիպաւ մեքենայի կողապակուն:
— Չէ, չէ — ճչաց կինը, — օգնէք, փրկէք, մի բան արէք:
Յարութիւնը դուրս թռաւ, բացեց մեքենայի յետնադուռը, ուղղեց Վլադի մարմինն ու մատները զարկերակին պահելուց յետոյ ասաց.
— Ուշ ա, մահացել ա:
Յետոյ աչքն ընկաւ մեռածի ոտքերի տակ պէծպցացող լոյսին: Նա վերցրեց հեռախօսն ու տեսաւ եօթանասունմէկ զոհուածների նոր ցանկը:
— Տո՛ւր այստեղ, տուր տեսնեմ, — ճչաց Թագուհին:
Նա մի քանի վայրկեան աչքի անցկացրեց, յետոյ նորից ճչաց, բռունցքով խփեց ամուսնու ուսին ու հեկեկաց.
— Բա ասում էիր՝ չես կարողանում նայել ցուցակները: Ինչի՞ արեցիր, ինչի՞: Յետ բեր որդուս, դու ես մեղաւոր, ինչի՞ նայեցիր առանց ինձ, ինչի՞…
Տղամարդիկ, մէկն անշունչ, միւսները դեռ կենդանի՝ սպասեցին, մինչ միակ կինը հեկեկաց, բողոքեց, սնկրտաց ու լռեց.
— Հիմա, ի՞նչ անենք, — հարցրեց Յարութիւնը:
— Երեւի տանենք Գորիսի հիւանդանոցի մորգ, — ասաց Մեսրոպը:
— Չէ, ոչ մի Գորիս, նրան մեզ հետ տուն ենք տանում, — վճռական յայտարարեց մէկ րոպէում որդուն ու ամուսնուն կորցրած կինը:
— Ախր, — ուզում էր առարկել վարորդը, բայց Թագուհին անառարկելի տոնով ընդհատեց նրան:
— Ոչ մի ախր, ես նրան տուն եմ տանելու: Հայր ու որդի իրար կողք պիտի ննջեն:
— Չես համոզի, — վարորդին ասաց ուսուցիչը:
— Գիտեմ, — հնազանդուեց Մեսրոպը:
— Արի նստիր առջեւում, իմ տեղը: Ես կը պահեմ նրան:
— Չէ, ուղղակի թեքէք, գլուխը դրեք գոգիս, — ասաց Թագուհին ու էլի հեծկլտաց:
— Ի՞նչ անենք, էստեղ սպասենք՝ լուսը բացուի՞, թէ՞ ռիսկ անենք գիշերով, — հարցրեց Մեսրոպը:
— Դուք որոշեք, ինձ համար մէկ ա, ես էլ կորցնելու բան չունեմ, — արցունքների միջից ասաց Թագուհին:
— Էդ վերջին ցուցակն ինձ համար կը նայե՞ս, — վարորդին թախանձեց Յարութիւնը:
— Հա, ինչի՞ չէ, — չմերժեց Մեսրոպը, բայց զգացուեց, որ սրտով չէ յանձնարարութիւնը:
Նա ցանկացաւ իր հեռախօսը միացնել, բայց Յարութիւնը մեկնեց սեփականը.
— Մինչեւ հիմա խէրով ա եղել, համ էլ նախ պիտի աղօթեմ:
Նա մի քանի նախադասութիւն քրթմնջաց, որից ոչ մի բառ չհասկացուեց, յետոյ ասաց.
— Ես կը գնամ ծխելու, երբ գամ՝ ոչ մի բառ չասէք, ինքս ամեն ինչ գլխի կ՚ընկնեմ:
— Դաւիթ Յարութիւնի, մի րոպէ, մի րոպէ, Արշակեան, չէ՞, — հարցրեց Մեսրոպը:
— Հա, Արշակեան, բայց Դաւիթ չէ, Տիգրան, — պատասխանեց ուսուցիչն ու իջաւ մեքենայից:
Մեսրոպը կարդալու ընթացքում հարցրեց Թագուհուն.
— Առուշանեան Արմէն Վլադիկի՞:
Պատասխանի փոխարէն Թագուհին նորից հեկեկաց:
Յարութիւնը մի փոքր հեռւում մէկը ծխել, երկրորդն էր ուզում վառել, երբ լսեց Մեսրոպի ձայնը.
— Չկայ, պարոն Արշակեան, հանգիստ արի: Տիգրան կայ, բայց Արշակեան չի, ոչ էլ՝ Յարութիւնի:
Յարութիւնը վազքով եկաւ, նստեց մեքենան, գրկեց Մեսրոպի գլուխն ու համբուրեց այտը.
— Ապրես, շնորհակալ եմ:
— Կ՚ուզե՞ս մի բաժակ խմես, մի քիչ թուլանաս, — լացի միջից հարցրեց Թագուհին:
— Վատ չէր լինի:
Նա կնոջ առաջարկով կրկին իջաւ մեքենայից եւ յետեւի դուռը բացեց, վերցրեց նրա պայուսակն ու իր տեղը վերադարձաւ: Յետոյ հանեց օղու շիշը, բաժակներ ու հարցրեց.
— Ձեզ էլ տա՞մ:
— Հա, կը խմեմ, — ասաց Թագուհին:
Յարութիւնը լցրեց, թեքուեց եւ ուսի վրայից բաժակը մեկնեց կնոջը: Յետոյ էլի անհասկանալի մի քանի բառ քրթմնջաց ու խմեց իր բաժինը:
— Աստծուն հաւատո՞ւմ ես, պարոն Յարութիւն, — անսպասելի հարցրեց Մեսրոպը:
Մի քանի վայրկեան մտածելուց յետոյ նա պատասխանեց.
— Չգիտեմ: Մինչեւ էս պատերազմը չեմ հաւատացել: Պատերազմի ընթացքում մտածում էի, գուցէ իրօ՞ք կայ Աստուած: Ինչո՞ւ նրան չխնդրեմ տղայիս համար: Ուրիշ ի՞նչով կարող էի օգնել: Տիկին Թագուհի, մէկն էլ կարելի՞ ա:
— Ինձ էլ երկրորդը լցրէք, — հառաչելով ասաց կինը ու մեկնեց դատարկ բաժակը, — բայց Աստծուն միշտ ա պէտք հաւատալ, պատերազմ լինի, թէ չլինի…:
Յարութիւնը կրկին ուզեց կիսաձայն ասած բառից յետոյ խմել, բայց Թագուհին ընդհատեց նրան.
— Սպասէք: Էդպէս չեն խմում, հօ ռուս չէ՞ք: Էկէք Աստծուն քո որդու ու իմ աւագի համար խնդրենք, որ անփորձանք պահի, որ…
Նրա կոկորդը բռնուեց եւ չկարողացաւ շարունակել:
— Որ գոնէ մի քսան-երեսուն տարի խաղաղութիւն լինի, որ գոնէ մի սերունդ պատերազմ չտեսնի, — աւարտեց Յարութիւնը:
* * *
Երբ արդէն մութի հետ ամենօրեայ պայքարում լոյսը վաղուց հաստատել էր իր իրաւունքը, Մեսրոպի մեքենան մօտեցաւ ռուս խաղաղապահների անցակէտին: Մի քանի մետր այն կողմ թշնամու զրահամեքենան էր կանգնած, ու զինուորները: Ռուսները նախ անձնագրերը ստուգեցին, յետոյ մեքենան տնտղեցին:
— Հարբա՞ծ է, թե՝ ուղղակի քնել է, — հարցրեց ուղեկալի աւագը` տեսնելով կնոջ գոգին գլուխը դրած Վլադիկին:
— Մեռած է, — ասաց տաքսիստը ռուսերէն:
— Չհասկացայ, բոլորն էստեղից դիակ են տանում, դուք բերու՞մ էք:
— Տուն էր վերադառնում, բայց սիրտը չդիմացաւ, — ասաց Յարութիւնը:
— Հա, ուրեմն ուրախութիւնից սիրտը պայթել է, — ասաց խաղաղապահ հրամանատարը, ինքն էլ զարկերակը ստուգեց ու աւելացրեց, — դէ լաւ, անցէք:
— Ուրախութունից, ի հարկէ, ձեզ ի՞նչ կայ, — ասաց Թագուհին, երբ արդէն տասը րոպէ էր անցել:
Էլի տասը րոպէ անց, երբ արդէն Շուշիի խաչմերուկին էին մօտենալու, ճանապարհի ձախ կողմում տասը-տասնհինգ զինուորի մարմիներ տեսան: Մեսրոպն աշխատում էր չնայել այդ կողմ, բայց Յարութիւնը խնդրեց.
— Կանգնիր, ես պիտի նրանց մէջ փնտռեմ:
Տաքսիստն ու Թագուհին նայում էին, թէ ինչպէս է նա քիթը բռնած զգուշօրէն շուռումուռ տալիս դիակները: Երբ վերադարձաւ ու նորից մեքենայ նստեց, իր հետ դիահոտ բերեց: Կէս կիլոմետր էլ չէին անցել, որ արդէն ճանապարհի երկու կողմում տեսան ընկածների: Մեսրոպը հարցական նայեց կողքին նստած Յարութիւնին ու վերջինս ասաց.
— Ինձ թող այստեղ, դուք ճանապարհը շարունակէք:
— Էդպէս ո՞նց կը լինի, — զարմացաւ վարորդը, — ով ասես կարող ա հիմա դուրս գայ անտառից ու կամ քեզ էլ փռի էս ջահելների կողքին, կամ գերի տանի:
— Կապ չունի: Ես պիտի գտնեմ տղայիս: Ստուգելով ընդառաջ կը գամ, մինչեւ նրանց տեղ հասցնես ու հետ գաս:
— Ոտքս թմրել ա, ցաւում ա, գնալով գլուխը ծանրացաւ, էլ դիմանալու չի, — ասաց Թագուհին:
— Արի, նստիր առջեւում, — առաջարկեց Յարութիւնը, — ես նրան կը պառկեցնեմ:
Նա այնքան նայեց հեռացող մեքենայի յետեւից, մինչեւ որ անհետացաւ ոլորանի յետեւում:
Յետոյ հրետակոծութիւնից շուռ եկած մի ծառի փչակին նստեց, ծխեց ու դէմքին խաչ հանելուց յետոյ դանդաղ մօտեցաւ դիակներին: Նրանց մի մասն անճանաչելի էին: Աչքաչափով միայն բարձրահասակներին էր տնտղում, փորձում ծանօթ բան գտնել: Տիգրանը երկու մետրից մի քիչ պակաս բոյ ունէր:
Յետոյ քայլեց առաջ, մինչեւ զոհերի նոր խմբի հասաւ: Ամեն անգամ գործն սկսելուց առաջ ծխում էր, դէմքին խաչ հանում: Էլի տաս հոգանոց խմբից մէկի դիմագծերը ծանօթ թուացին: Փոքր ինչ մտածելուց յետոյ յիշեց իրենց դպրոցի շրջանաւարտին: Անունը կամ ազգանունը ոչ մի կերպ չկարողացաւ տեղը բերել:
Նրանցից հեռանալով՝ գրեթէ երկու կիլոմետր քայլեց, մինչեւ նոր խմբի հանդիպեց:
Նրանց մէջ էլ չգտաւ իր որդուն: Յոգնել էր, աչքը Մեսրոպի մեքենայի ճամբին էր, բայց օրն արդէն մթնում էր, իսկ նա չկար ու չկար:
Զիուորական Ուրալ բեռնատար կանգնեց, մի սպայ եւ չորս զինուոր իջան, սկսեցին դիակները թափք բարձրացնել: Սպան մօտեցաւ, հանեց հակագազն ու հարցրեց.
— Ի՞նչ ես անում էստեղ, սրանց գրպաննե՞րն ես մտնում:
— Տղայիս եմ փնտռում: :
— Դու հայ չե՞ս: Չե՞ս տեսնում, որ սրանք թուրք են, հաւաքում ենք տանենք մեր զոհերի հետ փոխանակենք:
Յարութիւնը նոր միայն նկատեց ընկածների համազգեստի կիսալուսնի նշանը:
— Համ էլ ժանտախտը քեզ կը տանի, էդպիսի բան չեն անում:
— Մի քիչ վերեւ մերոնք էին, ճամբի երկու կողմում էլ կան: Մէկին ճանաչեցի:
Սպան ձեռքը թափ տուեց ու հակագազը դէմքին քաշելով՝ գնաց դէպի բեռնատարը: Յարութիւնը մի բան յիշելով՝ վազեց նրա յետեւից ու հարցրեց.
— Մեքենայի մէջ շա՞տ են, կարո՞ղ եմ բարձրանալ, նրանց մէջ էլ նայել:
— Մեքենայի մէջ միայն թուրքեր են, — առանց հակագազը հանելու ասաց թափքի վրայից զինուորներից մէկը, — մեր տղերքին ուրիշ մեքենայով են տանում:
Յարութիւնը գլխիկոր քայլեց առաջ, իսկ մեքենան գնաց հակառակ ուղղութեամբ:
Քիչ անց լրիւ մութ էր: Հատուկենտ մեքենաներ էին անցնում, ամեն անգամ յոյսի նշոյլ ծնելով, թէ իր ճանապարհի ընկերը կը լինի: Սպասում էր ու չգիտէր՝ ինչ էր անելու, եթէ իսկապէս նա գար: Ձեռնունայն հե՞տ էր վերադառնալու, թէ շարունակելու էր այլ տեղ որոնել լոյսը բացուելուց յետոյ:
Էլի ծխում էր առանց անելիքն իմանալու, երբ թիկունքից թեւաբախում լսեց, շրջապատը լուսաւորուեց ու կողքին յայտնուեց ճիփ-ճերմակ հրեշտակը: Նա աջ թեւով գրկեց Յարութիւնի մէջքն ու ասաց.
— Արի՛ ինձ հետ:
Յարութիւնը հնազանդուեց, բայց զգում էր, որ քայլում է ոչ սեփական կամքով, ոտքերն ասես գետնին չէին դիպչում, ոչ շուռ եկած ծառերը, ոչ մացառները նրան չէին խանգարում, սահում էր նրանց միջով: Յետոյ հրեշտակը թողեց նրան, թեւերը թափ տալով առանց բառ ասելու ճախրեց հեռացաւ ծառերի գագաթների վրայով: Շուրջը կատարեալ խաւար տիրեց: Չէր հասցրել հասկանալ ոչ կատարուածի իմաստը, ու ոչ էլ անելիքը, երբ մարդկային տնքոցներ լսեց: Վառեց հեռախօսի լոյսն ու գնաց ձայնի ուղղութեամբ: Տեսաւ ծառի տակ, թմբի վրայ պառկած զինուորին: Մօտեցաւ, լուսաւորեց նրան: Ամուր գրկել, կրծքին էր սեղմել ինչ-որ մէկի թեւը, արմունկից մինչեւ մատները եւ ցաւից տնքում էր: Յարութիւնը նախ փորձեց վերցնել այն նրա գրկից, բայց զինուորը յանկարծակի գոռաց.
— Թողէք, չտանէք ընկերոջս:
— Դու վիրաւո՞ր ես, էս ո՞ւմ թեւն ես գրկել: Ես քեզ ուզում եմ օգնեմ, կը հանեմ ճանապարհ ու հիւանդանոց կը հասցնեմ:
— Ոչ մի տեղ չեմ գայ, — գոռաց զինուորը, — առանց ընկերոջս չեմ գայ:
— Ու՞ր է ընկերդ, ասա, նրան էլ կ՚օգնեմ, — նա հեռախօսի լապտերի լոյսը պտտեց շուրջը:
Նորից փորձեց ուրիշի դաստակը վերցնել զինվորի ձեռքերից, բայց նա կրկին ճչաց.
— Թո՛ղ, չտանես ընկերոջս:
— Լաւ, լաւ, երկուսիդ էլ կը տանեմ, — ամեն ինչ հասկացաւ Յարութիւնը, տանջելով ու տանջուելով գիրկն առաւ զինուորին ու դժուարութեամբ քայլեց դէպի ճանապարհը: Ցուրտ էր, բայց քրտինքը գլխից ու մէջքից հոսում էր դէպի ոտքերը: Հեւում էր, հազում: Յետոյ կանգնեց, առանց գրկից իջեցնելու մի քիչ հանգստացաւ ու շնչասպառ հասաւ ճանապարհին: Նստեց ասֆալտին, զինուորի գլուխը ծնկին, իսկ ընկերոջ դաստակը՝ նրա գրկում: Քիչ անց սկեց կանչել.
— Հէյ, օգնեցէք, ինձ լսո՞ւմ էք, օգնէք, վիրաւոր կայ էստեղ:
Ի պատասխան միայն զինուորի տնքոցը լսեց:
— Ո՞ր տեղդ ա ցաւում, ո՞ր մասից ես վիրաւոր, — հարցրեց:
Զինուորը մի ձեռքը թողեց ընկերոջ դաստակից ու ցոյց տուեց պարանոցը: Հեռախօսի լապտերը գցելով տղայի պարանոցին, տեսաւ չորացած արիւնը:
— Լաւ ես պրծել, — ասաց, — արնահոսութիւն չկայ:
Յետոյ նորից երկինքը լուսաւորուեց: Նա էլի տեսաւ ճախրող հրեշտակին: Հէնց այդ ժամանակ մեքենայի լոյս էլ երեւաց. մօտեցաւ ու կանգնեց: Ձախ ոտքը կտկտացնելով մեքենայից իջաւ Մեսրոպն ու ասաց.
— Կը ներես, շատ ուշացայ, յոյս չունէի, որ կը գտնեմ քեզ: Տիգրա՞նդ է, ուրեմն վերջը գտա՞ր:
— Չէ, ինքը չի, վիրաւոր է: Կարո՞ղ ես օգնել՝ մեքենայի մէջ տեղաւորենք:
Մեսրոպը բռնեց նրա ոտքերից ու նոր միայն տեսաւ գրկի արիւնոտ դաստակը:
— Էս ի՞նչ ա, ու՞մ թեւն ա, — հարցրեց:
— Ընկերոջ, — պատասխանեց Յարութիւնը, — չփորձես վերցնել, չի տայ:
Նրան պառկեցրին մեքենայի մէջ, թէ չէ, տնքոցը կտրեց:
— Մեռա՞ւ, — հարցրեց տաքսիստը:
— Չէ, քնեց, — պատասխանեց ուսուցիչը:
— Ո՞ր կողմ քշեմ, — հարցրեց Մեսրոպը:
— Պարզ չի՞, — ասաց Յարութիւնը, — որ կողմում որ մօտիկ հիւանդանոց կայ՝ Ստեփանակերտ:
— Չէ, իմաստ չունի, էնտեղ աւելի ծանրերն են, բժիշկները չեն հասցնում, ես նրանց էի էսքան ժամանակ օգնում:
— Լաւ, ուրեմն Գորիս կը հասցնենք, արնահոսութեան վտանգ չկայ:
* * *
Երկար չէին գնացել, որ մութը կտրուկ ցրուեց ու գիշերն ասես յանկարծակի տեղը ցերեկուայ արեւոտ լոյսին զիջեց:
Ճանապարհի երկու կողմում հրեշտակներ էին խմբուած զոհուած զինուորների մարմինների մօտ: Յարութիւնը տրորեց աչքերն ու հարցրեց.
— Ցնդում եմ երեւի, աչքիս ամենուր հրեշտակներ են երեւում:
— Չէ, չես ցնդում, — վստահ պատասխանեց Մեսրոպը: — Իրօք հրեշտակներ են, եկել են տղերքի հոգիները երկինք ուղեկցելու: Ես նրանց էլի եմ տեսել: Չորս տարի առաջ, ապրիլին:
Յետոյ էլի քանիցս մթնում էր ճանապարհն ու լուսանում, երբ խումբ-խումբ նոր հրեշտակներ էին երեւում: Երբ այդ ամենն աւարտուեց, Յարութիւնը մի անգամ էլ փորձեց քնած զինուորի ձեռքերի միջից վերցնել ընկերոջ թեւը, բայց չկարողացաւ. շատ ամուր էր բռնել:
Ռուսները յիշեցին դիակ բերող Մերսեդեսի ուղեւորներին:
— Մէկին բերեցիք, միւսին տանո՞ւմ էք, — հարցրեց նրանցից աւագը:
— Չէ, կենդանի է, պիտի շուտ հոսպիտալ հասցնենք, — ասաց Մեսրոպն ու հարցրեց.
— Հերթափոխ չունէ՞ք, շուրջօրեայ էք ծառայո՞ւմ:
— Մերոնք նոր-նոր են գալիս, բայց մի ժամից կը փոխուենք:
Մեսրոպը նրան մեկնեց մեքենայի մէջ մնացած օղու շիշը:
— Վերցրու, էստեղի թթի արաղ ա, շատ չխմես, լաւն ա, բայց թունդ ա:
Երբ նորից ճամբայ ընկան, Յարութիւնն ասաց,
— Ի զուր տուեցիր նրանց, տղայի վէրքը կը մշակէի: Ճիշտն ասած՝ մի քիչ էլ կը խմէի:
— Չգիտեմ, — պատասխանեց Մեսրոպը, — մէկ-երկու շաբաթից, կամ ամսից պարզ կը լինի, արժէ՞ր նրանց նուէր տալ, թէ՝ չէ:
— Մեր թունդ բաները մեզ պիտի պահէինք։
Յետոյ, երբ Հայաստանի սահման մտան, երկուսի հեռախօսն էլ սկսեց ծնգծգալ հաղորդագրութիւններից: Երկուսին էլ կանայք էին բազմիցս զանգել:
— Իմը մի հարց ունի՝ ու՞ր եմ հասել, — ասաց Մեսրոպը, — առաջինը դու խօսա, իրար չխանգարենք:
— Շնորհակալ եմ, — ասաց Յարութիւնն ու յետ զանգեց: Սակայն կնոջ փոխարէն աղջիկը վերցրեց ու ճչաց.
— Պապ, պապ, Տիգրանին գտել ենք: Ողջ ա, Շենգաւիթ հիւանդանոցում ա արդէն երկու օր, նոր ա ուշքի եկել ու ասել, թէ ով ա: Ձախ թեւը չկայ, բայց կեանքին վտանգ չի սպառնում: Հիմա մամայի հետ Տիգրանի մօտ ենք, հետ արի:
— Գորիսի կողմերն ենք, մի քանի ժամից կը հասնենք, — ասաց, անջատեց հեռախօսն ու մանկան պէս սնկրտաց: Մեսրոպն էլ թաքուն սրբեց աչքերը: Յետոյ, երբ Յարութիւնն արդէն հանգստացել էր, ասաց.
— Մեսրոպ ջան, ի՞նչ ես մտածում, էսքան բանից յետոյ մի օր ոտքի կը կանգնե՞նք:
— Չգիտեմ… ես հաւատում եմ, — պատասխանեց տաքսիստը, — տիկին Թագուհուն չտեսա՞ր:
Քիչ անց Մեսրոպը լսեց կողքին քնած ուղեւորի համաչափ շնչառութիւնը ու սխալմամբ կարծեց, թէ հիմա արդէն երկար կը քնի: Սակայն րոպէներ անց Յարութիւնը դիւահարի պէս վեր թռաւ, միացրեց հեռախօսի լապտերը, ծնկեց նստատեղի վրայ, թեքուեց ու սկսեց զննել զինուորի գրկի դաստակն ու յանկարծակի ճչաց.
— Հնարաւոր չի, ո՞նց հաւատամ։
— Ի՞նչ եղավ, պարոն Յարութիւն:
— Արեւիկ, Արեւիկ ջան: Շան լափ թափեցի գլխին էդ անունը դաջելու համար: Ո՞ւմ պատմես՝ հաւատան, թէ հրեշտակները գիտեն՝ ուր են ուղեկցում։
Երեւան
(Գրանիշ)
*) Ռազվեդկա, ռազվեդչիկ — Հետախոյզ, հետախուզութիւն (ռուսերէն)