ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ
Յովհաննէս Թումանեանի «Թմկաբերդի առումը» պոեմը թերեւս նրա ամենակատարեալ երկն է: Գրուած լինելով Թումանեանի ստեղծագործական կեանքի ամենավճռորոշ եւ, ըստ էութեան, բեկումնային 1902 թուականին, այս պոեմը զարմանալիօրէն ներդաշնակում է երիտասարդ Թումանեանի ստեղծագործական յախուռնութիւնն իր ամբողջ գրաւչութեամբ եւ հետագայ տարիների հասուն Թումանեանի իմաստնութիւնն ու ստեղծագործական թաքնատեսութիւնն ու ենթատեքստայնութիւնն իր ամբողջ խորհրդաւորութեամբ ու առեղծուածայնութեամբ: Այլ խօսքով՝ այն կարծես գրած լինի 54 տարի ապրած Թումանեանը 33 տարեկանում:
Հանրայայտ է, որ Թումանեանի ստեղծագործութիւնը շատ է վերլուծուել: Եւ յատկապէս՝ պոեմները: Մկրտիչ Մկրեանի, Էդուարդ Ջրբաշեանի, Հրանտ Թամրազեանի մենագրութիւններում յատկապէս[1] ընտիր նկատումներ, ընդհանրացումներ, մանրամասնումներ կան, որոնք շատ առումներով այսօր էլ մեկնակէտային են: «Թմկաբերդի առումը» պոեմն էլ շահեկան վերլուծութիւնների տեսանկիւնից բացառութիւն չէ: Էդուարդ Ջրբաշեանը յատկապէս, իր «Թումանեանի պոեմները» մենագրութեան մէջ վերլուծել-քննաբանել է այդ պոեմին առնչուող գրեթէ իւրաքանչիւր մանրուք՝ աշխատանոցային մանրամասներից մինչեւ տաղաչափական ամենատարբեր իւրայատկութիւններ[2]:
Այս առումով՝ «Թմկաբերդի առումը» պոեմին կրկին անդրադառնալը, թերեւս, ունի կրկնաբանութիւնների տաղտուկի մէջ յայտնուելու վտանգ: Ուստի, որքան էլ տարօրինակ լինի, «Թմկաբերդի առումին» նորագոյն անդրադարձները, իմ կարծիքով, պետք է մեկնարկեն այդ պոեմին եւ նրան առնչուող նիւթերին վարկածային վերաբերմունքով ու մեկնաբանութեամբ: Իսկ դրանք քիչ չեն:
Յայտնի է, որ «Թմկաբերդի առումը» պոեմը Թումանեանի թերեւս ամենաժլատ աշխատանոցային մանրամասներ թողած գործն է. շատ քիչ փոփոխութիւնների է ենթարկուել գրուելուց յետոյ, հետագայ հրատարակութիւններում եւս փոփոխութիւններ ու յաւելումները շատ էական չեն, առաւել եւս՝ ի տարբերութիւն, ասենք, «Անուշ» պոեմի, այլ տարբերակ չունի: Գուցէ կայ դրանց չպահպանուած լինելու վարկածը, բայց հակուած ենք մտածելու, որ դրանք պարզապէս չեն էլ եղել: Ստեղծագործական հոգեբանութեան տեսանկիւնից, ընդհանրապէս, մեր տպաւորութեամբ՝ «Թմբկաբերդի առումը» Թումանեանի ամենաինտուիցիոն [ներըմբռնողական, նախազգացումային. ՀԳ] ստեղծագործութիւնն է, այսինքն՝ աւելի շատ գործել է բանաստեղծի հզօր ինտուիցիան [ներըմբռնողութիւնը, կռահումը, նախազգացումը. ՀԳ], քան մտածուած գրողական-ստեղծագործական աշխատանքը[3]: Վերջինի դէպքում տարբեր գործերի օրինակ գիտենք, թէ աշխատանոցային ինչ պատկեր է («Անուշ», «Լոռեցի Սաքոն» պոեմների օրինակը, կարծում ենք, բաւական է):
Ահա, այդ ինտուիցիոն աշխատանքի շուրջ էլ կ՚ուզէինք ծաւալուել եւ խօսքը մասնաւորեցնել աշուղի կերպարի շուրջ:
Աշխատանոցային երկու մանրամասն մեզ համար մեկնակէտային են այս դէպքում.
Պոեմին որպէս ենթավերնագիր տրուած «Աշուղի զրոյցը» բնորոշումը, որը ինտուիցիոն է իր բնոյթով, բայց յետագայում հանուել է՝ ենթարկուելով «Թմկաբերդի առումի» դէպքում հազուադէպ գործող գրողական-ստեղծագործական աշխատանքի թելադրանքին:
Կայ պոեմի սեւագիր մի սկսուածք, որ չափազանց էական արժէք ունի, եւ որը մէջբերում ենք ամբողջութեամբ.
Իր սազը ուսին աշուղն աներկիւղ
Շըրջում է ազատ [ամբողջ] Կովկասում,
Մըտնում է սիրով ամեն շէն ու գիւղ,
Իր նաղլը անում, իր խաղն է ասում։
Բայց հէնց հասնում է լեռնոտ Աճառա,
Հէնց որ տեսնում է այն երկրի ծուխը,
Ծռում է ճամբան այլ տեղի վըրայ.
Ու ետ է փախչում ահա աշուղը.
Բայց հէ՞ր սարերի սիրահար որդին
Չի մօտենում էն լաւ սարերին,
Ղոնախ չի գնում [էն ժողովրդին]
Ու ետ է փախչում խալխի սիրելին.
Ահա ձեզ պատմեմ, թէ ինչու համար
Փախչում է աշուղն էն լաւ սարերէն
Եւ դէպի Աճառն ու իրեն աշխարհ
Անէծք է ղըրկում երգի փոխարէն։
Եւ ինչու զուարթ Աճառն իւր երկրում
Ղոնախ է անում եւ գող եւ չարչի,
Բայց [հալածւում է] աշուղը <…>[4]
Մեկնակէտային է եւս մէկ աշխատանոցային մանրամասն, այս անգամ «Թմկաբերդի առումը» պոեմի գիտական հրատարակութեան ծանօթագրութիւններից, որը վերաբերում է «Էսպէս է ասել հընուց էդ մասին // Ֆարսի բիւլբիւլը, անմահ Ֆիրդուսին» հատուածին. ««Թմկաբերդի առումի» պարսիկ թարգմանիչներ Սայէն ու Նադերփուրը վկայել են, «որ այս տողերի պարսկական բնագիրը գտնելու իրենց եւ մի քանի շահնամէագէտների ջանքերը ապարդիւն են անցել»» (էջ 550):
Հիմա ամփոփենք մեկնակէտերը՝ ամրագրելով հետեւեալը. «Թմկաբերդի առումը» պոեմում, պատկերաւոր ասած, ոչ թէ Թաթուլ իշխանի եւ Նադիր Շահի պայքարն է, այլ Թումանեանի եւ Աշուղի: Ընդ որում՝ պոեմում բանաստեղծն իր ինտուիցիայով որպէս Աշուղ է պատմում, իսկ գրական ստեղծագործական աշխատանքով արդէն փորձում է չեզոքացնել Աշուղին: Կարծում ենք՝ ի վերջոյ, յաղթում է ինտուիցիան, ինչը բնական է, եւ որի մասին դեռ կխօսենք:
Ինտուիցիայի նշաններ են վերը բերուած երկու օրինակները, որոնցից հետագայում Թումանեանն ազատուել է: Աւելին Աշուղից ազատուելու ճանապարհին Թումանեանը դիմել է անգամ այսպէս ասած՝ կեղծիքի, վկայակոչելով Ֆիրդուսու հեղինակութիւնը եւ նրան վերագրելով արտայայտութիւն, որ նա չի արել: Այս փաստը լաւագոյն վկայութիւնն է այն բանի, որ Թումանեանը, հակադրուելով Աշուղին, պատմում է ո՛չ իրականութիւնը կամ իրականութեան ընթացքը մեկնաբանում է ի՛ր ձեւով:
Պոեմի սեւագիր սկսուածքը վկայում է, որ Թմուկ բերդը թշնամուն յանձնել է Աշուղը, եւ պոեմը, ըստ էութեան, եթէ շարունակուէր ու ամբողջովին կառուցուէր ինտուիցիայով, ապա կը լինէր Աշուղի մեղքի եւ զղջման պատմութիւն: Դա է «Թմկաբերդի առումը»:
Բայց յընթացս Թումանեանը պարբերաբար ձգտել ու փորձել է զսպել ինտուիցիոն ընթացքը եւ միջամտութիւններ անել, եւ ստացուել է Թմկայ տիրուհու մեղքի եւ զղջման պատմութիւն: Եւ սա չէ «Թմկաբերդի առումը»:
Ինտուիցիոն տեսանկիւնից չափազանց կարեւոր է տաղաչափական մի մանրամասն, որը պայմանականօրէն կ՚անուանենք Աշուղի յանգ, եւ որը այս առումով պոեմում որոշարկող է եւ մատնող: Այն 8 վանկանի տողերով՝ 4+4 սկզբունքով կառուցուած քառատողեր են: Ընդ որում՝ «Թմկաբերդի առումը» պոեմի 304 տողերից 140-ը կառուցուած են Աշուղի յանգով: Հետաքրքիր է, որ եթէ պոեմից ընթերցենք միայն Աշուղի յանգով գրուած քառատողերը, ապա, ըստ էութեան, սիւժետային առումով կրկին ամբողջական մի ստեղծագործութիւն հետ գործ կ՚ունենանք:
Եւ այսպէս՝ ինտուիցիան «Թմկաբերդի առումը» պոեմում նախ իրադարձութիւնները ներկայացնում է Աշուղի յանգով.
Հէ՛յ, պարոննե՛ր, ականջ արէք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛ւ ուշ դըրէք իմ խաղին (էջ 47)։
Պոեմի նախերգանքը եւ I (առաջին) գլուխը ամբողջապէս կառուցուած են Աշուղի յանգով, որն այդ մասում աւարտւում է հետեւեալ հատուածով.
Ու միշտ ուրախ, յաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սեւաչեայ (էջ 49):
II (երկրորդ) գլխում արդէն զգացւում է Թումանեանի կամ ստեղծագործական աշխատանքի միջամտութիւնը Աշուղի յանգին: Եւ դա միջամտութիւն է ոչ միայն տաղաչափական, այլեւ սիւժետային տեսանկիւնից: Եթէ Աշուղի յանգը կառուցուած է 8 (4+4) վանկանի տողերով, ապա Թումանեանի ստեղծագործական միջամտութիւնները՝ 10 (5+5) վանկանի տողերով: Սա օրինաչափութիւն է, որ եւս մէկ անգամ գալիս է հաստատելու Թումանեան-Աշուղ «բախումը»: Տաղաչափական այս եւ այլ տարբեր հնարքները, որ շատ լաւ վերլուծում է Էդուարդ Ջրբաշեանը «Թումանեանի պոեմները» աշխատութեան մէջ, մեր կարծիքով, նրա նշած գործառոյթները չունեն: Դրանք պարզապէս ինտուիցիայի եւ ստեղծագործական սթափ աշխատանքի բախում են: Այս սկզբունքից միակ, այն էլ յարաբերական բացառութիւնը՝ II (երկրորդ) գլուխն է, որտեղ գովերգւում է Թմկայ տիրուհու գեղեցկութիւնը.
Սիրոյ հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպէս աչքեր թէ ժըպտան,
Մարդու համար
Օրուայ պէս վառ
Գիշերները լոյս կը տան (էջ 49)։
Այս հատուածը յարաբերական բացառութիւն ենք համարում այն առումով, որ այստեղ եւս, ըստ էութեան, Աշուղի յանգն է: Եթէ մի փոքր այլ կերպ դասաւորենք տողերը, ապա կը ստանանք այսպիսի պատկեր՝ կրկին 8 (4+4) վանկանի տողեր.
Սիրոյ հընոց, կրակ ու բոց՝
Էնպէս աչքեր թէ ժըպտան,
Մարդու համար օրուայ պէս վառ
Գիշերները լոյս կը տան:
Թումանեանի համար, բնականաբար, խնդիր չէր այս հատուածը եւս կառուցել 10 (5+5) վանկանի տողերով, սակայն այստեղ նրա ստեղծագործական աշխատանքի ճնշումը ինտուիցիայի վրայ դեռ այդքան ուժեղ չէ: Հետաքրքիր է, որ դեռ 1910 թուականին, գրախօսելով «Թմկաբերդի առումը» պոեմը, Մամբրէ Մատէնճեանն այս հատուածը համարել է «ամբողջովին աւելորդ եւ վնասակար»[5]: Եւ ընդհանրապէս, Մատենճեանը իր յօդուածի տողատակում «աւելորդ» է համարում պոեմի այլ հատուածներ եւս, ընդ որում՝ կրկին հետաքրքիր է, որ դրանք առնչւում են մեր խնդրոյ առարկայ հարցադրումների հետ[6]:
Պոեմի շարունակութեան մէջ էլ Թումանեանը (ստեղծագործական աշխատանքը) պարզապէս չի թողնում, որ Աշուղը (ինտուիցիան) պատմի, անընդհատ խառնւում կամ միջամտում է: Պատմողական ես-ի տեսանկիւնից էլ է դա պարզ: Աշուղը պատմում է այն, ինչ ինքը տեսել է, չի յօրինում, հետեւաբար՝ նրա պատումն առաջին դէմքով է: Օրինակ՝ Աշուղը չէր կարող պատմել Թաթուլի երազը, որովհետեւ, այսպէս ասենք՝ այդ երազն ինքը չէր տեսել: Թումանեանը յօրինում է, ցանկանում իր ուզած մեկնաբանութիւնը կամ լուծում տալ, ուստի՝ նրա պատումը երրորդ դեմքով է:
Պոեմի III (երրորդ), IV (չորրորդ), V (հինգերորդ) գլուխներն ամբողջութեամբ Թումանեանի «տիրապետութեան» տակ են: Այստեղ նա, անտեսելով իր ինտուիցիան կամ դիտմամբ հակադրուելով իր ինտուիցիային՝ աշխատում է ամեն կերպ կենտրոնական դեր յատկացնել Թմկայ տիրուհուն, ըստ էութեան՝ արգելելով Աշուղին շարունակել սեփական դաւաճանութեան պատմութիւնը: Այլ կերպ ասած՝ Թումանեանը ձգտում է որպէս դաւաճան տեսնել հէնց Թմկայ տիրուհուն: Նախ՝ կրկին գովերգում է նրա գեղեցկութիւնը՝ այս անգամ «Շահի առաջին»[7], ապա, ինչպէս վերը նշել ենք, վկայակոչելով Ֆիրդուսու հեղինակութիւնը եւ նրան վերագրելով արտայայտութիւն, որ նա չի արել, փիլիսոփայում է «ի՜նչը կը յաղթի կեանքում հերոսին» հարցադրման շուրջ, եւ վերջապէս՝ Թմուկ բերդ է ուղարկում «մի աղքատ աշուղի»:
Ստեղծագործական աշխատանքի ու ինտուիցիայի բախման տեսանկիւնից չափազանց հետաքրքիր է պոեմի VI (վեցերորդ) գլուխը: Այստեղ, ի տարբերութիւն նախընթաց գլուխների, որոնցից իւրաքանչիւրը սկզբից մինչեւ վերջ կառուցուած է նոյն տաղաչափութեամբ, գործ ունենք, այսպէս ասած՝ տաղաչափական ընդմիջարկման հետ: Շարունակուող կռուի նկարագրութեան թումանեանական յանգը ընդմիջարկւում է Աշուղի յանգով.
Մեզ պէս տըկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել.
Լինիս շքե՜ղ թագուհի… (էջ 52):
Տաղաչափական այս անցումը Աշուղին այդպէս էլ լռեցնել չկարողանալու փաստարկ է: Յաջորդ՝ VII (եօթերորդ) գլխում կրկին գործ ունենք այս նոյն երեւոյթի հետ: Յաղթական կռուին յաջորդած խնջոյքի թումանեանական տեսարանին յանկարծ յաջորդում է Աշուղի յանգը՝ Թմկայ տիրուհու, ապա նաեւ՝ զինուորների խօսքով.
— Հապա լըցրէ՜ք, իմ քաջ հիւրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք — Աստուած կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։
— Է՜յ, տէր աստուած կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս (էջ 52-53)։
Անգամ զուտ տեսողական առումով՝ սա նշան է, որ Թմկայ տիրուհին յանձնուել է Աշուղի խարդաւանքին, եւ զօրքն իր հերթին՝ յանձնուել է Թմկայ տիրուհու խարդաւանքին: Եւ սա՝ անկախ բովանդակութիւնից, անկախ այն հանգամանքից, որ երկու դէպքում էլ գործ ունենք Թաթուլին փառաբանող տեքստերի հետ: Աշուղի յանգի կիրառութիւնը նրանց յանձնուելու եւ գուցէ ակամայ դաւաճանութեան վկայութիւն է:
Բայց չի յանձնւում Թումանեանը, կամ ինչպէս յօդուածում պարբերաբար նշել ենք՝ ստեղծագործական աշխատանքը: Նախ՝ Աշուղի յանգի արանքում VII (եօթերորդ) գլխում շարունակում է յաղթական խնջոյքի տեսարանը, իսկ VIII (ութերորդ) գլխում ներկայացնում Թաթուլի չարագուշակ երազը՝ որպէս Թմկայ տիրուհու դաւաճանութեան փաստարկ.
Էսպէս է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է յանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած… (էջ 54)
IX (իններորդ) գլուխը, որով գուժւում է Թմկաբերդի առումը, ամբողջապէս Աշուղի յանգով է: Սա կարեւոր փաստարկ է Թմկաբերդի առման իրական մեղաւորին ճանաչելու առումով: Յանգը յուշում է, որ բերդը թշնամուն է յանձնուել Աշուղի մատնութեամբ կամ միջոցով, բայց նա իր դաւաճանութիւնը ամեն կերպ վերագրում է Թմկայ տիրուհուն.
Վե՜ր կացէք, վե՜ր, հարբեցրել է
Իր յաղթական հիւրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դաւաճան տիրուհին (էջ 55)։
Թումանեանի ստեղծագործական երեւակայութիւնն օգտուելով այս հանգամանքից՝ ստեղծում է պոեմի փառահեղ X (տասներորդ) գլուխը՝ Թմկայ տիրուհու եւ Նադիր շահի տպաւորիչ երկխօսութեամբ՝ նախապէս ձեւակերպելով իր պոեմի թերեւս ամենաելակէտային ասելիքը.
Աշխարհում հաստատ չըկայ ոչ մի բան,
Ու մի՛ հաւատալ երբէք ոչ մէկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ յաղթութեան,
Ոչ սիրած կնկայ տըուած բաժակին… (էջ 56):
Այն տպաւորութիւնն է, որ պոեմի ամբողջ ընթացքում Աշուղի հետ բախման նպատակը հէնց այս խօսքերին յանգելն էր: Պատահական չէ, որ դրանից յետոյ պոեմը եզրափակող XI (տասնմեկերորդ) եւ XII (տասներկուերորդ) գլուխներում Թումանեանը «յանձնւում» է՝ եզրափակումը թողնելով Աշուղի հայեցողութեանը, մանաւանդ որ՝ Թմկայ տիրուհու յանցանքը իր կողմից կարծես թէ ապացուցուած է:
Յայտնի է, որ «Թմկաբերդի առումը» պոեմի ստեղծման համար Թումանեանն օգտագործել է բանահաւաք եւ ազգագրագէտ Երուանդ Լալայեանի գրառած աւանդութիւններից մէկը (տե՛ս էջ 542-543): Բայց պոեմի սեւագիր ու այդպէս էլ հետագաիւմ պոեմում գրեթէ ոչ մի կերպ չօգտագործուած սկսուածքը վկայում է, որ Թումանեանը նկատի է ունեցել նաեւ մէկ այլ սիւժէ: Կրկին մէջբերենք այդ սկսուածքի ամենաէական հատուածը.
Ահա ձեզ պատմեմ, թէ ինչու համար
Փախչում է աշուղն էն լաւ սարերէն
Եւ դէպի Աճառն ու իրեն աշխարհ
Անէծք է ղըրկում երգի փոխարէն։
Եւ ինչու զուարթ Աճառն իւր երկրում
Ղոնախ է անում եւ գող եւ չարչի,
Բայց [հալածւում է] աշուղը…
Ըստ էութեան, որ «Թմկաբերդի առումի» ստեղծման համար հիմք ծառայած զրոյցների ու աւանդոյթների մէջ Թումանեանին առաւել գրաւել է կնոջ մատնութեան պարագան, եւ ոչ թէ այսպէս ասած՝ ճշմարտութեան բացայայտումը, որը կայ սկսուածքում, եւ որը մենք փորձեցինք վերհանել Աշուղի կերպարով:
Ըստ ամենայնի, այստեղ կան նաեւ անձնական դրդապատճառներ, մանաւանդ որ՝ թումանեանագէտներն էլ չեն ժխտում, որ ««Թմկաբերդի առումն» ունեցել է ինչպէս գրական-բանահիւսական, այնպէս էլ կենսական ազդակներ» (էջ 542, ընդգծումը մերն է.—- Ա. Ն.):
Ամեն դէպքում հէնց «Թմկաբերդի առումը» պոեմի ստեղծման շրջանում է Փիլիպոս Վարդազարեանին գրած նամակում Թումանեանն արտայայտում հետագայում շատ քննարկուած իր այն միտքը, թէ «Իսկ կանայք իրանք արդէն թիւրիմացութիւններ են»[8]: Նոյն շրջանում նրա հետեւեալ գրառումը՝ «Երբոր մարդը յաղթուել է — միշտ կինը խորհրդակից է եղել թշնամում» (տե՛ս էջ 543), նոյնպէս առաւել քան խօսուն է:
Որպէս յաւելուած՝ առաջարկում ենք ընթերցել «Թմկաբերդի առումը» պոեմի երկու տարբերակ՝ Աշուղի յանգով (ինտուիցիա) եւ Թումանեանի յանգով (ստեղծագործական աշխատանք): Դրանցում կրկնւում է միայն պոեմի II (երկրորդ) գլուխը՝ որպէս Յովհաննէս Թումանեան-Աշուղ բախման միակ միջանկեալ հատուած:
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1] Տե՛ս Մկրեան Մկրտիչ, Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնը, Երեւան, 1981, Ջրբաշեան Էդուարդ, Թումանեանի պոեմները, Երեւան, 1986, Թամրազեան Հրանտ, Յովհաննէս Թումանեան. բանաստեղծը եւ մտածողը, Երեւան, 1995:
2] Տե՛ս Ջրբաշեան Էդուարդ, Թումանեանի պոեմները, Երեւան, 1986, էջ 344-387:
3] Թումանեանի ստեղծագործական հոգեբանութեան եւ նրա աշխատանոցային այսպէս ասած՝ կենցաղավարութեան վերաբերեալ չափազանց արժեքաւոր դիտարկումներ ու վերլուծութիւններ կան Զաւէն Աւետիսեանի «Թումանեանի ստեղծագործական լաբորատորիան» մենագրութեան մէջ (Երեւան, 1973):
4] Թումանեան Յովհաննէս, Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով, հատոր 4, Երեւան, 1991, էջ 298: Այսուհետ այս հատորից մէջբերումների էջը կը նշուի տեքստում:
5] Տե՛ս «Յովհաննէս Թումանեանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատութեամբ» (1890-1913), հատոր 1: Կազմեց, ծանօթագրեց եւ հրատարակութեան պատրաստեց Եւա Մնացականեանը: Երեւան, 2019, էջ 278:
6] Տե՛ս նոյն տեղում, էջ 280:
7] Ի դէպ, այս հանգամանքն էլ իր հերթին է վկայում Թումանեան-Աշուղ ներքին բախման մասին: Ստեղծագործական աշխատանքի գերակայութեան դէպքում՝ միշտ զուսպ ու չափը իմացող Թումանեանն ուղղակի երկու անգամ նոյն կնոջ գովերգը չէր անի:
8] Թումանեան Յովհաննէս, Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով, հատոր 9, Երեւան, 1997, էջ 326:
Երեւան
ՅԱՒԵԼՈՒԱԾ
ԱՇՈՒՂ
«ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հէ՛յ, պարոննե՛ր, ականջ արէք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛ւ ուշ դըրէք իմ խաղին։
Մենք ամենքըս հիւր ենք կեանքում
Մեր ծնընդեան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցաւոր աշխարհից։
Անց են կենում սէր ու խընդում,
Գեղեցկութիւն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛ւ իմացեք,
Որ խօսւում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կ՚ապրի անվերջ, անդադար։
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անէ՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թէ հէրն ու մէր,
Թէ մուրազով սիրած կին։
Ես լաւութեան խօսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թէկուզ դուշման,
Լաւ արարքը, լաւ մարդին։
Է՜յ, լա՛ւ կենաք, ակա՛նջ արէք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
խօսքըս, տեսէք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գիւլլի պէս։
I
Նադիր Շահը զօրք հաւաքեց,
Զօրք հաւաքեց անհամար,
Եկաւ Թըմկայ բերդը պատեց,
Ինչպէս գիշերն էն խաւար։
— Հէ՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։
— Մի՛ պարծենայ, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կ՚անցնեն,Սարը միշտ կայ անսասան։
Ասաւ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հաւլունի,
Թըռաւ, հեծաւ նըժոյգ իր ձին,
Դաշտը իջաւ արիւնի։
Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիւ տըւին անդադար,
Ընկան քաջեր, անթիւ քաջեր,
Բերդի գըլխին հաւասար։
Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անյաղթ, աննըկուն,
Զօրք ու բաբան խորտակուել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։
Ու միշտ ուրախ, յաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սեւաչեայ։
II
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թէ աշուղն էլ ունենար,
Առանց զէնքի,
Առանց զօրքի
Շահերի դէմ կը գնար։
Սիրոյ հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպէս աչքեր թէ ժըպտան,
Մարդու համար
Օրուայ պէս վառ
Գիշերները լոյս կը տան։
Վարդի թերթեր՝
Էնպէս շուրթեր
Թէ յաղթութիւն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զէնք ու զօրք կը յաղթեն։
VI
Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զօրքի՜ն,
Աշխարհքի տէրն անսահման…
Մեզ պէս տըկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել.
Լինիս շքե՜ղ թագուհի…
VII
— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հիւրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստուած կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։
— Է՜յ, տէր Աստուած կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։
Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդութեան,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով յաղթական։
— Օ՜ֆ, տիրուհի, Աստուած վկայ,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկայ, էլ տեղ չըկայ,
Շատ ենք խըմել ու յոգնել…
Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձւում է ու մարում,
Հարբած, յոգնած տէրն ու զօրքը
Մըրափում են խաւարում։
IX
Է՜յ, հըսկեցէ՛ք, ի՞նչ էք քընում,
Քաջ զինուորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսէք, տանջւում մըթնում,
Քուն չի աչքին մօտ գալի։
Չըլինի՞ թէ յաղթահարուած,
Ճարը հատած թըշնամին
Դաւ է դընում մութն ու մեռած
Կէս գիշերուայ էս ժամին։
Վե՜ր կացէք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հէ՜յ, զարթնեցէ՜ք, առիւծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։
Վե՜ր կացէք, վե՜ր, հարբեցրել է
Իր յաղթական հիւրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դաւաճան տիրուհին։
Դա՜ւ… դա՜ւ… ելէ՜ք… կոչնա՜կ…
պահնա՜կ…
Զէնք առէք շո՜ւտ… ձի հեծէ՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…
XI
Դահիճն եկաւ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արիւն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկայ չըքնաղ տիրուհուն։
Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահաւոր քարի ծերից
Գըլորեցին դէպի ձոր։
Գէլ ու աղուէս եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռաւ իջան ամպից,
Սեւ աչքերը հանեցին։
Անցաւ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպէս ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։
Անցաւ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զօրքով,
Անցաւ Թաթուլն էն յաղթական
Ու իր քաջերն էն կարգով։
Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրոյցը հասաւ մեզ,
Որ մեզանից յետոյ էլ դեռ
Պէտք է խօսուի միշտ էսպէս։
XII
Հէ՜յ, պարոննե՛ր, ականջ արէք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛ւ ուշ դըրէք իմ խաղին։
Ամենքս էսպէս հիւր ենք կեանքում
Մեր ծնընդեան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցաւոր աշխարհից։
Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խօսւում լաւ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կը գայ
Ու մարդ կ՚երթայ անարատ։
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ
«ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»
II
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թէ աշուղն էլ ունենար,
Առանց զէնքի,
Առանց զօրքի
Շահերի դէմ կը գնար։
Սիրոյ հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպէս աչքեր թէ ժըպտան,
Մարդու համար
Օրուայ պէս վառ
Գիշերները լոյս կը տան։
Վարդի թերթեր՝
Էնպէս շուրթեր
Թէ յաղթութիւն քեզ մաղթեն,Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զէնք ու զօրք կը յաղթեն։
III
Ու կըռուի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջաւախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայեացքում,
Ճակատը ճերմակ էն ձիւնից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առիւծի նըման։
Թէ տիրես, մեծ Շահ, դու
նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզօր կ՚ընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կը տիրես եւ
Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։
IV
Էսպէս է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բիւլբիւլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՜նչը կը յաղթի կեանքում հերոսին,
Թէ չըլինին
Կինն ու գինին։
Արեւի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած
ինչպէս սար.
Ո՜վ կ՚անի նըրան գետնին հաւասար,
Թէ չըլինին
Կինն ու գինին։
Պարում է ասես կըռիւ գընալիս,
Գետընքից վերեւ թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կը բերի նըրան թըռչելիս,
Թէ չըլինին
Կինն ու գինին։
Թէկուզ եւ արար աշխարհ գայ վըրան,
Կ՚երթայ դէմ ու դէմ, տուր
չի տալ իրան,
Ռուստէմ Զալն էլ չի յաղթիլ նըրան,
Թէ չըլինին
Կինն ու գինին։
V
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասաւ, Թըմկայ տիրուհուն,
Երգի՛ իմ սէրը նըրայ առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
խոստացի նըրան իմ ոսկի գահը,
խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։
. . . . . .
Ուր ահեղ կըռուով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եւ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտաւ Թըմկաբերդ։
VI
Գոռում են, դողում Թըմկայ ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի յանդիման.
Զարկում են, զարկւում
դուշման զօրքերը,
Արիւնը հոսում էն Քըռի նըման։
Զարկում են, զարկւում
դուշման զօրքերը,
Արիւնը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սէրը,
Անհուն գանձերը ու
փառքն անսահման…
Լըսում է մատաղ Թըմկայ տիրուհին.
Եւ վըրդովում են իր միտքը թաքուն
Դաւաճան գործի ամօթը խորին
Եւ արքայական փառքն ու մեծութիւն…
Լըսում է չքնաղ Թըմկայ տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձաւ նա լո՜ւռ,
դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախաւ սիրուն աչքերից…
VII
Դարձաւ իր կըռուից իշխան Թաթուլը,
Դարձաւ յաղթական իրեն զօրքի հետ,
Սըրբեց, պատեանը դըրաւ կեռ թուրը,
Ցնծութեան ձայնից
դողաց Թըմկաբերդ։
Խընջոյք է սարքել Թըմկայ տիրուհին,
Ցերեկ է արել խաւար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քէֆ է անում Ջաւախքի տէրը։
Պըտոյտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Յորդորում, խընդրում, որ
ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։
— Էն մըթին ամպից արծի՞ւն է իջնում,
Սարի արծիւը շեշտակի թափով։
— Էն Թըմկայ բերդից
Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։
— Էն Թըմկայ ձորում
սեւ ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպէս ահարկու։
— Էն Թըմկայ ձորում
Թաթուլն է կըռւում,
Էն թուրն է շաչում էնպէս ահարկու։
Ի՜նչ սարի արծիւ կը հասնի քաջին,
Ի՜նչ Շահ կը կանգնի նըրա առաջին։
Ու չի դադարում երգի հետ վարար
Կախէթի գինին խելագար հոսել.
Խըմում են տիկնոջ
թանկ կեանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։
Խըմում են կըռուող քաջերի փառքին,
Որ կըռուի դաշտում
կեանք չեն խընայում,
Եւ ընկածների սուրբ յիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…
Պըտոյտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Յորդորում, խընդրում,
որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։
VIII
Լուռ ու խաւարչտին կամարների տակ,
Յոգնած ու քընած բազմութեան վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սեւ,
չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։
Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթուել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրայ։
Ու բարձրացնում է հըրէշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչեւ
բարձունքը բերդի,
Մինչեւ Թաթուլի պալատն ու տըներ։
Պառկած է իբրեւ Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրէշին։
Էսպէս է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով
տեսնում է յանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…
X
Բաց արաւ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրայ, Ջաւախքի վըրայ,
Աւերակ բերդին, սեւ ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։
Յաղթութեան փառքով
ու գինով հարբած
Քընած են բերդի եւ՛ զօրքերն, եւ՛ տէր,
Ու յաւիտեան էլ մընացին քնած,
Դաւին անտեղեակ, ցաւին անտարբեր։
Նըստած է Շահը. նըրա առաջին
Ահա իրիկուան քէֆի սեղանը.
Նայում է Շահը անտէր գահոյքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։
Աշխարհում հաստատ
չըկայ ոչ մի բան,
Ու մի՛ հաւատալ երբեք ոչ մէկին,
Ոչ բախտի, փառքի,
ոչ մեծ յաղթութեան,
Ոչ սիրած կնկայ տըւած բաժակին…
Ու լի դառնութեամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն
Թըմկայ տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ,
մատնիչ սեւաչեայ,
Մի՞թէ Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
— Քաջ էր ու սիրուն քեզնից առաւել.
Մի բարձր ու ազնիւ տղամարդ էր նա.
Կնոջ մատնութեամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կեանքում երբէք խաբեբայ…
Էսպէս տիկինը տըւաւ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հէ՜յ, դահի՜ճ, գոռաց
գազանի նըման.
Դահիճը իսկոյն մտաւ սրահը։