ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹԵԱՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԷ — Այս տարի արեւելահայ արձակի ամենատաղանդաւոր դէմքերէն Ակսել Բակունցի ծննդեան 120-ամեակն է։ Բոլորիս ծանօթ են իր կեանքի դրուագները, ընդհուպ մինչեւ իր եղերական մահը որպէս ստալինեան նախճիրի մեծագոյն զոհերէն։ Սակայն Բակունցի անձնական կեանքը ընդհանրապէս լուսարձակներէ դուրս մնացած է։ Այդ գծով 2017-ին յօդուածագիրը «Սիւնիք» հայագիտական հանդէսին մէջ ուշագրաւ գրութիւն մը տուած էր, որ մեր ընթերցողներուն կը ներկայացնենք ստորեւ։
Շատ պէտք է ջանալ Բակունցի կենսագրութեան մէջ կանանց մասին որեւէ յիշատակում գտնելու համար: Դժուար է ամբողջական պատկերացում կազմել Բակունցի հոգեկան-ներաշխարհային կեանքի մասին: «Խորունկ, հանդարտ ու յստակ» խառնուածքի տէր գրողը անձնական ապրումներ ու զգացմունքներ արտայայտելու մէջ էլ չափազանց զուսպ էր ու հաւասարակշիռ: Նրա կեանքում չեն եղել յախուռն, աղմկոտ սիրային պատմութիւններ, ինչպէս, օրինակ, Չարենցի կեանքում, բայց եղել են նուիրական անուններ, որոնք ուղեկցել են Բակունցին կարճատեւ կեանքի որեւէ շրջանում, կերպարային ու պատկերային իւրօրինակ նրբագծերով հիւսուել ստեղծագործական աշխարհին:
Մտերիմներից Ռաֆայէլ Աթայեանը ուշագրաւ բնութագիր է տուել գրողի խառնուածքին. «Իսկական մտերմութիւնը խոր հոգեկցութիւն էր Բակունցի համար, որ առաջ էր գալիս միայն տեւական շփման, մնայուն հաղորդակցութեան, բազմապիսի տպաւորութիւնների կուտակման հետեւանքով: Այս դէպքում նոյնիսկ իր համակրանքին արժանացած ու իրեն վաղուց մտերիմ կանանց ու աղջիկների շրջանում նա անսովոր կերպով պարկեշտ էր, վերին աստիճանի զուսպ, մշտապէս լի ինչ-որ երկիւղած պատկառանքով: Նա պատանու նման կը կարմրէր, երբ ուզենար իմանալ մտերմիկ բնոյթ ունեցող որեւէ բան, որն, անտարակոյս, կարող էր վստահ լինել, հաճոյքով կը պատմէին իր բարեկամուհիները: Նրա այս պարկեշտութիւնը, որ վարուեցողութեան ընդհանուր կուլտուրային զուգակցուած, ոչ մի առնչութիւն չունէր գաւառականութեան հետ, էապէս էլ աւելի անդիմադրելի էր դարձնում նրա մարդկային (եւ տղամարդկային հմայքը)»[1]:
Արուեստի ամեն մի գործ, գրական ամեն մի ստեղծագործութիւն ծնունդ է հոգեկան որեւէ ապրումի: Աննա Ախմատովան այսպիսի բանատող ունի. «Կը պակասի մի յոյս, կ՚աւելանայ մի երգ»: Որքան յուզառատ ու գեղեցիկ է մարդու ներաշխարհը, նոյնքան նրբահիւս է նրա ստեղծած գործը: Բակունցը զգայուն, երազող, ի բնէ ռոմանտիկ էութիւն ունէր: Հոգում կրում էր բանաստեղծական անսահման մի տրտմութիւն, որ, ինչպէս ժամանակակիցներն են վկայում, խորապէս արտայայտուած էր նաեւ դիմագծերի վրայ: Հոգեկան այդպիսի բիւրեղեայ, անարատ նկարագիր ունեցող մարդը կարող էր ստեղծել գրական նոյնատիպ մի աշխարհ՝ անտեսուած գեղեցկութիւնների ու լուռ ցաւերի թանձր պատկերներով:
* * *
Բակունցի՝ 1918թ. հրապարակած «Աղօթք» եւ «Անտառում» պատկերներում յիշւում է Հերդայ խորհրդանշական անունով հերոսուհի: «Տէ՛ր, չէ՞ որ դու բարի ես եւ գթոտ, ինչպէս հայր… Աղերսանքս ընդունի՛ր: Հին լաւ օրերը տուր, լաւ օրերը բեր, ինձ Հերդային տուր: Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր: Այնքան շատ են Հերդաները: Քանիսներն են աղօթում, կարօտը հոգում, լաւ օրեր տեսնելու յոյսը սրտում: Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղօթքի համար: Յոգնել ենք, Տէ՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող»(«Աղօթք»): «… Ու յիշեցի Հերդային:
— Ու՞ր է նա, ո՞ր աշխարհում: Արդեօք յիշու՞մ է նա ինձ, արդեօք գիտէ՞, որ ես մի մոլոր ճամբորդ եմ, մի անտուն շրջիկ, որ քնում է անտառում, ճամբի եզրին:
Եւ կարօտը մարեց իմ հոգում, այնպէս, ինչպէս առաջացել էր: Ոչ ոք չեկաւ ցաւս հարցնելու, մէկը չկար, որին պատմէի, թէ ինչքան ծանր է նստել հինաւուրց անտառում եւ հին օրերը վերյիշել: Զգացի, որ մենակ եմ, մեն-մենակ…»(«Անտառում»):
Միաժամանակ «Անտառում» պատմուածքն ունի նուիրագրութիւն՝ «Ընկերոջս՝ Վաղոյին»: Բակունցի մանկութեան ընկեր Վաղարշակ Յովակիմեանի յուշերից իմանում ենք, որ նուիրագրութեան «Վաղո»-ն ինքն է, իսկ Հերդան՝ Բակունցի պատանեկութեան ընկերուհիներից Թագուհի Սաֆրազբեկեանը, որ առաջինն ալեկոծեց Ակսելի զգայուն ներաշխարհը:
Թագուհի Սաֆրազբեկեանը յուշագրել է Բակունցի հետ իր ծանօթութեան մանրամասները՝ վկայելով, որ գրողը պատանեկան տարիների իր լաւ ընկերն էր: Քաղաքի ակտիւ երիտասարդները տեղի նորակառոյց դպրոցի շէնքում թատերական ինքնագործ խմբակ էին կազմակերպել եւ բեմադրում էին փոքրիկ պիեսներ: Մի փորձի ժամանակ տղաները Ալեքսանդրին ձեռքի ափի վնասուածքով բերում են Թագուհու մօտ՝ վիրակապելու: Բակունցը դիտաւորութեամբ էր վնասել ձեռքը, որպէսզի հնարաւորութիւն ունենայ ծանօթանալու աղջկայ հետ: Ինչպէս վկայում է Սաֆրազբեկանը, առանց այդ «հնարի» էլ Ալեքսանդրը կարող էր հասնել իր նպատակին, սակայն «բնաւորութեամբ նա հակուած էր դէպի ռոմանտիկան»: Ի դէպ, Թագուհին յուշագրութեան մէջ համեստօրէն նշում է, որ Բակունցին ձեռքը վիրակապելու համար բերում են խմբի մէկ ուրիշ աղջկայ մօտ, բայց իրականում ինքն էր այդ «գթասիրտը», ինչի մասին եւ վկայել է Մոսկուայից Ռաֆայէլ Իշխանեանին հասցէագրած նամակում: «Երբ տուն եկայ, եղբայրս՝ Գէորգը, ծիծաղում էր վրաս: Ասաց, որ Ալեքսանդրը դիտմամբ էր կտրել ափը, որպէսզի ես կապէի ու այդպէս ծանօթանայիք», — գրում է նա: «Շատ ամաչկոտ էր, մեծ երազող, միեւնոյն ժամանակ ինքնասէր էր, նպատակամէտ: Ծանօթանալով մեր խմբի հետ, նա սկսել էր ակտիւօրէն մասնակցել բեմադրութիւններին: Ինքն էլ խաղում էր եւ որոշ ժամանակ յետոյ փաստօրէն դարձաւ խմբի ղեկավարը: Նրա առաջարկով բեմադրուեց արտասահմանեան մի հեղինակի (չեմ յիշում? ում) «Հերդայ» պիեսը, որում Հերդայի դերակատարը ես էի, իսկ նրան սիրահարուած երիտասարդի՝ Ակսելի դերակատարումը ստանձնեց Բակունցը: Անցել է կէս դար, եւ ես մոռացել եմ այդ պիեսի բովանդակութիւնը, բայց յիշում եմ, թէ ինչ հաստատակամութեամբ Բակունցն ասաց, որ սկսելու է իրեն կոչել Ակսել եւ, իրօք, նա իր խօսքի տէրը եղաւ»[2]: Խօսքը նորվեգացի թատերագիր Բյոռնստեռնէ Բյոռնսոնի (1832-1910) «Նորապսակներ» (1865) պիեսի մասին է, որը բեմադրուեց Գորիսում 1916 թուականի ամռանը: Բակունցը կատարում էր նորապսակ Ակսելի դերը, ով սիրահարուած էր Հերդային: Ահա թէ ինչու Բակունցը վաղ շրջանի ստեղծագործութիւններում կերպաւորում է Թագուհուն՝ Հերդայ անունով, իսկ գրական անունը հաստատագրում «սրտամօտ» ու խորհրդանշական դերախաղից յետոյ: «Դրանից յետոյ յաճախ էր ինձ Հերդայ անուանում եւ նոյնիսկ մի բանաստեղծութիւն բերեց՝ «Հերդային» վերնագրով: Ես երկար ժամանակ պահում էի այդ բանաստեղծութիւնը՝ որպէս յիշատակ իմ ջահելութեան, բայց… ցաւօք կորաւ, ուր դրեցի, չգիտեմ», — վկայել է Թագուհին:
1917 թուականի ամռանը սերտանում են Թագուհու եւ Ալեքսանդրի յարաբերութիւնները, երբ Գէորգեան ճեմարանի դասարանական բաժինն աւարտած Բակունցը գտնւում էր հայրենի քաղաքում: Նա յաճախ էր լինում Սաֆրազբեկեանների տանը, որովհետեւ Թագուհու եղբօր՝ Գէորգի ընկերն էր: «Մի անգամ բերեց իր մանրիկ, գեղեցիկ ձեռագրով արտագրած՝ Ա.Իսահակեանի «Աբու Լալա Մահարին», որը սիրում էր ասմունքել եւ ընթերցել մեզ մօտ: Նրա շնորհիւ ես հասկացայ, թէ որքան գեղեցիկ եւ երաժշտական է գրական հայոց լեզուն»: Թագուհին յիշում է Ակսելի վճռականութիւնը՝ չնայած ծանր կենսապայմաններին՝ անպայման ստանալու բարձրագոյն կրթութիւն: Բակունցի առաջին սէրը ափսոսանք է յայտնում, որ իրենց ծանօթութեան տարիներին Գորիսում խմբով լուսանկարուելը ընդունուած չէր, եւ ինքը չունի մի յիշարժան լուսանկար Բակունցի հետ:
Գորիսի ծխական դպրոցում Բակունցի մտերիմ դասընկերներից Վաղարշակ Յովակիմեանը, որի հետ գրողն իր մտերմութիւնը պահպանեց մինչեւ կեանքի վերջը, յուշերում երկրորդում է Բակունցի առաջին սիրոյ ապրումները. «… այդպիսի գեղեցիկ օրերից մի օր նոյն Հրազդանի ձորում մի անգամ Սանթրին պատմեց իր առաջին սիրոյ մասին….»: «Երբ 1910թ. ուղարկեցին ինձ ճեմարան, բացի ծնողներիցս ու քոյրերիցս ես իմ հոգու խորքում տարայ նաեւ Թագուշին: Երկար տարիներ, քնած թէ արթուն, նա էր իմ անուրջների առարկան: Նրա կեցուածքը, սիրուն դէմքը, անմեղ ժպիտը, սեւորակ ու խելօք աչքերը, մեծ խնամքով հիւսած սեւ սաթի պէս զոյգ ծամերը ինձ հանգիստ չէին տալիս: Չգիտեմ ինչպէս որակեմ իմ այդ վաղ տարիքի ապրումները Թագուհու վերաբերմամբ՝ սկիզբը սիրոյ հրի բոցավառման, թէ՞ լոկ համակրանք: Դէ, դու գիտես, որ 1915թ. մեր արեւմտահայ եղբայրների գաղթի հետեւանքով ճեմարանի շէնքը ժամանակաւորապէս վերածուեց հիւանդանոցի, եւ ես էլ ուրիշների պէս մեկնեցի Գորիս՝ ծնողներիս տեսութեան: Որքան մօտենում էի Գորիսին, այնքան դէպի Թագուշն ունեցած կարօտից հոգիս լցւում էր այնպիսի մի յուզմունքով, որ սիրտս սկսւում էր արագ բաբախել: Շատ անգամ մի պահ զգաստանում էի, զարմանում, կշտամբում ինքս ինձ, թէ ինչու Թագուշին աւելի եմ կարօտել, քան թէ մօրս ու քոյրերիս: Բայց կարծես թէ մայրական անզուգակից սիրոյ մի ձայն շոյում էր լսողութիւնս՝ շշնջալով. «Ոչինչ, զաւակս, քո սրտի կարօտն էլ իմ կարօտն է, շարունակիր պինդ սիրել Թագուշին, ես համոզուած եմ, որ քո՝ դէպի ինձ ունեցած որդիական սիրոյ հուրը երբեք չի մարի զգայուն հոգուդ մէջ»: Վերադարձիս գիշերը, մինչեւ առաւօտ, չկարողացայ քնել: Իմ ամբողջ էութիւնը համակուած էր նրանով, թէ մեր երկարատեւ անջատումից յետոյ արդեօք Թագուշը կ՚արձագանգի՞ իմ սիրոյ զգացումներին, թէ սառը ջուր կը լցնի իմ յոյսերին: Սակայն որքան մեծ էր իմ ուրախութիւնը, երբ յաջորդ օրը առաջին իսկ հանդիպումից մեր հայեացքները կախարդեցին իրարու հէնց իր՝ Թագուշի հայրական տան մէջ: Քիչ անց մենք արդէն փողոցում էինք եւ անխօս ու արագ քայլում էինք դէպի «Կալին պաշը», որտեղից բացւում էր քեզ ծանօթ մեր բաղերի, գետակի եւ լեռների սքանչելի տեսարանը: Երկար ատեն մեզնից ոչ ոք չէր համարձակւում դժուար բացատրելի լռութիւնը խանգարել, կարծես հէնց այդ վսեմ լռութեան մէջ էր ամփոփուած վեհագոյն իմաստը մեր հոգեկան նուրբ զեղումների: Բայց յանկարծ, այդ լռութեան պահին, կարծես թէ գերբնական մի ուժով մենք ինքնաբերաբար սեղմուեցինք իրարու եւ մեր աչքերը լցուեցին արցունքով: Արձակուեցին մեր լեզուի կապերը, եւ մեր շուրթերը ըմբոշխնեցին առաջին սիրոյ քաղցրութիւնը: Ամեն ինչ ասուած էր: Մենք պայմանաւորուեցինք ցմահ սիրել իրար»[3]:
Թագուհի Սաֆրազբեկեանի յուշերից իմանում ենք նաեւ, որ այդ ամառուանից յետոյ նա Բակունցին հանդիպել է 1919թ.-ի ամռանը Երեւանում եւ ապա 1923թ.-ին՝ դարձեալ Երեւանում, երբ ինքն արդէն ամուսնացած էր… «Միայն այդ ժամանակ, — գրում է Թագուհին, — ես հասկացայ, որ չեմ գնահատել նրա զգացմունքների խորութիւնը, տեւականութիւնը, նրա անկեղծութիւնը եւ, ուշադրութիւն չդարձնելով, անցել եմ նրա կողքով: Այդպէս մենք հրաժեշտ տուեցինք միմեանց առյաւէտ»:[4]
* * *
Բակունցի համառօտ ինքնակենսագրութեան մէջ առաջին հայեացքից կեանքի սովորական անկիւնադարձ թուացող մի դրուագ կայ, ինչը պատանեկան զգացմունքի մի գողտրիկ պատմութիւն է քօղարկում. «1910 թուին «ունթունուեցի» (այդպէս էի արտասանում այն ժամանակ) ճեմարան: 1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակուել էր ճեմարանը, եւ ես այդ տարին ուսուցիչ «հրաւիրուեցի» Զանգեզուրի Լոր գիւղը: Ամռանը ես «չարութիւն» էի արել, որ եւ կարելի էր հաշուել իմ գրական մկրտութիւնը, եթէ չհաշուենք «Յիմար մարդը» վերնագրով մի հէքեաթ, որ 1911 թուին տպեց «Աղբիւր» ամսագիրը: Այդ ամառ ես ֆելիետոն էի տպել Շուշուայ կարծեմ սոցիալ-դեմոկրատական «Փայլակ» թերթում, մեր քաղաքագլխի եւ գաւառական ադմինիստրացիայի դէմ (Բակունցի այդ «չարութեան» արգասիք ֆելիետոնը` «Մաթվեյ Մաթվեիչ … (Մի անյայտ մարդու անհրաժեշտ կենսագրութեան փորձ)» խորագրով եւ «Թեզ գնացող» ստորագրութեամբ, տպուել է Շուշիի «Փայլակ» թերթի 1915թ. յուլիսի 26-ի No40-ում): Ինձ բանտարկեցին, եղաւ «փոթորիկ», եւ ես բանտարկութեան 34-րդ օրը ազատուեցի, որպէսզի ուսուցիչ գնամ այն հեռու գիւղը` Լորը: Առաջին անգամ ճանաչեցի գիւղը, նրա մարդկանց: Յետոյ շատ անգամ այդ թուի յիշողութիւնները օգնել են ինձ»:
Բակունցի՝ Լորում ապրած օրերի գեղարուեստական վերյուշը «Խոնարհ աղջիկը» պատմուածքն է: Այդ պատմուածքում եւս սիրոյ պատկերման հարցում գրողը ժլատ է: Մի քանի բնորոշումների մէջ, սակայն, խտացւում է չասուած բառերի, հոգու խորքում պահուած նուիրական ապրումների ոչ սովորական մի աշխարհ: Դա Բակունցի խօսքի բարձրագոյն արուեստն է, որ բնորոշւում է որպէս լռութեան արուեստ: Պատահական հանդիպումը դարձել է մարդկային մի ջերմագին զգացում, որ մտովի վերապրւում է երկար տարիներ: Խոնարհ աղջիկը դառնում է ուսուցչի կեանքի գեղեցիկ կէտը, որի շուրջ պտտւում է ներքին աշխարհը: Խոնարհի հոգում էլ սիրոյ ապրում կար, բայց ներքին ամօթխածութիւնը թաքցնում է զգացմունքը: Լռութիւնը ցաւ է բերում նրա հոգուն, քանի որ ուսուցիչը չի հասկանում չարտաբերուած բառերի ներքին իմաստը: Այդ չհասկացուած լռութիւնն էլ տխուր վերջակէտ է դնում Խոնարհի երջանիկ սպասումների վրայ: Ուսուցիչը առանց խոստովանելու սիրոյ մասին թողնում է, հեռանում: Նա նոյնպէս բառեր չի գտնում: Սիրոյ ճամբաբաժանին միայնակ կանգնած՝ Խոնարհը լաց է լինում հոգու խորքում:
«Խոնարհ աղջիկը» պատմուածքն ամբողջովին գեղարուեստական փաստագրութիւն է։ Գրեթէ բոլոր կերպարները, վայրերը, ժամանակը իրապատում հենք ունեն։ Բակունցը Լորում 7 ամիս ուսուցիչ է աշխատել (1915թ. նոյեմբերի 5-ից մինչեւ 1916թ. մայիսի 28-ը)։ Այդ ուսումնական տարում նրա աշակերտների թիւը հասնում էր 33-ի՝ 29 տղայ, 4 աղջիկ։ Պատմուածքում գիւղը նկարագրուած է ճշգրտութեամբ։ «Դպրոցը գիւղի ծայրին էր, բլրակի վրայ։ Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր», — սա լիովին համապատասխանում է իրականութեանը: Իրականի համեմատ փոխուած են որոշ անուններ։ Օրինակ, Լորը դարձել է Ձորագիւղ, իրական տանտէրը՝ Յակոբ ապերը (Յակոբ Յովհաննիսեանը) դարձել է Օհան ապեր, իսկ տանտիրոջ դուստրը՝ 14-ամեայ Անահիտը դարձել է 10-ամեայ Աշոտիկ։ Փոխելով երկրորդական կերպարների անունները՝ Բակունցն անփոփոխ է թողել գլխաւոր հերոսուհու անունը: Ո՞վ էր իրականում այդ խորհրդաւոր հերոսուհին՝ Խոնարհ աղջիկը…
Խոնարհը լորեցի Սուքիաս Առուստամեանի երրորդ դուստրն էր: Ծնուել էր 1899թ., այսինքն՝ Լորում Բակունցի գտնուելու ժամանակ եղել էր 16 եւ ոչ թէ 15 տարեկան, ինչպէս պատմուածքում ակնարկում է Բակունցը: Հեղինակը գրեթէ չի նկարագրում Խոնարհի արտաքինը: Միայն մի տեղ ակնարկում է, որ աղջիկն ունէր սպիտակ դէմք, մանր աչքեր, սեւ ու երկար վարսեր: Բակունցի՝ Լորից հեռանալուց յետոյ՝ 1917-ին, հայրը Խոնարհին ամուսնացրել է հարեւան Շնաթաղ (այժմ՝ Լեռնաշէն) գիւղից մի մարդու հետ, որը, սակայն, շատ չանցած մահացել է: 1921-ին Խոնարհը երկրորդ անգամ է ամուսնացել Դարբաս գիւղից Սուլթան (Անանիա) Անդրէասեանի հետ: Ունեցել է երկու որդի՝ Արշաւիրը (ծնուած 1922թ.) եւ Սեդրակը (ծնուած 1924թ.): Երրորդ որդու լոյս աշխարհ գալու պահին՝ 1926թ.-ին, 27 տարեկանում Խոնարհը կնքել է մահկանացուն: Նրա մահից յետոյ ամուսինը կին է բերել Բաքու քաղաքից, ով եւ մեծացրել է երեխաներին: Որդիներից Արշաւիրը զոհուել է 1941-ին՝ պատերազմում, Սեդրակն անհետ կորել է 1943-ին: Խոնարհը թաղուած է Դարբաս գիւղում, ըստ որոշ տեղեկութիւնների՝ գերեզմանը մինչեւ այժմ պահպանւում է:
Լորեցի Եուրիկ Սահակեանը, որ գնացել էր Ալեքսանդր վարժապետի հետքերով, յուշագրութեան մէջ գրել է. «Լորեցիները լաւ վարժապետներ էին ունեցել՝ Արամը, Ներսէսը, Յովհաննէսը, բայց ուրիշ էր Ալեքսանդրը… Նեղլիկ, ծուռումուռ փողոցներով ամեն օր դպրոց շտապող խաժ աչքերով, շիկակարմիր մազերով, բարձրահասակ երիտասարդը յարգանքով գլուխ էր տալիս գիւղացիներին, իսկ դասերից յետոյ, արեւոտ անկիւններում երկար ժամանակ նրանց հետ զրուցում դէսից-դէնից: … Անցաւ ձմեռը, եւ երբ ամենաբարձր սարերն էլ արտասուեցին եւ պղտոր առուներն աղմկելով վազեցին դէպի մօտակայ ձորը, լորեցիները հրաժեշտ տուեցին վարժապետին, որն այնքան հարազատ էր դարձել նրանց հոգուն: Ինչ իմանար մթին ձորերում ապրող գիւղացին, թէ այդ «ամեն ինչին տեղեակ, հողի լեզուն հասկացող» երիտասարդը ապագայ մեծ գրողն է, ինչ իմանար նա, որ իր հոգսերն ու ցաւերը, որ ինքն այնպէս միամտօրէն սիրտը բացել էր նրա առջեւ, պէտք է գրուեն գրքերի մէջ:… Ինչ իմանար Յակոբ ապերը, որ ինքը դառնալու է իր որդեգիր վարժապետի «Խոնարհ աղջիկը» պատմուածքի Օհան ամին: Կամ ի՞նչ իմանար Դաւիթ Առուստամեանը, որ իր գեղեցկուհի քոյր Խոնարհը կարող էր դառնալ վարժապետի անխօս սիրոյ պայծառ վկան ու գրչի ներշնչանքը: Իսկ ի՞նչ իմանար Խոնարհի հայրը, թէ իր աղջիկը մտքում դեռ փայփայում է այն յոյսը, որ կը գայ Ալեքսանդր վարժապետը… ու դրա համար է դէմ կանգնում հօր առաջարկին՝ ամուսնանալ հարեւան գիւղից մի ջահելի հետ»: Պատմուածքում Բակունցը կրկին հանդիպում է անուրախ կեանքով ապրող Խոնարհին եւ գեղարուեստական պատումը խտացնում ընչազուրկ ու թշուառ որբեւայրու՝ օգնութեան աղերսանքի պատկերով: «Աչքերն էլի առաջուանն էին, բայց առանց փայլի»: Իրականում այդ պատկերը գեղարուեստական գեղեցիկ հնարք է, որ սրտաշարժ է դարձնում պատմուածքի վերջաւորութիւնը: 1926-ին Խոնարհն արդէն մահացել էր, իսկ ամուսինն ապրել է շատ երկար՝ մինչեւ 1966թ.-ը: Բակունցը Լոր է գնացել նաեւ 1926-ին՝ հողային երկարատեւ վէճը լուծելու համար, ինչն արտայայտութիւն է գտել նրա «Ծիրանի տափ»-ում:
* * *
Բակունցի կենսապատումի ուշագրաւ դրուագներից մէկը կապւում է գիւմրեցի մեծահամբաւ նկարչուհի Մարիամ Ասլամազեանի հետ: Թանգարանում պահւում է Ասլամազեանի վրձնած նշանաւոր դիմանկարը՝ «Ակսել Բակունցը մօր հետ»: Նրանք ծանօթացել էին 1935-ի ամռանը Գորիսում, երբ Մարիամ Ասլամազեանը քրոջ՝ Երանուհու հետ գնացել էին Գորիս՝ լեռնաշխարհի գեղեցկութիւնները վրձնելու: Նոյն թուականի ամռանը Բակունցը նոյնպէս գնացել էր Գորիս՝ «Զանգեզուր» կինոբեմագրի համար նիւթեր հաւաքելու: Երբ ամառային խաղաղ երեկոյին քոյրերը որոշել էին բարձրանալ Լաստի խութ կոչուած սարի գագաթը, հանդիպում են Բակունցին, ով եւ առաջարկում է նրանց իր ընկերակցութիւնը, քանի որ այդ քաղաքի որդին էր ու գիտէր «ամեն քար ու թուփ»: Օրերի հետ հիւսւում է նրանց գեղեցիկ մտերմութիւնը՝ լի նուիրական պահերով, հանդիպումներով ու զրոյցներով, որոնք թղթին է յանձնել նկարչուհին՝ յուշապատումը հնարաւորինս ամբողջացնելով ու հրատարակելով 1982թ. «Գրական թերթի» սեպտեմբերի 17-ի համարում: «Անցել է 40 տարի, ամեն ինչ ծածկուել է մոռացութեան մշուշով»: Ի դէպ, 2016 թուականի սեպտեմբերին Հայաստանում վերահրատակուել է Մարիամ Ասլամազեանի «Կեանքի դաւթար» ինքնակենսագրական գիրքը, որ նկարչուհու դարատեւ կեանքի յիշողութիւններն են՝ սկսած մանկութեան ամենավաղ զգացողութիւններից: «Կեանքի դաւթար» գիրքը նկարչուհին մահից առաջ՝ 2000 թուականին, հրատարակել էր Մոսկուայում, բայց շատ քիչ տպաքանակով: Գիրքը լոյս է տեսել ռուսերէն, վերահրատարակուել է նոյնպէս ռուսերէն՝ Ասլամազեան քոյրերի Գիւմրիի պատկերասրահի ու նրանց զարմուհի, գրքի մեկենաս Գայեանէ Նիկողոսեանի ջանքերով: Ասլամազեանի օրագրութիւններն իրականում նրա կեանքի ու հանդիպումների մասին փոքրիկ թեմատիկ պատմուածքներ են: Շուրջ մէկ դար վրձինը ձեռքին ապրած նկարչուհին անդրադարձել է իր տաղանդաւոր մտաւորական-ընկերների՝ Մարտիրոս Սարեանի, Ակսել Բակունցի, Սեդրակ Առաքելեանի, Վազգէն Առաջին կաթողիկոսի, Ինդիրա Գանդու եւ այլոց հետ հանդիպումների թանկ յուշերին: Նրա կեանքի երջանիկ դիպուածներից մէկը Ակսել Բակունցի հետ ծանօթութիւնն էր: «Ակսելին միշտ յիշում եմ՝ նստած իրենց այգու մեծ տանձենու տակ, մուգ կարմիր գորգի վրայ՝ հենուած մութաքաներին ու բարձերին, առջեւը պղնձէ սինիի վրայ սուրճ ու մրգեր, աջ ու ձախ թափուած գրքեր ու տետրեր: Նա մեզ դիմաւորում էր ժպիտը դէմքին: Պէտք է ասել, որ Ակսելի շուրթերի վրայ խաղում էր ինչ-որ խորհրդաւոր, անըմբռնելի մի ժպիտ: Երբեմն թւում էր, թէ հեգնանք կայ այդ ժպիտի մէջ, երբեմն էլ թւում է, թէ նա մի բան է ասել կամ մտածել եւ սպասում է, որ լսողը լրացնի իր միտքը»:
Ասլամազեան քոյրերի հետ Բակունցը եղել է Խնձորեսկում, Տաթեւում, ծանօթացրել նրանց լեռնաշխարհի հարստութիւններին: Խնձորեսկում Ակսելի սիրած վայրը հին գերեզմանատունն էր, որտեղ թաղուած էր Մխիթար Սպարապետը. Բակունցը ասում էր՝ «Այնտեղ՝ Մխիթարի մօտ լուռ է ու տեղանքը շատ գեղեցիկ դիրք ունի, լաւ եմ աշխատում»: Մարիամը վկայում է, որ ամենուրեք Ակսելին ընդունում էին շատ լաւ, մի տնից տանում էին միւսը: Երիտասարդները հաւաքւում էին, եւ Ակսելը պարծանքով պատմում էր, թէ քանի գիտնական ու պրոֆեսոր է տուել մեր հայրենիքին այդ փոքրիկ գիւղը, եւ ինչքան անելիքներ ունեն գիւղի երիտասարդները:
Յատկանշական է հետեւեալ դրուագը. Տաթեւ գնալու ճանապարհին Մարիամը ուզում է լուսանկարուել Բակունցի հետ, Բակունցը մերժում է: «Ինչ է, գտնում ես, որ մենք արժանի չենք քեզ հետ լուսանկարուելու»: Բակունցը դառը ժպտաց եւ ասաց՝ «Մարիամ, իմ գլխին սեւ ամպեր են կուտակուած, ես չեմ ուզում փոքր-ինչ ստուեր գցել ձեզ վրայ: Իմ սիրելինե՛ր, դուք հեռու էք ամեն ինչից, այդպէս էլ մնացէք»: «Զանգեզուրից վերադառնալուց յետոյ՝ Երեւանում, մենք մի քանի անգամ հանդիպել ենք Ակսելին, ապա նա մեկնեց ծովափ՝ հանգստանալու, իսկ մենք Լենինգրադ: Այնտեղից մեզ յաճախ էր գրում: Նա պատմում էր, որ ծովափին պառկած գրում է, գրում, միւս օրը կարդում ու թերթ առ թերթ նուիրում ծովին: Նա ինչ-որ մեծ պատմական թեմայի վրայ էր աշխատում, յատուկ Խանջեանի պատուէրով, ասում էր, որ շատ մեծ թեմայ է: Երեւան վերադառնալուց յետոյ նրան հիւրանոցում սենեակ էին յատկացրել աշխատելու համար, գրում էր, թէ եզան պէս աշխատում է, բայց արդիւնքն այնքան էլ լաւ չէ: Գարնան մօտ նամակները դադարեցին»: Բակունցն այդ ժամանակ աշխատում էր «Զանգեզուր» կինոբեմագրի վրայ: Այնուհետեւ յուշագիրը պատմում է իր ու Բակունցի երեւանեան վերջին ճեպազրոյցի սրտառուչ մանրամասները, Ակսելին այլեւս չհանդիպելու չարագուշակ զգացողութիւնը, որ ունեցաւ հրաժեշտի պահին, եւ ինչն իրականութիւն դարձաւ:
«Կեանքի դաւթար»-ում Մարիամ Ասլամազեանը Բակունցի մասին յուշագրութիւնը լրամշակել է 1967 թուականին՝ ուղիղ 32 տարի անց կրկին Գորիս այցելելու կենսադրուագով (ներկայացւում է թարգմանաբար). «Քաղաքը շատ էր փոխուել, դա ուրիշ քաղաք էր՝ մեծ մոխրագոյն տներով: Գորիսը կորցրել էր իր գրաւչութիւնը: Ժայռերի միջի հին տները դատարկուել էին, կիրճը ամայացել էր, միայն հատուկենտ զբօսաշրջիկներ էին երեւում այնտեղ: Այլեւս չկային այն նրբագեղ, բարեկազմ, ազգային տարազով գորիսեցի հպարտ կանայք, որոնք այնպէս ներդաշնակօրէն էին համադրւում գորիսեան անկրկնելի ժայռերի հետ, որ ասես մէկ ամբողջութիւն լինէին: … Մի երեկոյ որոշեցի գտնել Ակսելի տունը: Պարզուեց, դա այնքան էլ հեշտ չէ: Վերջապէս շատ հարց ու փորձից յետոյ գտայ: Բակում ամեն ինչ փոխուել էր, ապակեպատել էին պատշգամբը, այգու տարածքում նոր տուն էին կառուցել: Հին տան մէջ անփոփոխ էր մնացել միայն Ակսելի սենեակը: Ես թոյլտուութիւն խնդրեցի եւ մտայ այգի: Հին օրերի միակ վկան մնացել էր կիսով չափ սղոցուած տանձենին, որի տակ աշխատում էր Ակսելը…
Հեռանալիս ինչ-որ մէկն ասաց. «Քաղաքում Ակսելի արձանն են տեղադրել, այնպէս որ մենք նրան չենք մոռացել, եթէ կ՚ուզէք՝ կ՚ուղեկցեմ»: Ես հրաժարուեցի եւ որոշեցի մենակ գնալ: Արդէն մութն ընկնում էր, երբ գտայ Ակսելի արձանը: Այն կանգնած էր փոքր հրապարակում, շրջապատուած անդէմ եւ միանման տներով: Արձանի մօտ ոչ մի ծաղիկ չկար, չորացած խոտերի մէջ կանգնած էր քարացած Բակունցը:
Ես երկար նայեցի, պտտուեցի չորս կողմը, նստեցի ցանկապատի ծայրին, մտածեցի. «Լաւ է, որ ինձ ոչ ոք չխանգարեց՝ նրա հետ մենակ մնալու…»: Բայց իմ մենութիւնը երկար չտեւեց: Հետաքրքրասէրների մի խումբ շրջապատեց ինձ՝ խանգարելով իմ մտորումները: Լուռ հեռանալով մտածում էի, թէ որքան դաժան է ժամանակը, ինչ արագ է ամեն ինչ տրւում մոռացութեան: …. Ինձ միշտ հետաքրքրել է Բակունցի՝ ժամանակի ամենափայլուն գրողի ճակատագիրը, բայց ոչինչ չգիտէի նրա վախճանի մասին: Երբ ես 1989 թ. վերջին անգամ եղայ Հայաստանում, շատերը ինձ գրեթէ նոյնութեամբ պատմեցին նրա կեանքի վերջին օրուայ մասին…. »[5]:
* * *
Բակունցի կեանքի սրտայոյզ էջերից մէկը կապւում է Ժենեայ Գիւզալեանի, ինչպէս գրող Յովիկ Չարխչեանն է բնորոշում՝«ալպիական կնոջ» հետ: Ժենեայի ու «քնարական» Ակսելի մասին յիշողութիւններ է գրի առել գրողի ընկերներից Ռաֆայէլ Աթայեանը: Յուշակնարկը լոյս է տեսել 1980 թուականին Բէյրութի «Բագին» ամսագրում:
Երեւանի հանրային գրադարանը, որը 1920-ական թուականներին գտնւում էր Կուլտուրայի տանը, Ակսել Բակունցի համար գրաւիչ էր ոչ միայն գրքերով: Գրադարանի սպասարկման բաժնում աշխատող նորահաս օրիորդները անկեղծ համակրանքով էին լցուած գրական մեծ կուլտուրայի ու կիրթ վարուեցողութեան տէր իրենց նորեկ ընթերցողի՝ Բակունցի նկատմամբ: Նրանք միեւնոյն ժամանակ Ակսելի համազգաց ընթերցակիցներից էին: Որքան էլ սուղ լինէր Ակսելի ժամանակը, գրադարան մտնելով՝ անպայման հետաքրքրւում էր, թէ ինչ նոր գիրք են կարդացել, ինչն են հաւանել, ինչը՝ չեն հաւանել, ու համակ ոգեւորութեամբ հաղորդում էր կարդացած գրքերի շուրջ իր տպաւորութիւնները: Այն գրքերը, որոնք Ակսելն էր պահանջում ու ապա ետ վերադարձնում, ձեռքից ձեռք անցնելով՝ երկար ժամանակ չէին վերադառնում գրապահոց: 1926-1927 թուականները Բակունցի կեանքի ամենաերջանիկ ու բեղուն տարիներն էին, երբ թերեւս ոչինչ չէր խանգարում նրա ստեղծագործական յղացումների իրականացման համար:
1926 թուականին հէնց Հանրային գրադարանում էլ առաջին անգամ տեսնում է Ժենեային, որը թէեւ չէր աշխատում գրադարանում, բայց պաշտօնավարելով Կուլտուրայի տանը՝ յաճախ էր լինում գրադարանում աշխատող ընկերուհիների մօտ: Յուշագիրը վկայում է, որ Ժենեան միջահասակ, բարեկազմ, նուրբ դիմագծերով, երազկոտ, անսեթեւեթ շարժուձեւերով աղջիկ էր, հագնւում էր պարզ ու ճաշակաւոր, նախընտրում էր սպիտակը: Նա հայկական դպրոց էր աւարտել, լաւ գիտէր ու շատ էր սիրում հայ գրականութիւն, թէեւ ազատ տիրապետում էր եւ ռուսերէնին: Ժենեայի հայրը՝ Տիգրան Գիւզալեանը, մասնագիտութեամբ գիւղատնտես էր, որ, 1921-ին Հայաստան գալով, աշխատել է որպէս Օշականի գիւղատնտեսական տեխնիկումի վարիչ մինչեւ իր մահը: Ժենեայի մայրը՝ Երանեակ Վարդանեանը, ախալքալակցի էր, ինքնակրթութեամբ մեծ զարգացման էր հասել ու Թիֆլիսում աչքի ընկել հասարակական գործունէութեամբ: Դեռեւս Ախալքալակում նրա հետ ծանօթացել ու մտերմացել էր Յովհաննէս Թումանեանը: Այդ բարեկամութեան վկայութիւններն են Թումանեանի բանաստեղծութիւնների ժողովածուն՝ ընծայագրուած «Օր. Երանեակ Վարդանեանին, 1896» եւ Թումանեանի «Երանին» ընծայագրով բանաստեղծութիւնը՝ «Դու մի հաւատայ ժպտուն աչքերին….»: Երանեակ Վարդանեանի հետ մտերիմ են եղել նաեւ Աւետիք Իսահակեանը եւ Վահան Տէրեանը: Երանեակը մահացել է երիտասարդ տարիքում՝ 39 տարեկան հասակում՝ «սեւ ծաղկից»: Ժենեան, որ կրտսերն էր չորս զաւակներից, շատ բան էր ժառանգել մօրից: Շատ էին «նախասահմանեալ» հանգամանքները, որոնք կարող էին կանխորոշել Ժենեայի ու Բակունցի սրտամօտ բարեկամութիւնը:
1925 թուականին Երեւան գալով՝ Ժենեան ընդունւում է պետհամալսարանի պատմագրական ֆակուլտետը: Նա ապրում էր «Անի» հիւրանոցից փոքր-ինչ վերեւ: Յուշագիրը վկայում է, որ ժամանակին այդ տարածքում հսկայ բարտիներ կային, դրանց հովանու տակ սեւ տուֆէ միյարկանի տուն կար, որի երկու սենեակներում բնակւում էր նկարիչ Յակոբ Կոջոյեանը, իսկ երրորդում՝ Հայաստան սովորելու եկած Գիւզալեան քոյրերը: Ակսել Բակունցն այդ ժամանակ արդէն մտերիմ էր Յակոբ Կոջոյեանի հետ, յաճախ էր լինում նրա տանը՝ հանդիպելով նաեւ Ժենեային:
Ժենեան Ակսելի հետ ընթերցողական սերտ «գործակցութիւն» ունէր, Ակսելի հաւաքած նոր գրքերն առաջինը նրա տրամադրութեան տակ էին անցնում, Ժենեայի «գտածոներն» էլ անպայման ընթերցում էր Բակունցը: Նրանք իւրովի մրցութեան մէջ էին իրենց ընթերցանութեամբ: «Այդպէս համազգացօրէն նրանք կարդացել էին Մերիմէյի վիպակներն ու նովելները ու մտքերի փոխանակութիւն ունեցել դրանց շուրջ»: Նշենք, որ Պրոսպէր Մերիմէն Բակունցի սիրած նովելիստներից էր:
1927-ին Ժենեան փոխադրւում է Լենինգրադի համալսարանի ազգագրական բաժինը: Այդ տարիներին նրանց հոգեկան կապը ամրապնդւում է ջերմ նամակագրութեամբ: 1931-ին վերադառնալով Երեւան՝ Ժենեան աշխատանքի է անցնում Պատմութեան թանգարանի ազգագրութեան բաժնում՝ որպէս գիտաշխատող: Վկայում են, որ Ժենեան առաձնակի սիրով էր մասնակցում Զանգեզուր ուղեւորուող ազգագրական արշաւներին: Պահպանուել է մի լուսանկար, որտեղ Բակունցի ցանկութեամբ եւ ի պատիւ Բակունցի՝ Ժենեան նկարուել է զանգեզուրցի կնոջ աւանդական տարազով:
Ամենաուշագրաւ տեղեկութիւնը, որ կապւում է Ժենեայ Գիւզալեանի հետ, «Ալպիական մանուշակ» պատմուածքում նրա նախակերպարի հարցն է: «Խորհրդային Հայաստան» թերթի 1927 թուականի յունուարի 1-4-ի համարներում շարունակաբար տպագրւում է «Ալպիական մանուշակ» պատմուածքը՝ նուիրուած յունուարի 1-ի գիշերը վախճանուած Եղիշէ Չարենցի կնոջ՝ Արփենիկ Չարենցի յիշատակին: Չնայած խորհրդանշական ընծայագրումին՝ Արփենիկ Չարենցը նախակերպարային որեւէ առնչութիւն չունի ստեղծագործութեան հետ:
Պատմուածքի ձեռագիրը Բակունցն առաջինը կարդացել էր հէնց Ժենեայ Գիւզալեանին: Աւելին, պատմուածքում ի դէմս այն «երկրորդ կնոջ», որ ծովափին «նշաններ է անում աւազի վրայ ու ջնջում», հէնց Ժենեային է նկատի ունեցել: Պատմուածքում Բակունցը պահպանել էր նրա շարժուձեւն ու տարազի յատկանիշները (օրինակ, թաւշէ գլխարկի նարնջագոյն քորոցը), ինչպէս նաեւ գունային տպաւորութիւնը («մուգ մանիշակագոյն աչքեր»), որ թողնում էր նրա աչքերի տամուկ հայեացքը: Յուշագիր Ռաֆայէլ Աթայեանը վկայում է, որ 1933 թուականին համատեղ ուղեւորութեան ընթացքում, երբ Բակունցի հետ հանգրուանել էին «Բաքու» հիւրանոցում, հարցրել է նրան այդ մասին: «Նա վայրկենապէս աշխոյժի եկաւ ու տեղն ու տեղը հաստատեց, որ 1926-ին հանդիպել է Ժենեային Բաթումում, որտեղ նա հանգստանում էր մեծ եղբօր՝ Ռուբէն Գիւզալեանի հետ, եւ որ իրօք, նրան՝ Ժենեային է նկատի առել «այն կնոջն» ուրուագծելիս»: Յիշենք այս պատկերը. «…Առաւօտեան ծովը բրոնզէ հալոցքի պէս տարուբեր էր լինում եւ լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սեւ թաւիշէ գլխարկով կինը հովանոցի ծայրով աւազի վրայ նշաններ էր անում եւ աւերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճիւղը, մանրիկ փշուրներ անում, եւ երբ ալիքները կաթիլներ էին ցօղում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճիւղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թուաց լայնարձակ մի ծով, եւ սիրտը ձուլուեց ծովի հետ»։ Բակունցը հաճոյքով է վերյիշել ու հաստատել այն բերկրառիթ իրողութիւնը, որ դեռ սեւագիր կարդացել է Ժենեային «Ալպիական մանուշակի» ձեռագիրը, եւ որ նա սիրել է պատմուածքը…
Ժենեայ Գիւզալեանը ընտանիքի միւս անդամների նման նոյնպէս զոհ գնաց ստալինեան բռնութիւններին: Նրան հակապետական, հակայեղափոխական գործունէութիւն ծաւալելու շինծու մեղադրանքով ձերբակալել են 1939 թուականին եւ աքսորել Միջին Ասիա՝ Կարագանդայի ճամբար, որտեղ եւ 1941-ին 38 տարեկան հասակում անյայտ հանգամանքներում մահացել է:
Ակսել Բակունցի կենսական անկիւնադարձերի մասին գրականագետ Ռաֆայէլ Իշխանեանի վկայութիւններից մէկը կապւում է Ժենեայ Գիւզալեանի քրոջ՝ Նազիկ Գիւզալեանի հետ: Վաստակաշատ ուսուցչուհին, որ երկար ժամանակ նախ՝ քրոջ, ապա՝ ընտանիքի հետ բնակուել է Երեւանում, պատմել է Բակունցի հետ վերջին հանդիպման ու գրողի վերջին խնդրանքի մասին: «Ակսելը յաճախ էր լինում մեզ մօտ: Երբեմն կնոջ ու որդու հետ, երբեմն՝ մենակ: …. Մեզ այցելելիս մանուշակներ էր բերում: …. Վերջին անգամ մեր տունը եկաւ 1936 թուականի օգոստոսին: Ամբողջ երեկոն մեզ հետ էր: Ժենեան չկար: Ամուսինս, ես եւ աղջիկս էինք: Շատ զրուցեցինք: Տխուր էր: Հրաժեշտ տուեց, գնաց: Բայց անմիջապէս վերադարձաւ եւ ասաց. «Նազիկ, քեզ մի բան պիտի խնդրեմ» — ես հարցական նայեցի նրան: «Աղջկադ կը տաս հայկական դպրոց»: Մի փոքր զարմացայ նման անսպասելի խնդրանքին եւ այն յայտնելու անսովոր եղանակի համար: Առանց խորանալու, ի միջի այլոց, համաձայնութեան թեթեւ նշան արեցի, մտածելով՝ «Ակսելն է էլի, ով գիտի, մտքով ինչ անցաւ էս րոպէին»: Միւս օրը մեզ էլ հասաւ մռայլ լուրը, եւ մենք այլեւս չտեսանք Ակսելին: Յիշեցի նրա խնդրանքը եւ իմ տուած կէս-կատակ պատասխանը: Ես ու եղբայրս՝ Ռուբէնը, գիմնազիայ ենք աւարտել, Ժենեան՝ հայոց Գայեանեան դպրոցը, իսկ միւս եղբայրս՝ Ներսիսեան դպրոցը: Նրանք հայերէն լաւ գիտէին, իսկ ես՝ վատ: Ուստի որեւէ մտադրութիւն չունէի աղջկաս հայկական կրթութիւն տալու, քանի որ չէի կարող նրա հետ պարապել: Երբ պարզուեց, որ Ակսելի այն իրիկնային այցելութիւնը վերջինն էր եւ խնդրանքն էլ վերջինը, ինքս ինձ հաստատ խօսք տուեցի աղջկաս՝ Մերիին, հայկական դպրոց ուղարկել: Եւ այդպէս էլ արեցի, ու հիմա գիտեմ, որ ճիշտ եմ արել ու դրա համար շատ երախտապարտ եմ մեր անմոռաց Ակսելին…»:
* * *
Ժամանակակիցները վկայել են, որ Խարկովում սովորելու տարիներին Բակունցը համակրել էր թուրքական գեհենից փրկուած ու Խարկովում հարազատների մօտ ապաստանած գաղթական մի աղջկայ՝ Աստղիկին, որ Խարկովի հայկական գաղութի յայտնի դէմքերից ձեռնարկատէր Լեբլեբիճեանի քրոջ աղջիկն էր: Բակունցը մեծահարուստի խնդրանքով հայերէնի ու ռուսերէնի դասեր էր տալիս Աստղիկին: Սկզբում նիւթական վատ պայմաններում գտնուող Բակունցի վիճակը Խարկովում հետզհետէ բարելաււում է՝ աշակերտներին մասնաւոր դասեր տալու արդիւնքում[6]: Ուսուցչի եւ աշակերտուհու միջեւ ձեւաւորուել էին սիրային փոխադարձ զգացումներ: Վկայում են, որ նրանք նոյնիսկ նշանադրուել են, սակայն ոչ այնքան խանդավառ մթնոլորտում, քանզի Աստղիկի հարուստ մօրեղբայրն ու ընտանիքի անդամները մի տեսակ բարձրից էին նայում իրենց աղքատիկ փեսացուին: Բակունցը չէր կարողանում տանել այդ վերաբերմունքը, ինչը հաւանաբար ազդել էր իր ու Աստղիկի հետագայ յարաբերութիւնների վրայ: «Նրանք միայն հաշուի, նիւթական շահի մարդիկ են, սիրտ չունեն… Ատում եմ այդպիսիներին»[7], — գանգատուել էր Բակունցը: Կեանքը տարբեր ճակատագրեր էր վերապահել նրանց համար: Յուշագիր Մարիանէ Լեբլեբիճեանը, որ այդ տարիներին սերտ առնչութիւններ էր ունեցել գրողի հետ, ցաւով խոստովանել է, որ վախից ոչնչացրել են խարկովեան տարիներին Բակունցի հետ ունեցած բոլոր լուսանկարները. «Այդպիսի երիտասարդի որ չխնայեցին, մեզ պիտի խնայեն, եթէ այն տարիներին իմանային, որ մենք կապ ենք ունեցել նրա հետ…»:
* * *
Բակունցի ճակատագրական կինը դառնում է նորնախիջեւանցի Վարվառայ (Վարեա) Չիւիճեանը, որի հետ Բակունցը ծանօթացել էր Խարկովում՝ 1923 թուականին: «Մեր միջեւ միանգամից ստեղծուեցին բարեկամական յարաբերութիւններ, — գրում է Չիւիճեանը, — Որքան շատ էի ճանաչում նրան, այնքան շատ էի զարմանում նրա ի բնէ զարգացածութեամբ, խելացիութեամբ, ներքին մեծ մաքրութեամբ ու շիտակութեամբ առանձնացող եւ իր ժողովրդին խորունկ սիրող Բակունցով»[8]: … 1923-ի յուլիսին Բակունցն աւարտում է գիւղատնտեսական ինստիտուտը: Խարկովից մեկնելուց առաջ նա առաջարկում է Վարվառային ամուսնանալ եւ միասին մեկնել Հայաստան, բայց Վարվառան նախապատրաստւում էր բուհի ընդունելութեան քննութիւններին եւ մերժում է Բակունցի առաջարկը. «Ես նրան պատասխանեցի, որ իմ առջեւ հաստատ նպատակ եմ դրել ստանալու բարձրագոյն կրթութիւն եւ մինչեւ ինստիտուտն աւարտելը չեմ կամենում կեանքս կապանքների մէջ դնել…»[9]: Դառնացած Վարվառայի որոշումից՝ 1923 թուականի յուլիսի 13-ին Բակունցը Խարկովից մեկնում է Խորհրդային Հայաստան: Մի քանի ամիս նրանք նամակագրական կապ չեն ունենում: Գործուղման բացակայութեան պատճառով Վարվառային չեն թոյլատրում մասնակցելու ընդունելութեան քննութիւններին: Այդ լուրը հասնում է Բակունցին, եւ նա նամակով առաջարկում է Վարվառային սովորել Երեւանում: 1923 թուականի դեկտեմբերին Վարվառան գալիս է Երեւան եւ ընդունւում պետական համալսարան: Հայոց լեզուի վատ իմացութիւնը դժուարացնում էր Վարվառայի ուսումնառութիւնը, 1924-ին նա թողնում է համալսարանը եւ ամուսնանում Բակունցի հետ: Բակունցը ստանձնում է Գորիսի գաւառային գիւղատնտեսի պաշտօնը, եւ նրանք միասին մեկնում են Բակունցի հարազատների մօտ՝ Գորիս, որտեղ ապրում են մինչեւ 1926 թուականի մայիսը:
Այդպէս հիւսւում է Բակունցի խաղաղաւէտ ընտանեկան կեանքը: Մեծ է եղել Բակունցի զգացմունքը Վարվառայի հանդէպ, որ կիսեց գրողի ճակատագիրը, դարձաւ ինչպէս Չարենցը կ՚ասէր, «կին, ընկեր եւ հերոսական բարեկամ»: Ի դէպ, Վարվառայի վկայութեամբ՝ Բակունցը «Միրհաւ» հրաշակերտ պատմուածքն իրեն է մատուցել 1924 թուականի մարտի 9-ին՝ իբրեւ ծննդեան օրուայ նուէր, թէեւ պատմուածքն ընծայագրուած չէ: Բնաւորութեամբ Վարվառան եղել է մեղմ ու սրտակից ընկեր, միշտ հոգեկան նեցուկ է եղել Բակունցին:
Ցաւօք, Բակունցի ընտանիքին վիճակուած էր դառնաղէտ ճակատագիր: Դատապարտուեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Վարվառան Բակունցի գնդակահարութիւնից յետոյ, որպէս ժողովրդի թշնամու կին, բանտարկուեց եւ աքսորուեց, մանկահասակ որդին որբացաւ: Բակունցի՝ բանտում եղած ժամանակ կինը մի քանի անգամ այցելել է նրան: Վերջին երկու այցելութեան ժամանակ Վարվառայի հետ եղել է նաեւ նրանց մինուճար որդին՝ Սեւադան, որը Բակունցի ձերբակալութիւնից առաջ ծանր հիւանդացել էր եւ ըստ էութեան փրկուել վերահաս մահից:
Մօր եւ որդու այցելութիւնը բանտում գտնուող հօրը ամենայն հաւանականութեամբ եղել է Բակունցի յամառ խնդրանքներից յետոյ, որովհետեւ Բակունցի կնոջից դա պահանջում են նաեւ իրաւական մարմինները: «Դժուար էր ինձ հետ վերցնել երեխային, բայց չհամարձակուեցի գնալ առանց նրա: Տեսակցութիւնը չափազանց ծանր էր: Բակունցը մէկ ամսուայ ընթացքում այնքան էր փոխուել, որ ես դժուարութեամբ ճանաչեցի այն մարդուն, որին գիտէի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցութեան ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կ՚ասի: «Իմացիր, — ասաց նա ինձ, — այն ամենը ինչ ասում եմ քեզ՝ պատահական մտքեր չեն, այլ արդիւնք են երկար անքուն գիշերների»: Եւ նա թելադրեց ինձ, թէ ինչպէս պիտի դաստիարակեմ եւ մեծացնեմ երեխային: «Որդիս, — անդրադարձաւ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնաւ թաշկինակը, — այնքան շատ բան եմ ցանկացել կեանքում անել քեզ համար, բայց ինձ չյաջողուեց, մայրդ կ՚անի նաեւ իմ փոխարէն: Զգացւում էր, որ այդ տեսակցութեամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազօրագիր-կտակ, որով ինձ է փոխանցում իր հեղինակային իրաւունքը»: Վարվառայի եւ Բակունցի վերջին տեսակցութիւնը եղել է նոյեմբեր ամսին: «Հաւանաբար, պէտք է մեկնել, թէպէտ դեռ կը տեսնենք, — ասաց նա: Ամուր եղիր, հաշուիր, որ աւտովթար է եղել, եւ ես վթարի եմ ենթարկուել:
Դիմելով որդուն, որ ներկայ էր այդ վերջին տեսակցութեանը, Բակունցն ասել է. «Դու շատ կ՚ամաչե՞ս, եթէ քո հօրը Երեւանի փողոցներով տանեն դատարան»:
— Ոչ հայրիկ, — պատասխանեց տղան:
— Ճիշտ է, զաւակս, դու մի ամաչիր քո հօր համար, յիշիր, քո հայրն այնպիսի բան չի արել, որի համար կեանքում պէտք է կարմրես, — ասաց նա երեխային»[10]:
1937-ի յուլիսի 18-ին Վարվառան այցելում է բանտ, բայց նրան ասում են, որ Բակունցն աքսորուել է: Այդ ընթացքում Վարվառան աւարտել էր Կ.Մարքսի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ պէտք է դիպլոմային աշխատանք պաշտպանէր: Ապրում էր ծանր պայմաններում՝ հիւանդ երեխայի ու մօր հետ: Բակունցի ձերբակալութիւնից յետոյ նրան ոչ ոք աշխատանք չի տալիս: «Ալեքսանդրի ձերբակալութիւնից յետոյ մեզ ոչ ոք չէր այցելում: Մեր աղմկոտ տունը, որ միշտ լի էր հիւրերով, մարդիկ «մոռացել էին»: Փողոցում անգամ ինձնից խուսափում էին մեր բոլոր ծանօթները, բարեկամները: Հեռուից տեսնելով ինձ՝ ճանապարհը փոխում էին: Բոլորովին մենակ էինք մնացել: Անասելի ծանր օրեր էին»[11]:
1937 թուականի սեպտեմբերի 17-ին կալանաւորում են նաեւ Վարվառային, բնակարանն ամբողջ ունեցուածքով արգելափակում են, երեխային յանձնում Բակունցի եղբօրը, հիվանդ մօրը թողնում պատշգամբում, իսկ նրան տանում բանտ: Առանց հարցաքննութեան 8 ամիս Բակունցի կնոջը պահելով բանտում՝ յատուկ խորհրդակցութեան որոշմամբ, որպէս հայրենիքի դաւաճանի ընտանիքի անդամ, ութ տարով աքսորում են Տեմինկովեան ճամբար, որտեղից վերադառնում է 1945-ի աշնանը:
Ժամանակակիցները վերյիշել են նաեւ Բակունցի կնոջ` Վարվառայ Չիւիճեանի` աքսորից վերադառնալու պատմութիւնը: Հարեւաններից մէկը բակում նստած տեսնում է մի ղարաչի (բոշա) է գալիս ու ասում է, որ կանչեն Բոխչագիւլ մայրիկին, նա էլ ծառի վրայ խնձոր քաղելիս է լինում: Ասում է՝ «Սոված կը լինի, էդ խնձորից տար, տո՛ւր թող գնայ»: Բայց կինն ասում է, որ Բոխչագիւլն է պէտք: Վերջինս ինչ-որ բան է կանխազգում, գնում է ու տեսնում, որ հարսն է եկել: Պարկի կտորներից կեղտոտ, պատառոտուած շոր է լինում հագին:
Մի կարճ ժամանակ Վարվառան մնում է Գորիսում, շրջանի Շինուհայր գիւղում զբաղւում է ուսուցչութեամբ, այնուհետեւ աշխատանքի է անցնում Երեւանում՝ Քանաքեռի մանկատանը եւ զբաղւում արդէն քսանամեայ որդու խնամքով: Մահանում է 1965 թուականին:
1954 թուականին Վարվառայ Չիւիճեան-Բակունցը հաւանաբար պաշտօնական մարմինների թելադրանք-պահանջով գրել է «Ցուցմունքներ Բակունցի մասին»՝ Բակունցին արդարացնելու համար: Գրութիւնը թէեւ սրտագրաւ յուշագրութիւն չէ, բայց եւ այնպէս շատ տեղեկութիւններ է հաղորդում Բակունցի ընտանիքի ճակատագրի, կենսական տարբեր անկիւնադարձերի, շփումների, վերջին օրերի մասին:
Գուրգէն Մանուկեանը, որ Բակունցի կեանքի վերջին օրերին եղել էր նրա կողքին՝ որպէս բանտակից ընկեր, սրտառուչ յիշողութիւններ է թողել՝ վկայելով «այդ մեծ հոգու տուայտանքը»: «Աշխարհին ասէք, — բաժանման պահին յորդորել է բարեկամին Բակունցը, — որ ես ժողովրդի թշնամին չեմ: Կնոջս ու տղայիս էլ հաղորդեցէք, որ իմ առիթով իրենց կրած տառապանքների համար ինձ չանիծեն…»[12]:
ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹԵԱՆ
Բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ
Երեւան
Աղբիւրը՝ «Սիւնիք» հայագիտութեան հանդէս, Գորիս, 2017թ. թիւ 1(9), էջ 50-61
(Յօդուածը լրամշակուած է)
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1] «Բագին», Բէյրութ, 1980, յունուար, թիւ 1:
2] Ակսել Բակունցը ժամանակակիցների յուշերում, Գորիս, 1999, էջ 30:
3] Նոյն տեղում, էջ 14:
4] Նոյն տեղում, էջ 195:
5] Асламазян М., Давтар жизньи, Е., 2016 г., с. 64-65.
6] Բակունցը Խարկովում ընտրուել է նաեւ հայ գաղութի ակումբի վարիչ: Կարգի է բերել լքուած գրադարանը, նորանոր գրքերով հարստացրել այն: Նկատելի աւելացել է ընթերցողների թիւը: Գաղութի անդամները, սակայն, ակումբում հաւաքուելիս, հայերէն չէին խօսում, եւ յաճախ Բակունցը մօտենում էր նրանց, յորդորում հայերէն խօսել, քանի որ ակումբի նպատակն էր պահպանել հայ ժողովրդի դարաւոր մշակոյթը եւ հոգեկան կապ պահպանել մայր հայրենիքի հետ:
7] «Սփիւռք», 1965, 26 մայիսի, թիւ 20 (Առաքել Պատրիկ, «Մի դրուագ Բակունցի ուսանողական տարիներից»):
8] Չիւիճեան-Բակունց Վ., Ցուցմունքներ Բակունցի մասին, «Հայոց լեզու եւ գրականութիւն», Ե., 2011, թիվ 5(76), էջ 36:
9] Նոյն տեղում, էջ 37:
10] Նոյն տեղում, էջ 39:
11] Նոյն տեղում, էջ 40:
12] Ակսել Բակունցը ժամանակակիցների յուշերում, էջ 192: