1994. Ծաղկած խրամատներ — Դ.

Մ.

— Մա՛մ, իսկ պապան ե՞րբ կը գայ:
— Երբ յաղթի եօթ գլխանի վիշապին, կը գայ:
— Մա՛մ, ես գիտեմ, թէ ինչու է վիշապն ուզում մեզ
սպանել: Ասե՞մ:
— Հա:
— Որովհետեւ վիշապ է: Եթէ մարդ լինէր, չէր ուզի:
— Հա՛, ճիշտ ես, որովհետեւ վիշապ է…

1994թ. Արցախ

Սա ազատամարտիկի օրագրի վերջին էջն է, դրանից յետոյ չունի գրառումներ: «Քանի դեռ պատերազմը շարունակում է քայլել մեր կողքով, էլի գրառումներ կ՚անեմ. իմ կռիւը դեռ չի աւարտուել», — ասում է խորիմաստ ժպիտով, իսկ ես յետոյ իմանում եմ, որ 2016-ի ապրիլին առաջին կամաւորներից էր, ով առանց երկմտելու գնաց սահման…

Continue reading “1994. Ծաղկած խրամատներ — Դ.”

1994. Ծաղկած խրամատներ — Գ.

Մ.

Աղջիկը հիւսում է երկար մազերը եւ սրտատրոփ սպասում փեսայի գալուն: Մի քանի ժամից ճերմակ զգեստ կը հագնի: Պատերազմ եւ հարսանիք. այդ օրերին ամեն բան համատեղելի էր: Մայրը օրհնում է աղջկան: Հարսանքաւորներն ուշանում են: Մէկը հեւիհեւ ու գլխիկոր լուր է բերում. «Զոհուել է…»:
1994թ. Արցախ

Չգիտեմ դուք է՞լ էք նկատել, թէ՞ չէ, բայց պատերազմի տարիներից մեզ հասած լուսանկարներում տղաներն այնքան մեծ ու հասուն են երեւում, նրանց աչքերում այնքան իմաստնութիւն կայ, այնքան կեանք կայ, այնքան հաւատ ու կամք, որ թւում է՝ մի ամբողջ կեանք են ապրել։ Այնինչ, նրանցից շատերը տասնութ-քսան տարեկան անգամ չկային, նրանցից ոմանք էլ դպրոցական նստարանը փոխարինեցին խրամատով։ Նրանք մտածում, երազում էին կեանքի մասին՝ չխնայելով սեփական կեանքը։ Նրանց աչքերը անեզր հովիտներ էին, ուր բողբողջում էին երազանքի ծաղիկները։ Այդ ծաղիկները պիտի բացուէին արեւի հայեացքի ներքոյ, բայց շատերն այդպէս էլ չհասցրին բացուել… Նրանց չբացուած ծաղիկների փունջը այսօր մեր ձեռքերում է, ու մենք պէտք է խնամենք, ջրենք, կեանք տանք նրանց, որ մեր, հէնց մե՛ր ձեռքերում բացուեն, ծաղկեն երազանքները՝ վաղուայ ծաղիկները…
Բարեւ տղերք, այսօր գարնան սովորական մի օր է, գո՞ւցէ ձեզանից շատերն այսօր են ծնուել, գո՞ւցէ ձեզանից շատերի զաւակներն այսօր են ծնուել, գո՞ւցէ ձեզանից ոմանց զաւակներն այսօր պիտի ծնուէին, կամ էլ՝ տեսնես հայի օջախում քանի՞ զինուոր ծնուեց այսօր… Ես կը գրեմ, անպայման կը գրեմ ձեզ, երբ աւարտուի ձեր յաղթած, բայց անաւարտ այս պատերազմը…

Խմբագիր

ԿՐԱԿԻ ՈՒ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԻՋԵՒ

Մեր «վագոնչիկի» կողքով ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել, ամենաուրախ «վագոնչիկն» էր: Մտնողի համար այնքան էինք կատակներ անում, որ ականջներում հարսանիք էր սկսւում: Continue reading “1994. Ծաղկած խրամատներ — Գ.”

1994. Ծաղկած խրամատներ — Բ.

Մ.

Շտապ օգնութեան մեքենան կանգ առաւ գիւղամիջում:
Մայրը երեխային ասաց. «Մի տես էն ի՞նչ մեքենայ է»:
Երեխան վազեց եւ յետ եկաւ, սարսափած նայեց մօր աչքերին ու ասաց.
«Մա՛մ, ես լսեցի, մեքենայի մէջ պապային են բերել… սպանուած»:
1994թ. Արցախ

Շարունակում եմ ընթերցողին ներկայացնել ազատամարտիկի յուշագրութիւնը, եւ եթէ դու, ընթերցող, տեսել ես պատերազմը, ուրեմն՝ դու էլ ես սրտով զգում ու շօշափում այս պատմութեան զարկերակը…
Պատերազմի անցած տեղերում ամայութիւն է մնացել: Այդ տեղերը մարդկանց սրտերում են, ոչ թէ հողի վրայ: Կիսատ մնացած մանկութեան, սիրոյ, երջանկութեան, երիտասարդութեան, անաւարտ երազանքների դժգոյն կերպարանքներ են թափառում այդ վայրերով, բայց մարդը չի հաշտւում, նա շարունակում է պայքարել պատերազմի թողած դատարկութեան դէմ, շարունակում է ապրել՝ հաւատալով, որ իր հոգու խրամատներում անպայման մի օր ծաղկելու են մանուշակները…

Խմբագիր

Բ. մաս
ՄԱՀՈՒԱՆ ՀԵՏ ԿԱՏԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Մեր՝ իմ, Դաւիթի, Արտիկի, Վալերիկի, Արտուրիկի ընկերութիւնն ամրացաւ կռիւներում: Մենք գիտէինք՝ իրար թիկունք ենք: Դէ, բացի այդ էլ, բոլորս էինք իրար թիկունք, որովհետեւ քիչ էինք ու հասկանում էինք՝ եթէ իրար թիկունք չլինենք, պատերազմը մեզ մէկ-մէկ կը պոկի, դէն կը շպրտի՝ առանց ափսոսանքի:

Continue reading “1994. Ծաղկած խրամատներ — Բ.”

1994. Ծաղկած խրամատներ

Մ.

Հազիւ վեց տարեկան տղան հօր հետ քայլելիս հարցնում է.
— Պա՛պ, եթէ բոլորը մեռնում են, ախր ինչու՞ ենք ծնուել…
1994թ. Արցախ

Եւ ահա ձեռքիս է ազատամարտիկի օրագիրը: Նա ինձանից մեծ է 18 տարով, բայց ես նրան ընկեր եմ համարում, որովհետեւ ազնիւ մարդիկ այսօր շատ քիչ են, իսկ այդ քչերի հետ ես աշխատում եմ ընկերութիւն անել: Նրա երիտասարդութիւնը, ինչպէս եւ շատերինը, «ծաղկել է» խրամատներում, բայց նրա համար այդ տարիները ոչ թէ կորցրած, այլ գտած տարիներ են: Հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում է՝ երեւի բառապաշարս չհերիքի պատասխանել, այդ տարիները պէտք է պարզապէս ապրել, զգալ…

Continue reading “1994. Ծաղկած խրամատներ”