ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿԵԱՆ
Ներկայ օրհասական պահին, երբ սեւ ամպերը կրկին թաքնուեցին Մռաւի ետեւում, եւ երբ արնոտ եաթաղանը վերստին ցոլաց Հայոց աշխարհի վերեւում, յանկարծ մտածեցի, որ ղարաբաղեան հարցը երբէք չի կարող հանգուցալուծուել, քանի դեռ հակընդդէմ են տարածքային ամբողջականութեան եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները:
Հարկ է արմատապէս փոխել այս անպտուղ կոնցեպցիան եւ վերջ տալ մեր պարտուողական «նէյնիմ-նէյնիմ» դիվանագիտութեանը, որը հարցն արդեն 30 տարի քաղաքական փակուղի է մտցրել: Եւ այս պարագայում չի կարող լինել ընդունելի փոխզիջում, որովհետեւ կողմերից իւրաքանչիւրը շարունակում է պնդել իր ճշմարտացիութիւնը: Նախիջեւանը հնամենի հայկական տարածք է, բայց որը վաղուց հայաթափուել է «բարեկամական գոյակցութեան» շնորհիւ, եւ հետեւաբար չի կարող նրա համար այլեւս գործնական համարվել ազգերի ինքնորոշման սկզբունքը. ի՞նչ է, ուրեմն հրաժարուե՞նք պատմական Նախիջեւանից:
Զարմանալի մի երեւոյթ եւս. բոլոր միութենական ինքնավարութիւնները կոչւում էին ազգային պատկանելիութեան անուններով՝ աբխազական, աջարական, օսեթական եւ այլն, բացառութեամբ՝ Նախիջեւանի եւ Արցախի: Բայց հայկական ինքնավար կազմաւորումների առկայութիւնը հաստատում է դրանց ոչ ադրբեջանական լինելը, նամանաւանդ, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը մինչ օրս էլ Ադրբեջանի հետ ցամաքային սահմաններ չունի: Եւ այսպիսով՝ որտեղի՞ց աշխարհի քարտէզի վրայ յայտնուեց արհեստածին Ադրբեջանը՝ որպէս պետական միաւոր, ապա եւ բուն ադրբեջանցին՝ իբրեւ ցեղային երեւոյթ:
* * *
Նախ պետք է յստակեցնել՝ ովքեր էին նրանց նախնիները:
Թիւրքական ցեղախմբերը Կովկաս մտան XI-XII դդ., իսկ Տուղրիլ բէկը ոտք դրեց Փոքր Ասիա սոսկ մ. թ. 1147 թուականին: Այսինքն՝ ներկայիս ադրբեջանցիները զտարիւն քոչուորներ են, որոնք իրենց խառնիխուռն հօտերով Ալթայի եւ Հիւսիսային Չինաստանի կողմերից եկել, տնաւորուել են ներկայիս տարածքներում: 1918 թ. մայիսին կովկասեան թուրքերը, կամ Լենինի բնորոշմամբ՝ «կովկասեան թաթարները» հռչակեցին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետութիւնը: Ինչո՞ւ Ադրբեջանի, քանզի այն Ատրպատական բառի աղաւաղուած ձեւն էր, եւ այդ անունն էր կրում պատմական Պարսկաստանի հիւսիսային նահանգներից մէկը։ Դա նաեւ հեռահար նպատակ էր հետապնդում Պարսկաստանին հողային պահանջներ ներկայացնելու առումով, թէեւ դեռեւս մ.թ.ա. 349թ. Ալեքսանդր Մակեդոնացին Հիւսիսային Մեդիան յանձնել էր պարսիկ նշանաւոր իշխան Ատրոպատէսին, որը յոյն զօրավար Պրետիկասի աներն էր:
Այնուհետ Մեդիայի այդ մասը Ատրոպատէսի անունով կոչուեց Ատրոպատեան Մեդիա կամ Ատրպատական: Սակայն նշուած տարածքում ապրում էին բազմաթիւ ազգեր` հայեր, եզդիներ, իրանալեզու թալիշներ, դաղստանախօս լեզգիներ, ուդեր, թաթեր եւ այլք, որոնք դէմ էին նորաստեղծ թուրքական պետութեանը, եւ կովկասեան թուրքերը Նուրի փաշայի բանակի օգնութեամբ մտան երեք ամիս դիմադրող Բաքու, կոտորեցին ավելի քան 30.000 մարդ եւ միայն սեպտեմբերի 15-ին կեանքի կոչուեց նոր պետականութիւնը՝ ԱԴՀ-ն:
Ադրբեջանը յայտնուեց աշխարհի քարտէզի վրայ, բայց դեռ պարզ չէր, թէ ովքեր էին դրա բնակիչները, եւ 1936թ. ԽՍՀՄ նոր սահմանադրութեան ժամանակ Ստալինը միանձնեայ կերպով ամրագրեց, որ Ադրբեջանի տարածքում բնակուող ազգաբնակչութիւնն այսուհետ պէտք է կոչուի ադրբեջանցի:
Եւ այժմ, նախկին քոչուոր թիւրք ցեղի առջեւ ծանրացաւ իբրեւ բնիկների՝ սեփական պատմութիւն ունենալու ցնորածին բարբաջանքը: Խորհրդային 70 տարիների ընթացքում նրանք առնուազն 4 անգամ կերտեցին իրենց պատմութիւնը, սկզբում համարելով, որ իրենց նախնիները թիւրքերն են, բայց Խորհրդային պետութեան եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառով փորձեցին նոր վարկածներ մշակել: Եւ զարմանքով «յայտնաբերեցին», որ ներկայումս ապրում են հնագոյն պետութիւններից մէկի՝ պատմական Մեդիայի տարածքում: Եւ Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Մ. Բաղիրովի նախաձեռնութեամբ, որը ազգութեամբ թալիշ էր, ադրբեջանցիները համարուեցին Մեդիայի կամ Կովկասեան Ալբանիայի ուղղակի ժառանգորդներ:
Ի միջի այլոց՝ մ.թ.ա. 612 թ. Հայաստանը սերտ առնչութիւն ունէր Մեդիայի հետ. մեդիական արքայ Կիակսարը ընդվզեց Ասորեստանի բռնակալութեան դէմ։ Նրան այդ հակամարտութեան մէջ սատարեց Սկայորդի իշխանի տղան՝ Պարոյրը, որի արդիւնքում ջախջախուեց ասորական բանակը, եւ միացեալ զօրքը մտաւ ասորական մայրաքաղաք Նինուէ եւ գահազուրկ արեց Ասորեստանի տիրակալ Սարդանապալին. հայ անուանի իշխանը Մեդիայի դաշնակից արքայից ստացաւ մեծամեծ պարգեւներ եւ օծուեց Հայաստանի արքայ…
Բայց այդ վարկածները, որոնք ստեղծուել էին ադրբեջանցիներին հին ժողովուրդ անուանելու համար, մի լուրջ, բացասական կողմ ունէին. Մեդիան երբէք սահմանակից չէր եղել իր հնամենի հարեւաններին` Հայաստանին եւ Վրաստանին, եւ այնտեղ դարեր ի վեր ապրել էին թալիշները, ովքեր Մեդիայի իրաւական ժառանգորդն էին եւ, բացի այդ, իրանախօս ազգութիւն էին: Մի խօսքով, այս վարկածը եւս քննութիւն չբռնեց, եւ նորակոչ ադրբեջանցիները որոշեցին մի նոր պատմութիւն հնարել։ Յամառ «պրպտումների» արդիւնքում ծնուեց Աղուան-Շիրուանական տարբերակը: Այդ վարկածի հեղինակը ակադեմիկոս Զ. Բունիաթովն էր: Նախ եւ առաջ աղուանները հնամենի ժողովուրդ էին եւ սոյն տարածքի բնիկներ, եւ դրա որոշ բեկորներ դեռ պահպանուել էին տխրահռչակ Ադրբեջանում: Ընդ որում, ակադեմիկոսն առաջարկում էր չհրաժարուել մեդիական տարբերակից, զուգահեռաբար այն բխեցնելով եւ Աղուանքից: Մնում էր այդ ժողովուրդների մշակոյթը համարել ադրբեջանական, եւ հարցը կը լուծուէր: Ու նրանք մտովի ընդարձակեցին Աղուանքի պատմական սահմանները` դրա մէջ ընդգրկելով Մեդիան եւ Պարսկաստանի հիւսիսային հատուածը: Այսպիսով ստեղծուեց յօրինովի, բայց իրենց համար ընդունելի սեփական պատմութիւն եւ նոր էթնոգենես:
ԽՍՀՄ-ի յարաբերութիւնները բարելաւուեցին Թուրքիայի հետ, եւ կոմունիստական վերնախաւը սկսեց Թուրքիային վերաբերուել աւելի հանդուրժողական, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից եւ հանրապետութիւնների անկախութիւնից յետոյ ադրբեջանցիները յանկարծ յիշեցին, որ իրենք էթնոսով թուրք են, եւ որ իրենց տարբերութիւնը եղբայր թուրքերից կրօնի հակամէտ հոսանքներն են՝ սիւննի-շիա, թէեւ բնիկ կովկասեան ցեղերը մեծ մասամբ սիւննի էին՝ աւարներ, լեզգիներ։ Եւ հարց ծագեց՝ հրաժարուե՞լ գեղեցիկ կերպով «կերտուած» անցեալից, թէ՞…
Եւ ընտրուեց 4-րդ, ցնորածին տարբերակը:
Պատմաբանների նոր սերունդը «այդ բոլոր անցեալները» դրեց մի կաթսայի մէջ, խառնեց շիլան եւ ստեղծեց մի նոր, հիբրիդային ապուր. էթնոսով թուրք են, բայց աղուանացիների եւ մեդիացիների հետնորդներ: Բանից պարզւում է՝ աղուաններն ու մեդիացիները սերում էին թուրքական ցեղերից: 1989թ. «Ադրբեջանի կոմունիստ» թերթում այս վարկածն էին պաշտպանում գիտնականներ Ալիբէյզադէն եւ Վէլիեւը, աւելին՝ սկիւթներին եւ շումերներին անգամ համարելով ադրբեջանցի (պարսիկ Նիզամիին, քուրդ Ֆիզուլիին նոյնպէս դասեցին ադրբեջանցիների շարքը, քանի որ նրանք ապրել էին ապագայ Ադրբեջանի տարածքում)։
«Գիտական» ցնորամտութիւնը հասաւ այն աստիճանի, որ Մ. Ռաֆիլին «Խորհրդային Նախիջեւան» թերթում զետեղուած իր գիտական յօդուածում ապացուցում էր, որ նահապետ Նոյը ադրբեջանական մեծագոյն աստղագէտ է, եւ որ շումերները նոյնպէս ադրբեջանցիներ են, իսկ հայերը՝ եկուորներ:
* * *
Ղարաբաղեան հակամարտութեան ժամանակ՝ ինչպէս եւ այսօր, ադրբեջանական իշխանութիւնները առաջնագիծ են ուղարկում, իբրեւ հրանօթային միս, իրենց հանրապետութիւնում ապրող փոքրամասնութիւններին.
ԹԱԼԻՇՆԵՐ
Որոշ պատմական տվեալներ փաստում են, որ թալիշները մեդիացիների ուղղակի ժառանգներն են եւ իրենց երկրամասը կոչում են Թալիշստան։ Հետագայում Մեդիան կլանուեց հզորացող Պարսկաստանի կողմից, որը էթնիկապէս նրանց մօտ ազգ էր եւ ունէր լեզուական ընդհանրութիւններ։ Ռուս-պարսկական պատերազմի արդիւնքում՝ 19-րդ դարի առաջին կէս, Թալիշստանի հիւսիսային մասը անցաւ Ռուսաստանին (1928 թ. Թուրքմենչայի պայմանագրով), իսկ Պարսկաստանի մասում մնացած թալիշները ստացան ինքնավարութիւն, քանի որ երկու ազգերի մէջ շատ էին ցեղային եւ լեզուական ընդհանրութիւնները (դեռեւս 18րդ դարից Պարսկաստանում գոյութիւն ունէր թալիշական խանութիւն)։ Շատ պատմաբաններ թալիշներին համարում են ոչ միայն իրանախօս, այլեւ իրանական ցեղախումբ, եւ որոնց լեզուն կոչւում է ազարի կամ ազերի։ Սրանք երկճեղքուած ժողովուրդ են, քանի որ նրանց մի մասը շարունակում է բնակուել հիւսիսարեւմտեան Իրանում՝ Գիլանի եւ Մազանդարանի երկրամասերում, եւ յորջորջւում են մեր վայ-հարեւանների կողմից իբրեւ ադրբեջանցիներ։
Ըստ 1999թ. մարդահամարի՝ թալիշների թիւը Ադրբեջանում 76,8 հազար էր, որը, ըստ ամենայնի, խեղաթիւրուած թիւվ է, իսկ նրանց իրական թիւը հասնում է մօտ կէս միլիոնի։
Թալիշները երբէք չեն համակերպուել թուրքական պետութեան կառավարման հետ եւ քանիցս (1919թ. եւ 1993թ.) ընդվզել են։ Մինչ օրս էլ շարունակւում է թալիշ մտաւորականների հալածանքը: Ժամանակին Բաքւում ձերբակալուեցին, ապա կալանավորվեցին պրոֆեսոր Նովրուզալի Մահմէդովը, որը «Թալիշական ձայն» թերթի գլխաւոր խմբագիրն էր եւ դոցենտ Էլման Կուլիեւը, որը համանուն թերթի պատասխանատու քարտուղարն էր։
ԼԵԶԳԻՆԵՐ
Լեզգիները հաւաքական ապրում են Ադրբեջանի Կուսարս, Կուբինսկի եւ Խաչմազանսկի շրջաններում, շատերը հիմա բնակւում են Բաքւում։ Սա բաժանուած ցեղախումբ է, քանզի մեծ մասը ապրում է Դաղստանում։
Ըստ 1999թ. մարդահամարի տուեալների՝ Ադրբեջանում ապրում էր 178.000 լեզգի։
Հետաքրքիր է, որ 1989 թ. մարդահամարը յայտնաբերել էր 171.000 լեզգի։ Պարզւում է՝ այդ աւանդական պտղաբեր, երեխաշատ ազգը 10 տարուայ մէջ լոկ 5%-ով է աւելացել, իսկ Ադրբեջանը՝ 24,12%-ով: Իրականում լեզգիների թիւը մօտ 550.000 է, Ռուսաստանում բնակուողների հետ միասին՝ 850.000։
Նրանց լեզուն պատկանում է Դաղստանական լեզուախմբին եւ թիւրքականի հետ ոչ մի աղերս չունի։
ԱՒԱՐՆԵՐ
Իրենց սովորոյթով եւ ապրելակերպով մօտ են լեզգիներին. իրական կովկասեան ցեղախումբ են։ 1999թ. Ադրբեջանում աւարների թիւը 50.900 էր եւ դաւանում էին սիւննի կրօն։ Ըստ իս, նոյնպէս թիւը նուազեցուած է, քանի որ 19-րդ դարում Ատրպատականում ապրում էին աւելի քան 60.000 աւարներ։
Ադրբեջանում կարծիք է տիրում, որ աւարները բնիկներ չեն, քանի որ ֆարսի լեզուով աւար բառը նշանակում է գաղթական։
Ազերիները, ինչպէս միշտ, իրենց չափով են կարում պատմութեան վերմակը։ Աւարները նոյնիսկ իրենց բնակութեան վայրերում զուրկ են իշխանական լծակներից։
ՑԱԽՈՒՐՆԵՐ
Ադրբեջանում ապրում է լեզգիներին եւ աւարներին շատ մօտ ցեղախումբ՝ ցախուրներ, որոնք էլ դաւանում են սիւննի կրօնը։
ՈՒԴԻՆԵՐ
Կովկասեան Ալբանիայի հնագոյն ցեղերից են։ Նախկինում շատ մարդաշատ էին, որոնք լեզգիների ու ցախուրների հետ կազմում էին Կովկասեան Ալբանիայի կորիզը եւ որոնք դաւանում էին քրիստոնէութիւն, սերտ կապեր էին պահում Ռոստովի հայկական առաքելական եկեղեցու հետ։ Ուդիներն այժմ քչաքանակ են, եւ նրանց մի մասը ընդունել է իսլամի շիա դաւանանքը եւ այժմեան ադրբեջանցիների համար այլեւս վտանգ չի ներկայացնում։
ԹԱԹԵՐ
Բնակւում են Ադրբեջանի հիւսիսարեւմտեան մասում, որոնք ըստ էութեան հրեաներ են եւ խազարներից են ընդունել հրէական կրօնը։ Ադրբեջանական ճնշումների ներքոյ որոշ թաթեր ընդունել են իսլամը, այսինքն՝ դէօնմէներ են, եւ հետագայում ձուլուել են ադրբեջանցի թուրքերին, իսկ մի փոքր մասն էլ ընդունել է քրիստոնէութիւն։ Իսրայէլը՝ որպէս պետութիւն, ամեն կերպ խրախուսում է հրէական կրօնը պահած թաթերի վերադարձը հայրենիք։
ՔՐԴԵՐ
Ինքնանուանումը՝ կուրմանջի, կովկասեան Ալբանիայի առաջատար ցեղերից, իրանախօս են եւ հիմնականում դաւանում են շիա իսլամը։
Բնակւում են Իրանին սահմանակից շրջաններում։ Ադրբեջանցիները նրանց տարհանել էին հիւսիսային շրջաններից եւ վերաբնակեցրել Արցախի հարաւային շրջանների հարեւանութեամբ՝ Լաչինում, Կուբաթլուում եւ Զանգելանում՝ սրի պէս բաժանելով հայկական հոծ զանգուածը՝ Արցախը փաստացի կտրելով մայր Հայաստանից: Քրդերը մշտապէս կռուել են հայերի դէմ՝ Թուրքիայի կողմից (1904-1905 թթ. եւ 1918-1921 թթ.), իսկ ղարաբաղեան առաջին պատերազմի տարիներին իրենց առջեւ գերակայ ուժ նկատելով՝ նապաստակաթռիչք քաշուել են երկրի խորքերը եւ դուրս մնացել ադրբեջանական քաղաքական թատերաբեմից, թէեւ որոշները արժանացել էին բարձր պաշտոնների։ Այսպէս օրինակ՝ առաջին քուրդը, որ հասաւ վարչական բարձունքի, Հէյդար Ալիեւի հարազատ հօրեղբայրն էր՝ Հասան Ալիեւը, որ պաշտպանել էր թեկնածուական թէզ։
Ալիեւների կլանը ամբողջութեամբ քրդեր են։
Հէյդար Ալիեւը, իշխանութեան գալով, իրեն շրջապատեց Հայաստանում եւ Նախիջեւանում բնակուող ցեղակիցներով (ըստ Ադրբեջանի նախագահի թեկնածու Աշրաֆ Մեխտիեւի)։ Անգամ Հէյդարի կնոջ՝ Զարիֆայի աղջկական ազգանունը Ալիեւ էր եւ քուրդ-եզդի Ազիզ Ալիեւի դուստրն էր՝ Հայաստանից։
Կարծում եմ, Ադրբեջանն ամբողջովին յափռելուց յետոյ հերթը վերջապէս կը հասնի եւ քուրդ Ալիեւին, քանզի նա նորասուլթանի դրածոն չէ։
(«Գրական Թերթ», 30 հոկտեմբեր 2020)