ԵՏԱԴԱՐՁ

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ (1940-2022)

 

Որքան էլ դաժան խնդիրներ դնի
Կեանքը անողոք,
Ես չեմ ցանկանում, որ Քեզ հետ,
Տէ՛ր իմ,
Իմ այս զրոյցը համարես բողոք. —

Իմ հարցումներից ոչ մէկին ոչ մի
Պատասխան չեղաւ,
Իսկ ագահ մարդու խելամտութեան
Իմ յոյսը, աւա՜ղ, քշուեց հեղեղաւ. —

Ո՛չ այն հեղեղով, որ Դու ես անում
Հիմա ամենուր — հիւսիս ու հարաւ,
Այլ անմիտ մարդու անօրէնութեան
Հեղեղը տարաւ. —

Եւ ես ասում եմ՝ Աստուած ի՞նչ անի,
Աստուած ի՞նչ անի,
Ինչ պիտի անէր՝ արել է Աստուած,
Մնում է, որ իր խոստումին պատշաճ
Ահեղ Դատաստանն իր անխիղճ անի,
Ու մէկ էլ՝ իր նոր արարումների
Երրորդ շրջանին
Մարդու մթագնած, մոլագար միտքը
Մի քիչ խոնարհ ու մի քիչ ջինջ անի։

* * *

Իմ ձեռքերի ուժով
Եւ իմ գլխից վերեւ
Ես պահում եմ մի հին մագաղաթէ երկինք,
Եւ երկնքի կրծքից յանդգնութեամբ կախուած
Մագաղաթէ մի վանք. —
Մագաղաթէ ժայռեր`
Ծալ-ծալ իջած հոգուս խորանների վրայ:
Իմ աչքերի մէջ խշրտում է
Մի սիրտ մագաղաթէ:

* * *

Կայ աշխարհում բարձրիկ մի Հայաստան աշխարհ,
Որն իր լաջուարդ, լազուր լեռներն ունի,
Եւ իր դաշտերն ունի — ասես նշխար:
Երկիրն այս հին է,
Նաեւ լեռնապատ,
Առասպելապատ,
Առասպելներ, որ իրար պահող են
Կամ իրարամերժ:
Կայ աշխարհում բարձրիկ մի Հայաստան աշխարհ:
Եւ կը լինի յաւերժ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *