1994. Ծաղկած խրամատներ — Գ.

Մ.

Աղջիկը հիւսում է երկար մազերը եւ սրտատրոփ սպասում փեսայի գալուն: Մի քանի ժամից ճերմակ զգեստ կը հագնի: Պատերազմ եւ հարսանիք. այդ օրերին ամեն բան համատեղելի էր: Մայրը օրհնում է աղջկան: Հարսանքաւորներն ուշանում են: Մէկը հեւիհեւ ու գլխիկոր լուր է բերում. «Զոհուել է…»:
1994թ. Արցախ

Չգիտեմ դուք է՞լ էք նկատել, թէ՞ չէ, բայց պատերազմի տարիներից մեզ հասած լուսանկարներում տղաներն այնքան մեծ ու հասուն են երեւում, նրանց աչքերում այնքան իմաստնութիւն կայ, այնքան կեանք կայ, այնքան հաւատ ու կամք, որ թւում է՝ մի ամբողջ կեանք են ապրել։ Այնինչ, նրանցից շատերը տասնութ-քսան տարեկան անգամ չկային, նրանցից ոմանք էլ դպրոցական նստարանը փոխարինեցին խրամատով։ Նրանք մտածում, երազում էին կեանքի մասին՝ չխնայելով սեփական կեանքը։ Նրանց աչքերը անեզր հովիտներ էին, ուր բողբողջում էին երազանքի ծաղիկները։ Այդ ծաղիկները պիտի բացուէին արեւի հայեացքի ներքոյ, բայց շատերն այդպէս էլ չհասցրին բացուել… Նրանց չբացուած ծաղիկների փունջը այսօր մեր ձեռքերում է, ու մենք պէտք է խնամենք, ջրենք, կեանք տանք նրանց, որ մեր, հէնց մե՛ր ձեռքերում բացուեն, ծաղկեն երազանքները՝ վաղուայ ծաղիկները…
Բարեւ տղերք, այսօր գարնան սովորական մի օր է, գո՞ւցէ ձեզանից շատերն այսօր են ծնուել, գո՞ւցէ ձեզանից շատերի զաւակներն այսօր են ծնուել, գո՞ւցէ ձեզանից ոմանց զաւակներն այսօր պիտի ծնուէին, կամ էլ՝ տեսնես հայի օջախում քանի՞ զինուոր ծնուեց այսօր… Ես կը գրեմ, անպայման կը գրեմ ձեզ, երբ աւարտուի ձեր յաղթած, բայց անաւարտ այս պատերազմը…

Խմբագիր

ԿՐԱԿԻ ՈՒ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԻՋԵՒ

Մեր «վագոնչիկի» կողքով ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել, ամենաուրախ «վագոնչիկն» էր: Մտնողի համար այնքան էինք կատակներ անում, որ ականջներում հարսանիք էր սկսւում:— Վերջին մարտերն են, տղե՛րք, մի լաւ քէֆ ենք անելու, յաղթանակի համը արդէն զգում եմ, — ասացի:
Ոչ ոք չէր կասկածում ասածիս, որովհետեւ բոլորն էլ նոյնն էին մտածում: Չգիտեմ, գուցէ դա շատ երազելուց էր, կամ էլ` իրօք զգում էինք, որ յաղթանակը մօտ է…
Գիշերը սովորականից մութ էր, երկար զրոյցից յետոյ լռութիւն տիրեց: Պէտք էր մի քիչ հանգստանալ, ուժ առնել վաղուայ համար: Մտքերս չէին թողնում քնել: Ես խոստանում էի ինքս ինձ, որ ամեն բան լաւ է լինելու, խոստանում էի, որ եթէ ողջ մնամ, այլ կերպ եմ ապրելու, պիտանի մարդ եմ դառնալու, այնպիսին, որ ծնողներս հպարտանան ինձանով:
Ինչպէս նշել էի, հրամանատարից ցուցում էինք ստացել`մարտի ժամանակ բոլորս պէտք է նոյն գոյնի հագուստով լինենք: Մեր վաշտից երկու հոգի` Արտուրն ու Ռուդիկը, հեռացուեցին շարքից, որովհետեւ նրանց հագուստը չէր համապատասխանում: Նրանք ընդդիմացան, վիճեցին, չէին ուզում գնալ, իրենք էլ էին ուզում մեզ հետ մասնակցել ռազմագործողութեանը, բայց դէ հրամանը հրաման էր: Միւսներս, նոյն գոյնի հագուստով, սպասում էինք նոր հրամանի:
— Գնացէք, լողացէք, — կատակեց տղերքից մէկը, — ի՞նչ գիտէք` գուցէ վիրաւորւում էք, որ մաքուր լինէք:
Ես էլ թէ.
— Չեմ լողանալու: Էդ անտէր գնդակը հօ լողացածներին չի՞ թողնելու, ինձ վրայ վազի…
Քրքջացինք:
Ապրիլի 12-ին կազմ ու պատրաստ սպասում էինք: Մեր վաշտը տեղաւորեցին տանկերի ու ՀՄՄ(*)-ների վրայ, որոնք պէտք է շարժուէին բոլորից առաջ: Մենք ընկերներով գտնւում էինք նոյն ՀՄՄ-ի վրայ, որի անձնակազմը բերդաշէնցի տղաներն էին: Ես հեշտօրէն կարդում էի տղաների աչքերը: Բոլորն այնքան մեծ ու հասուն էին երեւում, ասես` ջահել չէին. նրանց աչքերը կեանք տեսած մարդու աչքերի խորութիւն ունէին: Այդ աչքերը պարզապէս տեսնել է պէտք. նրանցում հազար երազանք կար ու բոլոր հազար երազանքներն էլ հնարաւոր չէր առանց խաղաղութեան…
Բամբասանքներն ասում էին, որ այս մարտը վերջին մարտն է լինելու, ու այդ լուրը շոյում էր բոլորիս երազանքները: Երեւի ընթերցողին կը թուայ, թէ մենք շատ անվախ էինք, կատակում էինք մահուան հետ եւ ահ ու սարսափ չունէինք: Բայց պէտք է հիասթափեցնեմ փոքր-ինչ` յիշեցնելով, որ մենք էլ միս ու արիւնից կազմուած սովորական մահկանացուներ էինք ու զուրկ չէինք նրան յատուկ յատկանիշներից: Հերոս չեն ծնւում, պատերազմն է ստիպում դառնալ այդպիսին: Պատերազմը ստիպում է զգալ հայրենիքի քաղցրութիւնը: Դու ծիծեռնակի պէս զգում ես, որ սա քո եւ միայն քո բոյնն է, ու ոչ ոք իրաւունք չունի քանդելու բոյնդ, խլելու ձագերիդ, անարգելու, այրելու… Մենք սովորական մահկանացուներ էինք, բայց ինքնավստահ էինք ու հաւատում էինք մեր կողքին կանգնած ընկերոջը, հրամանատարին, հասկանում էինք, որ մէկի տրամադրութիւնը փոխանցւում է միւսին, եւ արիանում էինք, գօտեպնդւում, հասկանում, թէ ինչ է «մարտական ոգի» կոչուածը…
Դեռ չէինք հասել մեր պաշտպանական դիրքերին, որտեղից պէտք է սկսէինք գործողութիւնը, երբ արդէն թշնամին սկսեց ցուցաբերել հրետանային բուռն դիմադրութիւն: Մեր վաշտը գումարտակի տղաներից առաջ էր անցել: Հրետանային անձրեւ էր: Մենք փորձում էինք բարձր պահել տրամադրութիւններս, նոյնիսկ երգում էինք, բայց հրետակոծութիւնն ուժեղանում էր, եւ մեր ՀՄՄ-ն կանգ առաւ. պէտք էր միառժամանակ պատսպարուել: Վարորդը տեխնիկան քշեց իբր աւելի ապահով տեղ, բայց կանգ առնելուն պէս` վրայ հասաւ թշնամու արկը: Իսկոյնեւեթ դուրս ցատկեցինք, պառկեցինք գետնին: Յետոյ փնտռեցինք իրար, գտանք: Այդ ամենը տեւեց ընդամենը մի քանի վայրկեան: Արկերը պայթում էին միասին կամ 1-2 րոպէ տարբերութեամբ, որոշներն էլ հէնց այնպէս ընկնում էին`առանց պայթելու, քարի պէս:
Երեսուն րոպէ անց պայթիւնի ձայները լռեցին: Բոլորս դեռ ողջ էինք: Տեղաւորուեցինք տեխնիկայի մէջ եւ առաջ շարժուեցինք: Րոպէներ անց հասանք այն դիրքերին, որտեղից որ պէտք է սկսուէր գրոհը: ՀՄՄ-ից ցատկելուն պէս` վազեցինք դէպի խրամատները: Այնտեղ մեզանից առաջ հասել էին եւ միւսները: Զգացինք, որ ծարաւ ենք: Տղաներից երկու հոգու մօտ կար միայն ջուր, պէտք է կում-կում խմէինք, որ հերիքէր: Խրամատում Արտիկի ջրամանից մի կում ջուր խմեցի: Ունէինք նաեւ մէկ ծամօն, որը կիսեցինք երկու մասի եւ հերթով սկսեցինք ծամել, որպէսզի փոքր-ինչ մոռանանք ծարաւի մասին: Ինչեւէ, դա այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը յետոն է…
Տանկերն առաջ էին անցել` ականապատուած դաշտում բացելով ճանապարհը, հետեւակը գնում էր տանկերի հետեւից: Թշնամին հեռուից նկատեց մեր առաջխաղացումը եւ սկսեց հակայարձակման անցնել: Մերթ վազում, մերթ պառկում էինք ռմբակոծութեան տակ: Մենք եօթ հոգով իրարից չէինք բաժանւում. պայմանաւորուել էինք կողք կողքի լինել մինչեւ վերջ:
Երբ հասանք գիւղով անցնող ջրատարներին, որոնք համարեա թէ խրամատի չափ էին, կանգ առանք, երկայնքով մէկ շարուած`սպասեցինք յաջորդ հրամանին: Ծամօնը փարատում էր ծարաւներս: Չէ, ոչ միայն ծամօնը, նաեւ` կատակները:
— Արա, ո՞վ է ուզում մի նկար ցոյց տամ, — յանկարծ լսուեց Արտիկի ձայնը:
Նկար, ի՜նչ նկար, մի քանի սիրուն աղջիկներ էին: Թափուեցինք Արտիկի գլխին, որ տեսնենք նկարը: Բայց Արտիկը փոշմանեց, փորձեց թաքցնել նկարը:
— Ցոյց տուր, թէ չէ, եթէ վիրաւորուես` չենք օգնի, — կատակեց տղերքից մէկը:
— Լա՜ւ, լա՜ւ, ցոյց կը տամ, միայն թէ մէկ-մէկ մօտեցէք:
Ինչ մէկ-մէկ, նորից չտեսի պէս թափուեցինք խեղճի վրայ: Նեղացաւ: Փոշմանեց:
— Ամօթ ձեզ, ես լաւ բան էի ուզում անել ձեզ համար…
Չեմ յիշում տղերքից ով էր, յանկարծ հարցրեց.
— Տղերք, մի բան հարցնեմ՝ անկեղծ պատասխանէք. ձեզանից որեւէ մէկը կա՞յ, ով էս խառը վիճակում հասցնում է աղջկայ մասին մտածել:
Ծիծաղեցինք:
— Ես լուրջ բան եմ ասում: Եթէ էս րոպէին մէկնումէկի սեռական զգայարանները աշխատելիս լինեն, ինչ ուզում էք ասէք:
— Լաւ, ամօթ է, ձէններդ կտրէք, — ասաց Մհերը:
Ես մտքիս մէջ կառուցեցի մի աղջկայ դէմք: Երբ վերջին անգամ հանդիպել էի նրան, խորհել էի ամուսնութեան մասին: Հասկացայ` ուզում եմ պատերազմն աւարտուի, շատ եմ ուզում…
Մհերին յաջորդեց հրամանը. «Վեր կացէք, տղերք, առա՜ջ»:
Մենք նորից քայլում էինք տանկերի բացած ճանապարհով: Թշնամու դիմադրութիւնը նուազում էր կարծես: Տեսնում էինք, թէ ինչպէս են փախուստի դիմում: Երբ հասանք թշնամու առաջին խրամատներին, արդէն մարդ չկար այնտեղ: Վառարանին դրուած էր տաք կերակուրը, զէնքերը նետուած էին գետնին. անամօթները փախել էին:
— Թո՜ւ, բա դուք տղամարդ էք, — ասաց մեզանից մէկը:
— Զէնքն էլ են թողել, հագուստն էլ, ծխախոտն էլ եւ շատ ուրիշ բաներ, — ասաց միւսը:
Գործը լաւ էր ընթանում: Մենք ահագին առաջ էինք անցնում, զոհեր չունէինք, թէեւ ադրբեջանցիների հրետանին շարունակում էր կրակ թափել. միայն չգիտեմ, թէ ինչո՞ւ շատ արկեր չէին պայթում:
Հասանք Գիամաթլու գիւղի մօտերքը: Հետեւակը կանգ առաւ, դիրքաւորուեց գիւղի մօտ գտնուող ջրանցքում: Ջրանցքի յետեւի մասում կանգնած էր մեր զրահատեխնիկան` կրակելով թշնամու յենակէտերին: Չգիտեմ, թէ ով՝ յանկարծ գոռալով մօտեցաւ.
— Թուրքե՜րը, թուրքե՜րը մօտենում են աջ կողմից:
Հեռւում երեւաց մեծաքանակ ամբոխը, որ դէպի մեզ էր շարժւում…
(Շարունակելի)
Օրագիրը խմբագրեց Հերմինէ Աւագեանը
*) ՀՄՄ — Հետեւակի մարտական մեքենայ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *