Կարդալով Վարդան Դեւրիկեանի՝ վերջերս հրատարակած «Վասպուրականի արծիւը հայ գրականութեան անդաստանում» արժէքաւոր հատորը
Մ. Մ. ԽԱՉԱՏՐԵԱՆ
Ուսուցիչ լինելու գաղտնիքը ամեն օր սովորելն է, որ չկորցնես սովորեցնելու իրաւունքը։ Փա՜ռք Աստծոյ, փնտրողը միշտ գտնում է…
Թորգոմ եպիսկոպոս Գուշակեանի (1874-1939) բնորոշմամբ՝ «խորապէս հոգեւորական եւ ջերմօրէն աւետարանական ոգի» Մկրտիչ Խրիմեանը՝ Խրիմեան Հայրիկը (1820-1907), մեր պատմութեան, ազատագրական պայքարի մշտական ներկան է, սերունդների անխոնջ դաստիարակը եւ ՀԱՅի ոգին կենդանի պահող հոգեւոր ակունքը։
Մեր ընտանիքի համար Խրիմեան Հայրիկը բացառիկ սուրբ է. հայրս ծնուել է ապրիլի 4-ին՝ Խրիմեան Հայրիկից 110 տարի հետո, եւ իմ գիտակցական կեանքի ամենաջերմ յիշողութիւններից է տօնական այդ օրուայ՝ ամեն տարի կրկնուող, բայց միշտ սպասելի ու խորհրդաւոր պահը. հայրս առաջինը խմում էր Խրիմեան Հայրիկի կենացը։ Գիտէինք՝ դրան պիտի յաջորդի լռութիւն. տարիներ անց հասկացայ՝ մեծերը հազիւ էին զսպում յուզմունքը, իսկ մենք լուռ դժգոհում էինք ուրախութիւնն ընդհատելուց։ Շտապում էինք։
Չգիտէինք, որ այդ թանկ անուան յիշատակութիւնը մեծերին տանում է ՄԵԾ ՀԱՅի ապրած դժուարութիւնների, հալածանքի ու կորուստների աշխարհ, որի դռները յետոյ պիտի բացէինք ու զարմանայինք՝ ինչքա՜ն ՍԷՐ ու նուիրում էր պէտք, որ վանեցի Մկրտիչը դառնար հայութեան բոլոր յաջորդ սերունդների Հայրիկը, որքա՜ն պիտի տառապէր հայութեան պատմութեան ամենածանր շրջաններից մէկում (ո՞ր շրջանն է թեթեւ…) ապրող հոգեւորականը, երբ յայտնւում էր խարդաւանքների խաչմերուկներում, անարդարութեան ճիրաններում…
Խրիմեան Հայրիկի համար Աստուածաշունչն իր մշտակայ հերոսներով, անցուդարձով, համամարդկային ՍԻՐոյ յորդորներով անցեալ չէր, այլ թրթռուն, կենսունակ ներկայ, որի միջոցով կարելի է հասկանալ կատարուածը եւ ծրագրել անելիքը։ Այս ՀԱՅն ապրում էր «գոռ դիւցազուններու եւ հեզ առաքեալներու» աշխարհում, ինքնակրթութեամբ ամբարել էր ծով գիտելիքներ, կեանքի փորձով հարստացած իմաստնութիւն ու գտել էր գոյութեան բուն արմատը՝ Հողի, Հայրենի հողի, Բնօրրանի պաշտամունքը. ՀՈՂ, որի անանուն մշակի ձեռքերով արարւում է ՀԱՑ, ԲԱՐԻՔ, առանց որոնց պարզապէս չկայ գոյութիւն։
Ապրած 87 տարիներից Խրիմեան Հայրիկը թողեց կրօնաբարոյական, խոհափիլիսոփայական, աստուածաշնչեան ու պատմական Հայաստանի հոգեւոր կենտրոններով ճանապարհորդական ուղեգրութիւն-ինքնուսոյցների, չափածոյ բազմաժանր ստեղծագործութիւնների, յօդուածների հազարաւոր ծանօթ ու անծանօթ, բայց միշտ արժէքաւոր էջեր, «երգելով գրեց», «հոգեգրեց» Սրբասուրբ Յիշատակների պատմութիւնը, արժեւորեց անցեալի յիշատակները, նորովի բացայայտեց աստուածաշնչեան ճշմարտութիւնները՝ յանուն նրա, որ ՀԱՅը չյայտնուի «դարանամուտ խորամանկի» ու նրա մշտարթուն գործակիցների դաշտում, չմոռանայ հայրերի աւանդները։
«Նժդեհ վարդապետ Հայաստանցի» ստորագրող Խրիմեան Հայրիկը ինձ՝ այս անօրինակ խառն ու խառնակ օրերում գոյատեւող (ապրելու համար գոնէ պիտի խաղաղ Հայրենիք ունենաս…) հայիս, համոզուած եմ՝ բոլոր հայերին ասում է.
ա) «Սուտ եւ կեղծաւոր քաղաքավարութիւն մեր ընկերական կեանք ի սպառ խանգարեր է»… Որովհետեւ սուտ ենք խօսում բոլորս՝ դպրոցում ծոյլ աշակերտին թուանշան «նուիրող» դասատուն (ՈՒՍՈՒՑԻՉԸ Խրիմեան Հայրիկն ու Վազգէն Առաջինն են), անծանօթ «ուսանողին» անցողիկ միաւոր նշանակողը, «տուն է պահում» չքմեղանքով բոլոր յանցանքները «մեղմացնող» իրաւապահը, տարրական գրաճանաչութեան մակարդակ ունեցողին գիտական աստիճան «շնորհողը», բոլորիցս «հատիկ-հատիկ» գողացող իշխանաւորը, զինուորի հացն «ուտողը»… ու այսպէս շարունակ։ Դժբախտաբար այս պատկերը մեզանից անբաժան է արդէն քանի՜ դար (հազարամեակ չասելու համար)։ Ամենահետաքրքիրն ու զարմանալին այն է, որ լուռ համակերպուել ենք առանձնայատուկներին՝ անձնաւորութիւններին, հօտային բնազդով հալածելու, խեղճացնելու, դրա փոխարէն անարժաններին «մեծարելու» ստայօդ պատրանքին՝ այն հաստատ համոզմունքով, թէ «ծառայում ենք» Երկրին, Հողին, Հայ ժողովրդին, Մշակոյթին…
բ) Հին ուխտը մարդուն տուեց օրէնք եւ պատիժ, Նոր ուխտը երկու հազար ու աւելի տարիներ քարոզում է ՍԷՐ եւ ներում։ Գաղտնիքն այն է, որ ցեղից ժողովուրդ դարձող, ազատութեան եւ անկախութեան ճամբան ընտրող հանրութիւնների կեանքում սրանք պիտի անբաժան լինեն, այլապէս չի լինի խաղաղ կեանքի հեռանկար, աւելին՝ իրար կը յաջորդեն պատեհապաշտ իշխանաւորներ, որոնց ճակատին պատմութեան անկաշառ վճիռը կը խարանի Պիղատոսի՝ «ջատագով մարդահաճ» պիտակը, որ դաւաճանութեան ամենածանր դրսեւորումն է, բայց դա կը լինի ուշացումով՝ ՀՈՂ, ԵՐԿԻՐ կորցնելուց յետոյ։
Համաստեղը (Համբարձում Կելենեան, 1895-1966) «Այծետոմար» երգիծական պոէմում, որ գրել է 1939-ին, «Սասնայ Ծռեր»ի հազարամեակի տօնակատարութեան առիթով, արդէն նկարագրել է հայութեան ճակատագրական սխալների՝ աւարառու թուրքին արարող ՀԱՅի հետ նոյնացնելու, համատիեզերական ՍԻՐոյ թագաւորութեան իրականութիւն դարձած լինելուն հաւատալու պատրանքի կործանարար հետեւանքները…
գ) Մատթէոսի Աւետարանից յայտնի «Երանի՜»-ների համատեքստում Խրիմեան Հայրիկը խուսափում է «Սիրի՛ր թշնամուդ» պատգամը մեկնելու անհրաժեշտութիւնից։ Համաստեղի, Արամ Հայկազի (Չեքեմեան, 1900-1986) ու միւսների գրական դաշտով անցած հայիս լաւ հասկանալի է այս իմաստուն դիրքորոշումը. ո՞ր ՀԱՅը, ում երակներում չկայ արեան խառնակում, կարող է թուրքին… սիրել, եթէ ինքը գենետիկօրէն… թուրք չէ։
Թող թշնամուն «սիրի» հայութեան այն սերունդը, որը իրագործուած կը տեսնի նախնիներիս ու իմ ԵՐԱԶԱՆՔը, ով ՅԱՂԹՈՂի իրաւունքով կը տնօրինի իր ու ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐԻս ճակատագիրը, մուրացիկի՝ ողորմութիւն հայցող աչքերով փրկութիւն չի փնտրի իբր թէ «քաղաքակրթուած» աշխարհում, որն այդպէս էլ չսովորեց զոհին դահիճից տարբերակել ու դեռ շարունակում է հաճոյանալ արիւնարբու թուրքին՝ հետամուտ լինելով միայն սեփական շահին։
Այս բոլոր մտածումներս կապուած են Վարդան Դեւրիկեանի՝ վերջերս հրատարակած «Վասպուրականի արծիւը հայ գրականութեան անդաստանում» արժէքաւոր գրքի ընթերցման ու վերընթերցման հետ, երբ ինձ ոչ թէ յուզող, այլ խաղաղ ապրելու իրաւունքից պարզապէս զրկող անպատասխան հարցերի պատասխանները փնտրեցի ու գտայ Խրիմեան Հայրիկ պատուանունով յաւերժացած ՀԱՅի թողած ժառանգութեան մէջ։Փա՜ռք Աստծոյ, փնտրեցի ու գտայ, ինչպէս ուսուցանում է ամենաիմաստուն ԳԻՐՔը։
Չթաքցնեմ, հոգուս խորքում նախանձում եմ (էլ ի՞նչ հայ, եթէ չնախանձի) նրանց, ովքեր առաջին անգամ են յայտնուելու Մկրտիչ Խրիմեանի հոգեւոր դաշտում, վայելելու են նրա խօսքը, հարստանալու են նրա հոգեւոր լիցքերով…
Բարի՜ վայելում…
Երեւան