ԶՈՀՐԱՊԻ ԿԵԱՆՔԻ ՎԷՊԸ ՈՐՊԷՍ ԳՐԱԿԱՆ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՆԴԻ ԵՒ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ՄԱՐՄՆԱՒՈՐՈՒՄ
ՀԵՐՄԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Պ. Զեյթունցեանը Գրիգոր Զոհրապի կենսապատումի լուսարձակով արծարծում է մեր ամենամեծ կորստի թեման: Արձակագիրը պատկերել է հայ մտաւորականութեանը, նրա պայքարը ազգային ինքնութեան պահպանման, ազգային գաղափարի տարածման համար: Միաժամանակ գրողը թափանցել է Հայոց ցեղասպանութեան հրահրման իրողութեան մէջ, ցոյց տուել հակառակ կողմում կանգնածներին, նրանց, ովքեր ելել էին հայութեան դէմ եւ կամենում էին իրենց նպատակների իրագործմանը հասնել առաջին հերթին հայ մտաւորականութեան գլխատմամբ:
Գրական բարձր արժէքները ծնւում են մեծ պահանջից, ծնւում են ժամանակի պարտադրանքով: Ճշմարիտ արուեստի գործ է Պերճ Զեյթունցեանի «Վերջին արեւագալը» վէպը, որը ծնուել է հայ ժողովրդի ազատաբաղձ ձգտումների հզօր պոռթկման՝ արցախեան շարժման օրերին:
Հեղինակին «շահագրգռող» ամենաէական լծակը եղել է Մեծ Եղեռնի մի քանի գլխաւոր հանգամանքների բացայայտումը, թուրք հրոսակների կողմից սանձազերծուած հայոց ցեղասպանութեան պատկերումը: Ուստի՝ նրան առաւելապէս ստեղծագործական մղում է տուել քաղաքական գործօնը՝ կապուած օրերի կենսական խնդիրների հետ: Չէ՞ որ «Վերջին արեւագալը» Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած եւ այսօր էլ շարունակուող աշխարհացունց դէպքերի արգասիք է եւ իր գեղագիտական ուղղուածութեամբ այդ ըմբոստ շարժման արդարացիութեան, նրա պատմական արմատների, հայ ժողովրդի տարբեր հատուածների ճակատագրի նոյնութեան ու ինչ-ինչ զուգահեռների յայտնաբերման հիմնահարցն է: Ասել է թէ՝ արդի քաղաքական սուր եւ արդար պահանջատիրութեան, մեր ազգային-ազատագրական նորօրեայ պայքարի իւրովի արձագանգն է Պ. Զեյթունցեանի վէպը՝ քաղաքական որոշակի կտրուածքով, պատմական նիւթի նոր մեկնաբանութեամբ:
«Վերջին արեւագալը» վէպի հերոսը Գրիգոր Զոհրապն է՝ Թուրքիայի նոր պատմութեան ամենաերեւելի անհատականութիւններից մէկը, քաղաքական հզօր գործիչը, որից սարսռում էին անգամ իթթիհատականները: Պ. Զեյթունցեանին յուզողը Արցախի բռնակցումն է Ադրբեջանին, ինչպէս որ մեր ամենամեծ ողբերգութիւնը 1915-ի եղեռնն է, ամբողջ Արեւմտահայաստանի հայաթափումը: Պ. Զեյթունցեանը Գրիգոր Զոհրապի կենսապատումի լուսարձակով արծարծում է հէնց այդ թեման՝ մեր ամենամեծ կորստի թեման: Զոհրապի գործելու ժամանակը համընկաւ 1877-1915 թթ.՝ հայ ժողովրդի կեանքի եղերական շրջանին, երբ 1878 թ.՝ Բեռլինի յայտնի վեհաժողովից յետոյ, սկիզբ դրուեց սուլթան Համիդի եւ երիտթուրքերի՝ հայերին ֆիզիկապէս ոչնչացնելու գազանաբարոյ քաղաքականութեանը: Իբրեւ իրաւաբան՝ Զոհրապը ձգտում էր հնարաւորինս պայքարել համիդեան բռնապետութեան դէմ. 1895-1896 թթ. ջարդերի ժամանակ պաշտպանում էր հայ ամբաստանեալներին եւ այլազգի յեղափոխականներին, որով էլ կասկածելի դարձաւ սուլթանական կառավարութեան համար:
1908 թ. Թուրքիայում պետական յեղաշրջումից յետոյ Զոհրապը վերադարձաւ Պոլիս եւ իրեն յատուկ եռանդով հասարակական գործունէութիւն ծաւալեց: Հակառակ իթթահատականների դիմադրութեանը՝ 1908-1915 թթ. Զոհրապը ընտրուեց Ազգային ժողովի եւ պառլամենտի անդամ: Նա պայքարում էր ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների, քաղաքակրթութեան եւ առաջադիմութեան համար: Իր կեանքի վերջին տարիներին Զոհրապը դարձել էր կենտրոնական դէմք հայ գրականութեան արեւմտեան հատուածի մէջ, յայտնի էր նաեւ իբրեւ հանրային գործիչ: Չնայած նրան առաջարկուեց հեռանալ, բայց նա աղէտը կանխելու ջանքեր էր գործադրում եւ մերժեց իրեն փրկելու առաջարկը:
Ըստ 1914 թ. ռուս-թուրքական համաձայնագրի՝ Արեւմտեան Հայաստանում պէտք է անցկացուէին բարենորոգումներ: Զոհրապն այդ հարցով շարունակ անհանգստացնում էր երիտթուրքերի պարագլուխներին: Նա այդ բարենորոգումների ջատագովն էր, նուիրեալը, ով դարձաւ 1915 թ. ապրիլի արիւնալի նախաձեռնութեան զոհերից մէկը: Թուրքերը պատմութեան թատերաբեմից հեռացրին մի մարդու, որը զգալի ներդրում էր ունեցել Թուրքիայի ռազմածովային նախարարութեան ստեղծման գործում:
«Գրիգոր Զոհրապի կեանքի ու գործունէութեան վիպականացումը առաջին հայեացքից ենթադրում է պատմագեղարուեստական ժանրի նախապատուութիւն: Ու դա համեմատաբար հեշտ մարսելի կը լինէր: Սակայն Զեյթունցեանը գնացել է աւելի դժուար ճանապարհով, ներդաշնակել է քաղաքական ու պատմագեղարուեստական ժանրերը, աւելին, տեղ-տեղ էլ դիմել վէպ ժամանակագրութեան տեսակին, եւ արդիւնքում ստացել է վիպական ինքնատիպ մի որակ, որն անպայման նշաձողային երեւոյթ է ոչ միայն հեղինակի ստեղծագործական կեանքում, այլեւ՝ հայ արդի արձակագրութեան զարգացման միտումների առումով»:(1)
«Վերջին արեւագալը» վէպն ընդգրկում է պատմական երկարատեւ ժամանակահատուած՝ 19-րդ դարի վերջին քառորդից մինչեւ 20-րդ դարի առաջին երկու տասնամեակների քաղաքական-հասարակական իրադարձութիւնները՝ Մեծ եղեռնին նախորդած արիւնալի ջարդերը, Թուրքիայի քաղաքական անցուդարձը, Աբդուլ Համիդի գահընկեցութիւնը, Առաջին համաշխարհային պատերազմի իրարանցումը եւ Հայոց ցեղասպանութիւնը: Վէպում հանդէս են գալիս Յակոբ Պարոնեանը, Երուանդ Օտեանը, Արփիար Արփիարեանը, Արշակ Չոպանեանը, Ռուբէն Զարդարեանը, Արամ Անտոնեանը, Սիամանթոն, Դանիէլ Վարուժանը, Հրանտ Ասատուրը, Ռուբէն Սեւակը, Կոմիտասը, Վահրամ Փափազեանը եւ ուրիշներ: Դանիէլ Վարուժանը եւ Ռուբեն Սեւակը հանդէս են գալիս որպէս գլխաւոր կերպարներ: Մեծ Եղեռնի թեման անսպառ է, նրա չարչարանաց ուղիներով հայ մտաւորականութեան անցումը՝ նոյնպէս: Դարի ամենամեծ ոճրագործութիւնն էր դա, մարդկութեան դէմ գործուած ծանրագոյն յանցանքը, որ ծրագրուած էր վաղօրօք եւ խնամքով նախապատրաստուած: Ծանրագոյն կորուստ կրեց հայ մտաւորականութիւնը՝ գլխատուեց նրա աստղաբոյլը:
Գ. Զոհրապի կերպարը ընտրուել է խորամիտ նկատառումով: Նախ Զոհրապը գրողի եւ հասարակական գործչի այնպիսի կերպար է, որն անմիջապէս գտնուել է ժամանակաշրջանի կարեւորագոյն հասարակական-քաղաքական եւ գրական իրադարձութիւնների կենտրոնում: Միջազգային բարձր ատեաններում ճանաչման եւ համբաւի արժանացած այս անհատի հզօրութեան կողքին հայկական հարցին լուծում տալու նրա ապարդիւն ջանքերն ընդգծում են ոչ այնքան կերպարի անզօրութիւնը, որքան իրադարձութիւնների անկասելիութիւնն ու ողբերգականութիւնը:
«Զոհրապը հիմա նման էր մի մարդու, որ վերջին ուժերը հաւաքած, մագլցում էր լեռը, գագաթը մօտ է, մօտ, ահա թէ որքան մօտ է, բայց յանկարծ նրա փէշից կոպտօրէն բռնում են եւ գլորում դէպի ստորոտը: Գոնէ սիզիֆեան տանջանքի հեռանկար լինէր: Գոնէ տանջանքի անիմաստութիւն լինէր»:(2)
Զեյթունցեանի ստեղծագործութիւնը դարձել է այն դասական արժէքներից, որոնք ուղեկցում են գրականութեանն ու թատրոնին: Դրամայի կենտրոնում արեւմտահայ մեծագոյն բանաստեղծի՝ Դանիէլ Վարուժանի ճակատագիրն է: Նրա անձնական ողբերգութիւնը միաւորուեց միլիոնաւոր իր հայրենակիցների ողբերգութեանը: Դրամայի գործող անձերն են նաեւ Կոմիտասը եւ Ռուբէն Սեւակը: Ըստ էութեան, Զեյթունցեանն առաջինն է դրամատիկական ստեղծագործութեան տարածք բերում Կոմիտասին եւ երկու մեծ բանաստեղծներին, այսպիսով ձեւաւորում նրանց գրական-գեղարուեստական կերպարները:
Ինչպէ՞ս ձերբակալուեցին մեր Մեծերը, ի՞նչ օրեր անցկացրին աքսորի ընթացքում, տեղեկանում ենք Պերճ Զեյթունցեանի «Վերջին արեւագալը» վէպից, որից էլ ներկայացնում ենք որոշ հատուածներ:
…Հիւրանոցի դատարկ միջանցքում Զոհրապն ու Թալէաթը յայտնուեցին դէմ-դիմաց:
— «Վստահ եղիր, Թալէա՛թ, մի օր հաշիւ պիտի պահանջուի ձեզանից, եւ դուք չպիտի կարողանաք արդարացնել ձեր ոճիրները»: Ասաց ու զարմանալի մի խաղաղութիւն իջաւ հոգու վրայ: Կարծես ամբողջ կեանքը ապրել էր այդ մի հատիկ նախադասութիւնն ասելու համար:
* * *
— «Դո՞ւ ես Գրիգոր Զոհրապը», — հարցրեց Քել Օսմանը:
— «Այո, ես եմ մեբուս Գրիգոր Զոհրապը: Իսկ դու Քէլ Օսմանը չե՞ս»:
«Քէլ» թուրքերէն նշանակում էր ճաղատ: Զոհրապը չկարողացաւ նրանց ստիպել, որ գոնէ ժպտային իրենց պետի մականուան վրայ: Ուզում էր խայթել, հեգնել, ծաղրել Քէլ Օսմանին` դեռ երէկ հաւատարիմ շան պէս իր շուրջը պտտուող, քծնող ու ծառայամիտ այս ոստիկանապետին: Նրանք քրքրում էին գրասեղանի գզրոցները, գրադարանը, որովհետեւ այն ամենը, ինչ ծաւալ ունի, կարող էր վտանգ թաքցնել սահմանադրական կայսրութեան համար: Ոստիկաններն արդէն հասցրել էին լցնել իրենց հետ բերած տոպրակները: Զոհրապի թղթերն էին հաւաքել, որովհետեւ ամենավտանգաւորը մտքերն են, եւ ոչ թէ զէնքը: Զոհրապը վերջին անգամ նայեց իր հարազատներին: Հարկաւոր էր մի բան ասել, գոնէ մի քիչ Զոհրապ դառնալ: Երբ մի պահ ետ ընկաւ ու առանձին մնաց Քել Օսմանի հետ, տասը ոսկիանոց մի թղթադրամ խոթեց ոստիկանի գրպանը: Օսմանը չմերժեց եւ թոյլ տուեց, որ էֆենդին էլի առաջուայ պէս շռայլ լինի:
Ահա եւս մի հատուած. Ռուբէն Սեւակը եւ Դանիէլ Վարուժանն են, աքսորի ժամանակ.
— Հիմա ի՞նչ կ՚ուզէիր, Դանիէ՛լ, — դարձեալ իրենց անկիւնում էին ծուարել Վարուժանն ու Սեւակը:
— Ի՞նչ հրաշք ըլլար…
— Կը կարծես մեծ բանե՞ր պիտի երազեմ, — ժպտալու փորձ արեց Վարուժանը: — Լոգարան տանէին… Մաքուր սպիտակեղէն, նոր շապիկ, փափուկ անկողին… Մէկ հատ ալ թաշկինակ… Աս է հիմա ինծի համար հրաշքը…:
— Իսկ ես գիտե՞ս ինչ կ՚ուզէի, — ոգեւորուեց Սեւակը: — Կ՚ուզեմ հիմա Զոհրապի քովն ըլլալ… Աչքովս տեսնել, թէ ինչպէս ինքը պատին սեղմած է Թալէաթ փաշային…
… «Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Ամենասուրբ երրորդութիւն, Տո՜ւր աշխարհիս խաղաղութիւն…»:
«Կոմիտասն է, Դանիէլ», — յանկարծ երջանիկ ճչաց Ռուբէնը:
Հարեւան բանտից, որ նոյնպիսի մի ախոռ էր, մեղմ լսւում էր աքսորեալների տխուր «Տէր ողորմեան»: Մէկը միւսից վարակուած, մէկը միւսից ուժ առած բարձրացրին ձայները, ու երկու բանտերը միացան իրար:
— Սա իր վերջին երգչախումբն է, — յուզմունքից Սեւակը ամուր բռնել էր ընկերոջ թեւից: — Ամենաանվարժը, բայց ամենահանճարեղը…
Հատուած Կոմիտասի եւ Դանիել Վարուժանի զրոյցից.
Կոմիտասը Վարուժանի ուղեկցութեամբ տուն մտաւ. «Ես իմացեր եմ, որ դուն նոր բանաստեղծութիւններ ես գրել… Տուր կարդամ… Մի վախնար, անվնաս կը վերադարձնեմ…
— Ինծի համար մեծ պատիւ է, որ դուն կ՚ուզես կարդալ իմ գործերս», — անկեղծօրէն ասաց Վարուժանը, որն իր «Մշակականքը» դեռ ոչ ոքի ցոյց չէր տուել:
— Այդ ապուշները չեն հասկցած, որ քեզ փրկելով, միայն մէկ մարդ չէ, որ կը փրկեն…
— Ձեր պատիժը կը լինի մահը, իսկ իմ պատիժը կեանքը պիտի լինի… Իսկ երգի մասին էլ չխօսիս… Ես քեզ նման յիմար չեմ, որ այս գեհենի մէջ մշակի խաղաղ կեանքը ներբողեմ… Ես այս տետրակները քեզ կը յանձնեմ ուրիշի միջոցով: Եթէ դիտողութիւն ունենամ, լուսանցքներուն կը գրեմ:
— Հա՛յր սուրբ, գուցէ իսկապէս սա մեր վերջին հանդիպումն է», — Վարուժանն աթոռակը տարաւ, դրեց ուղիղ նրա դիմաց ու նստեց դէմ առ դէմ. — Ուրեմն թող իմ ձայնս միշտ հնչէ քու ականջներուդ մէջ… Ինչ ալ ընեն մեզի, կը լսես, դուն պարտաւոր ես երգել ու երգեցնել… Դուն ինձմէ լաւ գիտես, որ երգը մեր երկրորդ այբուբենն է… Դուն իրաւունք չունիս կիսատ ձգելու… Մահը, եթէ կ՚ուզես գիտնալ, կիսատ մնացած երգն է… Ամեն նահատակուած հայի դիմաց` ե՛րգ…
— Լռէ՛, Վարուժան, — յանկարծ գոռաց Կոմիտասն իր անկիւնից. — Քո նմաններուն պատճառով է այս ժողովրդի մէջ հաւատն ապրում: Դու ես ստիպում, որ նա ապրի ու տառապի: Իսկ նրա կամքը հարցրե՞լ ես… Գուցէ նա մեռնել է ուզում, միայն թէ չտառապի: Քո գեղեցիկ զառանցանքները բանաստեղծութիւններիդ համար պահիր… Ես հայի մէկ հառաչանքը չեմ փոխեր քո այս բոլոր տետրակներուն հետ…
— Ափսոս, ձայն չունիմ, որ Կոմիտաս վարդապետին սքանչելի երգերը երգէի: «Անտունին», «Մոկաց Միրզան» … «Գարուն ա, ձուն ա արելը», — նկատեց Վարուժանը:
«Թէ՛ ժանրի, թէ՛ հերոսի ընտրութիւնը միանգամայն հիմնաւոր է. Զոհրապի կենսագրութիւնը խտացնում է մի ողջ սերնդի ազգային մտայնութիւնը՝ նա երբէք կողքից չի քայլել, միշտ եղել է կենտրոնում, բախումների մէջ: Եւ վերջապէս՝ կենսագրական վէպի ժանրային տեսակներով ոչ հարուստ մեր գրականութեան համար օգտակար պիտի համարել ամեն մի փորձ, որ ընդլայնում է ժանրի մասին եղած պատկերացումները»:(3)
Զեյթունցեանի վէպը պատմական է այն առումով, որ հերոսների խառնուածքների յատկանիշները ժամանակի պատմական առանձնայատկութիւններից են բխում: Հայ պատմավէպերի մեծ մասը ստեղծուել է ժամանակների զուգահեռներում, եւ այս առումով Զեյթունցեանի վէպը բացառութիւն չէ: «Վերջին արեւագալը» ստեղծագործութիւնը Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած աշխարհացունց դէպքերի արգասիք է եւ հայ ժողովրդի տարբեր հատուածների ճակատագրի նոյնութեան եւ ինչ-որ զուգահեռների յայտնաբերման հիմնահարցն է:
Գրիգոր Զոհրապի եւ Հայոց Մեծ Եղեռնի զոհ դարձած այլ մտաւորականների մասին պատմող այս վէպում պատմական հսկայածաւալ փաստեր են կիրառուած: Գրողի կերտած կերպարները համապատասխանում են իրենց նախատիպերին, բնաւորութեանն ու նկարագրին:
Ինչպէս Արշակ արքան, այնպէս էլ Գրիգոր Զոհրապը անզօր են պայքարել եւ դատապարտուած են պարտութեան, որովհետեւ գործ ունեն իրադարձութիւնների հետ, որոնք սպրդում են իրենց հսկողութիւնից, որքան էլ զօրեղ լինեն իրենք: Ո՞ւմ դէմ պայքարել, ինչի՞ դէմ պայքարել: Թուրքերը գործում են վստահ, որովհետեւ լաւ են ըմբռնել, թէ ինչ է պատմութիւնը: Նրանք վստահ են, որ ապագայում ամեն ինչ մոռացութեան է մատնուելու այն պարզ պատճառով, որ մարդկային յիշողութեան ճամբան կարճ է:
«Ի զուր ենք յոյս դրել մոռացկոտութեան վրայ, — առարկում է Վարուժանը: — Հապա ինչի՞ համար է պատմութիւնը»:(4) Այս երկխօսութեան մէջ ամփոփուած է ոչ միայն հայի եւ թուրքի պատմութեան ընկալման, այլեւ նրանց խառնուածքների տարբերութիւնը: «Դուք պատմութիւնն ընդունում էք մարդկային արարքների մասին ընդհանրացուած, բանաստեղծականացուած պատկերացումների միջոցով, իսկ ես կարծում եմ, որ ժողովրդի յիշողութեան մէջ մարդկային արարքները մնում են իրենց բարձր պատմական նշանակութեամբ»:(5)
Վէպի կառուցուածքը, չափազանց երկարատեւ ժամանակահատուածի եւ հարուստ դէպքերի ընդգրկման իմաստով, լայն հնարաւորութիւն է ընձեռել հեղինակին` ոչ միայն մեծ գրողի կեանքի տարբեր շրջանները արտացոլելու, նրա կենսագրութեան կորագիծը իր զարգացման շղթայում հետեւողականօրէն ներկայացնելու, այլեւ` արեւմտահայութեան կեանքն ու ճակատագիրը պատմական, ազգային ու քաղաքական բախումների գլխաւոր հանգուցակէտերում գեղարուեստօրէն պատկերելու համար:
Վէպը բաժանուած է երկու մասերի, որոնք ամփոփւում են տասնինն ընդարձակ գլուխներում: Պ. Զեյթունցեանը գլուխները փոխնիփոխ խորագրել է հիմնականում` «1915» եւ «Յետադարձ հայեացք»: Միայն երկրորդ մասը սկսւում է Զոհրապին, Դանիէլ Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբէն Սեւակին եւ Մահմէդ Թալէաթին նուիրուած առանձին դիմաստուերներով, որոնք պարզապէս ամբողջացնում են եօթերորդ գլուխը:
Առաջին գլուխը սկսւում է մէջբերուած տողերով եւ վերնագրուած է «1914»: Միւս գլուխները՝ «1915» եւ «Յետադարձ հայեացք», յաջորդում են իրար: Պատմութիւնը տեսարան առ տեսարան անկասելիօրէն ընթանում է դէպի մեծ ողբերգութիւն՝ աւարտուելու համար Զոհրապի գիտակցութեան մթագնումով՝ վերջին արեւագալով: Եւ գոյժը շուրթին՝ անճանաչելի դարձած Զոհրապին տեսնում ենք Պոլսի փողոցներով արագ անցնելիս՝ բօթը բոլորին հաղորդելու մտահոգութեամբ: «Ինծի համար այլեւս կասկած չկայ, որ այս անգամ տաճիկները պիտի տան թէ՛ մեր հարցին, թէ՛ մեզի: Այս անգամ անոնք… անխնայ պիտի ջարդեն մեզի: …Որո՞ւ ձգեմ այս դժբախտ ժողովուրդը: Այս անտէր եւ անգլուխ ժողովուրդը, պարտքս է մինչեւ վերջ պատնէշին վրայ կենալ»:(6)
Երկրորդ գլուխը սկսւում է արեւմտահայ ինչպէս գրական, այնպէս էլ քաղաքական կեանքում ահռելի դեր խաղացած «Արեւելք» թերթի լոյս ընծայման պատմութեան նկարագրութեամբ: Զոհրապի ժամանակակից, յայտնի ազգային գործիչ Արփիար Արփիարեանի թերթը պիտի դառնար արեւմտահայ առաջադէմ մտքի կենտրոնը, որն իր շուրջը համախմբելու էր հայրենիքի ցաւով տառապող երիտասարդութեանը:
Ե. Ալեքսանեանի բնորոշմամբ՝ «ցեղասպանութեան ահազանգը հնչում է ընդհանուր աճող տագնապով, հայոց պատմութեան ժամացոյցը շարունակ մօտեցնում է մեզ ամենաողբերգական պահին»:(7) Ի վերջոյ անցեալը հասնում է ներկային, անցեալը որոշ դէպքերում վերադառնում է նաեւ Զոհրապի յիշողութիւններով: Յետադարձ հայեացքով է հիւսւում կենսագրական պատումը:
Արձակագիրը պատկերել է հայ մտաւորականութեանը, նրա պայքարը ազգային ինքնութեան պահպանման, ազգային գաղափարի տարածման համար: Միաժամանակ գրողը թափանցել է Հայոց ցեղասպանութեան հրահրման իրողութեան մէջ, ցոյց տուել հակառակ կողմում կանգնածներին, նրանց, ովքեր ելել էին հայութեան դէմ եւ կամենում էին իրենց նպատակների իրագործմանը հասնել առաջին հերթին հայ մտաւորականութեան գլխատմամբ:
Զոհրապը սթափ դատող, վերլուծող, կշռադատող եւ յաճախ նաեւ ընթերցողի համար անակնկալ գործող կերպար է: Զեյթունցեանը հերոսի ներաշխարհ մուտք գործելու փոխարէն խօսեցնում է նրան: Նրա կերպարը բացայայտում է գործողութիւնների միջոցով: Զոհրապը թուրք եաթաղանից նահատակուած ամեն հայի համար մեղադրում է իրեն, մեղադրում իր նմաններին, որոնք, անվերջ բարոյականութիւն քարոզելով, բթացրել են ժողովրդին, նրան դաստիարակել մարդասիրութեան վեհ սկզբունքներով: Գլխաւոր հերոսը ինքն էլ չի կարողանում գտնել հարցի պատասխանը, թէ ինչու Էնվեր փաշան, որին փրկեց Արշակ անունով մի զինուոր, իր երախտիքը յայտնեց՝ Սեբաստիայի եւ Կեսարիայի միջեւ գտնուող Կեմերեկ գիւղաքաղաքի տասը հազար հայերին կոտորելով:
«1915 թ.» խորագրով բոլոր գլուխներն էլ յագեցած են հայերի դժոխային կեանքը պատկերող դրուագներով, գաղթի տեսարաններով, անմարդկային տանջանքներով: «Զեյթունցեանի վէպը նոյնպէս կարող է կոչուել էպոպեա, քանզի այստեղ դարաշրջանի ու անհատի խնդիրն է, դարաշրջանն իր հարցադրումներով եւ հայեցակարգերով ազդում է անհատի վրայ, նրան ենթարկում իրեն: Վէպի հերոսի՝ Գրիգոր Զոհրապի կերպարը հասունանում ու ամբողջանում է առաջին հերթին դարաշրջանի եւ նրա առաջադրած քաղաքական հայեցակարգերի ազդեցութիւնների ներքոյ»:(8)
«Վերջին արեւագալը» վէպում Պ. Զեյթունցեանը հրապարակագրի իր տաղանդը սրել է պանիսլամիզմի ու պանթուրքիզմի տխրահռչակ գաղափարախօսութեան եւ ռազմատենչ-զաւթողական քաղաքականութեան անխնայ հեսանին, լայն պարագծերով ցոյց տուել նաեւ եւրոպական դիւանագիտութեան երկդիմութիւնը:
Պ. Զեյթունցեանի «Վերջին արեւագալը» վէպն այսօր հայրենասիրութեան պայծառ դասեր է ծրարում: Սովորեցնում է ապրել հաւատով ու արժանապատիւ: Այնպէս, ինչպէս եղան, մաքառեցին ու նահատակուեցին նրա անմահ հերոսները:
ՀԵՐՄԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
մագիստրանտ, Արցախի Պետական Համալսարան,
Գրականութեան եւ լրատուութեան ամբիոն
1) Արզումանեան Ս., Հայրենասիրութեան պայծառ դասեր, «Գրական թերթ», 1991, ապրիլ, էջ 3:
2) Զեյթունցեան Պ., Վերջին արեւագալը, Երեւան, 1990, էջ 5:
3) «Հայաստանի Հանրապետութիւն», 1990, հոկտեմբերի 26:
4) Զեյթունցեան Պ., Վերջին արեւագալը, էջ 339:
5) Նոյն տեղում, էջ 276:
6) Զեյթունցեան Պ., Վերջին արեւագալը, էջ 15-16:
7) Ալեքսանեան Ե., Լուսաբացը չի կարող վերջինը լինել, «Հայաստան», 1991, փետրուարի 27, էջ 2-3:
8) Լ. Մութաֆեան, Պերճ Զեյթունցեանի ժամանակը, էջ 129: