ՉԸՆԴՀԱՏՈՒՈՂ ԹՌԻՉՔ, ԱՆՀԱՇՈՒԵԼԻ ՕՐԵՐ…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Պատերազմ կայ, որ աշնանը գալիս է՝ տերեւաթափի փոխարէն կեանքաթափ անելով երկիրը: Այս աշունը այդպիսին էր: Լուռ, անխոստում:
Պատուհանի մօտ մնացած երազանքներ, հողի հետ խառնուած արիւն ու գրքերի թաց էջեր: Աչքերի անհաշուելի բազմութիւնից գլորւում են յոյսի կաթիլները: Արցախն ապրել է ուզում: Անընկճելի որդիներն իրենց ձեռքերով են պահում մի բուռ Արցախը: Այդ բռի մէջ կեանք կայ: Աննուաճ ոգի ու յաղթանակի սպասող թռչունների թռիչքում անվեհերութիւն է։ Հիմա ամեն ինչ փոխուել է: Ժամանակի անտարբերութիւնն է փոխել եղանակների դասաւորութիւնը կամ էլ մինչեւ հիմա ոչ մէկս չենք հասկացել տարուայ եղանակների լեզուն:
Անձրեւ էր…

Մամռոտ քարին թողած երազանքները, Մենուան աչքերով հետեւում էր թռչունների անցուդարձին: Նրա աչքերում կեանքն էր հոսում ու նոյն հունով սէր էր ցոլում այս ու այն կողմ:
Եղանակը չփոխուեց:
Իր գորշ գոյները ամպերին մօտեցրեց ու սկսեց ամեն ինչ: Մէկ օր առաջ ամեն ինչ այլ էր, բոլորի դէմքին ժպիտ կար, ուրախ-ուրախ մայրաքաղաքի օրն էինք նշում: Գիշերն ինչ-որ թաքուն բան էր պահում իր մէջ, որը շատ չկարողացաւ թաքուն պահել: Վերջապէս եկաւ Մենուայի առաւօտը, որը շատ էր սիրում ու ամբողջովին նուիրւում նրան: Խլացնող լռութեանը փոխարինեցին թնդանօթները: Ինչ ասես մտածում էինք, ոչինչ չէինք բացառում: Մենուան շատ կտրուկ ձեռքի շարժումով վերցրեց հեռախօսն ու ընկերոջը զանգեց: Զանգն ընդհատուեց:
— Տեսնես էս ինչի համար է կտրւում ձայնը, — անհանգիստ տեղից վեր կացաւ ու երեսը ջրով շփեց:
Մեր տան մօտ մի թոնիր ունենք, որ ամեն անցորդի ողջունում է: Նա շտապեց դուրս՝ հետաքրքրուելու, թէ ինչ է կատարւում, ինչ ձայներ են: Պապիկներն էլ էին իրենց տներից դուրս եկել: Բոլորն անհանգիստ էին: Ես մի կերպ դեռ աչքերս էի բացում, երբ լսեցի, որ պատերազմ է, թշնամին հարձակուել է: Անակնկալի եկայ, աչքիս առաջ յայտնուեցին այն տղաները, որոնց մի քանի օր առաջ էի հանդիպել դիրքերում, զրուցել ու խմել էինք իրենց պատրաստած անմահական սուրճը:
Ամեն ինչ սկսուեց։

Երկինքն իր տեղում էր։
Պլանաւորած շատ բան ունէինք, բայց պատերազմը անկոչ հիւրի պէս դուռը ծեծեց։ Մենուան նստեց մեքենան։ Մեքենայի յետեւից մայրը ջուր լցրեց։ Սա բարի ճանապարհ մաղթելու աւանդոյթ է։ Նա գնում էր կրակոցների անհաշուելի ձայների ներքոյ, հանգիստ ու արծուային հայեացքը մի տեղ ուղղած` հայրենի երկնքի հետ զրոյցի բռնուած։
— Ես քոնն եմ, Հայրենիք, — նրա շուրթերին յայտնուող այս բառերը կարծես բախում էր առաջացնում վատ մտքերի հետ։
Ամեն ինչ լաւ էր։ Նա հանգիստ ու անհանգիստ զգացողութիւններով առաջ էր գնում։ Ծուխը ծածկել էր նրա տեսադաշտը: Բայց նորից էր առաջ քայլում:
Մի քանի քայլ… Սպասում…
Պատերազմը թեքեց գլուխն ու տեղափոխուեց ուրիշ տեղ: Նա էլ դէպի այդ կողմը շտապեց: Չէր լսում ոչ ոքի, առաջ էր գնում, էլի առաջ: Պատերազմն այստեղ էր: Չէր խօսում ոչ ոքի հետ: Անընդհատ կրակոցների, արկերի պայթիւններ, խլացնող ձայներ:
— Մենուա՜, յետ արի, կրակում են, յետ արի, — գոռաց ընկերը:
— Կռւում ենք, ինչ յետ գալ, կռւում ենք…
— Գալիս են, դրանք գալիս են, նայիր, տես ինչքան շատ են, — ձայնը մի կերպ դուրս հանելով ասում է Մենուայի դիրքի տղաներից մեկը:
— Գալիս են՝ ուրեմն սատկացնելու ենք, ոչ մի նահանջ, մենք հող չենք տայ, — պատասխանը եղաւ կտրուկ: Մարտերը շարունակւում էին… ամեն ինչ ծանր էր:
Վիրաւորներին մի կերպ դուրս են բերում մարտադաշտից: Կրակոցները չեն դադարում, բայց տղաները կռւում էին, չխնայելով անգամ ամենաթանկը՝ իրենց կեանքը: Կեանքը պատերազմի հետ շարունակւում էր: Թշնամին կրկին առաջ էր գալիս: Մեր զօրքը չէր նահանջում, որովհետեւ Մենուան ասել էր՝ ոչ մի նահանջ:
Այսպէս մի քանի ժամ:
Ամեն ինչ թէժանում էր… տղաները կռւում էին:
— Գալի՜ս են, յետ անցի, — աջ մասից մէկը գոռաց։
Մենուան առաջ անցաւ, զէնքի վերջին փամփուշտներով թշնամու հոծ բազմութեան վրայ կրակ բացեց։ Մարմնով դիրքը պահեց։
Կեանքով կեանք տուեց։

Երանի օրը այլ կերպ բացուէր ու ծառերը մի ուրիշ կերպ տերեւաթափ լինէին։
Օրը մեռնում է սպասումից… Դեռ երկինքը կայ։
Թռչում են թռչունները։

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *