1994. Ծաղկած խրամատներ — Բ.

Մ.

Շտապ օգնութեան մեքենան կանգ առաւ գիւղամիջում:
Մայրը երեխային ասաց. «Մի տես էն ի՞նչ մեքենայ է»:
Երեխան վազեց եւ յետ եկաւ, սարսափած նայեց մօր աչքերին ու ասաց.
«Մա՛մ, ես լսեցի, մեքենայի մէջ պապային են բերել… սպանուած»:
1994թ. Արցախ

Շարունակում եմ ընթերցողին ներկայացնել ազատամարտիկի յուշագրութիւնը, եւ եթէ դու, ընթերցող, տեսել ես պատերազմը, ուրեմն՝ դու էլ ես սրտով զգում ու շօշափում այս պատմութեան զարկերակը…
Պատերազմի անցած տեղերում ամայութիւն է մնացել: Այդ տեղերը մարդկանց սրտերում են, ոչ թէ հողի վրայ: Կիսատ մնացած մանկութեան, սիրոյ, երջանկութեան, երիտասարդութեան, անաւարտ երազանքների դժգոյն կերպարանքներ են թափառում այդ վայրերով, բայց մարդը չի հաշտւում, նա շարունակում է պայքարել պատերազմի թողած դատարկութեան դէմ, շարունակում է ապրել՝ հաւատալով, որ իր հոգու խրամատներում անպայման մի օր ծաղկելու են մանուշակները…

Խմբագիր

Բ. մաս
ՄԱՀՈՒԱՆ ՀԵՏ ԿԱՏԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Մեր՝ իմ, Դաւիթի, Արտիկի, Վալերիկի, Արտուրիկի ընկերութիւնն ամրացաւ կռիւներում: Մենք գիտէինք՝ իրար թիկունք ենք: Դէ, բացի այդ էլ, բոլորս էինք իրար թիկունք, որովհետեւ քիչ էինք ու հասկանում էինք՝ եթէ իրար թիկունք չլինենք, պատերազմը մեզ մէկ-մէկ կը պոկի, դէն կը շպրտի՝ առանց ափսոսանքի:

Փետրուարի 11-ին արդէն գնդում էինք: Մեզ միացան նաեւ գնդի տարբեր գումարտակներից եկած զինուորներ: Գնդի հրամանատար Նելսոնը խօսեց մեզ հետ, բացատրեց մեր գործունէութիւնը, ոգեւորեց կարգին, անպայման շեշտեց, որ «Լոխ լեաւ ա» լինելու եւ ծանօթացրեց վաշտի հրամանատար Գարիկի հետ: Ցրուեցինք: Դեռ շատ բան խորթ էր, փորձում էինք տեղներս գտնել: Պիտի տեղաւորուէինք, բայց դեռ ոչինչ չկար տեղաւորուելու համար, երկաթէ մահճակալներ պիտի բերէին, սակայն ուշանում էին: Պատահական մտայ առաջին «վագոնչիկ»(*) եւ այնտեղ հանդիպեցի հեռաւոր բարեկամիս: Վերջինս ասաց, որ կարող ենք այդ վագոնչիկում տեղաւորուել: «Արքայական տեղ է, համ էլ, որ շատ լինենք, տաք կը լինի», ծիծաղեց: Դուրս եկայ, տղաներին ասացի, որ լաւ տեղ ունենք գիշերելու համար: Մեզ միացան նաեւ Գիշի գիւղից մի քանի հոգի: Յաջորդ օրը հրամանատարը հաստատեց, որ դա արդէն մեր մշտական քնելու տեղն է լինելու: Մենք արդէն հասցրել էինք յարմարուել «արքայական տեղին», եւ այն արդէն ամենատաք տեղն էր թւում փետրուարեան ցրտին:
Վագոնչիկում մի ազատ մահճակալ էր դրուած, որտեղ ոչ մէկը իրաւունք չունէր պառկելու, դա գիշեցի Արայիկի տեղն էր, նա նոր էր զոհուել, եւ ամեն անգամ, երբ զրուցում էինք, թւում էր՝ նա իր տեղում նստած է, ներկայ է… Ոչ ոք իրաւունք չունէր կասկածելու նրա ներկայութեանը:
Մենք արդէն յարմարւում էինք իրար, ու մէկ-մէկ թւում էր՝ բոլորս նոյն մօրից ենք, նոյն տնից ենք էստեղ եկել: Յստակ օրակարգ կար. առաւօտ շուտ լուացւում էինք, եղած-չեղածով նախաճաշում, մաքրութիւն անում, փայտ հաւաքում, սպասում տագնապի հրամանի եւ այլն: Մեզ նաեւ նոր զինուորական համազգեստներ էին տուել (ինձ թւում է՝ դա աշխարհի միակ հագուստն է, որ բոլորին սազում է)… Բայց ես կարօտում էի դիրքի կեանքը, դիրքում ո՜վ էր շոր-մոր հանում, պառկում-քնում, մահճակալն էլ երանութիւն էր, իսկ այստեղ ուրիշ էր՝ գիշերը հանւում էինք, պառկում մարդավարի, թէկուզ յաճախ էր տագնապի ազդանշան լինում: Ես զգացի՝ տղերքն էլ են կարօտում դիրքը. երեւի հարմարուել էինք հողի հոտին, ձմռան քամուն, սառչելուն… Այստեղի տարբերութիւնը նաեւ այն էր, որ հասցնում էինք իրար հետ զրուցել, կատակներն էլ անպակաս էին:
10 օր էր արդէն գիւղ չէինք գնացել, ու ամեն մէկը ենթադրութիւններ էր անում: — Պատկերացնու՞մ ես էս նոր համազգեստով ու նոր աւտոմատներով, որ գիւղ մտնենք: Երեւի աղջիկները կը սիրահարուեն չէ՞, ախր էսպէս սիրուն դեռ չենք եղել կեանքներումս: Թազայ շորը լաւ բան է էլի՜… Համ էլ, մի քիչ գողական կը պահենք մեզ, — կատակեց Արտուրիկը:
— Որ մի մեքենայ էլ լինի, մի բարձրախօս էլ, իսկը գտած բան կը լինի, լրիւ ուրիշ «էֆեկտ» կը լինի, — հռհռաց Վալերիկը:
Բոլորս հռհռացինք:
— Հռհռացէք, քանի դեռ ապրում էք, — փիլիսոփայեց մէկ ուրիշը:


Հրամանատարութեան թոյլտուութեամբ յաջողուեց երկու օրով գիւղ գնալ, լողանալ վառարանի վրայ տաքացրած անմահական ջրով: Յետոյ իջայ գիւղամէջ: Ուզում էի ծայրից ծայր քայլել գիւղով, վազել, վազելիս մանկանալ, նորից խաղալ թաղի տղերքի հետ: Յիշեցի դպրոցական տարիներս, թէ ինչպէս էր մայրս ամեն անգամ ծնողական ժողովներից դժգոհ վերադառնում, որովհետեւ գնահատականներով չէի փայլում: Յիշեցի, որ երբեւէ մօրս ծննդեան օրուան նուէր գնած չկամ, ու սիրտս ճմլուեց, ուզեցի բարձրաձայն ներողութիւն խնդրել, բայց փոխարէնը բերանիցս դուրս թռաւ. «Մա՛մ, խոստանում եմ, որ ողջ-առողջ տուն կը գամ»: Քամին սուրաց ականջներիս տակ, ու ինձ թուաց մօրս ձայնը լսեցի. «Դա ինձ համար ամենամեծ նուէրը կը լինի…»:
Գիժ մանկութիւնս մնացել էր գիւղի անտառներում, սարերում, իսկ երիտասարդութիւնս մարտադաշտ էր վազում, թուրքի հախից գալ էր ուզում, երիտասարդութիւնս ժամանակ չունէր, շտապում էր, պատերազմ էր…
Գնդից մեքենայ ուղարկեցին մեր յետեւից, պէտք էր վերադառնալ: Անձրեւում էր: Օրը մռայլ էր, որոշեցինք երգել, տաքանալ, անձրեւն ու ցեխը արհամարհել: Մէկ էլ, Դաւիթն ինձ թէ.
— Պատկերացնու՞մ ես, դու էս կռւում զոհուես, բայց չկարողանանք վրադ լաց լինել, գանք ու սկսենք երգել, երգել հա՜ երգել:
— Ի՞նչ երգ էք երգելու, — կատակեցի ի պատասխան:
— Դէ ասա, որ իմանանք, քո ուզած երգերը երգենք:
Ծիծաղ: Այս յիմար կատակներն արդէն մշտապէս խառնուել էին մեր զրոյցներին, դարձել էին սովորական, որոշել էինք մահուան սպառնալիքին կատակով նայել:
— Իսկ եթէ ես զոհուեմ, ի՞նչ կ՚անես, — նորից յիմար հարցով ինձ նայեց Դաւիթը:
— Ես, Արտիկը, Վալերիկը ամեն օր կը գանք ձեր տուն, հօրդ հետ սեղան կը նստենք, ամեն օր կենացդ կը խմենք, կը ստիպենք, որ հայրդ էլ խմի: Կը պարենք ու կը ստիպենք, որ հայրդ էլ պարի, որովհետեւ դու հաստատ չես ուզի, որ մենք տխրենք, չէ՞:
— Այ դէ բո՜լ եղաւ, ինչքան տակից-գլխից դուրս տուեցիք, — մէջ մտաւ Վալերիկը, — էդ որ էդպէս հաւէսով մեռնում էք, գոնէ մի նորմալ նկար ունէ՞ք գերեզմանի քարի համար:
— Չէ, ես պիտի նկարուեմ, — քրքջում է Դաւիթը, — բայց ամենասիրուն նկարս կը դնէք, որ աղջիկների համար սիրուն մնամ, համ էլ՝ լացեն ինձ համար:
— Բայց չէ՞ք ջոկում, տղե՛րք, էս պատերազմը մեզ լրիւ լկստուած է սարքել, ինչ գլուխներս փչում է, խօսում ենք, — ասաց Վալերիկը:
Պէտք է բաժանուէինք գիւղից: Հրաժեշտի լռութիւն իջաւ մեր սրտերին: Յետոյ Դաւիթը մի յետադարձ հայեացք ձգեց դէպի գիւղը եւ ասաց.
— Մնաս բարո՜վ, գի՛ւղ, բայց մենք դեռ կը գանք, իմ տատիկ Աշխէնի արեւը վկայ:
Լուռ ժպտացինք, բայց հոգու խորքում բոլորս գիտակցում էինք, որ կարող է եւ ճիշտ հակառակը լինել:
— Ուրեմն, ես Ձեզ մի բան եմ պարտադրում, տղե՛րք, — խօսեցի ես, — եթէ յանկարծ ես զոհուեցի, ինձ հողին յանձնելու պահին «Լիզբոնի 5 տղաների երգը» կ՚երգէք, էլ ուրիշ բան պէտք չէ:
— Դու միայն զոհուիր, տես ո՜նց ենք երգելու, ձէններս գլուխներս գցա՜ծ, — ասաց Արտիկը:
Անձրեւը ողողում էր մեզ, ոտքներիս տակ ցեխը տխուր հառաչում էր…
Ոտքով պէտք է հասնէինք Հացի, այնտեղի տղերքի հետ սպասէինք մեզ տեղափոխող մեքենային:
Սկսեցի ֆիդայական երգեր երգել, տղերքն էլ ձայնակցում էին մէկ-մէկ, որ տողը որ յիշում էին:
Տղերքը յոգնել էին քայլելուց, բայց չէին բողոքում: Արտուրիկը յանկարծ յիշեց Աւոյի (Մոնթէ Մելքոնեան) խօսքերը:
«Երբ 1992-ին մեր գիւղացիները որեւէ մեքենայ կամ ռազմական տեխնիկայ էին ուզում Աւոյից, որով կարողանային հերթափոխի համար գիւղից հասնել Աւդալ-Գիւլաբլուի դիրքերը, Աւոն ծիծաղեց ու ասաց. “Լա՛ւ է, լա՛ւ է, երեւում էձեր ոտքերը ձիու ուժ ունեն, մի բողոքէք”: Մենք էլ ծիծաղեցինք, թէեւ համաձայն չէինք», — յիշեց Արտուրիկը: Դաւիթն էլ այդ պահին դարձաւ ինձ. «Յիշում եմ քո հօրեղբայրը Գիւլաբլուից մի էշ էր բերել, թէկուզ ունէիք: Երբ գիւղացիք հարցրին, թէ ինչու է բերել, ասացոտքերը հաւանել եմ»: Քրքջացինք: Այսպէս, զրուցելով, յիշողութիւններ փորփրելով, երգելով հասանք Հացի, Անահիտ աղբիւրի մօտ զինուորներին տեղափոխող մեքենան դռդռալով հասաւ մեզ: Մեքենայում հաւաքուել էին նաեւ կողքի գիւղերի տղաները: Ճանապարհուեցինք դէպի Նոր Շէն, յետոյ Աշան, որտեղ մեզ միացան մեր երկու ԲՄՊ-իստները(**): Արդէն տեղ չկար մեքենայի մէջ, մի կերպ կողք կողքի կանգնել էինք:
Ամպամած էր երկինքը եւ մեր սրտերում էլ տարբեր տեսակի ամպեր էին կուտակւում վրէժի, ցասումի, ապրելու, երազելու, կարօտի, հաւատի… Դրանք շատ էին: Այդ ամենին ի պատասխան մենք ժպտում էինք իրար, որ մի քիչ արեւ տանք միմեանց: Գիշերուայ 11-ին հասանք գունդ: «Վագոնչիկում» մեր տղաները Վահանը, Համոն, ուրախ դիմաւորեցին մեզ, տեսան, որ թրջուած ենք, վառարանը իսկոյն վառեցին, եւ մենք չորացրինք մեր շորերը:


Առաւօտեան պիտի բացուէր 1994-ի ապրիլը, որը դեռ երկար էր մնալու իմ յիշողութեան մէջ: Վաշտի բոլոր տղաները հաւաքուել էին, բոլորը գիտէին, սպասում էին, որ առաջիկայում ահեղ մարտեր են սպասւում, բայց թէ ո՞ր գիւղը ե՞րբ պիտի ազատագրուի, դա չգիտէինք: Ասում էին, որ Եուսուփջանլու գիւղը պիտի ազատագրուի ամսի 10-ին: Նաեւ լուրեր էին պտտւում, որ մեզ պէտք է Մարտակերտ ուղարկեն եւ այլ զրոյցներ: Աշխատում էինք շատ զրուցել, շփուել միմեանց հետ, շատ բան իմանալ իրար մասին, մարդ ես էլի, որ յետոյ զոհուած ընկերոջդ զաւակին նրա հօր մասին պատմելու բան ունենաս…
Առաւօտ կանուխ մեր աւագը շտապ արթնացրեց բոլորիս, սկսեցինք շուտափոյթ կերպով պատրաստուել, զինուեցինք մեր զէնքերով, մեզ կազմ ու պատրաստ սպասում էին տանկերն ու զրահամեքենաները: Ընկերներով տեղաւորուեցինք նոյն զրահամեքենայի վրայ: Զրահամեքենաները դուրս եկան գնդից եւ ճանապարհ բռնեցին դէպի Մարզիլի գիւղ, որտեղ գտնւում էր «Մուշ» գումարտակը:
Պատրաստւում էինք Եուսուփջանլուի ազատագրմանը: Հրամանատարի տեղակալ Մաւոն յայտնեց, որ մարտի ժամանակ բոլորս պէտք է նոյն գոյնի հագուստ կրենք: Ես իմ շորերը փոխեցի մեր ԲՄՊ-ի Արմէնի հետ, որպէսզի կարողանամ նոյն գոյնի շոր ունենալ եւ մասնակցել այդ մարտական գործողութեանը:
— Ինչո՞ւ փոխեցիր շորդ, կարող էիր գլուխ պահել, — ասաց տղերքից մէկը:
— Չէի կարող …

(Շարունակելի)
Օրագիրը խմբագրեց`
Հերմինէ Աւագեանը

*) Վագոնչիկ — գնացքի կցակառք (պատերազմի ժամանակ շատ հին, ոչ պիտանի կառքերը օգտագործում էին որպէս գիշերակացի տեղ)։
**) ԲՄՊ — Հետեւակի մարտական թրթուրաւոր մեքենայ։

One Reply to “1994. Ծաղկած խրամատներ — Բ.”

  1. Վարձքդ կատար, սիրելի Հերմինէ։ Ամենակարեւոր գործին լծուած ես. մեծադղորդ ճառեր խօսողները չեն, որ պատերազմը շահեցան, այլ պարզ ու առողջ մտածող տղաքը, որոնք այնքան համեստ են, ինչպէս այս յուշերուն հեղինակը, որ իր անունն ալ զլացած է մեզի բաշխել եւ կը բաւարարուի Մ. տառով։ Օրհնեալ ըլլան եւ օրհնեալ ըլլաս դուն, որ իրենց ձայնը լսելի կը դարձնես։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *