ՍԻՐԱՆՈՅՇ ԴՒՈՅԵԱՆ
Օրեր առաջ Երեւանի մէջ լոյս տեսաւ խորհրդահայ աքսորական գրականութեան հայ ընթերցողին առայժմ անյայտ կոթողային գործ մը` Վաչէ Սարգսեանի Ակեղդամա եռահատոր վէպի առաջին` Անկրկնելի պատմութիւն հատորը: Վէպը գրուած է 1960-1980-ական թուականներուն` հեղինակի` աքսորէն վերադառնալէն շատ չանցած:
Հատորը կը ներառէ վէպի առաջին հատորը, ինչպէս նաեւ վերջինիս` խորհրդային տարիներուն հրատարակուելու ոդիսականը ներկայացնող փաստաթուղթեր, լուսանկարներ եւ հրատարակութեան ուղեկցող գրականագէտ եւ «Հորիզոն գրական»ի խմբագրակազմի բազմամեայ անդամ Սիրանոյշ Դւոյեանի ընդարձակ հետազօտութիւնը հեղինակին, անոր գրական ու հանրային գործունէութեան ու վէպին շուրջ: Այս հատորը, ինչպէս նաեւ յաջորդ երկու հատորները հրատարակութեան կը պատրաստէ Աշոտ Յովհաննիսեանի անուան հումանիտար հետազօտութիւնների ինստիտուտը` Սարգսեան ընտանիքին հետ գործակցաբար:
Երբ 1980-ական թուականներու կէսերուն սկսաւ խորհրդային ձիւնհալը եւ տարիներէ ի վեր դարակներու մէջ փոշի հաւաքած «այլախոհական» հատորներ սկսան հրատարակուիլ, մեր գրականագէտները կը բողոքէին, թէ մենք չկրցանք նոյնիսկ շքերթին պոչը դառնալ, չտպեցինք որեւէ ուշագրաւ երկ այդ տարիներէն եկող։ «Մեր գզրոցները դատարկ են», կը չքմեղանային պատասխանատուները, որոնք հաւանաբար գզրոցներու տեղն իսկ չէին գիտէր։ Մինչդեռ եթէ այդ տարիներուն տպուէր Սարգսեանի երկը, հաւանաբար այլ ըլլար իր ընկալումը գրական-հասարակական հրապարակին վրայ։
Յաջորդող էջերով կու տանք հեղինակին կենսագրութիւնը եւ վէպի հրատարակութեան պատմութիւնը ներկայացնող քանի մը հատուած՝ առնուած Դւոյեանի հետազօտութենէն:
ՎԵՐԱԴԱՐՁ ԱՔՍՈՐԻՑ
1956 թ. փետրուարի 25-ի Սովետական Միութեան Կոմունիստական Կուսակցութեան (ՍՄԿԿ) XX համագումարում ՍՄԿԿ գլխաւոր քարտուղար Նիկիտա Խրուշչյովն իր հաշուետու զեկուցմամբ յայտարարում է ստալինեան քաղաքականութեան աւարտը:(1) Պողպատեայ կամքով առաջնորդի մահուանից մօտ երեք տարի անց հնչած քննադատական այս խօսքը իւրօրինակ մի քայլ էր վերադիրքաւորելու խորհրդային քաղաքականութիւնը: Ամփոփելով ու գնահատելով կուսակցութեան գործունէութեան նախընթաց փուլն ու քննադատութեան սայրն ուղղելով ժողովրդից, հանրային կեանքից ու կուսակցական գործունէութիւնից կտրուած առաջնորդի դէմ` զեկուցումը ի հարկէ տեղ էր բացում քաղաքական այլ մի գործունէութեան համար, որի մարմնաւորումը կարճ ժամանակում դառնալու էր հէնց ինքը` Խրուշչյովը: Ի հակադրութիւն բռնութիւն սփռող, բիրտ, անխնայ եւ միայն կամք թելադրող քաղաքական առաջնորդի, վերջինս հանդէս է գալիս զանգուածներին ընդառաջ գնացող, նրանց լսող եւ աջակցող, նրանց հետ «ժողովրդական լեզուով» (մանրապատումներով) խօսող ժողովրդական մի ղեկավար: Բիրտ քաղաքականութեանը յաջորդում էր «ձնհալի» մեղմ քաղաքականութիւնը` խորհրդային երկրին խոստանալով արդիւնաբերական թռիչքային զարգացման շարունակութիւն ու մշակութային շրջադարձ:
Խորհրդային հասարակութիւնն այս տարիներին դեռեւս շարունակում էր ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ու 1930-1950-ական թթ. քաղաքական բռնաճնշումների ստուերի տակ: Հանրային ու քաղաքական օրակարգում պատերազմից ու սիբիրեան աքսորներից վերադարձածների ինտեգրման բարդագոյն հարցն էր: Որքան էլ քաղաքական որոշումները վաւերացրել էին պատերազմի յաղթանակն ու կարճել հարիւր հազարաւոր բռնաճնշուածների մեղադրական գործերը, նրանց հանրային կեանք վերադարձը ոչ միայն հարթ չէր ընթանում, այլեւ ի յայտ էր բերում նախընթաց շրջանում ձեւաւորուած բազմաթիւ կնճիռները լուծելու հրամայականներ: Աքսորականները վերադառնում էին փոխուած` պատերազմական ու աքսորական կեանքի ռեժիմն արմատապէս տարբեր էր հասարակական կեանքի ռեժիմից, եւ նրանք վերադառնում էին առաջինի ծանրութիւնն ուսերին: Բացի բնակարանային ու աշխատանքային խնդիրներից, որոնք հիմնականում լուծւում էին առանց մեծ բարդութիւնների, վերադարձողների ինտեգրումը հանրային կեանք անցնում էր վերջիններիս` թերսնումից ու տառապանքից հիւծուած մարմնի վերականգնման աւելի բարդ ու կարծես դանդաղող ընթացքով: Հետեւաբար, աքսորականների հանրային կեանքում վերականգնումը հէնց իրենցից` վերադարձողներից յաւելեալ ջանք ու եռանդ էր պահանջում:
Ստալինեան աքսորներից վերադարձող հազարաւոր խորհրդային քաղաքացիներից մէկն էր Վաչէ Սարգսեանը, որը 16 տարի խորհրդային տարբեր ճամբարներում անցկացնելուց յետոյ 1956 թ. հայրենի տուն էր վերադառնում աքսորի ընկերոջ ու կնոջ` ուկրաինուհի Պետրունելիա Մատրիուկի եւ որդու` Վազգէնի հետ: Նա վերադառնում էր Խորհրդային Հայաստանի Գերագոյն դատարանի վճռով.
Սոյն տեղեկանքը տրւում է Վաչէ Հմայեակի Սարգսեանին ծնուած 1924 թ. առ այն, որ Հայկական ՍՍՀ Գերագոյն դատարանի քրէական գործերով Դատական կոլեգիայի 1956 թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ ՍՍՀՄ ՆԳԺԿ-ի Յատուկ նիստի 1942 թ. դեկտեմբերի 23-ի հրամանագիրը չեղեալ է յայտարարւում, եւ դրա հետ կապուած գործը կարճւում է մեղադրանքի ապացոյցների բացակայութեան պատճառով, այսինքն` նա ռէաբիլիտացւում է:(2)
Վաչէ Սարգսեանը ձերբակալուել էր 1941 թ. հոկտեմբերի 29-ին: Այդ ժամանակ միջնակարգ կրթութիւնը նոր ստացած պատանին ուսուցիչ էր աշխատում հայրենի Վերին Թալին գիւղի միջնակարգ դպրոցում: Գիւղի մի քանի այլ` գրեթէ հասակակից երիտասարդների հետ նա մեղադրուել էր հակախորհրդային տրամադրութիւններ ունենալու եւ տարածելու մէջ:(3) Ֆիզիկական ու հոգեկան խոշտանգումներով ուղեկցուած հարցաքննութիւնների պահպանուած սղագրութիւնները երիտասարդների հակապետական տրամադրութիւնները բացորոշող քիչ բան են ասում: Դրանցում առկայ տեղեկութիւնները պտտւում են հիմնականում մտածուած գաղտնի խմբակցութեան գործունէութիւնը հաստատելու շուրջ:(4)
Ընդհանրապէս, ԽՍՀՄ-ում քաղաքական բռնաճնշման ենթարկուածների պահպանուած բոլոր հարցաքննութիւնները եւ դատաքննութեան աւարտին կազմուած եզրակացութիւնները հաստատուել են մեղադրեալների ստորագրութեամբ: Այդ հաստատումներով նրանք ընդունել կամ հերքել են իրենց առաջադրուած մեղադրանքը: Այս խմբի հարցաքննութիւններն ու դատական եզրակացութիւնները բացառութիւն չեն: Դրանք նոյնպէս վաւերացուած են հարցաքննուողների ստորագրութեամբ: Ըստ այդմ, խմբի անդամների մի մասը ճանաչում է իր յանցաւորութիւնը, աւելի փոքր մասը` հրաժարւում:(5) Վաչէ Սարգսեանը բաւարարւում է նշելով, որ ծանօթացել է գործին եւ աւելացնելու ոչինչ չունի:
Ամիսներ տեւած հարցաքննութիւնն աւարտւում է Խորհրդային Հայաստանի Ներքին գործերի ժողկոմատի 1942 թ. մարտի 18-ին կազմուած եւ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Մարտիրոսովի ու Խորհրդային Հայաստանի գլխաւոր դատախազ Մեղաւորեանի ստորագրութեամբ հաստատուած եզրակացութեամբ, որով ճանաչւում է վերջիններիս հակապետական գործունէութիւնը: Նրանք մեղաւոր են ճանաչւում Քրէական օրէնսգրքի 19-59, 67-րդ յօդուածի 2-րդ մասով եւ 68 յօդուածով(6) եւ պատիժը կրելու ուղարկւում Խորհրդային Միութեան տարբեր մասերում տեղակայուած աշխատանքային ուղղիչ հաստատութիւններ:
Վաչէ Սարգսեանը Երեւանի բանտից պատիժը կրելու է ուղարկւում Պերմի երկրամասի Սոլիկամսկ քաղաքում տեղակայուած Ուսոլսկի ուղղիչ աշխատանքային ճամբար (Усольлаг): Ըստ ՍՍՌՄ Ներքին գործերի կոմիսարիատի Յատուկ յանձնաժողովի 1942 թ. դեկտեմբերի 23-ի տեղեկանքի, նա աքսորում պիտի անցկացնէր 10 տարի եւ վերադառնար 1951 թ. նոյեմբերի 1-ին:(7) Աքսորում, ինչպէս արդէն նշեցի, նա անցկացնում է 16 տարի:(8)
Առաջին քայլը, որ անում է նա վերադարձից անմիջապէս յետոյ, աքսորով ընդմիջուածը շարունակելն է: Միջնակարգ կրթութիւն ստացած պատանու կեանքում վրայ հասած աքսորը թոյլ չէր տուել նրան բարձրագոյն կրթութիւն ստանալ: Ուստի, վերադարձից անմիջապէս յետոյ, 1958 թ., Վաչէն ընդունւում է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ:
Վերջինիս ընտրութիւնը պատահական չէր: Մինչեւ աքսորը պատանի Վաչէն բանաստեղծութիւններ էր գրում, իսկ աքսորի տարիներին քիչ թէ շատ հնարաւորութեան դէպքում տրւում էր ընթերցանութեանը, որը նա բնորոշում էր որպէս «գրականութեամբ զբաղուել»:(9) Այո՛, գրականութեամբ զբաղուելն այլ բան չէ, քան կարդալ ու գրել: Այս զբաղմունքը սակայն այլ նշանակութիւն էր ձեռք բերում աքսորում: Գրքեր կարդալու պահանջը նա սուր կերպով զգում է յատկապէս աքսորի վերջին տարիներին: Ընտանիքից պարբերաբար ստացուող ծանրոցներում հաստատուն տեղ են զբաղեցնում գրքերը, որոնք նա խնդրում էր հարազատներից` երբեմն ուղղորդելով ընտրութեան հարցում, բայց հիմնականում թողնելով հարազատների ընտրութեանը: Բացի այն, որ ուղարկուած գրքերին նա մօտենում էր ընթերցողական որոշակի հետաքրքրութիւններով` ուշադրութեան առնելով վերջիններիս յատկապէս գեղարուեստական կողմը, գիրք կարդալը նրա համար աքսորական կեանքի այլայլող ուժին դիմակայելու միջոց էր.
Շատ ուրախացայ եւ շնորհակալութիւն «Ծովամարտի» համար, ինձ թւում է, որ նա բոլորովին եւ կամ քիչ գեղարուեստական արժէք ունի. ես կարդում եմ եւ ինքս ինձ վրայ ծիծաղում եւ զարմանում: Իսկ այժմ պայմաններն այնպէս են, որ գրականութեամբ զբաղուել[ու] բոլորովին ժամանակ չունեմ, յամենայն դէպս չբթանալու համար հարկաւոր է զբաղուել:(10)
Մասնագիտական կրթութիւնը, փաստօրէն, ազատութեան պայմաններում գրականութեամբ զբաղուելու նրա ընտրութեան շարունակութիւնն էր:
Բարձրագոյն կրթութիւնից անմիջապէս յետոյ, 1963 թ., Վաչէն, իբրեւ տնօրէն, աշխատանքի է անցնում Աբովեան փողոցի վրայ գտնուող Մանկական հանրախանութի հարեւանութեամբ գործող թիւ 43 գրախանութում: Արտաքինից կարծես թէ կեանքը բնականոն հուն էր մտնում: Մշտական աշխատանքով ապահովւում էր ապրուստը, եւ նա մօտ էր իր սիրելի գրքերի ու գրականութեան աշխարհին: Հանրային կեանք վերադառնալու համար ջանք ու եռանդ չխնայող նախկին աքսորականի կեանքում սա վերադարձի արտաքին կողմն էր միայն: Կար նաեւ անտեսանելի կողմը, որի մէջ ապրում, ու որի անակնկալ ծուղակներում յաճախ էր յայտնւում նախկին աքսորականը:
ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ
1960-1970-ական թթ. խորհրդային հասարակութեան մէջ յուզումների նոր ալիքներ էին բարձրանում: Կարճ տեւած համեմատական ազատութեան շրջանին յաջորդած քաղաքական կեանքը խորհրդային քաղաքացիներին չէր պարգեւել սպասուած ազատութիւնը, ու երկրի ողջ տարածքում ծայր էին առել այլախոհական շարժումներ, որոնց առանցքում երեք հիմնական խնդիրներ էին` ազգային, կրօնական ու քաղաքացիական: Բնոյթով ազատական այդ շարժումներից ամենամասշտաբայինը եւ պատմականօրէն ամենահինը ազգային շարժումներն էին, որոնցով բռնուած էր գրեթէ ողջ խորհրդային երկիրը:
Հայաստանում սկիզբ առած այլախոհական շարժումները հիմնականում ազգային խնդիրների շուրջ էին:(11) 1965-ին լրանում էր հայոց ցեղասպանութեան 50 տարին: Եւ չնայած նրան, որ խորհրդային տարբեր տարիներին պետական քաղաքականութիւնները, հիմնականում միջազգային վերադասաւորումների պայմաններում, բարեպատեհ առիթներ էին ստեղծել ցեղասպանութիւնը վերապրածներին ու նրանց զաւակներին հաստատուելու հայրենիքում,(12) թեման հանրային խօսակցութեան չէր արժանացել: Հայաստանում դժուար էր գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչուած չլինէր ազգային ողբերգութեանը, ուստի պետականօրէն ձեւաւորուած լռութիւնը չէր կարող ազդեցութիւն չթողնել հանրային տրամադրութիւնների վրայ: Կար խուլ մի դժգոհութիւն ազգային հարցի շուրջ պետական վերաբերմունքի հանդէպ:
Սրան խորապէս գիտակից էր 1950-ական թթ. վերջերին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտօնը ստանձնած Եակով Զարոբեանը: Զարոբեանն ինքն էլ սերում էր թրքական ջարդարարութիւնից փրկուած ընտանիքից(13) ու մինչեւ պաշտօնը ստանձնելը մօտիկից ծանօթ էր Հայաստանում տիրող տրամադրութիւններին: Զարոբեանի կառավարման առաջին իսկ տարիները նշանաւորւում են նրանով, որ նա հետեւողականօրէն ձեռնամուխ է լինում հայկական սփիւռքի հետ մշակութային յարաբերութիւնների սերտացմանը: 1961 թ. Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան XXII համագումարի իր զեկուցման մէջ յատուկ անդրադառնալով այս հարցին` նա ներկայացնում է սփիւռքահայութեան հետ յարաբերութիւնների սերտացման կառավարութեան ծրագիրը` մասնաւորաբար շեշտելով.
Բախտի քմահաճոյքով աշխարհի շատ երկրներում սփռուած մեր հարիւր-հազարաւոր հայրենակիցների հանդէպ մենք մեր պարտքն ենք համարում օգնել նրանց վերադառնալու իրենց միակ Հայրենիքը` Սովետական Հայաստան, բոլոր պայմանները ստեղծել նրանց նորմալ կեանքի եւ ստեղծագործական աշխատանքի համար:(14)
Զարոբեանի զեկուցմանը յաջորդում են գործնական քայլեր: 1962-ից սկսւում է հայրենադարձութեան նոր փուլ, որը զուգակցւում է սփիւռքի տարբեր կազմակերպութիւնների, գրողների ու մտաւորականների փոխադարձ այցելութիւններով ու նրանց հետ տարաբնոյթ միջոցառումներով ուղեկցուող շփումների ակտիւացմամբ: Յաջորդող տարիներին սփիւռքի հետ յարաբերութիւններն առաւել հիմնարկային բնոյթ են ստանում: 1965-ին ստեղծւում է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէն ու նրա Հայրենիքի ձայն պաշտօնաթերթը:
Սփիւռքի հետ ակտիւացող կապերի համատեքստում հասունանում էր նաեւ ցեղասպանութեան հարցի շուրջ հանրային, բայց նաեւ պաշտօնական դիրքորոշման անհրաժեշտութիւնը: 1964 թ. դեկտեմբերի 13-ին Զարոբեանը պաշտօնապէս դիմում է Խորհրդային Միութեան Կոմունիստական Կուսակցութեան (ԽՄԿԿ) Գլխաւոր խորհրդին` 1965 թ. ապրիլին ցեղասպանութեան 50-ամեակի շրջանակներում մի շարք միջոցառումներ իրականացնելու արտօնութիւն ստանալու համար:(15) Միջոցառումների շարքում նախատեսւում էին թեմայի հետ կապուած նիւթերի հրապարակումներ մամուլում եւ ռադիոյով, հանրահաւաք եւ ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշահամալիրի կառուցում: Զարոբեանին յաջողւում է նշուած երեք միջոցառումներն իրակացնելու շուրջ համաձայնութիւն ստանալ, ինչն ըստ էութեան նշանակում էր, որ հայերի համար ազգային նշանակութեան հարցը դառնում է պետական քաղաքական օրակարգի հարց: Կարեւոր է նկատի առնել, որ ցեղասպանութեան հարցի շուրջ վարուող պետական այս քաղաքականութիւնը հնարաւոր է դառնում Խորհրդային Միութեան ընդհանուր քաղաքականութեան, այդ թւում նաեւ հարեւան Թուրքիայի հետ յարաբերութիւնների(16) ու խորհրդային հանրութեան առջեւ ծառացած արդէն իսկ նշածս խնդիրների համատեքստում:
Սակայն ապրիլի 24-ը պաշտօնապէս ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր ճանաչմամբ ու 1967 թ. ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշահամալիրի կառուցմամբ Հայաստանում ծայր առած այլախոհական շարժումների թափը ոչ միայն չի մեղմւում, այլեւ ուժգնանում է: 1970-ական թթ. բրեժնեւեան քաղաքականութիւնները սրում են ազգային հարցերի շուրջ հայկական շրջանակների վերաբերմունքը? օրակարգում են յայտնւում կորուսեալ հայկական հողերի` ինչպէս Արեւմտեան Հայաստանի որոշ տարածքների, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման հարցերը: Հայաստանում ձեւաւորուած այլախոհական շարժումները Հայաստանի պետական ինքնորոշումն էին պահանջում: Սա է թոյլ տուել ռուս այլախոհ Լիւդմիլա Ալեքսեեւային մտածելու, որ.
Հայաստանը ԽՍՀՄ միակ հանրապետութիւնն է, որտեղ գործում է կուսակցութիւն, որն իր առջեւ ԽՍՀՄ-ից դուրս գալու նպատակ է դրել, եւ այդ գաղափարն ընկալւում է ժողովրդի կողմից: 15 տարիների ընթացքում ՊԱԿ-ը հնարաւորութիւն է ունեցել համոզուելու` անհնար է ոչնչացնել ԱՄԿ-ն (Ազգային միացեալ կուսակցութիւն), իւրաքանչիւր ձերբակալութիւնների շղթայից յետոյ ի յայտ էին գալիս նոր հետեւորդներ:(17)
Ազգային ազատական այս շարժումների հանդէպ զգայուն եւ ուշադիր էին նաեւ նախկին քաղաքական աքսորեալները: Դիմադրութեան ալիքն իր մէջ էր առել նաեւ նրանց: Ընտանիքի վկայութեամբ Վաչէն ոչ միայն յարել, այլ նաեւ ակտիւօրէն մասնակցել է Խորհրդային Հայաստանի առաջին իսկ այլախոհական նախաձեռնութիւններին:(18) 1965-ին նա մասնակցում է Կոմիտասի գերեզմանի մօտ կազմակերպուած ցեղասպանութեան 50-ամեակին նուիրուած հաւաքին, աջակցում Ազգային միացեալ կուսակցութեան գործունէութեանը:(19) Կնոջ` Ազնիւ Հինդոյեանի վկայութեամբ իր եղբօր` Յակոբ Հինդոյեանի հետ Քանաքեռում գտնուող իրենց հայրական տան նկուղում Վաչէն ինքնաշէն տպագրական մեքենայով տպել է Ցեղասպանութեան յուշահամալիրում տարածուած թռուցիկներն ու ԱՄԿ-ի Հայրենիք ամսագրի առաջին համարը: Ըստ նրա, Վաչէն եղել է նաեւ ամսագրի գաղտնի խմբագիրն ու գրել կեղծանունով: 1977-ին սակայն, Ստեփան Զատիկեանի ձերբակալութիւնից յետոյ, նրանք մեքենան Զանգու գետն են նետում` մտավախութիւն ունենալով յայտնուել ՊԱԿ-ի ուշադրութեան կենտրոնում:(20) Սա մի բան էր, որը Վաչէն բնաւ չէր ուզում: Եւ չնայած բոլոր զգուշութիւններին, 1969-ին եւ 1971-ին Յակոբն ու Վաչէն բերման են ենթարկւում եւ հարցաքննւում ՊԱԿ-ի կողմից:(21) Դէպքը ծանր ազդեցութիւն է գործում նրա վրա, այնքան ծանր, որ 1975-ին ընտանիքին յայտնում է, որ եթէ երբեւէ դարձեալ իրեն ձերբակալելու փորձ արուի, կռիւ կը տայ մինչեւ մահ. «Նա երդուել էր երբէք յետ չգնալ բանտ», ինձ ուղղուած նամակներից մէկում գրում է աւագ որդին՝ կինոռեժիսոր եւ գրող Համլէտ Սարգսեանը:(22)
Հայաստանում ծաւալուած այլախոհական շարժումները սակայն միակ ճակատը չէին, որին յարում էր Վաչէն: Որդու վկայութեամբ նոյն տարիներին նա բայկիտեան աքսորի իր մտերիմ ընկերներից մէկի, մոսկուաբնակ Լեւ Կոնսոնի(23) միջոցով ստանում եւ իր տնօրինած գրախանութից հայաստանեան այլախոհական շրջանակներին էր հասցնում ռուս այլախոհ Նատալիա Գորբանեւսկայայի Ընթացիկ իրադարձութիւնների տարեգրութեան (Хроника текущих событий) համարները:(24) Գարբանեւսկայայի նախաձեռնութեամբ սկսուած տեղեկագրի հրատարակութիւնը նպատակ ունէր հաւաքագրել ու շրջանառել Խորհրդային Միութիւնում մարդու իրաւունքների ոտնահարման դէպքերը: Ինքը` Գարբանեւսկայան, տեղեկագրի 1968 թ. ապրիլի 30-ի առաջին թողարկումը բացում է 1968 թ. ԽՍՀՄ-ում մարդու իրաւունքների տարի հռչակելով:(25) 1968-ից մինչեւ 1983-ը թողարկուած թուով 65 տեղեկագրերը հազարաւոր նման դէպքեր են պարունակում: Ուրեմն, Վաչէի հանրային գործունէութեան օրակարգում նաեւ յանուն մարդու իրաւունքների պայքարն էր եւ, ինչպէս որդին է գրում. «Նա ուզում էր միանալ ռուսական խմբերին, մարդկանց, ովքեր հրատարակում էին Ընթացիկ իրադարձութիւնների տարեգրութիւնը»:(26)
Աքսորից վերադառնալուց յետոյ փաստօրէն Վաչէն յայտնուել էր մէկ այլ անազատութեան մէջ. խորհրդային համակարգը չէր տուել նրան իր երազած կեանքը, եւ այլախոհական շարժումներն այլ տեսակ մի կեանքի յոյս էին ներշնչել: Ազատախոհական նրա բաղձանքները, ինչպէս տեսանք, սնւում էին հայ հասարակութիւնը յուզող ազգային խնդիրներից ու մարդու ազատութիւնների համընդհանրական ձգտումներից:
Վաչէն ինքը զաւակն էր ցեղասպանութիւնը վերապրած ընտանիքի, որի մեծ գերդաստանից 4 հոգի էր փրկուել միայն: Նրա ողջ մանկութիւնն անցել էր ցեղասպանութիւնը վերապրած ծնողների «բնաւեր եղած պապերի, կորցրած հայրենու ու հարազատների համար հայրերի վշտամորմոք հառաչանքների» ներքոյ. «Մեր ծնողները մորմոքւում էին իրենց 3000 տարի բնակեցուած հողը կորցնելու վշտից, մենք` մանուկներս, այդ հառաչանքների ձայները ձայնագրում մեր ուղեղի ծալքերի վրայ», մանկութիւնն այսպէս է յիշում նա Հայոց ջութակի մի լարը համաշխարհային համանուագում անտիպ իր էսսէում:(27) «Մահուանից առաւել ողբերգական», ահռելի չափերի հասնող այս կորուստը մանկան հոգին փոթորկել ու մտքում ծնունդ էր տուել արիւնարբու թուրքի ու նրա գազանային կրքերին անմեղօրէն զոհաբերուած հայութեան սարսափազդու մի պատկերի. «Թուրք բառը եկաւ ու մնաց որպէս արիւնարբու հրէշ եւ հայ ֆիդայիների կռիւը նրանց դէմ — անհաւասար, ինքնազոհութեան բացառիկ երեւոյթ»:(28)
Հասակ առած մանկան յիշողութիւնները չէին կարող ձերբազատուել ծնողների մորմոքից: 1941 թ. ձերբակալութեան ժամանակ պատանու գրպաններում յայտնաբերուած դպրոցական տետրի թերթերի վրայ անվարժ ձեռքով գրուած մի քանի բանաստեղծութիւններն ամփոփել են այս մթնոլորտից ծնուած նրա, ինչպէս ինքն է ասում, «անժպիտ» յոյզերը: Ահա մի հատուած բանաստեղծական այդ փորձերից.
Նստած նաւակ կոտրած սրտով,
Ծով ու ամպի ահեղ շանթով,
Սլանում եմ կարօտալի
Դէպ ափերը հայրենիքի:
Սլանում եմ լալու, ողբալու
Կեանքի կարօտը մեռած սրտերի,
Սլանում եմ մարտնչելու
Յանուն կեանքի պայքարի:(29)
17-ամեայ պատանին կեանքի առջեւ բացուելու իր ճանապարհը տեսել էր հայրենի ափերը լալով ու ողբալով հասնելու հեռաւոր մի նաւարկութեամբ: Վրայ հասած աքսորը գուցէ ընդմիջել, բայց ընտանեկան նրա մորմոքին յաւելել էր անձնական ողբերգութիւնների իր բաժինը: Ուստի, հասկանալի է, թէ ինչու ազգային աղէտի հետ միահիւսուած ընտանեկան, ինչպէս նաեւ անձնական այս ողբերգութիւնների տակ կքած Վաչէի կեանքում փայլող յոյսի շողեր էին թէ՛ ազգային խնդիրների լուծման օրակարգ առաջադրող հայաստանեան, թէ՛ մարդու իրաւունքների ու ազատութիւնների ծրագրեր շրջանառող միութենական շարժումները:
ԱԿԵՂԴԱՄԱ ՎԷՊԻ ԳՐՈՒԹԵԱՆ ՈՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Հանրային ու գրական այս համատեքստում է սկզբնաւորւում Վաչէ Սարգսեանի գրական գործունէութիւնը: 1960-ական թթ. սկզբներին նա հաստատուել էր Երեւանում եւ իր նորաստեղծ ընտանիքով բնակւում էր Աջափնեակ թաղամասում իրեն յատկացուած փոքրիկ բնակարանում: Վերադարձից կարճ ժամանակ անց Պետրունելիան որդու հետ մեկնում է Ուկրաինա: Վաչէն երկրորդ անգամ է ամուսնանում, Բէյրութից հայրենադարձուած Ազնիւ Հինդոյեանի հետ: Նրանք միասին երկու որդի ունեն` Համլէտը (ծն. 1962 թ.) եւ Գէորգը (ծն. 1969 թ.): Գրախանութում աշխատանքը նրան մօտ էր պահում գրական ու հանրային շրջանակներին: Նոր ընկերներ ձեռք բերելուն զուգահեռ աքսորի ընկերների հետ սերտ յարաբերութիւններ էր պահում` նրանց հետ երկար հեռախօսազրոյցներ ունենալով ու յաճախակի տեսակցելով:(30)
1963 թ. Հրաչեայ Քոչարի Մեծ տան զաւակները գրքի թարգմանութեան առիթով Հայաստան է գալիս ռուս մտաւորական Վասիլի Գրոսմանը: Նա մի քանի ամիս բնակւում է Հայաստանում, շրջում տարբեր վայրերում ու շփւում մարդկանց հետ: Հաւանաբար այս օրերին էլ Վաչէն Լեւ Կոնսոնի միջոցով ծանօթանում է Գրոսմանի հետ: Կնոջ` Ազնիւի վկայութեամբ նա օգնում էր Գրոսմանին գրքի որոշ հատուածներ թարգմանելիս, տեղեկութիւններ տալիս նրան հայկական իրականութեան մասին: Ազնիւը յիշում է նաեւ, որ Աջափնեակի իրենց փոքրիկ բնակարանում նրանք մի քանի օրով հիւրընկալել են Գրոսմանին ու Կոնսոնին:(31) Այս շփումների ժամանակ էլ Գրոսմանը յորդորում է Վաչէին գրել աքսորի իր պատմութիւնը: Լեհական համակենտրոնացման ճամբարների մասին գրած լրագրողի համար(32) ստալինեան ճամբարների մասին ականատեսի վկայութիւնը անշուշտ հանրութեանը ուղղուած ճշմարտացի` կեանքը ներսից տեսած մարդու խօսք էր լինելու: Վաչէն ընդառաջում է Գրոսմանի յորդորին ու ձեռնամուխ լինում աքսորի ստուարածաւալ իր պատմութեան` եռահատոր Ակեղդամա վէպի գրութեանը:
Քաղաքական ու հանրային պայմանները, ինչպէս տեսանք, բարենպաստ էին վէպը գրել սկսելու համար: Բայց մինչ հեղինակը կը հասնէր վէպի առաջին հատորի աւարտին (1965), Խորհրդային Միութիւնում փոխւում են քաղաքական պայմանները: 1964 թ. ԽՄԿԿ համագումարի որոշմամբ Խրուշչյովը հեռացւում է իր վարած պաշտօնից` առողջական խնդիրների պատճառաբանութեամբ, երբ վերջինս արձակուրդում էր գտնւում Պիցունդայում: Խորհրդային քաղաքական համակարգը կանգնած էր նոր շրջադարձի առջեւ, ինչը նշանակում էր նաեւ, որ հանրային ու գրական կեանքում նոյնպէս նոր շրջադարձ էր սպասւում: Քաղաքական շրջադարձի առաջին ալիքն ազդում է ստալինեան աքսորի շուրջ հանրային խօսակցութիւնների վրայ: Այդ թեմայով գրուած գրական գործերի հրատարակութիւնը փակուղի է մտնում, որի մասին սակայն չէին կարող կռահել ո՛չ հեղինակները, ոչ էլ թեմայով այս կամ այն կերպ հետաքրքրուողները: 1965 թ. յունիսի 17-ին Գուրգէն Մահարին Վաղարշակ Նորենցին ուղղուած մի նամակում, խօսելով իր «Մշեցի Առաքելը եւ միւսները» պատմուածքի հրատարակութեան ձգձգման մասին (պատմուածքը ամիսներով մնացել էր Գրական թերթի խմբագրութիւնում), գրում է. «… իսկ “Մշեցի Առաքելը” սպասում է յարմար ժամանակի… դուրս պրծնելու համար: Հիմա այդպիսի նիւթերի հրապարակումը աւելի դժուար է, քան մի քանի ամիս առաջ»:(33) Այս պայմաններում է Վաչէն աւարտում վէպի առաջին հատորն ու ձեռնամուխ լինում դրա հրատարակութեանը:
Վէպի ինչպէս հրատարակութեան, այնպէս էլ գրութեան ոդիսականը սակայն ձգուելու էր մի քանի տասնամեակ` 1960-ականների կէսերից մինչեւ հեղինակի մահը` 1980-ական թթ. վերջերը, փաստօրէն` խորհրդային վերջին երեք տասնամեակներով: Առաջին` Անկրկնելի պատմութիւն հատորը հեղինակն սկսում է գրել 1960-ական թթ. սկզբներին, ամենայն հաւանականութեամբ 1963 թ. եւ աւարտում 1965-ին, երկրորդ` Յաւերժական սառածութիւն հատորը սկսում է 1966 թ., շարունակում աշխատել հատորի վրայ 1970-ականներին ու աւարտում 1986-ին, իսկ վերջին` Արեան ագարակ հատորի առաջին օրինակի աշխատանքները ձգւում են 1976-1982 թթ. միջակայքում:
Վէպը հրատարակելու առաջին փորձն ամենայն հաւանականութեամբ արուել է 1965 թ.` առաջին հատորի աւարտին: Ընդունուած կարգի համաձայն, Անկրկնելի պատմութիւն հատորը հրատարակութեան ներկայացնելու համար մասնագիտական կարծիք է տալիս այն ժամանակ երիտասարդ եւ այդ տարիներին գրական շրջանակներում հեղինակութիւն վայելող գրականագէտ, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Հրանտ Թամրազեանը:(34)
Թամրազեանը վէպը գնահատում է թէ՛ որպէս գեղարուեստական, թէ՛ որպէս հետստալինեան հասարակութեան համար արժէքաւոր գործ.
Քաղաքացիական առումով, ի հարկէ, ասենք, որ ինքնին այդ մարդու ճակատագիրն ազդեցիկ է, մեզ ստիպում է մտածել անցեալի որոշ արատաւոր երեւոյթների, դաժան անցքերի մասին: Բայց մի մարդու ճակատագիրը եւ բախտի պատմութիւնը վէպի մէջ դեռեւս գրական առումով ոչինչ չարժեն, եթէ մենք այնտեղ չենք տեսնում գեղարուեստական խորութիւն եւ ընդհանուր հասարակական բովանդակութիւն:
Ահա Սարգսեանի վէպում զգալի չափով դրսեւորուել են ե՛ւ առաջինը, ե՛ւ երկրորդը:(35)
Թամրազեանը յատկապէս գնահատում է այն, որ հեղինակը բազմակողմանիօրէն է ներկայացրել աքսորական առօրեան` տալով «աշխատանքային կեանքի պատկերները, փայտահատների բրիգադների նկարագրութիւնները», պատկերելով մարդկային յարաբերութիւնները («անմոռանալի են Երեւանի բանտի եւ սիբիրեան հիւանդանոցների պատկերները») եւ ի վերջոյ ի ցոյց դրել «մի մարդու ներաշխարհը, որ հարստանում է այդ բոլոր շփումների ընթացքում, ձեւաւորւում եւ խորապէս դառնում գեղարուեստական որակ` իրարու բերելով վէպի բոլոր հիմնական ծայրերը»:(36) Բայց այսքանը, ըստ նրա, դեռեւս գործի գեղարուեստական արժանիքի չափանիշը չէ: Ըստ նրա, ընթերցողի հետ տեքստի յուզական կապի հաստատումն է այդ չափանիշը. «Նա կարողացել է ստեղծել մթնոլորտ, մարդկանց շրջան, վերականգնել կեանքի որոշ պատկերներ, որոնք խորապէս յուզում են մեզ»:(37) Այս գնահատանքը չի խանգարում քննադատին անդրադառնալ նաեւ վէպի գեղարուեստական արժանիքները ստուերող որոշ, ինչպէս ինքն է ասում, չափազանցութիւնների.
Այնտեղ, ուր հեղինակը պէտք է իր խօսքը ասի, երբեմն ասպարէզ է բերում երկարաձիգ երկխօսութիւններ, որոնք տարտամ են դարձնում գործողութեան ընթացքը: Գրքում կան մարդկային շատ դատողութիւններ ու խոհեր, որոնք խիստ գրաւիչ են, բայց հեղինակը չի պահպանում չափի զգացումը: Երբեմն հեղինակը շփոթում է գեղարուեստականը լուսանկարչութեան հետ, կեանքից ու տեսածից շատ է վերանում, փոխարէնը ստեղծելով բառերի հեղեղ, երբեմն էլ հակառակը, մոռանում է այդ ամենը եւ փաստերով խեղդում գրքի որոշ հատուածներ:(38)
Թամրազեանն այս դիտողութիւններով մատնացոյց է անում վէպի կառուցուածքային անհամամասնութիւնները` մատը դնելով շատ խորքային մի հարցի վրայ, այն է` վէպում հեղինակի ներկայութեան: Նրա պատկերացմամբ այս վէպը առանձին` գլխաւոր ու երկրորդական հերոսներով կառուցուած մի գործ է, որտեղ հեղինակն ունի ինչպէս իր առանձին դիրքը, այնպէս էլ առանձին խօսքը: Թամրազեանի անկնկալիքն այն է եղել, որ վէպն անպայման ունենար առաջին կամ երրորդ դէմքով արտայայտուած մի հեղինակ, որը տեքստի տարբեր հատուածներում տեքստի ընթացքին իր միջամտութիւններով կանխէր վէպի անհամաչափ ծաւալումներն ու տեքստը պահէր որոշակի համաչափութեան մէջ: Նրա հայեացքից վրիպում է այն, որ վէպի գլխաւոր հերոսը միեւնոյն ժամանակ պատմութիւնը պատմող հեղինակն է, եւ որ գլխաւոր հերոսի հնչեցրած «դատողութիւններն ու խոհերը» ինչ-որ իմաստով հեղինակային դիրքից հնչեցրած մտքեր են: Վէպի անհամաչափ ծաւալումները մտքում ունենալով էլ նա վէպը յանձնարարում է հրատարակութեան հետեւեալ եզրակացութեամբ. «Մեր կարծիքով` գիրքն արժանի է տպագրութեան, բայց այն պէտք է ասպարէզ հանել լուրջ խմբագրումից եւ հմուտ մշակումից յետոյ»:(39)
Չնայած դրական կարծիքին եւ վէպը խմբագրելու Թամրազեանի առաջարկին` վէպը չի ընդգրկւում հրատարակչական ծրագրերում: Պաշտօնական մերժումը Վաչէն ստանում է 1970 թ.: Նա ստանում է հետեւեալ պատասխանը այդ տարիներին Հայաստան հրատարակչութեան գրականութեան խմբագրութեան բաժնի վարիչ Լեւոն Միրիջանեանի ստորագրութեամբ. «Վ. Սարգսեանի “Անկրկնելի պատմութիւն” գրուածքը իր թեմատիկայով չի առնչւում հրատարակչութեանը յուզող արդիական խնդիրներին ու թեմաներին: Աւելին. գրուածքը ցածր մակարդակ ունի եւ չի բաւարարում գրական երկին ներկայացուող պահանջները»:(40)
Խորհրդային Միութիւնում սկսուել էր մի ժամանակաշրջան, երբ ստալինեան աքսորների թեման, մեղմ ասած, արդիական չէր: Պատասխանից հասկանում ենք, որ թեման պաշտօնապէս դուրս էր դրուել հանրային օրակարգից, ինչը նշանակում էր, որ այս թեմայով խօսելն ու գրելը կարող էր նոյնիսկ վտանգաւոր լինել գրողների համար: 1960-ական թթ. վերջերին սկսւում է ստալինեան աքսորների մասին գրութիւնների հանրային կեանքի յաջորդ` ինքնահրատ շրջանառութեան ու դէպի Արեւմուտք արտագաղթի փուլը: 1974-ին, նոյն այս համատեքստում, Սոլժենիցինին զրկում են ԽՍՀՄ քաղաքացիութիւնից ու արտաքսում երկրից: Հիւսիսային Գերմանիայում հրատարակուող ռուսալեզու Պոսեւ եւ Նովիյ ժուռնալ ամսագրերում առանց հեղինակի թոյլտուութեան հրատարակւում են Վառլամ Շալամովի պատմուածքները:(41)
Խորհրդահայ հեղինակների այս թեմայով գործերը հիւրընկալւում են Բէյրութի Նայիրի շաբաթաթերթում: Երկար թափառելով Գրական թերթի խմբագրութեան տարբեր սեղաններին` Մահարու «Մշեցի Առաքելը եւ ուրիշները» պատմուածքը Անդրանիկ Ծառուկեանի ձեռքն է հասնում 1967 թ. ու հրատարակւում Նայիրի շաբաթաթերթի յունուար-փետրուար ամիսների համարներում: Պատմուածքի հրատարակութիւնն անախորժութիւնների առաջ է կանգնեցնում թէ՛ Ծառուկեանին, թէ՛ Մահարուն: Պետանվտանգութեան կոմիտէն խուզարկում ու հարցաքննում է նրանց,(42) որից յետոյ Մահարին հրաժարւում է Ծաղկած փշալարերը Բէյրութում հրատարակելու Ծառուկեանի առաջարկից ու պատուիրում նրան այս թեմայով իր գործերը հրատարակել միայն մահուանից յետոյ: Հեղինակի այս պատուէրին հաւատարիմ Ծաղկած փշալարերը վիպակը Ծառուկեանը լոյս է ընծայում 1970-1971 թթ. Մահարու մահուանից կարճ ժամանակ անց:(43)
1970-ական թթ. Վաչէն վէպը հրատարակելու նոր փորձ չի անում: Նա հրաժարւում է նաեւ ընկերներից մէկի` խորհրդահայ յայտնի այլախոհ Վիգէն Բաբայեանի` վէպը Միացեալ Նահանգներում հրատարակելու առաջարկից, քանի որ չէր ցանկանում յայտնուել Պետանվտանգութեան կոմիտէի ուշադրութեան կենտրոնում:(44) Այսքանով հանդերձ նա շարունակում է տքնաջան աշխատել վէպի ինչպէս առաջին, այնպէս էլ յաջորդ հատորների վրայ:
1980-ական թթ. կէսերին, ամենայն հաւանականութեամբ «վերակառուցման» առաջին տարիներին, Վաչէն եւս մէկ անգամ փորձում է հրատարակել վէպը: Այս անգամ մասնագիտական կարծիք է տալիս 1980-ական թթ. ամենագործուն գրականագէտներից մէկը` ԵՊՀ դասախօս Սարգիս Փանոսեանը:(45) Վերջինս նոյնպէս գնահատում է վէպը բազմաթիւ առումներով, բայց ընդգծուած ուշադրութիւն է ցուցաբերում գլխաւոր հերոսի ու բախտակից նրա ընկերների բնաւորութեան նկատմամբ ու վէպը գնահատում հիմնականում նրանց առինքնող կենսափորձի, ինչպէս ինքն է ասում, «մարդկային ճշմարտութիւնների» տեսանկիւնից: Կեանքի մրուրը տեսած ու ըստ էութեան կորած այս մարդիկ Փանոսեանի աչքին յառնում են որպէս բարձր ինքնագիտակցութեամբ, մաքառելու եւ ինքնահաստատուելու նպատակադրումով օժտուած կերպարներ, որոնք չնայած հաշտուել են «սեփական ճակատագրի եղծման մտքի հետ, վերին պարտադրանքով լծուել օտար խաչի ծանրութեանը», բայց չեն կորցրել «կենսական ակտիւութիւնը, վիճակուածին ընդդիմանալու, այն յաղթահարելու ներքին ձգտումը»:(46) Ըստ Փանոսեանի, «վէպի յաջողուածութեան ամենաառաջին ու հիմնական գրաւականը հեղինակի աներեր կողմնորոշումն է դէպի կենսական ճշմարտութիւնը»:(47)
Ասուածի հիման վրայ Փանոսեանը նոյնպէս վէպը յանձնարարում է տպագրութեան` նշելով նաեւ շտկելու արժանի մի շարք թերութիւններ: Նշուած թերութիւնների ցանկում ուշադրութիւն են գրաւում յատկապէս երկուսը` մէկը գլխաւոր հերոսի` աստծուն յաճախ տրուող յղումները, որը Փանոսեանը յարիր չի համարում նրա մաքառող բնաւորութեանը, միւսը` լեզուն, յատկապէս հայհոյախառն արտայայտութիւնները:(48) Վէպի այս հատորը նոյնպէս, չնայած քաղաքական աւելի ազատ պայմաններին, լոյս չի տեսնում, բայց ի տարբերութիւն առաջինի, այս դէպքում չունենք բացատրութիւն, թէ ինչու:
1983 թ. Վաչէի առողջական վիճակը կտրուկ վատանում է: Բժիշկները դժուարանում են ճշգրտօրէն ախտորոշել նրա հիւանդութիւնը: Որդու վկայութեամբ «նրա մարմինը ցաւերի մէջ էր եւ 1986-ին ձախ ոտքը դադարեց գործել: 1984-ից Վաչէն ընկաւ խոր կլինիկական ընկճախտի մէջ»:(49) Բայց այս վիճակում նոյնպէս նա շարունակում է աշխատել վէպի օրինակների վրայ: Կեանքի վերջին տարիներին նրան այցելութեան էին գալիս երիտասարդ գրողները, որոնց թւում էին Վանօ Սիրադեղեանն ու Վազգէն Սարգսեանը:(50) Նրանք մեծ համակրանք էին տածում Վաչէի հանդէպ: Սրա վկայութիւնն է Վազգէն Սարգսեանի Հացի փորձութիւնը գրքի Վաչէին նուիրած օրինակի վրայ արուած մակագրութիւնը. «Մեծ Մարդուն, Հային, Վաչէ Սարգսեանին` սիրով եւ երկիւղածութեամբ»: Թէ՛ Վազգէն Սարգսեանը, թէ՛ Վանօ Սիրադեղեանը ծանօթ էին Ակեղդամա վէպին ու նրա հրատարակութեան պատմութեանը: Խորհրդային Միութիւնում «վերակառուցման» բերած քաղաքական ազատութիւնները յոյս էին ներշնչում, որ եկել են «փակ գզրոցները» բացելու եւ նախընթաց շրջանում ամենատարբեր պատճառներով անտիպ մնացած գործերը հրատարակելու ժամանակը: Նման փորձ արդէն կար Մոսկուայում: Հրատարակուել էր Անատոլի Ռիբակովի 1930-ական թթ. պատկերող Արբատի զաւակները վէպը:(51) Սիրադեղեանի յորդորով Վաչէի աւագ որդին հանդիպում է Սովետական գրող հրատարակչութեան տնօրէն Ռուբէն Յովսէփեանին: Բայց «Ռուբէն Յովսեփեանն ինձ ասաց. “Քամիները, որոնք փչում են հիւսիսից, չեն կարող շրջանցել կովկասեան լեռները”: Այդ ժամանակ հրատարակուել էր Արբատի զաւակները, ենթադրում եմ` նա նկատի ունէր, որ ազատութեան այդ հովերը չեն կարող Հայաստան գալ», յիշում է որդին:(52) Սա Վաչէի կենդանութեան օրօք վէպի հրատարակութեան վերջին մերժումն էր:
Մահուանից ամիսներ անց, 1987 թ. վերջերին կամ 1988 թ. սկզբներին, Վաչէի լաւագոյն բարեկամ, գրական շրջանակներում մեծ հեղինակութիւն վայելող Զօրայր Խալափեանը գրական ընկերոջ երկը լոյս ընծայելու վերջին մի փորձ է անում: Վէպի առաջին հատորը հրատարակելու միջնորդութեամբ նա գրաւոր դիմում է Հայաստանի գրողների միութեան նախագահ Վարդգէս Պետրոսեանին:(53) Դիմումից կարելի է հասականալ, որ Խալափեանը վէպին ծանօթ է եղել դեռեւս 1960-ական թթ.. «Այս գիրքը ես ընթերցել եմ քսան տարի առաջ, մի գիշերուայ ընթացքում՝ մինչեւ լոյս, ու երբ օրերս կրկին բացեցի ու սկսեցի ընթերցել, հասկացայ, որ նորից կը նստեմ մինչեւ լոյս»:(54) Նա տեղեակ էր նաեւ վէպի գրութեան ու հրատարակութեան պատմութեան մանրամասներին. «Գիրքը գրուել է աւելի քան քսան տարի առաջ, վաթսունական թուականներին հեղինակն այն յանձնել է հրատարակութեան, գիրքը գրախօսուել է եւ հաւանաբար պիտի հրատարակուէր, բայց վրահաս դէպքերը փակեցին նման գրքերի լոյս աշխարհ գալու ճանապարհը»:(55) Խալափեանը, գրական շրջանակների մտահոգութիւններին ու գրական ընկերոջ վէպը հրատարակուած տեսնելու ցանկութեանը ծանօթ լինելով էր Պետրոսեանի ուշադրութիւնը հրաւիրում քսան տարի հրատարակութեան սպասած այս վէպի վրայ.
Այժմ մերոնք գրում եւ խօսում են, որ մեր օրերում, երբ հրապարակ են հանուել ռուս եւ այլազգի գրողների՝ ստալինեան ռեպրեսիաներին ու անցեալի անարդարութիւններին նուիրուած ու նախկինում չհրապարակուած գործեր, մեզ մօտ, իբր, չգտնուեց այդպիսի գոնէ մէկ գիրք: Ձեր քննութեան եմ յանձնում Վաչէ Սարգսեանի «Անկրկնելի պատմութիւն» գիրքը, որը հերքում է այդ փաստը:
Հեղինակը վախճանուել է վերջերս, 1987, մայիս 12: Նա երազում էր իր գիրքը հրապարակուած տեսնել եւ հասկանալով, որ այժմ կայ դրա հնարաւորութիւնը, ձեռնամուխ էր եղել գրքի վերամշակմանը: Անտանելի ցաւերից ցաւազրկող սրսկումներով կարճատեւ դադարներով ձերբազատուած, նա կրկին նստում էր գրասեղանի մօտ:(56)
Վէպի լոյս ընծայելու գործին Խալափեանը դիմել էր սակայն խորը համոզումով, թէ վերջինս խորհրդահայ պատմութեան կարեւոր փաստաթղթերից մէկն է.
Գրքի գրական արժանիքներին չանդրադառնալով, իսկ դրանք, իմ կարծիքով, շատ բարձր են, մի բան պարզ է, անշուշտ, որ սա մեր դարի կարեւոր փաստաթղթերից մէկն է: Ժամանակն է հրապարակ հանելու տառապած մարդու, տառապանքով գրուած, մարդկային անլուր տառապանքների մասին այս գիրքը, որից, այնուամենայնիւ, յոյսի, միամտութեան ու բարութեան զարմանալի մի լոյս է ցայտում:(57)
Խալափեանի դիմումն ու նրա հեղինակութիւնը նոյնպէս ի զօրու չեն լինում ճանապարհ հարթելու վէպի հրատարակութեան համար. նրա դիմումով աւարտւում է Ակեղդամա վէպը խորհրդային տարիներին հրատարակելու ոդիսականը:
Երեւան
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1 Տե՛ս Доклад Первого секретаря ЦК КПСС тов. Хрущева Н.С. XX съезду Коммунистической партии Советского Союза 25 февраля 1956 года, առցանց` http://www.coldwar.ru/hrushev/doklad-pervogo-sekretarya%20hruscheva.php — այց` 24.03.2019: Զեկուցման նախապատմութիւնը եւ այլ մանրամասներ կարելի է գտնել այստեղ` http://www.coldwar.ru/hrushev/doklad-hrusheva-dokumenty.php – 24.03.2019:
2 Справка N5/269, 8. X. 1956 г., թարգմ.` Սիրանոյշ Դւոյեանի: Ընտանեկան արխիւ:
3 Ձերբակալուածների մեծ մասը` Աղասի Դարբինեանը, Լիպարիտ Սվազեանը, Անդրանիկ Մադոյեան-Բազոյեանը, Վազգէն Սարգսեանը, Լեւիկ Թումոյեանը, Էլբիկ Դարբինեանը, Հրանտ Յակոբեանը, Մնացական Հարոյեանը, Բագրատ Հարոյեանը, Աղասի Գաբրիէլեանը, գրեթէ տարեկիցներ էին` 17-21 տարեկան: Նրանցից չորսն էին միայն` Գէորգ Միրաքեանը, Մամիկոն Մելքոնեանը, Գէորգ Քոչարեանը եւ Պարոյր Յակոբեանը 26-38 տարեկան: Ըստ պահպանուած փաստաթղթերի, միայն երկուսը Մամիկոն Մելքոնեանն ու Գէորգ Քոչարեանն էին ամուսնացած: Տե՛ս Հայաստանի ազգային արխիւ (ՀԱԱ), ֆ. 1191, ց. 4, գ. 1838, թղթ. 26, թ. 39: Գէորգ Միրաքեանի մեղադրական փաստաթղթերում նշուած է, որ ամուրի է: Բայց պահպանուած է Հայկական ՍՍՌ Կոմիսարների սովետին կից Պետական անվտանգութեան կոմիտէի նախագահ ընկ. Բադանեանցին ուղղուած Բուրաստան Միրաքեանի 1956 թ. փետրուարի 14-ին գրած մի դիմում, որով նա խնդրում է տեղեկութիւններ տալ ամուսնու մասին, որից վերջին անգամ նա տեղեկութիւն էր ստացել 1942 թ. վերջին, երբ իրենից ծանրոց էին ընդունել Երեւանի բանտում: Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1191, ց. 4, գ. 1838, թ. 219:
4 Հարցաքննութիւնների բովանդակութեան մասին տեղեկութիւններ կարելի է ստանալ «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Գաղտնի թղթապանակ» հաղորդաշարի այս խմբի գործին նուիրուած հաղորդումից, տե՛ս «Գաղտնի թղթապանակ N106, Քննչական գործ N228837», ըստ՝ https://www.youtube.com/watch?v=MHG3FCuhlNk – այց` 9.07.2018:
5 Խմբի համեմատաբար տարիքով անդամները` Մամիկոն Մելքոնեանը (ծնուել է 1902 թ. Թուրքիայի Կարսի շրջանի Նախչաւան գիւղում) եւ Յակոբ Քոչարեանը (ծնուել է 1903 թ. Արշալոյս գիւղում) իրենց մեղաւոր չեն ճանաչում: Խմբի ղեկավար Գէորգ Միրաքեանը եւ անդամների մեծ մասը` տարիքով աւելի երիտասարդները, խնդրանքով դիմում են խորհրդային արդարադատութեանը, որի բովանդակութիւնը շատ մօտ է Միրաքեանի դիմումից մէջբերուող այս հատուածի բովանդակութեանը. «Խնդրում եմ սովետական արդարադատութիւնից հաշուի առնել իմ երիտասարդութիւնս, որ ես արդէն ուղղուած եմ եւ զղջացել եմ սովետական իշխանութեան առջեւ եւ խնդրում եմ մեղմ մօտեցում ունենալ իմ հանդէպ»: Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1191, ց. 4, գ. 1835 I, թ. 293: Մամիկոն Մելքոնեանի կենսագրութեան մասին տեղեկութիւններն ըստ` ՀԱԱ, ֆ. 1191, ց. 4, գ. 1838, թ. 26, Յակոբ Քոչարեանինը ըստ` ՀԱԱ, ֆ. 1191, ց. 4, գ. 1838, թ. 39:
6 Հայկական ՍՍՌ Քրէական օրէնսգրքում 19-րդ յօդուածը վերաբերել է յանցագործութիւնը նախապատրաստելուն, իսկ 59-ը` հակայեղափոխական գործունէութեանը: 59 յօդուածով նախատեսուել է պատժի առաւելագոյն չափը` գնդակահարութիւն, կամ գոյքի առգրաւում, իսկ մեղմացուցիչ հանգամանքների առկայութեան պարագայում` ազատազրկում: Նոյն օրէնսգրքի 68 եւ 69 յօդուածները վերաբերում են հակայեղափոխական պրոպագանդային եւ կազմակերպուած հակայեղափոխական գործունէութեանը: Տե՛ս Հայկական ՍՍՌ քրէական օրէնսգիրք: Պաշտօնական տեքստ առ 1-ը յուլիսի 1951 թ. փոփոխ. եւ յօդուած. նիւթերի յաւելուած, Ա. Կարապետեան (խմբ.), Հայկ. ՍՍՌ արդարադատութեան մինիստր (Երեւան: Հայպետհրատ, 1951), հմպտսխ.` էջ 10, 31, 35 եւ 36: Այս օրէնսգիրքը կիրառութեան մէջ է դրուել 1927 թ. նոյեմբերի 1-ից, 1951-ի հրատարակութիւնը մասնակի փոփոխութիւններով է, որոնք նշուած են: 19-րդ յօդուածում եղած փոփոխութիւնը հետեւեալն է. «հարկադիր աշխատանքը» փոխարինուել է «ուղղիչ աշխատանքով»` նկատի առնելով Հայկական ՍՍՌ Կենտգործկոմի եւ Ժողկոմսովետի 1934 թ. ապրիլի 16-ի որոշումը:
7 ՀԱԱ, ֆ. 1191, ցուցակ 4, գ. 1838, թ. 111: Պատժի 10 տարին հաշոււում էր ձերբակալութիւնից սկսած:
8 Գործի մէջ չկայ պահպանուած փաստաթուղթ, որը կը պարզաբանէր, թէ ինչու է երկարաձգուել նրա պատիժը: Իմ ձեռքի տակ եղել է միայն ՍՍՌՄ Ներքին գործերի եւ ՍՍՌՄ Պետական անվտանգութեան մինիստրութիւնների ու Գլխաւոր դատախազութեան 1948 թ. որոշումը, համաձայն որի նա իբրեւ յատուկ վտանգաւորութեան պետական յանցագործ Սուխաբեզվոդնոյէ աւանում տեղակայուած Ունժլագից (Унжлаг) պէտք է տեղափոխուէր Ներքին գործերի յատուկ ճամբար կամ բանտ: Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1191, ց. 4, գ. 1835 I, թ. 422-423:
9 «…գրքերի շատ կարիք եմ զգում, որովհետեւ զբաղուած եմ գրականութեամբ», գրում է Բայկիտից կրտսեր քրոջը` Լաուրային ուղարկուած նամակներից մէկում: Լաուրային ուղղուած նամակներից, անթուակիր, ընտանեկան արխիւ:
10 Լաուրային ուղղուած նամակներից, անթուակիր, ընտանեկան արխիւ:
11 Խորհրդային Հայաստանի այլախոհական շարժումների մասին տե՛ս Վարդան Յարութիւնեան, Այլախոհութիւնը Խորհրդային Հայաստանում (Երեւան: Վան Արեան, 2014):
12 Հայրենադարձութեան մի քանի ալիքներ են եղել Խորհրդային Հայաստանում` Խորհրդային կարգերի հաստատումից մինչեւ 1930-ական թթ. սկիզբ, 1946-1949 թթ. եւ արդէն 1960-ական թթ.: 1920-1930-ական թթ. Հայաստան տեղափոխուածների թիւը մօտաւորապէս 40.000 է, 1946-1949 թթ.` մօտ 90.000, տե՛ս Sevan Nathaniel Yousefian, The Postwar Repatriation Movement of Armenians to Soviet Armenia, 1945-1948 (PhD diss., University of California: Los Angeles, 2011), էջ 14, 17: Հայրենադարձուածները Հայաստանում տնտեսական ու մշակութային խնդիրներով պայմանաւորուած բազմաթիւ դժուարութիւններ են ունեցել: Այս մասին տե՛ս Ամատունի Վիրաբեան, Հայաստանը Ստալինից մինչեւ Խրուշչով (Երեւան: ՀՀ ԳԱա «Գիտութիւն» հրատ., 2001), էջ 63-81:
13 Արդուինում բնակուող վեց հոգուց բաղկացած Զարոբեան ընտանիքին 1914 թ. յաջողուել էր խոյս տալ ջարդից ու ապաստանել Բաթումիում: Տե՛ս Никита Заробян, Яков Заробян и его эпоха (Ереван: РАУ, 2008), էջ 18:
14 Եակոբ Զարոբեան, Հայաստանի կոմունիստական պարտիայի կենտկոմի հաշուետու զեկուցումը Հայաստանի կոմպարտիայի XXII համագումարին (Երեւան: Հայպետհրատ, 1961), էջ 112:
15 Տե՛ս «В ЦК КПСС. О мероприятиях в связи с 50-летием массового истребления армян», ըստ՝ Заробян, Яков Заробян и его эпоха, էջ 231-235:
16 ԽՄԿԿ Գլխաւոր խորհրդին ուղղուած դիմումի մէջ Զարոբեանը նշում է այս մասին: Տե՛ս «В ЦК КПСС. О мероприятиях в связи с 50-летием массового истребления армян», ըստ՝ Заробян, Яков Заробян и его эпоха, էջ 235:
17 Ըստ՝ Յարութիւնեան, Այլախոհութիւնը Խորհրդային Հայաստանում, էջ 10: Տե՛ս նաեւ Людмила Алексеева, История инакомыслия в СССР: Новейший период (Вильнюс: Весть, 1992), էջ 78: Ալեքսեեւան յղում է Հայկազ Խաչատրեանի, Ստեփան Զատիկեանի ու Շահէն Յարութիւնեանի ջանքերով հիմնադրուած Ազգային միացեալ կուսակցութեանը (1966 թ.), որի օրակարգային հարցը, ինչպէս իրենք էին ձեւակերպում, Հայաստանի ազատագրումն էր օտար գերիշխանութիւնից. «Ազատագրել հայ ազգը օտարի լծից, դուրս գալ Ռուսաստանի ստրկական գերիշխանութիւնից, Հայաստանը դարձնել ազատ, անկախ եւ քաղաքական չէզոք հանրապետութիւն»: Ըստ՝ Այլախոհութիւնը Խորհրդային Հայաստանում, էջ 80:
18 Որդու՝ ինձ ուղղուած նամակից, 6 յունիսի 2017:
19 Խմբի գործունէութեան մասին մանրամասն տե՛ս Յարութիւնեան, Այլախոհութիւնը Խորհրդային Հայաստանում, էջ 96-101:
20 Որդու՝ ինձ ուղղուած նամակից, 6 յունիսի 2017:
21 Խորհրդահայ այլախոհական շարժումները ներկայացնող փաստաթղթերի հրատարակուած առայժմ միակ` Վարդան Յարութիւնեանի Այլախոհութիւնը Խորհրդային Հայաստանում հատորում որեւէ նշում չգտայ ո՛չ Վաչէի, ոչ էլ Յակոբ Հինդոյեանի գործունէութեան մասին: Իմ այն հարցին, թէ արդեօ՞ք ընտանիքը որեւէ բան չի շփոթում Վաչէի ու Յակոբի ԱՄԿ-ին հարելու պատմութեան մէջ, քանի որ հրատարակուած փաստաթղթերը լռում են այս մասին, տեղ-տեղ էլ հակասական տեղեկութիւններ տալիս, որդին պատասխանեց. «Երբ ես գտայ այդ գիրքը մի քանի տարի առաջ, գտայ նաեւ Վարդանին եւ հեռախօսով խօսեցի նրա հետ` յոյս ունենալով ինչ-որ տեղեկութիւններ գտնել Վաչէի մասին: Բայց նա ոչինչ չգիտէր, բացի նրանից, որ լսել էր մօրեղբօրս` Յակոբ Հինդոյեանի անունը կամ հանդիպել էր հարցաքննութիւնների արխիւային փաստաթղթերում: Այդքանը միայն»: Որդու՝ ինձ ուղղուած նամակից, 6 յուլիսի 2017: Ինձ հետ բանաւոր խօսակցութիւններում Վարդան Յարութիւնեանը նշեց, որ նախ իրեն չի յաջողուել հասնել բոլոր նիւթերին, եւ բացի այդ, գուցէ Վաչէի հարցաքննութիւնը եղել է ոչ թէ մեղադրեալի հարցաքննութիւն, այլ` վկայի:
22 Որդու՝ ինձ ուղղուած նամակից, 6 յուլիսի 2017:
23 Լեւ Կոնսոնը Վաչէի աքսորի ամենամտերիմ ընկերներից մէկն է, ում հետ մտերմութիւնը շարունակուել է ողջ կեանքում: Նա նոյնպէս գրել է աքսորական իր կեանքի մասին: Տե՛ս Лев Консон, Краткие повести (Paris: La Presse Libre, 1983): 1980-ական թթ. Կոնսոնը լքում է Խորհրդային Միութիւնն ու հաստատւում Իսրայէլում:
24 Ազնիւի ենթադրութեամբ Վաչէի 1971-ի հարցաքննութիւնը կապուած էր այն բանի հետ, որ խուզարկութեան ժամանակ Տարեգրութեան մի համար էր գտնուել գրախանութում: Որդու՝ ինձ ուղղուած նամակից, 6 յուլիսի 2017:
25 Տեղեկագրերին, ինչպէս նաեւ դրանց պատմութեանը կարելի է ծանօթանալ այստեղ` http://hts.memo.ru — այց` 3.03.2019:
26 Որդու՝ ինձ ուղղուած նամակից, 6 յուլիսի 2017:
27 Վաչէ Սարգսեան, «Հայոց ջութակի մի լարը համաշխարհային համանուագում», Աշոտ Յովհաննիսեանի անուան հումանիտար հետազօտութիւնների ինստիտուտի Յովհաննիսեան արխիւներ (ՀԱ), Վաչէ Սարգսեանի ֆոնդ, տետրակ 20, թ. 8, թուայնացուած տարբերակում 45(14):
28 Սարգսեան, Հայոց ջութակի մի լարը համաշխարհային համանուագում, ՀԱ, Վաչէ Սարգսեանի ֆոնդ, թ. 8, թուայնացուած տարբերակում 45(14):
29 ՀԱԱ, ֆ. 1191, ց. 4, գ. 1835(1), թ. 383: Նման տրամադրութիւններով եւս մի քանի բանաստեղծութիւններ են պահպանուել թղթապանակում:
30 Որդու` ինձ ուղղուած նամակից, 20 մայիսի 2017: Նա յատկապէս շարունակում էր իր մտերմութիւնը Լեւ Կոնսոնի հետ: Բացի Կոնսոնից, Վաչէն ողջ կեանքում մտերմութիւնը պահում է նաեւ աքսորի մէկ այլ ընկերոջ` Իւան Լաբայի հետ:
31 Որդու` ինձ ուղղուած նամակից, 20 մայիսի 2017: Գրոսմանի Հայաստան այցելութեան ու Վաչէի հետ շփումների մասին իմ ունեցած տեղեկութիւններում որոշ անհամապատասխանութիւններ կան: Ազնիւի վկայութեամբ Գրոսմանը Հայաստանում եղել է աւելի շուտ, 1961 թ. վերջերին, երբ իրենք դեռ նոր էին ամուսնացել: Վաչէն ու Գրոսմանը բաւականին մտերմացել են հէնց այդ ժամանակ: Յիշում է նաեւ, որ 1962-ին իրենք Հայաստանից Կոնսոնի հետ Գրոսմանին թարմ մրգեր էին ուղարկում Մոսկուա: Երկու Վասեաները (Վաչէին աքսորի ընկերները Վասեայ էին անուանում) երկար հեռախօսազրոյցներ էին ունենում` քննարկելով Քոչարի գրքի որոշ հատուածներ: Ըստ մամուլում եղած տեղեկութիւնների, Գրոսմանը Հրաչեայ Քոչարի Մեծ տան զաւակները գրքի (Երեւան: Հայպետհրատ, 1952) ռուսերէն թարգմանութեան նպատակով Հայաստան է եկել 1963 թ.: Հայաստանեան շփումների պատմութիւնը նա ամփոփել է իր «Բարին ընդ ձեզ» ակնարկում, որի հայերէն թարգմանութիւնը տպագրուել է Սովետական գրականութիւն ամսագրի 1966 թ. առաջին համարում (էջ 44-89):
32 Գրսոմանը 1940-ական թթ. երկրորդ կէսին այցելել էր լեհական համակենտրոնացման ճամբարներ ու գրել իր յայտնի Տրեբլինեան դժոխք գիրքը: Տե՛ս Василий Гроссман, Треблинский ад (Москва: Государственное издательство художественной литературы, 1945):
33 Մահարի, Սիբիրական (Երեւան: ԵՊՀ հրատ., 2009), ծնթ. 105, էջ 739:
34 Հրանտ Թամրազեան, «Երկու խօսք», տե՛ս ՀԱ, Վաչէ Սարգսեանի ֆոնդ, ա. 2, թղթ. 15, թ. 8, թուայնացուած տարբերակում 77(8)): Կարծիքն առաջին անգամ հրատարակւում է այս գրքում, տե՛ս էջ 396-297: Թամրազեանի կարծիքն անթուակիր է: Ենթադրելի է, որ այն գրուել է 1965-ին կամ դրանից ոչ շատ ուշ:
35 Վաչէ Սարգսեան, «Ակեղդամա» Ա. հատոր. «Անկրկնելի պատմութիւն», Երեւան 2019. էջ 396: Հետագայ նշումներուն մէջ՝ Սոյն հրատ.:
36 Սոյն հրատ., էջ 396-397:
37 Սոյն հրատ., էջ 396:
38 Սոյն հրատ., էջ 397:
39 Սոյն հրատ., էջ 397:
40 Խմբագրական եզրակացութիւն, 15.9.1970: Ընտանեկան արխիւ:
41 Այս մասին տե՛ս Շալամովի Լիտերատուրնայա գազետային գրած 1972 թ. նամակը, ըստ՝ https://shalamov.ru/library/24/73.html — այց` 25.03.2019:
42 Տե՛ս Մահարի, Սիբիրական, ծնթ. 105, էջ 739-740:
43 Այս մասին տե՛ս Մահարի, Սիբիրական, ծնթ. 105, էջ 740 եւ ծնթ. 130, էջ 743:
44 Ըստ որդու` ինձ ուղղուած նամակի, 6 յունուարի 2017: Բաբայեանը, սակայն, վէպի ձեռագիր մի օրինակ հետը տանում է Մ. Նահանգներ, երբ 1981-ին հրաժարուելով ԽՍՀՄ քաղաքացիութիւնից` տեղափոխւում է ԱՄՆ: Այդ օրինակը նա յանձնում է Կոնգրեսի գրադարան: 1984-ից Բաբայեանը որպէս լրագրող ու հաղորդավար էր աշխատում Ամերիկայի ձայն ռադիոկայանի հայկական ծառայութիւնում: Բաբայեանի մասին տե՛ս «Դիսիդենտական Հայաստան. Վիգէն Բաբայեան», Մեդիամաքս, 6 դեկտեմբերի 2013, ըստ՝ https://mediamax.am/am/news/dissident-armenia/8445/ — այց` 17.03.2019:
45 Սարգիս Փանոսեան, «Կարծիք Վաչէ Սարգսեանի «Յաւերժական սառնութիւն» վէպի մասին», ՀԱ, Վաչէ Սարգսեանի ֆոնդ, ա. 2, թղթ. 15, թ. 3-7, թուայնացուած տարբերակում՝ 77(3), 77(4), 77(5), 77(6): Կարծիքն առաջին անգամ հրատարակւում է այս գրքում, տե՛ս էջ 398-400:
Այստեղ մի սխալ կայ, որն արժանի է ուշադրութեան: Փանոսեանի կարծիքում նշուած է, որ կարծիքը Յաւերժական սառնութիւն վէպի մասին է: Սակայն գրականագէտի բոլոր յղումները եւ յիշատակած սիւժետային մանրամասները վերաբերում են վէպի վերջին հատորին, որի` իմ ձեռքի տակ եղած օրինակներում այս վերնագրին չեմ հանդիպել: Յաւերժական սառածութիւն վերնագիրը վէպի երկրորդ հատորինն է: Սխալն ուշարժան է նրանով, որ մասն է կազմում վէպի գրութեան ու շրջանառութեան պատմութեան: Այս մասին տե՛ս սոյն հետազօտութեան մէջ, էջ 451-452:
46 Սոյն հրատ., էջ 398-399:
47 Սոյն հրատ., էջ 398:
48 Սոյն հրատ., էջ 400:
49 Որդու` ինձ ուղղուած նամակից, 6 յունիսի 2017:
50 Որդու՝ ինձ ուղղուած նամակից, 6 յունիսի 2017:
51 Անատոլի Ռիբակովի Արբատի զաւակները եռագրութեան առաջին հատորը հրատարակուել է 1987-ին: Հեղինակը վէպի վրայ աշխատել սկսել էր 1950-ական թթ. վերջերին եւ աւարտել 1982-ին: Ռիբակովի այս գործից հատուածներ չի յաջողուել հրատարակել ո՛չ 1960-ական թթ., ոչ էլ 1970-ականներին: Այն հրատարակուել է գորբաչովեան վերակառուցման շրջանում` դառնալով այս շրջանի նշանային արժէքներից մէկը: Վէպի հրատարակութեան մասին ուշագրաւ տեղեկութիւններ է տալիս Միխայիլ Գորբաչովի անմիջական օգնական Անատոլի Չերնեաեւը, տե՛ս «Отцы и дети перестройки», Новое время, թիւ 1 (196), 2011, ըստ՝ https://newtimes.ru/articles/detail/33011/ – այց` 3.03.2019:
52 Որդու` ինձ ուղղուած նամակից, 30 մայիսի 2017:
53 Զօրայր Խալափեան, «Հայաստանի գրողների միութեան նախագահ` ընկ. Վարդգէս Պետրոսեանին», ՀԱ, Վաչէ Սարգսեանի ֆոնդ, ա. 2, թղթ. 15, թ. 1-2, թուայնացուած տարբերակը` 77(1), 77(2): Խալափեանի տեքստը առաջին անգամ հրատարակւում է այս գրքում, տե՛ս էջ 401-402:
54 Սոյն հրատ, էջ 401:
55 Սոյն հրատ, էջ 401:
56 Սոյն հրատ, էջ 401:
57 Սոյն հրատ, էջ 401-402: