ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ ԵՐԿԵՐՈՒՄ

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ

Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախօս

ԱՅՍ ԱՄԻՍ ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ ԾՆՆԴԵԱՆ 150-ԱՄԵԱԿՆ Է

Կնոջ ազատութեան, ֆեմինիզմի, սիրոյ իրաւունքի եւ բարոյականութեան շաղկապուած հարցերի գեղարուեստական մատուցումը հայ արձակում գալիս է դեռ 19-րդ դարից (Րաֆֆի, Նար-Դոս, Կամսարական, Սրբուհի Տիւսաբ, Շիրվանզադէ եւ ուրիշներ)։ Տարբեր դարաշրջանների իդէալական կանանց տիպաբանական քննութիւնը գրականութեան զարգացման եւս մի երակ է: Այստեղ պիտի նկատի ունենալ հայ կնոջ ազգային բարոյականութեան, պատմական քաղաքակրթական յեղաբեկումների յաջորդական հանգրուանները։ 20-րդ դարը բերում է հայ կնոջ ներաշխարհի փոփոխութիւնների գեղարուեստական նոր պատմութիւնը, ցոյց է տալիս արձակում գրական ճանապարհի նոր ընտրութեան եւ բարոյականութեան` յաճախ արտաքին տրամաբանութիւնից դուրս, կանացի երջանկութեան ընկալումները (Գրիգոր Զոհրապ, Լեւոն Շանթ, Յակոբ Օշական, Կոստան Զարեան, Ակսել Բակունց, Վազգէն Շուշանեան, Շահան Շահնուր, Սերոյ Խանզադեան, Գէորգ Աճէմեան, նորագոյն շրջանից՝ Վարդգէս Պետրոսեան, Հրանտ Մաթեւոսեան, Զաւէն Պիպեռեան, Ռոպէր Հատտէճեան, Մովսէս Պչաքճեան, առաւել նորագոյններից՝ Գուրգէն Խանջեան, Կարինէ Խոդիկեան, Նելլի Շահնազարեան ու էլի շատ ուրիշներ)։
Անցած ճանապարհի մոդելն ընդհանուր ուրուագծերով մօտաւորապէս այսպիսին է՝ խոնարհ կնոջ կրաւորական դերակատարութեան արդարացուած շրջափոխութիւն, չունեցած անձնական երջանկութեան ցաւոտ ներապրում, աստիճանաբար ուժգնացող պայքարի շեշտադրութիւններ ընտանեկան «ճակատում», հոգեւոր արժէքների, հրապոյրների, հաւատարմութեան եւ դաւաճանութեան ներքին ազդակների արձանագրում, կնոջ սիրոյ եւ սիրուելու բացարձակ իրաւունքի ճանաչում:
Ռոմանտիկական վաղ շրջանի երկերում («Լեռան աղջիկը», «Մնաս բարովի իրիկունը» եւ այլն) Շանթի կին հերոսները իւրատեսակ գաղափարատիպեր են եւ հանդէս են գալիս իբրեւ սիրոյ ու ներշնչման աղբիւր: «Դարձը» վիպակում զգալիօրէն փոխւում է կնոջ ֆենոմէնը: Շուշանի եւ Արտաշէսի յարաբերութեան մէջ ընդգծւում է դրապաշտական ինքնագիտակցման պարագան, որը էապէս փոխում է աբեղայի պատկերացումները աշխարհի ու անհատական կոչման մասին:
«Վերժին» եւ «Դերասանուհին» վէպերում Շանթն ընդլայնում է կնոջ հոգեբանական պարագիծը: Վերժինը եւ դերասանուհին իրենց սէրը փորձութեան են դնում, ի տարբերութիւն աւելի վաղ գրուած «Դուրսեցիներ» վէպի հերոսուհու` Լուիզի։
Կինը, որպէս անկախ էակ, կանացի իր պերճանքի ու պչրանքի հետ ունէր նաեւ անհատական ինքնութեան ձգտում: Դա դժուարին անցում է, բարոյական աւանդակեցութեան յաղթահարում, որին դիմադրում են վէպերի հերոսները:
Շանթը, ի տարբերութիւն Շիրվանզադէի, կնոջ ազատութեան խնդիրը դիտում է սոցիալական առնչութիւններից դուրս` կինը որպէս կամային անձ` իր զգացմունքների ու կենսաբանական բնոյթի ընտրութեամբ:
Սիրանը ծերացած հօր, քոյրերի ու եղբօր միակ ապաւէնն է («Ուրիշի համար»)։ Ինքնամոռաց նուիրուածութիւնը նրան անտարբեր է դարձնում կեանքի հանդէպ, խլացնում նրա մարդկային զգացմունքները։
Փշրւում է նաեւ Ազնիւի պատրանքը («Եսի մարդը»): Նիցշէականութեան ազդեցութեան հետեւանք էր անձնազոհութեան անիմաստ լինելու փիլիսոփայութիւնը. մի զգացմունք, որն ազգային-ազատագրական ոլորտից Շանթը տեղափոխեց ընտանեկան յարաբերութիւնների միջավայրը։ Եթէ այս երկու դրամաներում կինն ուրուագծւում է հանգամանքների ակամայ ներգործութեան ոլորտում, ապա «Ճամբու վրայ» դրամայում երեւոյթը հանգուցուած է հոգեբանական ներքին պայքարի ողբերգական լուծումներով: Ի՞նչ է կինը. բնական մի արարած, որ երջանկութեան այլ ասպարէզ չունի, քան սէրը եւ սիրած էակի մէջ մարմնաւորած աշխարհը, որից դուրս աշխարհը դատարկ է, կեանքը` անիմաստ:
Ի՞նչ է կինը, ի՞նչ արարչութիւն է նա եւ ինչպէ՞ս գտնել նրա առեղծուածային էութեան բանալիները` այս հարցերը մշտապէս զբաղեցրել են Շանթին, հարստացրել նրա երկերի սիւժէները: Այս տեսակէտից առանձնայատուկ քննութեան է արժանի «Կինը» վիպակը: Այստեղ Մարգարիտի եւ Սուրէնի կերպարներն ունենում են տրամաբանօրէն հակառակ զարգացում: Մարգարիտի բջիջներում արթնանում է կինը. նա այլեւս դիցուհի եւ մուսայ չէ, այլ կենդանի արարած, ով յանգում է սիրոյ, վայելքի, մարմնական հաճոյքի գերիմաստութեանը: Սուրէնը՝ պրոզայից, առօրէականից դէպի պոեզիա, նիւթականութիւնից դէպի իդէալականը, դէպի բացարձակ գեղեցիկը, իսկ Ստեկնը՝ գաղափարապաշտութիւնից դէպի մարմնականութիւն:
Հնարաւո՞ր է արդեօք կնոջ եւ տղամարդու մտերմութիւնը սեռական կապերից դուրս` որպէս ընկեր: Շանթը վերստին անդրադառնում է կեանքի վերջին տարիներին գրած «Հոգիները ծարաւի» վէպում: Հարցադրումը էապէս ենթադրում է սեռերի յարաբերութեան բարձր, հոգեկան կապի ազնուական, մաքուր, սրբագործուած մի վիճակ, որն ազատում է մարդուն բնազդական մղումներից եւ կարգաւորում վարքի ապաշխարհիկ գեղեցկութիւնը: Այս բարձրագոյն իդէալին է հետամուտ Շանթը: Շանթի ստեղծագործութիւններում կինն անցել է ինքնաբացայայտման հոգեբանական այլեւայլ վիճակներ` իր վարքը ստուգելով թէ՛ իդէալի եւ թէ՛ հակաիդէալի գեղարուեստական կերպաւորմամբ: Այդ հակադրութեան վրայ են դիտուած Հաննան եւ Թէոֆանոն «Կայսր» դրամայում: Հաննան սիրոյ, նուիրումի ու հաւատարմութեան խորհրդանիշն է: Կրքերի, ձգտումների երկրային կաշկանդումներից ազատ Հաննան որոնում է անհասանելին, բացարձակը, հոգու յաղթանակը նիւթի հանդէպ: Հաննայի հակադիր բեւեռում կնոջ կրքերի, փառասիրութեան, ստոր մատնութեան եւ դաւադիր գործարքների իր դերն է կատարում Թէոֆանոն. նրա մէջ շարժւում է սատանան, չարութեան ոգին, տգեղն ու այլանդակը:
Հին ու նոր աստուածների յաւիտենական բանավէճում որպէս ճշմարտութեան
խորհրդանիշ հանդէս է գալիս կինը: Սեդային գրկելով` փոթորկւում է աբեղայի ներաշխարհը. Սեդայի կերպարանքն առած կնոջ ուրուականի կանչով նա գնում է ձուլուելու մայր բնութեան յաւերժութեանը («Հին աստուածներ»):
Կնոջ կերպարների շարքում միանգամայն այլ նկարագիր ունի հարճը «Շղթայուածը» դրամայում: Ըստ էութեան` նա զտուած է կանացի հոգեբանական բարդոյթից եւ նոյնացուած է գաղափարական խորհրդանիշի հետ: Պատմական անցուդարձերի վկան լինելով` նա իր ճակատագրի մէջ բեկում է բռնութեան վերահաս
չարիքը եւ նահատակւում` որպէս ազատութեան գաղափարի մունետիկ:
«Ինկած բերդի իշխանուհին» դրամայի հանգուցակէտը Աննայի եւ Գող Վասիլի հոգեբանական պայքարն է: Անձնական հակամարտութիւնը վերաճում է բարոյական եւ հասարակական սկզբունքների բախման, եւ բոլոր հերոսները, կամայ թէ ակամայ, ներգրաււում են այդ շրջապտոյտի մէջ: Աննան առաջնորդւում է ակն ընդ ական, ատամն ընդ ատաման օրէնքով: Բոլոր միւս պարտականութիւններն իրենց տեղը զիջում են արեան վրէժի պահանջներին` յանուն ընտանիքի, պատուի, արժանապատւութեան, որոնք նոյնիսկ գերազանցում են Սեպուհի հանդէպ կարեկցութեանը եւ Ատոմի հանդէպ ունեցած սիրոյ պարտականութեանը:
Աննայի մէջ արթնանում է կինը, կենսաբանական բնազդը, բայց նորից ապրելու, նորից վայելելու, զաւակների դիակների վրայով նորից կեանք մտնելու դայեակի կոչերը չեն կարող արձագանքել տառապող մօր հոգում, քանզի վրէժխնդրութիւնը Աստծոյ կամքն է:
Հոգեբանական մի այլ դրամայ է խաղում Ռիթան` «Օշին Պայլ» պատմական ողբերգութիւնում: Ռիթայի եւ Կոռիկոս բերդի տիրոջ սէրը, որ կարծես աստուածային
պարգեւ լինէր, բացառում էր անջատումը: Բայց օրէնքով Օշինը պէտք է ամուսնանար այրիացած թագուհու հետ, ինչպէս պահանջում էր պետութեան շահը: Կատարուածն անակնկալ էր, եւ փաստը վերագրելով Օշինի դիմադրութեանը` Ռիթայի մէջ արթնանում է խանդն ու վրէժ լուծելու ծարաւը: Սակայն ի վերջոյ գիտակցում է, որ Օշինի «մեղսագործութիւնը» բնաւ էլ դրդուած չէր անձնական մղումներից, ինչպէս կարծում էր ինքը, կիրքը տեղի է տալիս ափսոսանքի ու զղջման ցաւագին վերապրումներին, եւ ինչպէս Օշինը, նա եւս ողբում է տխուր ու անիմաստ դարձած կեանքի դառնութիւնը. «Կու լամ իմ ամբողջ կեանքս, իմ ծռած, ճմռտած, եղծուած ու անպէտք դարձած իմ կեանքս, իր ճամբէն ելած իմ խե՜ղճ կեանքս։ Կեա՞նք. ի՞նչ կեանք. կեանք է ասիկա. քաշքշուք, դիւրում, խեղաթիւրում ու խեղկատակութիւն։ Ուզածս ուրիշ, ըրածս ուրիշ։ Իսկ ո՞ր մեղքիս համար։ Եւ որո՞նց հետ, Աստուած իմ, որո՞նց հետ։ Ես ի՞նչ գործ ունիմ անոնց հետ» (1):
Շանթի դրամաների հերոսուհիներին վիճակւում է ողբերգական վախճան: Վերապրելով ծանր տառապանքներ` աստուածապարգեւ սիրոյ կախարդական ուժով նրանք կարողանում են բարձրանալ առօրեայ գորշութիւնից, պահպանել հոգու կայունութիւնը եւ յաղթահարել ամեն տեսակի դժուարութիւն։

1) Շանթ Լ., Ընտիր երկեր, «Հայաստան» հրատ., Երեւան, էջ 504:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *