ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՐԱՆԵԱՆ
Գիշերը մտադրուել էր հանգստեան կիրակին քնել մինչեւ կէսօր: Առաջին խանգարողն աղբի մեքենան էր, որի զնգզնգոցն արձագանքեց ուղեղում, գանգի պատերին զարկուելով ելք որոնեց, բայց չգտաւ ու մագնիսի պէս կպաւ արկի բեկորին: Շանթուած ցատկեց տեղից, փակեց պատուհանի բաց փեղկն ու թրմփալով կրկին անկողնու վրայ ընկաւ: Մեքենան վաղուց հեռացել էր, բայց ձայնն ականջների մէջ դեռ տժժում էր, ցաւն ասես դանակ էր, որ գլուխը փորձում էր երկու մասի կիսել: Հանեց շապիկն ու շատ պինդ ճակատին կապեց՝ ականջներն էլ թողնելով գործուածքի տակ: Յետոյ սկսեց մեդիտացիայի պէս մտքում կրկնել. «Կ՚անցնի, հիմա կամաց-կամաց կ՚անցնի, ու դու կը քնես, կը քնես, կը քնես…»:
Երկրորդը Արարատեան դաշտի բարիքները բեռնած հին Մոսկուիչն էր, որի վրայ միակ նոր ու առողջ սարքը ազդանշանն էր: Յատուկ ձայն, որը ճանաչում էին թաղի բոլոր բնակիչները: Արտակը հաւանում էր յհիսունն անց ամուսիններին, հասարակ-համակրելի մարդիկ էին, բայց այդ առաւօտեան պատրաստ էր սպանել երկուսին էլ: Ո՛չ փակ պատուհանը փրկեց, ո՛չ ճակատին կապուած շապիկը: Նա այս անգամ, առանց անկողնուց վեր կենալու, մահճակալի կողքին դրուած պահարանի դարակից ձեռքով շօշափեց գտաւ ցաւազրկողը, բաժակով ջուրն ու երկու կումով կուլ տուեց: Յետոյ նոյն դարակից բամբակ հանեց, մատներով տրորեց, գնդիկներ սարքեց ու ճակատին կապուած շապիկը դէն շպրտելով՝ ականջների մէջ խցկեց:
«Կ՚անցնի, հիմա կամաց-կամաց կ՚անցնի, ու դու կը քնես, կը քնես, կը քնես…»:
Այնքան շուռումուռ եկաւ անկողնում, որ գնդիկներից մէկն ընկավ իր բնից:
Նա նորից ու նորից նոյն երազն էր տեսնում: Սարոն վիրաւոր ընկած իրեն օգնութեան էր կանչում, իսկ ինքը փախչում էր, հեռանում էր վազելով, երբեմն շրջւում էր, նայում ձեռքն իր կողմ մեկնած աղերսագին կանչող ընկերոջը, բայց ինչքան էլ վազում էր՝ նրանց միջեւ տարածութիւնը չէր աւելանում: Ինչ-որ հնարով Սարոն մօտենում էր, ընկած, առանց շարժուելու, աչքերն աւելի խոշոր ու պարզ էին երեւում: Արկերը, նռնակներն ու ականները թափւում էին շուրջը, հողը երկինք հանում, ինքը ճողոպրում էր դրանց միջով, բայց բոլոր պայթիւններից աւելի ուժեղ Սարոյի ձայնն էր լսում: Նա ձեռքն առաջ պարզած, օձի պէս սողալով գալիս էր իր հետեւից:
Մղձաւանջին վերջ տուեց մուլտֆիլմի թախծոտ, բայց զուարթ երգը, որը կարկաչով տարածւում էր պաղպաղակ վաճառող մոտոցիկլետից.
«К сожаленью, день рожденья
только раз в году»:
Այս անգամ նստեց անկողնում: Գլխացաւը մեղմուել էր, բեկորն էլ սսկուել էր գլխի մէջ: Հեռախօսի վրայ ժամացոյցին նայեց ու տեսաւ, որ ուղիղ տասներկուսն է:
— Ասացի, չէ՞, մինչեւ կէսօր քնելու եմ: Ասացի ու արեցի, — քրթմնջաց քթի տակ ու սկսեց հագնուել:
Երեկոյեան Սեդային էր հանդիպելու: Որոշել էր այս անգամ աւելի վճռական լինել: Արդէն երկու անգամ առաջարկել էր ձեռք քաշել իրենից: Առաջին անգամ իր կիսամարդ լինելն ու ամեն պահ սպասուող մահը պատճառաբանել, երկրորդ անգամ ակնարկել էր, թէ ուրիշ մի աղջիկ իրեն աւելի է գրաւում: Երկրորդ անգամ Սեդան իր կարկաչուն ծիծաղով հասկացրել էր, որ գլխի է ընկնում, թէ ինչի է ստում: Արտակը չէր դիմացել ջրվէժի շառաչի պէս զրգուն այդ ծիծաղի ջրերի տակ մտնելու, զովանալու, բոլոր մեղքերից մաքրուելու գայթակղութեանը եւ ինքն էլ խնդալով ասել էր.
— Փաստօրէն էս մէկն էլ չանցաւ, — եւ գրկել էր աղջկան ու ականջին շշնջացել.
— Չես հեռանայ, չէ՞, ինձնից: Աւելի լաւ ա մեռնելուցս յետոյ դու մենակ մնաս, քան ես մնամ մենակ մինչեւ մեռնելս:
Սեդան այս անգամ զայրոյթի պոռթկում ունեցաւ.
— Արտակ, յոգնեցրիր: Հերիք ա մահուան մասին մտածես: Քեզ կը վիրահատեն, ամեն ինչ լաւ կը լինի: Երեկ եմ զանգել հիմնադրամի գրասենեակ: Գումարի կէսն արդէն հաւաքել են: Մի ամսից կը գնաս Գերմանիա, կը հանեն էդ անտէր բեկորը:
Շորերը հագնելուց յետոյ նախ կողքի ննջարան մտաւ, մօտեցաւ անկողնուն, համբուրեց քնի մէջ տնքացող մօր ճակատն ու լուացուելու գնաց: Քրոջ որդին շան հետ խաղում էր բակում: Նա թողեց խաղընկեր քոթոթին ու վազքով քեռու գիրկը թռաւ: Քոյրը ձայն տուեց.
— Առանց ուտելու չգնաս, լոլիկով ձուածեղ եմ սարքել:
— Քեյի, չգնաս, — կրկնեց երեխան:
Անհայր մեծացող մանուկը քեռու հետ այնքան էր կապուել, որ սպասում էր ամբողջ օրը, եւ քնում էր միայն նրա տուն գալուց յետոյ: Երեխան դեռ գրկում էր, որ դիսպետչերը զանգեց: Տաքսի ծառայութեան մեքենաներից մէկը վթարուել էր, միւսն առհասարակ չէր աշխատել: Թարսի պէս՝ լիքը պատուէրներ:
— Եթէ կարաս, օգնիր, — առաջարկեց նա Արտակին, — շէֆն ասեց` էսօր յիսունի տեղ եօթանասունն ա քշողինը:
— Լաւ, լաւ, մի կէս ժամից օֆիս կը գամ, — պատասխանեց, մտաւ խոհանոց, տղային մօրը տուեց, հէնց ոտքի վրայ ձուածեղը միայն համտեսեց, գովեց քրոջը՝ ծամածի ընտիր համի համար, լաւաշի փոքրիկ կտորի մէջ պանիր փշրեց, բրդուճ արեց ու արագ դուրս ելաւ՝ առանց քրոջ հետ պահող խօսքին ու նրա զաւակի թնկթնկոցներին պատասխանելու:
Իսկապէս որ անսովոր շատ էին պատուէրները: Սկզբում երկու ընկերուհիների Արտաշիսեան փողոցից Բժշկականի մօտ խցանման մէջ քսան րոպէ կորցնելուց յետոյ Հիւսիսային աւտոկայան հասցրեց, որտեղից նրանք Ծաղկաձոր պիտի գնային: Օգնեց նրանց, ու պայուսակները արդէն սպասող միկրոաւտոբուսի մէջ տեղաւորեց: Մարզուհիներն ուզեցին մանր դրամ թողնել, բայց Արտակը հրաժարուեց: Ամաչեց տարեկից աղջիկներից թէյավճար պոկել: Նոր էր թեքուել դէպի կենտրոն իջնելու, վաթսունի մօտ մի տղամարդ ձեռք բարձրացրեց, առանց բարեւելու նստեց, շշնջաց.
— Կոնդի եկեղեցի:
Ակնոցները վերնաշապիկի գրպանից հանեց, աչքերին դրեց, բացեց ձեռքի ծալուած թերթն ու սկսեց կարդալ: Քիչ անց, երբ Սարալանջի ճանապարհով դէպի Տէրեան փողոց էին իջնում, կարդացածից կատաղած՝ սկսեց հայհոյել.
«Վայ ես ձեր ագահ, անկուշտ մէրը: Բա էդ մատղաշ էրեխէքին տանում էք սահմանին թուրքի բերան մատաղ անում, բա նորմալ զէնք էլ չտա՞ք ձեռքները, ես ձեր անխիղճ մէրը: Երկիրը թալանեցիք կերաք, գոնէ ձեր հարստութիւնը պաշտպանողների զէնքի փողը կուլ մի տուէք, այ դաւաճաններ»:
— Թերթերը մի քիչ չափազանցնում են, — մրմնջաց Արտակը ուղեւորի զայրոյթը մեղմելու համար, — մանաւանդ՝ ընդդիմադիրներինը:
— Ջահել ես, բան չես հասկանում, — աւելի բորբոքուեց ուղեւորը թերթի միւս երեսը շուռ տալով, — հաստատ էս պատերազմն էլ պայմանաւորուած էր:
Կարող էր պատմել, որ թողեցին շատ մօտենալ, որովհետեւ փամփուշտները չէին ուզում անտեղի վատնել, չէր հերիքելու: Նա կարող էր պատմել, որ երդուել էին, մօր քֆուր էին կերել՝ ոչ մի դէպքում դիրքը չթողնել: Նա կարող էր պատմել, որ խոստացուած օգնութիւնն այդպէս էլ չեկաւ: Ի վերջոյ, նա կարող էր պատմել, թէ ինչպէս զոհուեց վաշտի հրամանատար աւագ լէյտենանտ Մուսայէլեանը, երբ շարքային Սարօ Առաքելեանի հետ իրեն դուրս էին բերում թշնամու քթի տակից: Սարոն ինչպէ՞ս կրակի տակ միայնակ մինչեւ խրամատ քարշ տուեց իր արնահոսող մարմինը: Նա կարող էր պատմել, որ գլխի մէջ արկի բեկոր կայ, որ բժիշկները վախենում են վիրահատել, որովհետեւ միլիմետրերի տեղաշարժն իր կեանքը կը վտանգի: Նա ուզում էր պատմել, որ ամեն օր կամ օրը մէջ նոյն երազն է տեսնում, որ ինքը դաւաճանաբար փախչում է, որովհետեւ այնտեղ՝ սահմանին մենակ է թողել Սարոյին, իր մարտական ընկերոջը: Բայց ոչ մի ծպտուն չհանեց, որովհետեւ չէր ուզում վերյիշել այդ օրերը: Երեք ամիսը շատ քիչ ժամանակ էր, որ կորուստների մրմռացող վէրքը սպի դառնար, որ չկրկնուէր վախից առաջացած փորացաւն ու սրտխառնոցը, որ յուշերի ամբարից վանէր թէ իւրայինների, թէ թշնամու թափուած փորոտիքի պատկերները:
Չէր ուզում պատմել, որովհետեւ ջղային ու հայհոյախօս ուղեւորը կը մտածէր, թէ հերթական գլուխգովան տաքսիստն է: Նրանք՝ տաքսիստները, ասես ամաչում են, որ այլ գործի չեն ու առասպելներ են յօրինում իրենք իրենց մասին: Ինքը միայն մի բանից է ամաչում, որ Սարոն դիրքերում է, ինքը՝ ոչ:
Այ, շինանիւթի խանութի մասին ամաչում էր պատմել: Ոչ կուրսեցիները, ոչ մայրն ու քոյրը, ոչ էլ նոյնիսկ Սեդան հաստատ չգիտէին, թէ ինչ էր աշխատում այդ հսկայական շինմարկետում:
Իր վաստակը վաճառուած զուգարանակոնքերի քանակից էր կախուած: Հոսպիտալից դուրս գրուելուց օրեր անց աշխատանքի յայտարարութիւնը կարդաց ու դիմեց, բայց մէկ ամիս հազիւ դիմացաւ: Տնօրէնն ամեն շաբաթ պատճառ էր գտնում աշխատածը կիսատ տալու:
Իսկ երբ գիւղացի ամուսինները կոտրեցին զուգարանակոնքի կափարիչը, նա հասկացաւ, որ այս ամիս էլ գրոշներ է ստանալու եւ հեռացաւ: Տղամարդն առհասարակ դէմ էր որեւէ տիպի զուգարանակոնք գնելուն ու համոզում էր կնոջը, որ ինչպէս առաջ, շարունակեն միայն այգու փայտաշէն զուգարանի մէջ պպզելով բաւարարուել: Կինը կանգ էր առել ամենաթանկի վրայ: Նա իր հաստ յետոյքով այնքան նստեց ու ելաւ, այնքան շուռումուռ եկաւ փակ զուգարանակոնքի վրայ, որ կափարիչը ճտճտալով մի քանի կտոր եղաւ:
Պատուէրն աւարտելու մասին ռադիոկապով զեկուցելուց յետոյ Արտակը Կոնդի եկեղեցու կողքով, կենտրոնական փոստատան նեղ ճանապարհով իջաւ Սարեան փողոց, հասցրեց իր սիրելի հաւի շաուրմա գնել եւ ծամելով՝ յաջորդ պատուէրն ընդունեց:
Աւտոկայանից դէպի Շահումեանի գերեզմանատուն շտապող տղամարդը ծանօթ էր: Հօր հետ երկու անգամ իրենց տուն էր եկել: Նոյն արհեստն ունէին ու խոպանում էին ծանօթացել: Նրա քէֆը լաւ էր, այդ պատճառով գուցէ չճանաչեց Արտակին: Ինքն էլ չուզեց յիշեցնել: Տղամարդը թռել եկել էր Ռուսաստանից, որ քրոջ ամուսնու թաղմանը մասնակցի, բայց ուշանում էր: Արտակը սովորականից աւելի արագ էր քշում, միայն արագաչափ սարքերին հասնելով՝ փոքր ինչ գցում էր թափը:
Երբ ուղղաթիռով Երեւան տեղափոխուելուց երեք օր անց բացեց աչքերն ու գլխավերեւում կանգնած մարդուն տեսաւ՝ դժուարութեամբ ըմբռնեց, որ հայրն է: Այնքան էր ծերացել այդ մէկ տարում, կամ լուրն առնելու երկու օրում, որ անճանաչելի էր դարձել: Թէեեւ պարբերաբար փող էր ուղարկում, բայց ինքը դրանց դեռ մատով չէր դիպել: Անմաքուր բան կար ռուսական ռուբլու մէջ. միայն որդին գիտէր, որ նա այնտեղ էլ աղջիկ ունի: Զգուշացաւ յիշեցնել, թէ ով է. չէր բացառում, որ նա հօր մասին աւելի տհաճ բաներ կը պատմի:
Յաջորդ երկու պատուէերները նուազագոյն էին, վեց հարիւրական դրամ՝ քաղաքի կենտրոնում: Յետոյ Կինոհայրենիքից մի զոյգի Զուարթնոց օդակայան տարաւ: Նոր էր ուղերթն աւարտել, որ քոյրը զանգեց: Յայտնաբերել էր, որ մօր դեղերը վերջացել են:
— Շտապ չի, էնքան որ մինչեւ ութը հասցնես, — ասաց:
Գրպանից հանեց վաստակածը, նախորդ օրուանից էլ մնացել էր: Դեղերին հերիքում էր, մի բան էլ շատ էր: Մինչեւ եօթը՝ այսինքն Սեդային հանդիպելը, դեռ երկու ժամ կար, կարելի էր մի քանի հազար էլ աշխատել, որ սրճարանում չխեղճանար, չնեղուէր:
Դեղատանն էր, որ դասակի հրամանատարը զանգեց.
— Դեռ էստե՞ղ ես: Որ ձայն չհանեցիր, մտածեցի՝ արդէն Գերմանիայում ես:
— Չէ, փողը չի հաւաքւում: Ի՞նչ ձայն հանէի:
— Ուրեմն ոչինչ չե՞ս իմացել:
— Ի՞նչ նկատի ունես, արագ ասա, մի ծամծմի: Սարո՞ն:
— Չէ, Սարոն չէ, Վաղինակը:
Երկուսն էլ մէկ րոպէ ոչինչ չէին խօսում: Յետոյ Արտակը հարցրեց.
— Ե՞րբ:
— Երկու օր առաջ:
— Դիվերսիոն խու՞մբ:
— Չէ, սնայպեր, եօթին հոգեհանգիստն ա:
— Զէյթու՞ն:
— Հա, Սիթիի յետեւի շէնքն ա:
— Գիտեմ տեղը: Կը գամ:
Արտակն արդէն մեքենայի մէջ էր, որ աշխատակցուհին դեղերի տոպրակը ձեռքին վազելով եկաւ.
— Լաւ էր՝ շուտ նկատեցի, մոռացել էիք:
Յետոյ նոյն տեղում գլուխը ղեկին, ննջել էր, որ իր տարիքի մէկը բացեց դուռն ու գրեթէ աղերսեց.
— Ախպերս, շուտ, շատ եմ խնդրում, արագ ինձ Կիեւեան կամուրջ հասցրու:
— Հօ մտքիդ ախմախ բան չե՞ս դրել(*), — հարցրեց մինչեւ կամրջին մօտենալը:
— Չէ, ես չէ: Իմ պատճառով՝ մի աղջիկ: Մենակ թէ չուշանամ:
Ուշացել էր: Աղջկան պատահական անցորդներն ու երկու ոստիկաններն էին փրկել: Նա հինգհազարանոցը նետեց նստատեղին եւ առանց մանրի սպասելու՝ վազքով մօտեցաւ շտապ օգնութեան մեքենային:
Արտակը սպասեց մինչեւ խցանումի մէջ յայտնուած մեքենաներն իրենց վրայ օգտակար կամ անպէտք բեռ առնելով՝ մրջիւնների պէս ցրուեցին, ու կամուրջը դատարկուեց: Յանկարծ գլխի մէջ ճտճտոց լսեց: Ասես իր գանգի մութ խորշերում, իրենից հեռու-հեռու մի տեղ հրավառութիւն էր: Ուղեղը նվաց: Յիշեց բժշկի խօսքը. «Եթէ գլխիդ մէջ կրակոցի նման բաներ սկսուեն, ուրեմն շտապ հիւանդանոց հասիր, նշանակում է շարժւում ա, էլ աջուձախ չենք նայի, կը վիրահատենք»:
Երբ ճարճատիւնը մի քիչ մեղմացաւ, Արտակն իջաւ մեքենայից, երերալով քայլեց երեսուն-քառասուն քայլ, անցաւ կամուրջը եզերող մետաղեայ ճաղերի արանքով, նստեց պռնկին ու ոտքերը կախեց ձորի վրայ:
— Հօ մտքովդ ախմախ բան չի՞ անցել, — հարցրեց ինքն իրեն:
Հեռախօսը զնգում էր ու զնգում: Թիկունքից ձայն լսեց.
— Արտակ, Արտակ:
Թեքուեց ու կամրջի վրայ խմբած մարդկանց տեսաւ՝ մայրն էր նրանց մէջ, քոյրն ու Սեդան, նոյնիսկ հայրն էր եկել հասել, Սարոն էր այնտեղ, աւագ լեյտենանտ Մուսայէլեանը, վիրաբոյժն ու զոհուած Վաղինակը:
«Հիմա, հիմա կ՚անցնի, կամաց-կամաց կ՚անցնի ու դու կը քնես… կը քնես…կը քնես…»:
Նրանք բոլորը խնդրում էին՝ Արտակ, հետ արի:
— Չէ, նահանջել չկայ, մօր քֆուր ենք կերել, — գոռաց բարձրաձայն:
Վճիռ կայացրած ոտքի կանգնեց, բայց այդ պահին էլի մի ձայն լսեց, որ աւելի կարեւոր էր, քան երդումը, աւելի անմերժելի, քան հայհոյանքի պարտադրանքը.
— Քեյի, արի, քեյի:
Երեւան
*) Երեւանի Կիեւեան կամուրջը հանրայայտ է որպէս անձնասպանութեան համար նախասիրուած վայր։
(granish.org)