«Հայը պիտի ապրի հակառակ իր դահիճներուն:
Ժանիքի դէմ ժանիք, թաթի դէմ թաթ վրիժառու»
Դանիէլ Վարուժան
ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Ա.
Փոքր էի, դեռ գրել-կարդալ չգիտէի, մայրս միշտ մեզ համար կարդում էր տարբեր բանաստեղծութիւններ, տարբեր գրողներից, յատկապէս արեւմտահայ: Անբացատրելիօրէն միայն երկու բանաստեղծութիւն էր անմիջականօրէն ազդել իմ վրայ, աւելի ճիշտ՝ այդ երկուսի մի քանի տողերը, լսածս պահից, պատկերաւոր կերպով տեղաւորուել էին իմ մէջ եւ ապրում ու շնչում էին ինձ հետ: Առաջինը՝ «Բանուորուհին» բանաստեղծութիւնից էր, երկրորդը՝ «Կարօտի նամակ» Վարուժանից: Անշուշտ վերնագրերին շատ յետոյ ծանօթացայ։
50-ական թուականներն էին, համատարած աղքատութիւնն էր իշխում: Մեր տունը, ուր անցել էր մանկութիւնս, փողոցի վրայ էր գտնւում, բնականաբար անց ու դարձը անպակաս էր: Փողոց նայող պատուհանի տակ էր իմ մահճակալը եւ փոքրուց զգայուն քուն ունենալուս հետեւանքով, ամեն մի անցուդարձ կամ փոքրիկ մի ձայն, արթնացնում էր ինձ: Յատկապէս ձմռանը, վաղ առաւօտեան, պատուհանիս տակից քայլողներից ոմանք միշտ հազում էին եւ կարծես դիտաւորեալ կանգնում էին հէնց մեր պատուհանի տակ հազալու: Տաք վերմակի տակ կծկուած հալ ու մաշ էի լինում նրանց հազի հետ, աւելի փաթաթւում վերմակիս, պատկերացնում էի թէ որքան են մրսում, երեւակայութեամբ նրանց նոյնացնում մօրիցս լսած՝ Վարուժանի նկարագրած աղքատ, ուժասպառ բանուորուհու հետ, «Պատուհանիս տակէն, ամեն առաւօտ, ուրուականի պէս կ՚անցնիս». Եւ «կը լսեմ քունիս մէջէն ձայնն հազիդ՝ որ ծոցդ աղուոր կը տանջէ» եւ նրանց հազը կապում իրենց աղքատ, հիւանդ վիճակին: Այսպէս նրանց հետ տանջուելով, երեւակայութեամբ ուղեկցում էի նրանց, մեզնից ոչ հեռու գտնուող գործատեղին, որի ահաւոր պայմանների մասին միշտ խօսում էին մեծերը:
Առաւօտեան ուրախանում էի մօրս տեսնելով տանը, երջանիկ էի, որ նա այդ հիւանդոտ բանուորուհու վիճակին չէ: Եւ այսպէս, տարիներ շարունակ:
Իսկ երկրորդը՝ «Կարօտի նամակ»-ն էր:
Իմ մեծ մայրս, որին Մեծիկ էինք ասում, Եղեռնից կրկնակի փրկուածներից էր: Իր երեք տղայ զաւակներից միայն մէկն էր փրկուել իր հետ, որը սակայն հեռաւոր Հալէպում էր մնացել: Այդ տարիներին սովետական Հայաստանից արգելուած էր նոյնիսկ նամակակցել արտասահմանի հետ եւ բոլոր հայրենադարձները կարօտախտով էին տառապում, էլ չեմ խօսում նրանց դժուար կեանքի, վախի, դժգոհութեան մասին:
Մեծ մայրս գիշեր-ցերեկ տառապում, հալ ու մաշ էր լինում իր միակ որդու կարօտից, միշտ արցունքով խօսում ու պատմում նրանից, Աստծուց խնդրում, որ գոնէ մէկ անգամ էլ նրան տեսնի, նրա շունչը զգայ եւ նոր մեռնի: Իր արցունքների հետ տառապում էի նաեւ ես, իմ փոքրիկ երեւակայութեամբ նոյնացնում էի իր վիճակը Վարուժանի սրտաճմլիկ տողերի հետ «դեռ մինչեւ ե՞րբ հէք գլուխդ ես չսեղմեմ լանջքիս տաք» եւ անվերջ աղօթում, որ Մեծիկս միանայ, գրկի իր որդուն այնպէս ջերմօրէն, ինչպէս մեզ էր գրկում:
Մայրս պատմել էր նաեւ, որ Վարուժանը Մեծիկիս ծննդավայրից էր՝ Սեբաստիայից եւ թուրքերն էին սպանել նրան, ինչպէս եւ իր հօր ծնողներին, հօրս ծնողներին, Մեծիկիս ծնողներին ու զաւակներին: Այս նմանութիւններով Վարուժանը իմ հարազատն էր դարձել, կարծես մեր ընտանիքի անդամը լինէր:
Եւ այսպէս՝ մանկական խաղերիս հետ, նախակրթարանի, դպրոցի աստիճանական բարձրացման հետ, Վարուժանը ապրեց ինձ հետ որպէս իմ հարազատը, ամենուրեք մնաց ինձ հետ իր երկու ազդեցիկ բանաստեղծական տողերով ու ճակատագրով, վստահաբար ձեւաւորեց իմ մանուկ հոգին, մինչեւ հասաւ նրան իսկապէս ճանաչել-բացայայտելու պահը:
Այդ այն պահն էր, երբ սահմռկում ես ինչ որ անբացատրելի ուժի հանդիպելիս, երբ փորձում ես բառերի վերածել տպաւորութիւնդ եւ բառերը կորցնում են իրենց իմաստը:
Ես մօտեցայ նրան թեթեւ, հին ծանօթի ու մտերիմի անհոգ ինքնավստահութեամբ եւ յանկարծ բախուեցի մի վիթխարի ուժի, որն ինձ կքեց եւ բնականաբար հասկացայ, որ ինձ հետ ապրեցրել եմ հսկայ տաղանդի, բացարձակ անտեղեակ թէ ո՞ւմ տողերն են ինձ յուզել:
Նա ստիպեց ինձ փնտրել, փորփրել, իսկապէս ճանաչել իրեն, թէ ինչպէ՞ս հեռաւոր գաւառում աղքատութեան մէջ ծնուած, փոքր տարիքից ընտանիքից հեռու, միայնակ իր ճանապարհը հարթած երիտասարդը, հասկանալով իր ներքին տաղանդի առկայութիւնը, իր ընտանեկան ազգանունը փոխեց Վարուժանի, եւ ոչ միայն հայ բանաստեղծութեան մէջ դարձաւ անկրկնելի, այլ նաեւ օտար երկրի համալսարանում իր յիշատակը յարգել պարտադրեց, աշխարհի տարբեր լեզուներով թարգմանուած եւ գնահատուած մեծութիւն եղաւ:
Անշուշտ տարիներ տեւեց իմ բացայայտումը, մինչեւ իր պարզ բանաստեղծութիւնը ինձ համար դարձաւ մի ողջ ժողովրդի ու երկրի ճակատագրի դառը պատմութեան էջ, նուիրական երազանքների անկատար խուրձ, տարբեր քաղաքակրթութիւնները իրար շաղկապող արժէքաւոր դասագիրք:
«Քաղցր երիտասարդ մըն էր, երբ զինքը ճանչցայ: Հակառակ Եւրոպային՝ ուրկէ կու գար իր ուսման ընթացքը բոլորած: Չունէր Եւրոպան սպառած տղոց ոչ յոգնութիւնը, ոչ անիմաստ մեծամտութիւնը: Կը հաւատար մեր արժէքներուն, աւանդութեանց, դերին, բոլոր իր ընկերներուն նման, բայց այդ հաւատքը մտքէն պիտի չանցընէր համբաւի պատուանդան կամ գահաւորակ ընծայելու»: (Յ. Օշական «Համապատկեր» 6-րդ հատոր, էջ 185)։
Այսպէս է ներկայացրել Վարուժանին արեւմտահայ մեր բացառիկ վիպասան ու դժուարահաճ քննադատ Յ. Օշականը «Համապատկեր»ի իր վերլուծականում:
Արեւմտահայ գրականութիւնը 200 տարուց աւել պատմութիւն էր արձանագրում երբ Դ. Վարուժանը գրական ասպարէզ իջաւ:
Պետականութիւնից, քաղաքական մտածողութիւնից զուրկ թրքահայութիւնը, համիտեան բռնապետական ճնշման անբարենպաստ պայմաններում, զարմանալիօրէն տնտեսական վերելքի հետ նաեւ մշակոյթային վերելք էր ապրում, յատկապէս գրական ասպարէզում, հայ լեզուի զարգացման, յղկման մէջ, որը եւ նպաստեց արեւմտահայ գրականութեան վերելքին, առաւելապէս բանաստեղծութեան իւրայատուկ լեզուահնչեղութեանն ու մշակմանը:
Քիչ ժողովուրդներ կան, որոնք արիւնարբու բռնատիրութեան մէջ մտածում են իրենց մշակութային առաջադիմութեան մասին: Այդ առումով արեւմտահայութեան պատմութիւնը իւրայատուկ տեղ է գրաւում:
Ցաւօք, մինչ օրս դեռ լրջօրէն ուսումնասիրուած չէ արեւմտահայ գրականութեան այդ ժամանակաշրջանը, երբ բիւրեղացուեց, իր յուզականութեան մէջ երաժշտական հնչեղութիւն ընդգրկելով հարստացաւ արեւմտահայ բանաստեղծական լեզուն: Ուսումնասիրուած չէ թէ ինչո՞ւ այդպիսի ծաղկունք ապրեց արեւմտահայ գրական մտածելակերպը իր մէջ ներառելով ազատութեան ձգտում, հայրենիքի գաղափար, համամարդկային սէր, արուեստի նրբագոյն զգացողութիւն ու կատարեալին հասնելու ձգտում:
Բռնատիրութեան օրէօր աճող անտանելի ճնշումները, ժողովրդի սոցիալական եւ քաղաքական քայքայուած վիճակը, ամբողջովին ներկայանում է գրականութեան, նշանակալիօրէն բանաստեղծութեան միջոցով, ողջ գրականութիւնը դարձնելով տուեալ ժամանակաշրջանի պատմական անցեալն ու ներկան պատկերողը:
Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ հայերի վիճակը գնալով ծանրանում էր, երկրում տիրող համիտեան պարբերական ջարդերի, բռնութիւնների, կողոպուտների, անվերջանալի ճնշումների հետեւանքով: Ողջ հայութիւնը հոգեկան ծանր ապրումներից էր անցնում: Հայը որքան էլ փորձում էր ամեն կերպ խոնարհ հպատակութեամբ իր գոյատեւման միջոցները գտնել, միեւնոյն է՝ ամեն ինչ պայթում էր իր գլխին, բռնութեան ծուղակը իր շուրջն էր հիւսւում, հայը խեղդւում էր իր արեան հեղեղում: Ահա թէ ինչ է գրում «Դրօշակ»-ը՝ 1896-ին. «Բանտերը լեցուած են հայերով: Ընդհանրապէս առանց պատճառի կը ձերբակալեն, հարցաքննութիւն կամ մանրամասն խուզարկութիւն չկան, միայն մարդուն անունն ու ուրտեղացի ըլլալը հասկնալէ վերջ կ՚աքսորեն, բայց սատանան գիտէ՝ թէ ուր. Շատեր ծովին յատակը կ՚իջնեն, ցամաք ելլողներն ալ անօթութենէ կամ տանջանքներէ կը մեռնին»:
Այս բռնատիրութեան, ոճրի, համատարած անապահովութեան ժամանակաշրջանում էլ 1884թ ապրիլ 20-ին Սեբաստիոյ Բրգնիկ գիւղում կրթուած, գրագէտ, բայց հազիւ իր ընտանիքի կարիքները հոգացող՝ Գրիգոր Չպուգքեարեանի եւ Թագուհի Պաղտիկեանի յարկի տակ ծնւում է ընտանիքի առաջին արու զաւակը, որին կոչում են Դանիէլ, ի յիշատակ մօր մեծ հօր, որի խիզախ կերպարը յետոյ նա կենդանացրել է իր «Եիկիտ Տոնէյ» դիւցազնավէպում՝ 1904թ: Թէեւ իր անուան հետ կապուած մէկ այլ դիպուած էլ կայ: Ըստ որոշ աղբիւրների՝ հայրը եկեղեցում Դանիէլ մարգարէի էջն է կարդալիս լինում, երբ հաղորդում են անդրանիկ որդու ծնունդը եւ որդու անունը կնքում է Դանիէլ: Ամեն դէպքում երկու վարկածներն էլ ընդունելի են:
Դանիէլն իր մանկութիւնն անցկացրել է Բրգնիկ գեղատեսիլ գիւղում առանց հօր ներկայութեան, աւելի մօր եւ մեծ մօր հոգածութեան տակ, միշտ հօր կարօտով, միշտ նրան երազելով: Չքաւոր ընտանիքի հոգսը գոնէ մասամբ բաւարարելու համար հայրը այլ շրջաններում է աշխատել, աւելի յաճախ՝ Պոլսում: «Դեռ հազիւ թիթեռներ որսալու հասակիս մէջ՝ հայրս պանդխտած է Պոլիս եւ մայրս, ձմեռային երկար երեկոները, թոնրատունը նստած երեւակայութիւնս օրօրած է ենիչերիներու եւ գայլերու պատմութիւններով»: Այդ ենիչերիները յետոյ պատմութիւնից իրականութիւն են դառնալու իր համար:
Նա բաւական ուշ է գրաճանաչ է դառնում, 10 տարեկանին, Բրգնիկի ծխական դպրոցում:
1896-ի համիտեան կոտորածի օրերին ձերբակալում են հօրը: Երկար ժամանակ ընտանիքը նրանից տեղեկութիւն չունենալով, մայրը՝ 12-ամեայ Դանիէլի հետ, մեկնում է Պոլիս ամուսնուն գտնելու: Վերջապէս նրան գտնում են բանտում: Չքաւոր ընտանիքի հոգսը ամբողջովին ընկած էր մօր եւ մեծ մօր ուսերին: Պոլսում մօրը յաջողւում է հազիւ գրաճանաչ դարձած Դանիէլին տեղաւորել Սագըզ-Աղաճիի Մխիթարեանների գիշերօթիկ նախակրթարանում:
Ինչպէս գաւառից մեծ քաղաք բոլոր եկածների, այդպէս էլ 12-ամեայ զգայուն, անհամարձակ Դանիէլի վրայ, ծանր տպաւորութիւն է թողնում Պոլիսը, յատկապէս, երբ յաճախակի ականատես է լինում փողոցում կատարուող հայերի ջարդերին, որը անջնջելի ծանր հետք է թողնում իր զգայուն հոգում, մանաւանդ երբ բանտում այցելում է շղթայակապ հօրը: Այդ տեսակցութեան ցնցիչ տպաւորութիւնը տարիներ կրելով իր մէջ, յետոյ աւելի սթափ վերածում է բանաստեղծութեան, «Հօրս բանտին մէջ» վերնագրով:
Դեռ փոքր էի, եկայ քեզի մենաւոր,
Մութ զընտանիդ մէջ այցի՛,
Մայրս հիւանդ էր, կը շրջէի ես ազատ
Մէջտեղ բանտի եւ մահճի:
Հօր այդ հիւծուած, լռակեաց թշուառութիւնը անասելի ալեկոծում է 12-ամեայ իր զգայուն հոգին, նա ուզում է նրան
«Տալ ընդգրկումի մը մէջ տաք՝
Ազատ աշխարհը դուրսի»,
բայց անշուշտ անկարող այդ ամենին, մանկական իր ընկալմամբ, նա փորձում է հօրը մասնակից դարձնել իրենց տան անցուդարձին, տեղեկացնում է մեծ մօր մահը, մօր հիւանդութիւնը, մայրը հիւանդացել էր թոքախտով, մինչեւ իսկ, որ իրենց վարդենին էլ չորացել է, երբ կոպտօրէն կրկին ետ են տանում հօրը:
«Ու ես երկար ետեւէդ պիշ նայելով,
Հայր իմ մինակ, հոն լացի.
(Մինչ կուրծքիս տակ բաշ կը թօթուէր ոխ մը նոր)
Սիրտս աչքերէս քամեցի»:
Նախակրթարանից յետոյ շարունակում է իր ուսումը Գատըգիւղի Մխիթարեան վարժարանում, ուր իր վրայ մեծ ազդեցութիւն է թողնում իր հայերէնի ուսուցիչ Վարդապետ Արիստակես Քասգանտիլեանը, որը տեսնելով իր աշակերտի մէջ գրելու մեծ շնորհք, ոչ միայն քաջալերում, այլ մինչեւ իսկ սրբագրում է նրա բանաստեղծական առաջին փորձերը եւ յանձնում տպագրութեան՝ «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նուագները» վերնագրով, որը ինչպէս ինքն է նշում՝ «Այս փնջիս ծաղիկներու մէջ հոգիս ու սիրտս խառնած եմ, զի ծաղիկ շատ կը սիրեմ»: Իսկապէս դրանք անմեղ պատանու սրտի պարզագոյն զեղումներն են:
Այդ ընթացքում հայրն ազատւում է բանտից, աշխատանք գտնում Պոլսի իջեւանատներից մէկում, որն իրեն հնարաւորութիւն է տալիս յաճախակի հանդիպելու, յատկապէս արձակուրդներին հօր հետ լինելու, ճանաչելու նրան: «Արձակուրդներս ընդհանրապէս անցած են հօրս քով, Խաւլար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներու եւ վէրքերու տրոփիւնին ունկնդիր» գրել է նա: Նա կապւում է հօրը, գնահատում նրա ե՛ւ գիտելիքը, ե՛ւ կրթութիւնը եւ Վենետիկից մօրը գրած նամակում հետեւեալն ենք կարդում՝
«Եղբօրս կրթութիւնը հօրս թողուցէք, դուք միայն սիրեցէք զինքը եւ խնամեցէք: Երջանի՜կ է այն մանուկը՝ երբ կրթող հայր մ՚ունի եւ խնամող մայր մը, ըսածս գիտեմ»:
Վարժարանը դեռ չաւարտած, նոյն Քասգանտիլեանի յանձնարարականով, որպէս առաջադէմ աշակերտի, նրան ուղարկում են Վենետիկ՝ Մուրատ Ռափայէլեան վարժարանում ուսումը շարունակելու: Իր յանձնարարականում ուսուցիչը գրել է՝ «Լաւ նայեցէք, նոր Մկրտիչ Պեշիկթաշլեան կը ղրկեմ»: Վենետիկում ուսանելու չորս տարիները թէեւ բաւական դժուար տարիներ են եղել իր համար, սակայն այն մեծ ազդեցութիւն է ունեցել իր մտային ձեւաւորման վրայ:
Այստեղ էլ նա շարունակում է գրել բանաստեղծութիւններ, որոնք հիմնականում համիտեան ջարդերի եւ հօր աշխատած իջեւանատանը ծանօթացած պանդուխտների դժուար կեանքի, հալածանքների մասին էին:
Ուսումն աւարտելուց յետոյ, 1905-ին, որպէս բացառիկ ուսանողի նրան ուղարկում են Բելգիա, Կանտի համալսարանում բարձրագոյն ուսում ստանալու, Մխիթարեանների ծախսերով, որոնք, ըստ իր նամակների, բաւական ուշացումով վճարելով, նիւթական շատ դժուարին վիճակի են մատնել իրեն:
Կանտում նա սիրահարւում է, դժբախտաբար սէրը անփոխադարձ է մնում, իրեն խաբուած է զգում եւ անչափ ծանր տանում իր առաջին սիրոյ պարտութիւնը, խորը յուսահատութեան մատնւում՝
Սիրտս է յոգնած, վիրաւոր.
Ո՛չ մէկ գարնան ծաղիկներուն կը սպասէ,
Կին մը ապուշ մոլուցքով
Զայն բզկտեց.
Բաւական երկար ժամանակ հոգեկան այդ բզկտումները հետում են իրեն: Այդ սիրոյ մասին յետոյ նա անդրադառնալու է «Տրտունջք» իր գլուխգործոցի մէջ, սակայն այդ վիճակից դուրս է գալիս, երբ կարդում է Ժնեւում նոր լոյս տեսած Սիամանթոյի «Հայորդիներ» շարքը, որը միանգամից սթափեցնում է իրեն: Ազգի մեծ ցաւը կարծես փարատում է իր ընկճուածութիւնը եւ գրում է՝ «Երբ հայութիւնը կը խեղդուէր սուրի ու սովի մղձաւանջի մէջ, ես չուզեցի տեղի տալ իմ անհատական ցաւերուս ու նախընտրեցի երգել Ցեղիս սիրտը»: Յետագայում նրա կապը սերտանում է Սիամանթոյի հետ, ե՛ւ ստեղծագործութեամբ, ե՛ւ անձնապէս, հանդիպում են իրար, ինչպէս Սիամանթոն է նշել՝ «Նեմանի գեղածիծաղ ափերուն վրայ»: Նոյնիսկ 1913թ Պոլսում, Վարուժանը հանդէս է գալիս «Եարճանեանի քերթողութիւնը» դասախօսութեամբ. իրենց մտերմութիւնը շարունակւում է մինչեւ իրենց ողբերգական մահը:
Կանտի ուսանողութեան տարիներին ակտիւ ելոյթներ է ունենում, հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին դասախօսութիւններով: Հայրենիքից հեռու նա աւելի ջերմ զգացումներով է կապւում իր հողին ու ժողովրդին եւ եկող յուսահատական լուրերը նրան չէին ընկճում. «Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազօդ շղթային մէկ օղակը ըլլալու համար». այս հաւատով էր նա ապրում ու շարունակում իր ելոյթները:
1909-ին աւարտելով Կանտի համալսարանի Քաղաքական գիտութիւնների բաժինը, նոր լիցքաւորումով վերադառնում է հայրենի իր ծննդավայրը՝ Սեբաստիա: Ահա թէ ինչ ենք կարդում վերադարձից առաջ Կանտից Արշակ Չօպանեանին գրած իր նամակում. «Վաղը կ՚անցնիմ Վենետիկ, յետոյ՝ Պոլիս եւ յետոյ՝ Բրգնիկ, Սեբաստիայի սեւ հողերուն վրայ թողելու դրոշմը պանդխտական ոտքերուս: Դեռ չեմ կարող ըմբռնել, թէ Եւրոպան ինչ հետքեր թողած է ուղեղիս եւ վարվելակերպերուս վրայ:
Առայժմ մնաք բարեաւ, սիրելի պրն. Չօպանեան, հայրենական հողէն կը գրեմ դեռ: 25 յուլիս, 1909թ, Կանտ»:
Սեբաստիա վերադառնալով սկիզբ է դրւում իր ուսուցչական գործունէութեան: Նրա համար ազգային կրթութիւնն էր ամենակարեւորը, եւ մեծ եռանդով նետւում է այդ գործին: Նախ դասաւանդում է տեղի Արամեան Վարժարանում:
Սեբաստիայում նա խենթի պէս սիրահարւում է տեղի մեծահարուստ Թաշճեանների դստեր՝ Արաքսիին, որին հայերէն եւ ֆրանսերէն էր դասաւանդում: Սէրը փոխադարձ է լինում, սակայն Արաքսիի ծնողները կտրականապէս մերժում են նրան, բայց երկար պայքարից յետոյ սէրը յաղթում է: Նրանց հարսանիքին մասնակցում է ողջ Բրգնիկը: Այդ մասին հետեւեալն ենք կարդում Թէոդիկին գրած իր նամակում: «Վերջապէս յաղթանակը տարաւ մաքուր եւ անկաշկանդ սէրը եւ հարբած Սվազը տեսակ մը հետաքրքրութեամբ հանդիսատես ըլլալէ վերջ՝ գիտցաւ գոնէ ծափահարել այդ ընտրութիւնս, եւ իմ՝ ու ներա կամքի յաղթանակը: Ալ ասկէ վերջ գուցէ նոր յոյզեր ու նոր երգեր սպասես ինձմէ: Կը խոստանամ տալ, քանի որ մուսաս երկուք եղաւ:
Այս անգամ քեզի մտերմիկ քերթուած մըն է ղրկածս, աղջկանս վրայ գրուած, զոր մեզի հաճելի եղած է կոչել Վարուժնակ, հակառակ իր բուն անունին, որ Վերոնիգ է: Հայրական առաջին երգս ալ տարեցոյցիդ կը նուիրեմ»: (Թոքաթ, 15 Մայիս, 1912թ)
Որոշ ժամանակ անց հրաւիրւում է Թոքաթ, Եւդոկիա, Ազգային ճեմարանում դասաւանդելու, որից յետոյ Պոլիս՝ Բերայի Լուսաւորչեան ճեմարանի տնօրէնի պաշտօնով, ուր փոխադրւում է ընտանիքով եւ որը շարունակում է մինչեւ իր ձերբակալումը, այսինքն երեք տարի:
Ճեմարանում նա մեծ փոփոխութիւն է մտցնում դասաւանդման մէջ, կրօնի դասաժամերը կրճատելով, աւելացնում է ազգային դաստիարակութեան՝ հայոց լեզուի, պատմութեան ժամերը: «Զանազան սպառնալիքներու տակ ինկած ազգ մըն ենք, որ պէտք ունինք մեր բոլոր տոհմային յատկութիւնները զարգացնելու», այս սկզբունքով շարունակում է իր դասաւանդումը, որի պատճառով անախորժ բախումներ է ունենում տեղի պատրիարք Թէրզեանի հետ: Բայց արհամարելով բոլոր յերիւրանքներն ու բամբասանքները, նոյն հաւատով շարունակում է իր պաշտօնավարումը:
1914թ կարճ ժամանակով Պոլսում, Յ. Օշականի, Կոստան Զարեանի, Գեղամ Բարսեղեանի հետ հիմնում են «Մեհեան» գրական՝ նոր խօսքի, նոր ուղղութեան ձգտող հանդէսը, սակայն շուտով բաժանւում է խմբից եւ բանասէր, խմբագիր Յակոբ Սիրունու հետ խմբագրում «Նաւասարդ» գրական տարեգիրքը: Դժբախտաբար սա էլ առաջին հատորի հրատարակումից յետոյ, սկսուած պատերազմի պատճառով, կասեցւում է երկրորդ հատորը լոյս չտեսած:
Նոյն տարի ծնւում է երկրորդ զաւակը՝ Արմէնը, իսկ երրորդ որդու՝ Հայկակի ծնունդը, այդպէս էլ չի տեսնում: Ճակատագրի չար դիպուածով, որդին ծնւում է հօր սպանութեան օրը՝ 1915թ օգոստոս 26-ին:
Արդէն մեծ ճանաչում ու սէր վայելող Վարուժանն էլ ողջ հայութեան հետ նոր ծրագրերով, յատկապէս հայրենիք այցելելու՝ «Կ՚ուզեմ համբուրել այն տեղերը, ուր նահատակ մը ինկած է, կամ հերոս մը ոտք դրած», իր ժողովրդին ամբողջապէս ճանաչելու մտածումներով է սկսում 1915թ, երբ յանկարծ, ապրիլ 24-ով խորտակւում են ոչ միայն իր, այլ ողջ հայութեան ծրագրերն ու ապագան:
Որպէս ճանաչուած մտաւորական, ըստ Ցեղասպանութեան մշակուած ծրագրի, առաջին զոհերից է դառնում: Ձերբակալումից մի քանի օր առաջ լուրեր են տարածում, որ Վարուժանի անունը բացակայում է ոստիկանութեան ցուցակից եւ ընկերները նրան առաջարկում են հեռանալ Պոլսից: Վարուժանը հրաժարւում է, ասելով՝ որ չի կարող թողնել ո՛չ հայրենիքը, ո՛չ ընտանիքը, նա պիտի մնայ իր ժողովրդի կողքին: Ապրիլ 24-ին երեք հարիւրից աւելի հայ մտաւորականների հետ, գիշերով, իր տան մէջ ձերբակալւում է եւ ուղարկւում Չանղըրըի բանտ, ուր իր մտերիմ ընկերոջ եւ մեր մէկ այլ բանաստեղծ-բժիշկ Ռ. Սեւակի հետ օգոստոս 26-ին Այաշի Թիւնէյ գիւղի ձորերից մէկում գազանաբար յօշոտւում է վարձու թուրք աւազակների ձեռքով: Այդ նոյն աշնանը բնաջնջւում է նաեւ իր սիրելի ծննդավայրի՝ Բրգնիկի ողջ հայութիւնը:
Ամուսնու գազանային յօշոտումից յետոյ, Արաքսին նրա խորհրդին հետեւելով հեռանում է Պոլսից, երեխաների հետ տեղափոխւում է ԱՄՆ, հաստատւում Կալիֆորնիոյ Ֆրեզնօ շրջանում եւ երեխաներին հայ մեծացնում: Ամուսնու մահից վեց տարի անց, 1921թ Արաքսին ամուսնանում է ճարտարապետ Ժիրայր Աբիկեանի հետ, ընդունում նրա ազգանունը: 1963թ զաւակները Նիւ-Եորքից Երեւանի Չարենցի անվան Գրականութեան եւ արուեստի թանգարան են յանձնում իրենց հօր՝ Վարուժանի ողջ արխիւը:
Այս սեղմ կենսագրական գծերում անշուշտ չի ամփոփւում իր տիտանական արուեստը:
Վարուժանի ողջ գրականութիւնը զարմանալիօրէն ամբողջովին հիմնուած է ազգայինի վրայ: Ասում եմ զարմանալիօրէն, որովհետեւ իր հասունութեան շրջանը, մտքի, ճաշակի ձեւաւորումը, հիմնականում նա ստացել էր հայրենի հողից հեռու Վենետիկում եւ Բելգիայում, Եւրոպայի սրտում եւ այսօրուայ մեր մօտեցումով պէտք է, որ արհամարհէր իր երկրի ահաւոր անբարենպաստ պայմանները եւ ինչպէս հիմա են վարւում՝ չվերադառնար հայրենիք, մնար ու ստեղծագործէր այնտեղ, գուցէ եւ օտար լեզուով:
Սակայն հետաքրքիր երեւոյթ էր կատարւում ընդհանրապէս արեւմտահայ մտաւորականութեան մէջ: Համիտեան ջարդերի հետեւանքով ստիպողաբար կամ բարձրագոյն ուսման համար Թուրքիայից Եւրոպա մեկնած հայ մտաւորականների մեծագոյն մասը յղկուած, նոր վարուելակերպ ու մտածողութիւն ձեռք բերած, խելայեղ կապուածութեամբ վերադառնում էին հայրենիք, օրէօր իրենց ձեռքից խլուող հայրենիքը ետ ստանալու, նոր ստեղծագործական եռանդով լեցնում մթնոլորտը, մշակում, հարստացնում մայրենի լեզուն, գաւառներում ուսուցչութիւն անում, եւ անշուշտ ստեղծագործում, նոր մտքերով ու գաղափարներով լեցնում մշակութային կեանքն ընդհանրապէս: 1899-ին «Նոր կեանք»-ի իր խմբագրականում ազդեցիկ մտաւորական Արփիար Արփիարեանը այդ երեւոյթին հետեւեալ բնորոշումն է տուել՝ «Հայ ժողովուրդը առանց մտաւորական կեանքի չի կրնար ապրիլ: Թուրքիոյ մէջ այսօր գերազանցապէս մտաւորական ժողովուրդ ենք: Իսլամները թուի առաւելութիւն ունին, մենք՝ մտքի»: («Նոր կեանք», 1899)
Եւ իսկապէս մտաւորականների մի հսկայ բոյլ՝ 26 տարեկանին Պոլսից հեռացած, մի քանի երկրներում՝ Աթէնք, Գահիրէ, Փարիզ, Վիեննա, Լոնտոն, Պոմպէյ ապրած Երուանդ Օտեանը, 18 տարեկանին Փարիզ, Սորբոնի համալսարան աւարտած Զապէլ Եսայեանը, Սրբուհի Տիւսաբը, 18 տարին նոր բոլորած, Եգիպտոս, Փարիզ, Ժնեւ, Լոզան, Ցիւրիխ, ԱՄՆ ապրած Սիամանթոն, Էջմիածին, Բեռլին, Փարիզ, Լոզան ապրած, աշխատած Կոմիտասը, Կոստան Զարեանը, Վարուժանից մէկ տարի փոքր, Լոզանի բժշկական համալսարան աւարտած Ռուբէն Սեւակը, անշուշտ Վարուժանը եւ շատ ուրիշներ, կրկին վերադարձել են Պոլիս, ողջ էութեամբ ներդրուել հայ մտքի, մշակոյթի, կրթութեան, արուեստի զարգացմանը, այն դէպքում, երբ հայութիւնը սկսել էր կորցնել իր դիմագիծը, արհամարհուած էր հայոց լեզուն, ցածր խաւի համար թրքախօսութիւնն էր, իսկ բարձր դասի համար ֆրանսերէնը, երբ նրանցից իւրաքանչիւրը կարող էր ստեղծագործել օտար լեզուով եւ աւելի ճանաչում ձեռք բերել:
Չվերադարձողներն անգամ իրենց ապրած օտար երկրներում հիմնել են հայկական թերթեր, հանդէսներ, Արշակ Չօպանեան, Արփիար Արփիարեան, Սուրէն Պարթեւեան եւ այլոք, ովքեր Եւրոպայում հայ խօսքն ու մշակոյթը տարածելու, զարգացնելու եւ ամենակարեւորը՝ Թուրքիոյ մէջ, իրենց հայրենի հողերի վրայ հայութեան դէմ գործադրուող բռնութիւնները օտար պետութիւններին տեղեկացնելու համար իրենց կեանքն են ներդրել, իրենք ամենադժուարին պայմաններում ապրելով: «Ինչո՞ւ Եւրոպայ կը գտնուինք» գրութեամբ «Նոր կեանք»-ում կրկին Ա. Արփիարեանը պատասխանում է՝ «Հացի խնդրով չէ, որ հոս եկած ենք, դասալիքներ ալ չենք: Մեր հոս գալուն նպատակը անդին չարչարուող մեր եղբայրներուն տառապանքը վերջացնելն է»։ (1901թ.)
Այսպէս, արեւմտահայ ողջ մտաւորականութիւնը հասկանալով, թէ իրեն հալածող թուրքի դէմ պայքարի միակ միջոցը հայ լեզուն ու մշակոյթը պահելը, ամենակարեւորը՝ դրանով տառապեալ ժողովրդին արթնացնելն է, վերադառնում ու լծւում է այդ գործին, իր գիտելիքն ու ձեռք բերածը ներդնում դրա զարգացմանը, բացում թատրոններ, միութիւններ, վարժարաններ. միայն 1903-ին 800-ից աւել վարժարաններ են գործել, 6 օրաթերթ, որոնք բոլորն էլ ըստ Արամ Անտոնեանի, վճարել են իրենց աշխատակիցներին: Արեւմտահայ մշակոյթի այդ նոր ծաղկունքը տեւել է մինչեւ 1915թ՝ վերջնական Եղեռնը: Վկան՝ գրքերի եւ հանդէսների, մամուլի իրարյաջորդ հրատարակութիւնները՝ 1908-ին Սիամանթոյի «Հայորդիներ» գիրքը, 1909-ին՝ «Կարմիր լուրեր բարեկամէս» Ատանայի ջարդերի առիթով, նոյն թուին՝ Վարուժանի «Ցեղին սիրտը», 1910-ին՝ Ռուբէն Սեւակի «Կարմիր գիրքը» Կիլիկիոյ ջարդերին նուիրուած: 1911-ին Զապէլ Եսայեանի «Աւերակներու մէջ»… շարքը երկար է, դեռ չհաշուած թարգմանութիւնները, թրքատառ հայերէն հրատարակութիւնները եւ այլն:
Պատահական չէ, որ Պոլիսը, արեւմտահայ մշակոյթի զարգացման այդ կենտրոնը, անբացատրելի ուժով է ձգել հայ ստեղծագործողներին, նոյնիսկ 1915-ի ջարդերից փրկուածներն անգամ հին կապուածութեամբ, 1918-ից յետոյ վերադարձել ու շարունակել են ստեղծագործել Պոլսում:
Վարուժանի բանաստեղծութիւնների առաջին շարքը գրուած 17 տարեկանին, ինչպէս վերը նշեցի, ստեղծուել է Պոլսում, հրատարակուել է 1905թ «Սարսուռներ» խորագրով «Գեղունի» հանդեսում, ուր առաջին անգամ նա ստորագրել է ոչ թէ Չպուգքեարեան, այլ՝ Դանիէլ Վարուժան, (Վարուժան նշանակում է առաջնեկ, անդրանիկ, հաւանաբար այդ առիթով է ընտրել) որը եւ դարձավ իր մնայուն անունը եւ որով յաւերժացաւ: թռչունի արուն է վարուժանը
Իր այս շարքի առաջին՝ «Մուսային» բանաստեղծութեամբ, աւետում է բանաստեղծ դառնալու իր տենչը՝ «Երգել, երգել կ՚ուզեմ ես» իր տողն է, նոյնիսկ երբ մուսան զգուշացնում է բանաստեղծի անցնելիք դժուար ճանապարհը՝
«Ին՜չ, այս քընա՞րը կ՚ուզես, քնար սեւ փայտէ՜. —
Այս՝ վէրքերու գործիք մըն է, այս է հուր», «այս դագաղդ է»,
չի խախտում իր վճիռը՝ «Ես, անյողդողդ, ըսի անոր. Ըլլայ, տուր»: Եւ առանց դոյզն իսկ տատանուելու անյողդողդ իր վճռին՝ այդ քնարով մինչեւ իր վերջին շունչը երգեց ոչ թէ իր անձնական, այլ իր ժողովրդի եւ մարդկութեան ցաւերը:
Այս շարքում պատառիկներ են իր մանկութեան երկրորդ շրջանից, երբ Պոլսում՝ 12 տարեկանին, իր երկրորդ մանկութիւնն էր ապրում միայնակ, ընտանիքի ջերմութիւնից հեռու, որը եւ կարծես միանգամից հասունացրել էր իրեն: Արդէն պատանի, իր ներքին դիտողականութեամբ նա կարողացել էր իւրացնել այդ քաղաքի ջարդերի, թշուառութեան, հալածանքների եւ մեծ քաղաքին յատուկ ցոփութեան իրական դիմագիծը, յատկապէս հօր հետ շփուելով ականատես եղել կեղեքուող ժողովրդի ցաւերին, ամենօրեայ նրանց վշտերին եւ իր զգայուն հոգով այդ ամենը հաւաքագրելով իր մէջ, այն վերարտադրեց իր հաւաքածույում:
«Հայր, օրհնէ»-ում նա տալիս է իր շնորհքի հիմնական աղբիւրի հասցէն, հօրից իրեն փոխանցուած խորութեան հիմնական աղբիւրը, որն զգացել էր իր պատանութեան տարիներին՝
«Իմ արիւնս է գոյացած քու քրտինքէդ
Յոգնութեանդ ծիլն եմ տըխուր..»,
Իսկ շարքի յաջորդող բանաստեղծութիւններում «Ձիւնէ դագաղը», «Մոխիրներուն առջեւ», «Մուրացիկը», «Վիժածը», «Հիւանդ է» եւ այլն, բացայայտւում էր իր զգայուն հոգին, ամենակարեւորը՝ իր սրտացաւութիւնը այլոց ցաւերի հանդէպ:
«Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ՝
Մարմնաւորած իմ արիւնէս, շարժումէս»:
Նա ամենեւին չէր սխալւում, այդ նոյն շարքում մարդ իրապէս մղկտում, սարսուռ է ապրում թէկուզ «Ձիւնէ դագաղը» բանաստեղծութիւնը կարդալով: Անօթեւան, թշուառ հարբեցողի մահը մի ապարանքի աստիճանների վրայ, ուր ձիւնը իջնելով արդէն մեռած, սառած մարմնի վրայ, նրա դագաղն է դառնում: Ուրիշների ցաւով տառապելը աւելի մեծ առումով հանդիպելու ենք նրա հետագայ բոլոր գործերում:
Պատահական չէ իր պատասխանը բոլոր նրանց, ովքեր փորձեցին Դուրեանի «Տխրութիւն» բանաստեղծութեան հետ համեմատել «Սարսուռներ» ժողովածուն եւ կրկնութիւն համարել այն: Նա համարաձակօրէն պատասխանեց՝ «Դուրեանի տխրութեան շարժառիթը իր անձն է, — իմինըս՝ ուրիշները»: Չէ՞ որ ինքը նկարագրում էր ուրիշների տառապանքը:
Յիշեցնեմ, նա ընդամենը 17 տարեկան էր:
Մուրատ-Ռափայէլեանում սովորելու տարիներին ստեղծում է բանաստեղծութիւնների մի նոր շարք, որը շարունակում է յղկել, զարգացնել Կանտում ուսանելու տարիներին, եւ որը բաւական դժուարութիւններից յետոյ, տպագրւում է 1909ին, «Ցեղին սիրտը» խորագրով:
Այս ժողովածույում արդէն հասուն բանաստեղծն է, անվերջանալի բռնութեան ու հալածանքի մէջ, իր ազգի տառապանքը ներկայացնողը, ուր բացայայտւում է նաեւ իր ընդվզող հոգին, որն ապրում ու շնչում էր իր ժողովրդի ճակատագրով, նրա անկախութեան գաղափարով, սեփական հողը ամեն միջոցով պահպանելու, նրա դարաւոր պատմութեամբ, առօրեայով, նրա գալիքով: Եթէ այս ամենին կարելի է տալ մի ընդհանուր բնորոշում, դա հայրենասիրութիւնն էր, որը դարձել էր աշխարահայեացք ընդհանրապէս այդ շրջանի ստեղծագործողների համար: Սակայն Վարուժանի համար հայրենասիրութիւնը սոսկ աշխարհայեացք չէ, այն իր ապրումն ու կեանքն է որի մէջ ներառում է նաեւ ողջ մարդկութեան տանջող իրավիճակները:
«Ցեղին Սիրտը» ժողովածուն բաժանւում է երկու տարբեր իրար հակադիր խորագրերի՝ «Բագինին վրայ» եւ «Կրկէսին մէջ», որն ընդգրկում է նաեւ «Դիւցազնավէպեր»-ը: Ինչպէս հետագայում կը տեսնենք, սա Վարուժանի ոճն է, — իրար հակադիր գործերը իրար շաղկապելով ընդհանուր ասելիքին ծառայեցնել, — որով իր տուածը դառնում է մեծ ու ընդհանրական:
Շարքն սկսւում է «Ձօն» բանաստեղծութեամբ, այն հիացնում է նրբօրէն մշակուած լեզուական գեղեցկութեամբ: Պատահական չէ, երբ 1907թ Ա. Չօպանեանին գրած նամակում հետեւեալն ենք կարդում՝ «Ասկէ վերջ բաւական չէ քերթուածներս ստեղծել սրտիս կաթիլ-կաթիլ արիւնովը, այլ հարկ է զանոնք զգեստաւորել հայերէնի ամբողջ փառքովը եւ արուեստի ամբողջ նրբութեամբը»: (1907թ 31 դեկտ., Կանտ)
Եւ անկասկած, նա մի իւրայատուկ արուեստով էր տիրապետում մեր լեզուի ողջ նրբութեանն ու հարստութեանը եւ ոչ միայն լեզուի: Սակայն սա միայն լեզուի նրբութիւնը ցուցադրող Ձօն չէ, դա միաժամանակ պայքարի՛, հայրենասիրութեա՛ն կոչ է: Ձօն է ողջ հայութեան, նոյն եղեգնեայ գրչով երգուած, որով դարեր առաջ հայրենի հողի հիմքն են գովերգել, ովքեր դարեր պայքարել ու պահպանել են մեր հողն ու պատմութիւնը: Կարդալով այն, անվերջ մտածում ես՝ ինչպէ՞ս, եր՞բ հասցրեց հաւաքագրել իր ժողովրդի անցած դժուարին ուղին այս երիտասարդը, որն հեռացաւ օտար երկիր դեռ պատանի հասակում: Ե՞րբ վերլուծեց նրա պատմութիւնը, ե՞րբ ծանօթացաւ նրա կորուստներին ու հերոսամարտերին, ե՞րբ հասկացաւ, որ միայն «զէնքով կայ ազգին փրկութիւն»:
«Եւ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի,
Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ,
Գրիչս եղաւ անթրոց սըրտերու հնոցի. . .
Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ,
Եղեգնեայ գրչով վըրէժ երգեցի.
Ընդ եղեգան փող բոց ելանէր»:
Այդ եղեգան փողով նա փափագում էր Նեմեսիսի, վրէժի աստուածուհու, փոխաբերական արթնացումը տեսնել իր ժողովրդի մէջ:
Եւրոպայից ձեռք բերած ժողովրդային գաղափարները նրան մղում էին իր ժողովրդին արթնացնել, համախմբել, ոտքի հանել իր ազատութեան համար: Նա ամբողջովին յենւում էր իր ժողովրդի ներքին ուժերի արթնացման վրայ, որի մղիչ ուժը թուրքի ճնշումներից կուտակուած վրէժն էր դառնալու: «Ժողովուրդն է, ժողովուրդն է, որ կու գայ» կարդում ենք «Նեմեսիս»-ում՝
«Եկաւ զանգուած մ՚իր բրտութեան մէջ նընջող
Եւ արթընցաւ Դիցուհի՜
Զերթ քարափերթ մ՚ըստրուկ ինկաւ մուրճին տակ,
Եւ կանգնեցաւ Վրիժուհի»:
Իր էութեան մէջ կարծես ամփոփուած լիներ ողջ հայութիւնը: Եւ պատահական չէ, ինքը զգում էր դա եւ գրեց՝ «Ժողովուրդ մ՚ես ըզգացի՝ որ լանջքիս տակ կը տրոփէր»: Իր արեան բաղադրիչ մասը՝ հայրենասիրութիւնը, նրան պարգեւել էր իր ժողովրդի ցաւերը տեսնելու, ականջալուր լինելու ջիղ, որով այդքան խորը ընկալեց դէպքերը, այդքան սահուն ու ներդաշնակ մեր պատմութեան ակնառու պահերը հաւաքագրեց բանաստեղծութեան մէջ եւ որ ամենակարեւորն է ողջ հոգով ձուլուեց հայրենիքին՝ նրա հողին, կերտած դժուարին պատմութեանը, լեզուին, զգաց դրանք պահելու պարտադրանքը:
Պարզւում է նա միայն պարզ ուսանող չի եղել Եւրոպայում, այլ դիտող, վերլուծող, հետեւութեան յանգող:
Հայրենիքից հեռու, Եւրոպայում, օտարութեան դժուարին տարիներին, իր շրջապատում տեսաւ հայրենիք ունենալու, այն ազատօրէն վայելելու առաւելութիւնը: Նրա խորը էութիւնը ըմբռնեց պապենական հողի խորհուրդը, այն պահելու, գուրգուրալու անհրաժեշտութիւնը եւ իր գրիչը օգտագործեց այդ զգացումը արթնացնելու իր ժողովրդի մէջ, որը թուրքի տիրող ճնշումների տակ աստիճանաբար հալւում, կորչում էր: Նա տեսնում էր, որ հայութիւնն աստիճանաբար հեռանում էր իր արմատներից:
Կանտում նա ուսումնասիրեց եւրոպական գրականութիւնն ու արուեստը, Վենետիկում՝ արուեստի աշխարհից զատ, Մխիթարեանների մօտ, խորացաւ իր հայրենի պատմութեան մէջ եւ անբաժանելիօրէն կապուեց նրան: Հայրենիքը դարձաւ իր էութիւնը, հողը, լեզուն, պատմութիւնը՝ իր պաշտամունքը, հայութեան գոյութեան անհրաժեշտութիւնը եւ փորձեց այն ներարկել նաեւ հողի գիտակցութիւնից հեռացող իր ժողովրդին:
Ահա «Կարմիր հողը» բանաստեղծութիւնից մի քանի տող, որը փշաքաղեցնում է իր իմաստուն խորութեամբ ու նուիրուածութեամբ՝
«Գրասեղանիս վըրայ, սա
Սկաւառակին մէջ կայ բուռ մ՚հող, բերուած հոն
Հայրենիքի դաշտերէն:
Նըւէր է ան. — զայն ինձ ձօնողը կարծեց
Սիրտն իր տըրուած, առանց երբեք գիտնալու
Թէ կու տար իր պապերունն ալ միասին»:
եւ յետոյ
«Ազգ մը կայ հոն, սեղանիս վրայ, ազգ մը հին». . .
Այստեղ տեղին է մէջբերել Յ. Օշականի յիշողութիւնը այս բանաստեղծութեան մասին. «1915-ին զինք՝ այսինքն Վարուժանին, տեսայ վերջին անգամ, Ռ. Սեւակի տունը, Բերա: Քաղաքը՝ Պոլիսը, անճանաչելի էր դարձած: Ու մէկէ աւելի գրողներու մասնակցութեամբ, սեղանի մը գլուխը անիկա բաժակ մը գինի պարպեց մեր գրականութեան: Ու կարդաց իր «Կարմիր հողը»: Չեմ կրնար մոռնալ կրակը, որ ձայնն ու դէմքը առած էր իր մէջ, երբ քերթուածը կը յօրինուէր, մեր ամենուն հիացման առջեւ: Անոր մարմինը ճշմարիտ նուագարան մըն էր: Ու բոլորս ալ զգացինք, թէ հին օրերու ներշնչեալները տարբեր տեսակէ արարածներ ըլլալու չէին, քան որ ահա իր գրածը կ՚ապրէր մեր առջեւ այդքան անդիմադրելի խռովքով մը: Սեւակին կինն անգամ, գերմանուհի մը, որ տունի հայերէն մը հազիւ ճարած էր իր ամուսնին սիրոյն, առնուեցաւ բառերուն այդ կրակէ շապիկին մէջ ու լացաւ, վստահ եմ, առանց հասկանալու թէ այդ բառերուն ընդմէջէն մենք՝ հայերս, ինչ ահաւոր, ինչ քաղցր, ինչ անհուն բաներ կը ծծէինք: Իր առածը գոլն էր միայն բառերուն»: (Յ.Օշական, «Համապատկեր» 6րդ հատոր):
Սովորաբար արձակ ստեղծագործութեանն է վերապահուած պատմելը, նիւթի շուրջ պատմութիւն, նկարագրութիւն ստեղծելը, քանզի արձակը սահմանափակումներից զերծ է: Բանաստեղծութիւնը՝ հակառակը, որոշակի եւ աւելի սահմանափակ տարողութիւն ու կառոյց ունենալով երկար-բարակ պատմութիւն չի ընդունում, այն աւելի սեղմ բառերով, խորհրդանշական, ներքին զգացումի բացայայտում է: Վարուժանի արուեստը մի զարմանալի կարողութեամբ օգտագործում է արձակի անսահմանափակութիւնը բանաստեղծութեան սեղմ տողերում եւ դուրս գալիս տողերի սահմաններից, կարծես ստեղծում է երկրորդական, երրորդական տողեր պատկերի, պատմութեան, զգացումի եւ ընդհանրացման: Իր տողերի մէջ բառը կարդալով զգում ենք աւելին՝ ժամանակաշրջան, ապրուած տառապանք, ճակատագիր, պատկեր, կատարուող դէպքի շարժում, գոյն, զգացում:
Ահա մի պարզ մէջբերում նոյն խորագրի «Ծեր Կռունկը» բանաստեղծութիւնից.
«Որչափ հարսեր իրենց սրտերն հըրատապ
Իր քընքշական փետուրներուն մէջ դրին,
Որչափ մայրեր եւ որդիներ բաժնըւած
Անոր թեւերը բեռցուցին համբոյրով»…
Այս չորս տողերում հայութեան ճակատագրի պատմութիւնն ենք կարդում, պանդխտութեան բերած կարօտի ու սիրոյ տառապանքի ցաւը, կռունկի վերադարձի յոյսը շաղախելով մեր անկատար յոյսերին:
«Բագինին վրայ» խորագրի տակ հաւաքագրած իւրաքանչիւր բանաստեղծութիւն ներկայացնում է դրուագներ, պատում, նկարագրութիւն, վերլուծում, խորհրդածութիւն արեւմտահայութեան ծանր կեանքի էջերից: Թերթէք այդ գործերը ու կը տեսնէք սեփական պատմութեան դառը ուղին:
Նոր սահմանադրութիւնը բոլորի հետ իրեն էլ էր ոգեւորել, նոր յոյսերով, նոր գիտելիքներով, նոր ըմբռնումներով վերադարձել էր հայրենիք: Սակայն Ատանայի ջարդով խորտակուել էր ամեն յոյս: Այդ նոյն ժամանակ իր գրչակից Սիամանթոն հրատարակել էր իր «Կարմիր լուրեր բարեկամէս» շարքը:
Բնական է, ողջ էութեամբ իր ժողովրդին այդքան կապուած անձը չէր կարող անտարբեր մնալ, եւ Վարուժանն էլ իր այս շարքում նկարագրեց ջարդը՝ «Ջարդը» իր հանրայայտ պոէմում, մարուած օջախներով, աւերակներով, արիւնլուայ դիակներով, մոխրացած տներով, որի մասին նա գրել է՝ «Ընդունեցէ՛ք, արցունքիս, ցասումիս եւ հեգնութեանս մէկ խմորումն է»:
Համալսարանական տարիները ընդլայնել էին իր մտահորիզոնը, նա իրադարձութիւնները դիտում, ընկալում էր աւելի մեծ տեսադաշտով, ինչպէս եւրոպական մտածողներին էր յատուկ: Յեղափոխական ալիքներում թաւալուող Եւրոպայում ձեռք բերած քաղաքական մտածողութիւնը ազատագրել էր իրեն կրօնական կաշկանդումներից, գերազանց տիրապետում էր եւրոպական դիւանագիտութեան, որն օգնում էր իրեն ճիշտ հետեւութիւնների յանգելու:
«Ով բարբարոս դու Ոգի». այսպէս բնութագրեց թուրքին այս 21-ամեայ երիտասարդը «Ջարդը» ստեղծագործութեան մէջ եւ թուրքի հետ հաւասար մեղադրեց Եւրոպային մեր կոտորածի հանդէպ ցուցաբերած նրա անտարբերութեան եւ թուրքին քծնելու համար:
«Եւ Եւրոպան՝ դէմքն իր ետեւ դարձուցած
Կոպերը թաց կը շփէ
Մեր ծուխէն աչքն իր բոզի
Կըսկծելու՜ն համար լոկ»:
Եւրոպայի կեցուածքի մասին աւելի մանրամասն նա անդրադառնալու է «Կիլիկեան մոխիրներուն», Կիլիկեան ջարդերուն նուիրուած բանաստեղծութեան մէջ, ուր ի հակադրութիւն Սիամանթոյի, որը դեռ հաւատում էր եւրոպական մարդասիրութեանն ու յոյս կապում նրանց օգնութեանը, Վարուժանը առաջնորդում էր ժողովրդին սեփական ուժերի վրայ յենուել, այլ ոչ թէ Եւրոպայի օգնութեան, այն նոյն Եւրոպայի, որը Կիլիկիան մոխիրներու էր վերածել:
«Անոնց ըսէ, ըսէ՝ թէ ինչպէս Կիլիկիան մորթեցին
Ազատութեան դափերուն նըւագին մէջ դաւաճան»
Նա անգիր գիտէր եւրոպական հոգեբանութիւնը, եւ նոյն տեղում շարունակում է.
«Գիտեմ թէ այդ եղբայրներըդ մեծագոգ նաւերով
Գալ պիտ՚ ուզեն… օգնութեա՞ն… օհ, ոչ…
մահուան մնացորդի՞ն.
Պիտ՚ ուզեն գալ լոկ մեր կոյս, ատոք լեռները պեղել,
Եւ մեր ծոցուոր հանքերէն կըթել մետաղն հրաշափառ,
Կըթել մետաղն ու իրենց եսին կուռքերը կերտել…»
Իմ կարծիքով այսօր էլ մեր ժողովրդին անհրաժեշտ է այս բանաստեղծութեան ողջ իմաստի թարմացումը, քանզի այսօր էլ դեռ մեր ճակատագիրն ու մեր հարստութիւնները յանձնել ենք եւրոպացիներին:
Կրկին անդրադառնալով «Ջարդը» բանաստեղծութեան, յիշեցնեմ, որ դա միայն ջարդի ու ողբի նկարագրութիւն չէ, ինչպէս Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամէս» շարքը: Այստեղ անկարելի է չնկատել, որ այդ համատարած կոտորածի, յուսահատութեան մէջ նա որսաց անորսալին.
«Զի ահաւասիկ կը տեսնեմ
Արգանդներուն մէջ ձեր լայն՝
Նոր Սաղմեր նոր Որդիներու ըստեղծիչ»:
Նա լսեց իր ժողովրդի խորին ծալքերում կուտակուող վրէժի տրոփիւնը եւ որպէս ազատատենչ գաղափարներով հակուած էութիւն հաւատաց իր ժողովրդի յաղթանակին ու նոյն տեղում գրեց.
«Ոհ, այն ատեն, այս օրուան
Մեր մեռելները բոլոր
Միահամուռ ոստումով
Պիտի կանգնին գերեզմանին մէջ իրենց,
Ու անհամբեր հեռու՜ն, հեռու՜ն ակնապիշ
Պիտի սպասեն վարդահեղեղ գալուստին
Արշալոյսի մ՚Արշալոյսի մը՝ որուն
(Հաւատացեք ինձ Մայրեր),
Ես ոտնաձայնը կ՚առնեմ…»
Առաջին անգամ այս բանաստեղծութիւնը ներկայացրել է Վահրամ Փափազեանը, իր փայլուն կատարմամբ, Շիշլիի ազգային գերեզմանատանը, Հայ Նահատակների ոգեկոչումի օրը, հաւաքուած հազարաւոր ամբոխին, սահմանադրութիւնից յետոյ, երբ դեռ Վարուժանը չեր վերադարձել Բելգիայից. ամբոխը խելահեղ ոգեւորութեամբ է ընդունել այն:
Նրա համբաւը, որպէս բանաստեղծի, արդէն ժողովրդականութիւն էր վայելում, իր Պոլիս գալուց շատ առաջ:
«Ջարդը» պարզ բանաստեղծութիւն չէր, այլ բաղձանք ու ազատագրման ճիչ, արթնանալու, իր սեփական ուժի վրայ յոյս դնելու պատգամ, որի շարունակութիւնը կարդալու ենք «Կռուի երթ», «Դիւցազնի մը սուրին», «Առաքեալը» եւ ուրիշ այլ բանաստեղծութիւններում:
Այդ նոյն հաւատով նա ստեղծում է խորագրի երկրորդ բաժնի «Դիւցազնավէպեր»-ը: Ողջ էութեամբ համոզուած էր, որ «Հայը պիտի ապրի», բայց ուզում էր, որ նա ապրի ոչ թէ գլուխ խոնարհելով ու հպատակելով, ինչպէս ապրել էին իր ծնողները եւ դեռ ապրում էր իր շրջապատը, այլ՝ «Ժանիքի դէմ ժանիք, թաթի դէմ թաթ վրիժառու» նշանաբանով:
Այս շարքում էր տեղադրուած նաեւ ինձ հետ հասակ առած «Կարօտի նամակ» բանաստեղծութիւնը, որն արդէն հասուն մտքով կարդացի յափշտակութեամբ, այն զգացումով կարծես հարազատիդ նամակն ես կարդում: Ինչ հետաքրքիր է տարիք հասկացողութիւնը: Ես կրկնակի ապրեցի իր կարօտը: Վստահաբար՝ մօր բերանով երեխայ տարիքին մօրից, ընտանիքից հեռացած ի՛ր կարօտն է փոխանցել Վարուժանը մեզ եւ այդ ընդհանրութեամբ աւելի կապուեցի նրան: Չէ՞ որ ես Մեծիկիս կարօտն էի նոյն ջերմութեամբ զգացել:
Այսօր չկայ Մեծիկս, բայց դեռ իմ մէջ չհանգչող կրակ է մանկական տարիքիս ներդրուած կարօտի այդ ապրումը, որն այս անգամ էլ մխում է կորցրած ծնողներիս կարօտից, հեռաւոր զաւակիս կարօտից, հայրենի կորուստների կարօտից, ամբողջական չդառնալու կարօտից, հայրենիքիս կարօտից, այն ամենից, ինչը յափշտակուեց մեզնից: Ես երախտապարտ եմ Վարուժանին, որ իր կարօտի այդ կրակը այդքան կենդանի վառեց նաեւ իմ մէջ եւ դեռ շարունակում է ապրել ինձ հետ, քանզի դա հայի դարերի հաւաքածու զգացում է:
(Շարունակելի)
20 ապրիլ 2019
Սան Ֆրանսիսկօ