ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Միջնաշէն» վէպը Զորայր Խալափեանն սկսել է գրել 1983 թուին, երբ դեռ շատերս չգիտէինք Արցախի պատմութիւնից գրեթէ ոչինչ: Իսկ թէ իրենից ինչ էր ներկայացնում Միջնաշէնը, որ նոյն ներկայիս Թալիշն է, որից չորս կիլոմետր հեռաւորութեան վրայ է Հոռեկայ վանքը, որտեղ «հինգ տարի ապրել է Մեսրոպ Մաշտոցը, դպրոց է բացել, տառերն է սովորեցրել միջնաշէնցի երեխաներին…», չգիտէին մեզանից շատերը:Այստեղ, ինչպէս բոլոր ասքերում, երեւում է պարզ ու խորհրդաւոր բնութիւնը, նրա տարերքը, ժողովրդի հաւաքական կերպարը, ինչպէս եւ բուն հզօր հերոսները: Սիրանոսը կարողանում էր խօսել կենդանիների հետ, կարողանում էր խօսելով անձրեւ տեղացնել: Նրա դուստր Ծովիի կորչելն էլ մի իսկական հեքիաթ է: Առաջին հայեացքից պարզ ու բացատրելի հերոսներից Չալունց ընտանիքն իրականում դիւցազունների զարմ է՝ նահապետական բարեկեցիկ կեանքով ու աւանդական բարքերով:
Պատումն սկսւում եւ աւարտւում է կոնկրետ թվականներով՝ 1918-88: Այսինքն՝ այնքան, որքան Սովետական Միութեան տեւողութիւնը: Այս երկու թուականների միջեւ ընկած Միջնաշէնը պռնկէպռունկ կրում է հասարակարգի բոլոր արհաւիրքները: Աշխարհացունց աղէտները դեռ բնակիչներին չէին առել իրենց յորձանուտը, բայց Չալունց տան հինգ տղամարդկանցից երեքը արդէն կամաւոր ընդգրկուած էին տարբեր թոհուբոհների մէջ: Տանը մնացել էին միայն Աբգար հայը՝ պապը եւ ամենափոքրը՝ Եապոնը:
Սեւին կամաւորական պարտուած զինուոր էր, իր նմանների մի խմբով Թիֆլիսից վերադառնում էր Արցախ՝ իր տունը: Արշակ որդին հրաժարւում է վերադարձի մտքից, որոշում է մեկնել Սարդարապատ՝ մասնակցելու պաշտպանական կռիւներին: Յովսէփ որդին բոլշեւիկ է՝ գլխովին խրուել է Բաքւում ընդյատակեայ կազմակերպութեան մէջ: Թւում է՝ եղբայրներից ամեն մէկն իր գլխի տէրն է, բայց յայտնւում է այնտեղ, ուր տանում է պատեհութեան քամին: Գրողի ողջ համակրանքն, ի հարկէ, իրենց հայրենիքը պաշտպանողների կողմն է: Միջնաշէնի մարդկանց համար ապրելը մաքառում է, ինչպէս աշխարհի բոլոր մեծ ու փոքր ասքերում: Մարդիկ մաքառում են ամեն օր, ամեն ժամ, կռիւ են տալիս արտաքին թշնամու դէմ, գլուխ են հանում անձերի ներսում կատարուող խմորում–հասունացումներից, ծառանում են սովի, ազգամիջեան ու միջանձնային կոնֆլիկտների դէմ: Այս ամենից ծնւում է լուսաւոր ու վսեմ գաղափարը… Այս դժոխային տանջանքները տարանք յանուն ՄԱՐԴ մնալու: Աբգար հայը՝ ծեր արծիւը, օրհասի պահին դեռ պիտի թափահարէր թեւերն ու մաքառէր իր հարազատ գիւղի կեանքի ու մահուան կռւում:
Քանի որ «Միջնաշէնը» լոյս է տեսել 1991-ին, երբ թէժ կռիւներ էին գնում Արցախի հողում, իսկ որոշ վկայութիւնների համաձայն վէպն սկսել է գրուել 1983-ից, հաստատ չենք կարող ասել՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների արտացոլումը շարժումից առա՞ջ, թէ՞ յետոյ է տեղ գտել վէպում: Մանաւանդ որ այն աւարտւում է՝ հասնելով մինչեւ արցախեան շարժում: Սակայն մի բան պարզ է, որ հայ-ադրբեջանական ազգամիջեան կռիւները եւ Արցախի հարցը կենտրոնականն են ասքապատումի բոլոր ճիւղերում: Իսկ կոմունիստական-բոլշեւիկեան հասարակարգի կեղծ ու պատիր լինելը այն պայմանն է, որի դէպքում աւելի ցցուն են երկու ժողովուրդների ազգային շահերն ու դրանց հակադիր լինելը, աւելի լաւ է երեւում, թէ ով ով է: Երբ սարսափից տակը անող ադրբեջանցուն թոյլ են տալիս հեռանալ, ու Եապոնը խղճահարութեամբ նայում է նրա ետեւից, Աբգար հայը ասում է. «Ինքդ նրա ձեռքն ընկնէիր՝ վիրաւոր կամ գերի, առանց գլուխդ կտրելու չէր գնայ: Մտածիլ մի: Հը՛, ինչի՞ գոյնդ գցեցիր»:
Իսկ ամենացնցողն այն է, թէ մինչեւ ուր էր կարողանում տեսնել գրողն այս աշխարհը: Ապրիլեան քառօրեայի ժամանակ Թալիշ-Միջնաշէնում Խալափեանների տոհմից ծերուկ տատն ու պապը դաժանաբար սպանուելու էին այն ադրբեջանցիների կողմից, որոնց նախնիների դեմ կռիւներ էին մղել, նաեւ քիրվայութիւն էին արել նրանց հետ:
Խալափեանը իր հզօր գրչով այս մի կաթիլ ջրի մէջ կարողացել է ոչ միայն ազատագրական կռիւ, մեծ երկրների քաղաքական խաղ, հասարակարգային վիթխարի փոփոխութիւններ, երկիր կորցնելու ցաւ եւ այլ խոշոր իրադարձութիւններ ներկայացնել, այլ նաեւ միամտօրէն ամեն գարունքի զարթնող բնութեան չափ գեղեցիկ, բիւրեղի պէս մաքուր մարդկային հոգիներ: Աբգար հայը, Սեւին, Արեւհատը, Եփրեմը տիպարներ են, որ կարծես ծանօթ են մեր հին ասքերից ու նոր են միաժամանակ: Նրանք այս պատումի չպարտուածներն են: Աբգար հայը՝ հերոսական այս Չալին, մեռաւ իր մահճում, բայց փառք ու պատիւ վաստակած, Սեւին ինքն ընտրեց Սիբիրը, քանի որ ապագան տեսանելու իր բնազդով սերունդը պահելու այլ տարբերակ չէր գտնում: Արեւհատը Չալունց գերդաստանը պահպանող մի աստուածուհի է, որ դիմացաւ կեանքի ամենադաժան հարուածներին՝ հօր՝ արհեստի, կրակի, երկաթի աստուածութիւն յիշեցնող դարբնի դաժան մահուանը, երեխայի կորստի ցաւին, ամուսնու դաւաճանութեանը, Սինթադէի յետապնդումներին, նոյնիսկ Բաքւում ակամայ բոլշեւիկեան ընդհատակեայ գործունէութեան մասնակիցը դարձաւ: Մերժեց իրեն ողջ կեանքում հետեւող Եփրեմի սէրը, երբ ինքն էլ անտարբեր չէր նրա նկատմամբ:
Ասքը, սակայն, ասք չէր լինի, եթէ այստեղ երազներ չլինէին, երազներ ու երազահաններ… վէպի հէնց սկզբում Արշակը հօրը՝ Սեւուն պատմում է իր երազը, եւ այնուհետեւ հեռուներից-զինուորութիւնից վերադարձած երիտասարդները պատմում են նոյն երազը՝ Միջնաշէնում թէեւ գետ, լիճ, ծով չկայ, բայց ինչ-որ տեղից վիթխարի ջրեր են հոսում, ծածկում Միջնաշէնը… Կարո՞ղ է սա գրողի համար էլ է կրկնուող երազ եղել: Եթէ այդպէս չլինէր, գուցէ այդքան իրական ու այդքան ապրուած չէր նկարագրուի: Ինչո՞ւ ջրերը գալիս են Արեւմուտքից դէպի Արեւելք, ինչո՞ւ են յատկապէս զինուորութիւնից եկած ու դեռեւս իրենց զինուոր համարողները պատմում այս երազը… Գաղտնագրուած մի կանխատեսո՞ւմ է, թէ՞ գրողի պայծառատեսութիւն: Նորից յիշենք, որ վիպասքն սկսել է գրուել 1983-ից… Փորձենք հասկանալ՝ սրանցից ո՞րն է աւելի հաւանական… Հետեւելով Խալափեանի՝ պատմութեան խորխորատները՝ մինչեւ Արայ Գեղեցիկ ու Շամիրամի, մինչեւ Վասիլ Բ-ի ժամանակները թափանցելու եզակի կարողութեանը, երբ մատենական կամ քարագիր սուղ տեղեկութիւնները նրա գրչի տակ կենդանանում, թեւեր են առնում, պէտք է մտորենք այս գաղտնագրերի մասին… Մանաւանդ որ նրա միւս ասքապատում «Մեռնող յառնողը» հէնց զարմանալի մի գաղտնագիր է: Ուրեմն… Ի՞նչ կը նշանակի մինչեւ Արցախեան պատերազմը պատմուած այս զանգուածային երազը, որ վէպի հերոսները չեն կարողանում մեկնաբանել… Գուցէ դեռ չէ՞ր եկել խելամիտ մեկնութեան ժամանակը: Գիւղի Տէր հայրը փորձում է բացատրել, քանի որ իրենից դա է պահանջւում, բայց «մի նոր ջրհեղեղից» այն կողմ չի անցնում: Իսկ ինչո՞ւ Արեւմուտքից, ինչո՞ւ պիտի ջուրը ծովի ջրի պէս աղի լինէր: Եւ էլի մի բացատրութիւն, որ գիտականի է նման. «Գիտութեան կողմից հնարաւոր է, որ Սեւ ծովի ջուրը հոսի դէպի Կասպիական: Որովհետեւ, ինչպէս յայտնի է, Սեւ ծովը բարձր տեղ է, իսկ Կասպին նրանից քաշ, ձորի մէջ: Եթէ ջրի բերանը բացող լինի, կը հոսի, բա ինչ կ՚անի: «— Լաւ ջրանցք կը լինի, — ծիծաղեց մէկը»: «— Յետո՞յ, էլ ինչ տեսար, — ասաց Տէր հայրը: — Յոյս չտեսա՞ր, յոյս»: «— Ի՞նչ յոյս, — չհասկացաւ պատմողը, ապա երեւի գլխի ընկաւ: — Հա, կար: Մի մեծ քերծ կար: Մի մեծ քերծ սար էր ջրում տնկուած, ասում են, ո՛վ էր ասողը գլխի չեմ, ասում է՝ ջրհեղեղն, էլի՛, ջուր է, կը գայ, էլի կը գնայ»: «— Ջուր է, ջրի եղածն ինչ է: Սա՞րն է պինդ, թէ՞ ջուրը»: Սա Սմբատն է ասում, որ ղեկավարելու էր ինքնապաշտպանական կռիւը, եւ դրանով էլ դրուելու էին Արցախի նորագոյն պատմութեան հիմքերը:
Եւ այս ամբողջ դարակազմիկ անցուդարձը առաջին անգամ մեր գրականութեանն աւանդեց Թալիշում՝ այդ ջրերից գլուխը ցից քերծին ծնուած Զորայր Խալափեանը:
«Գրական Թերթ»
12 ապրիլ 2019