ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՍԻՐԵԼ ՉՀԱՍՑՐԵՑ

ՎԱՐԴԻՆԷ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Երկրաշարժին յաջորդեց պատերազմը, մութը, ցուրտը, սովը… Նաւթէ պատրոյգով լամպի թանձր լոյսը միշտ թեւածում է մեր յիշողութեան մէջ… Պատերազմ էր, մեր հայրերը, առաւօտ կանուխ արտասովոր համազգեստը հագած, համբուրեցին մեր ճակատները ու մեկնեցին ռազմաճակատ: Մենք քնած էինք ձեւանում, բայց մինչեւ հիմա պարզորոշ յիշում ենք այդ համազգեստի կոշտ հպումը, նրանց ուսից կախուած ինքնաձիգի մետաղէ հոտը եւ զինուորական սապոգներից կոշտացած նրանց հեռացող քայլքի ձայնը…
Մեր լուսաբացները չարագոյժ թանձրութիւն ունէին: Մենք զգում էինք, որ այլեւս երբեք չեն կրկնուի մեր հայրերի հետ անհոգ երեկոները վառարանի տաքուկ անկիւնում նստած:
Դասերը մենք սովորում էին նաւթէ պատրոյգով լամպի աղոտ լոյսի ներքոյ, այնուհետ անքուն գիշերներին մեզ ուղեկցում էր մեր հայրերին այլեւս երբեք չտեսնելու աննահանջ վախը:
Մեր երազները գունեղ ու հեքիաթային չէին, դրանք պարզորոշ արտացոլանքն էին մեր մանկութեան, պատանեկութեան տարիների: Մենք սարսափահար փախչում էինք մեզ հետապնդող թշնամուց եւ հեւասպառ վեր թռչում: Անկողնուն յարող պատը սառն էր, խոնաւ, ինչպէս վախից կլորացած մեր աչքերը:
Մեր սերունդը կարճատես դարձաւ` նաւթէ պատրոյգով լամպի թանձր լոյսի ներքոյ «Վարդանանք» ու «Սամուէլ», «Գէորգ Մարզպետունի» ու «Մթնաձորի չարքը» կարդալով:
Յաճախ մեր առջեւ դրուած գրքի միեւնոյն տողերը կարդում էինք մի քանի անգամ, քանզի մտքերով այն հեռւում էինք, որը կռուի դաշտ էին կոչում:
Մենք տեսնում էինք անծայրածիր դաշտերի հողափոր դարուփոս ճանապարհներով տարուող հրանօթները, որոնք ամրացուած էին զինուորական մեծ մեքենաներին: Յաճախ հրանօթների երկար փողերը ծածկուած էին կանաչ ճիւղերով, իսկ քարշակների վրայ թափուած էին խիտ տերեւներով կանաչ ճիւղեր: Մեր սիրտը գուժում էր չարաբաստիկ մի աղէտ:
Պատերազմը սկսուել էր: Մեզ թշնամուց տարանջատող, հեկտարներով ձգուող խաղողի անծայրածիր այգիները ամիսների ընթացքում դալկացան ու մերկացան: Ամենուր տեսնում էինք թշնամու արձակած արկի պայթիւններից գոյացած մեծ փոսեր, այրուած տարածքներ, կիսաւեր տներ:
Դէպի հեռուները ձգվող խաղողի երբեմնի բերրի այգիները պատերազմի պատճառով այլեւս չէին մշակւում, երբեմնի պտղաբեր որթերը լերկ էին ու գորշ փայտերի էին նմանուել:
Փողոցով անցնում էին ծանր բեռնատարներ, որոնք, գորշ մոմլաթով ծածկուած, զինամթերք էին տանում: Նրանցից յետոյ մնում էր փոշին, որ բարձրանում էր վեր, անէանում օդում: Սարերից այն կողմ կռիւ էր, ու գիշերները մենք պարզորոշ տեսնում էինք հրանօթների արկերի բռնկումները: Մարդիկ անհամբեր սպասում էին մեր հրետանու կրակին, որ գոնէ ժամանակաւորապէս լռեցուէր թշնամու կրակակէտը: Մենք լսում էինք տարօրինակ մի ֆշշոց, ու տարեցներն ասում էին.
— Մեր հրետանին է, ձեր ձեռքերին մատաղ, տղե՜րք:
Իսկ երբ բարձունքից իջնում էին դիրքապահները, մարդիկ ընդառաջ էին գնում, երեխաները ջուր էին լցնում, որ նրանք լուացուեն, իսկ տարեց կանայք իրենց ունեցածը հիւրասիրում` օրհնելով նրանց դիպուկ կրակը:
Մենք ապշահար նայում էինք միագոյն գորշ համազգեստով, ինքնաձիգներն ուսերին գցած, գօտիներից կախած կաշուէ փամփշտակալներով եւ այնքան երազկոտ հայացքներով երիտասարդներին: Ի՞նչ իմանայինք, որ նրանցից շատերին վերջին անգամ էինք տեսնում…
Մեր սերունդը սիրել չհասցրեց, քանզի մեր բաժին տղաները մնացին հեռւում, այնտեղ, որտեղից ետ չդարձան: Մեր արցունքները ողողեցին ռազմաճակատից բերուած նրանց անշնչացած, յաճախ անճանաչելի դարձած աճիւնները եւ ուղեկցեցին դէպի երկնքի արքայութիւն: Նրանց սխրանքի պատմութիւնը ողջ կեանքում ուղեկցեց մեզ ու թոյլ չտուեց գտնուել տկարամարմին ու վախկոտ տղուկների կողքին:
Մեր սերնդի իդէալը նրանք էին, ովքեր կէս ճամբին թողեցին մեզ արցունքն աչքերին ու էլ ետ չեկան:
Տարիներն անցան սպասելով, մենակութեան հետ, ինչպէս ինքներս մեզ հետ հաշտ ու համերաշխ, համակերպուած ապրելով: Մեր հանգստեան օրերը ցոփ ու շուայտ գինարբուքների սեղանի շուրջ չանցան, այլ Եռաբլուրի սառը շիրմաքարերի մօտ նստած, երկար մտորելով:
Ազգի սերուցքն այնտեղ էր, նրանց չբացուած լուսաբացների մասին մտորելով մեր սերունդը մի ողջ կեանք ապրեց… Ու չհամակերպուեց այն իրականութեան հետ, որ նրանք իրենց կեանքը զոհեցին յանուն մեր խաղաղ այգաբացների, իսկ ինչ-որ տմարդի տղուկներ կարող էին մթագնել մեր լուսաբացները մեզ պատճառած արցունքներով… Մեր սերնդի շատ կանայք նախընտրեցին մենակ մնալ:
Մեր սերունդը չհասցրեց սիրել, քանզի մեր սիրուն արժանի տղամարդիկ էլ չգտանք: Մեր սերունդը նախընտրեց սրտի մի մութ անկիւնում յաւերժ պահել նրանց լուսաւոր յիշատակը:
Առաւել համարձակները նախընտրեցին սոսկ ամուսնանալ, որ իրենց որդիներին նրանց անուններով անուանակոչեն ու պահ տան սերունդներին նրանց սխրանքի պատմութիւնը:
Բայց սիրել չհասցրեցինք…

«Երկիր», 11 մարտ 2020

One Reply to “ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՍԻՐԵԼ ՉՀԱՍՑՐԵՑ”

  1. Շնորհակալութիւն սիրելի Վարդինէ, արցունքոտ աչքերով եւ հուզուած հոգիով կարդացի մտաբերելով ազատամարտիկներն ու իրենց ընտանիքներուն կեանքը, որ այդչափ նրբորեն ներկայացուցեր ես գրութեանդ մէջ:

Leave a Reply to Սօսի Գեւոնեան Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *