ԿԱՐՄԻՐ ԾԱՂԿԻ ԱՌԱՍՊԵԼԸ

ՎԱՆ ՆՈՎԻԿՈՎ

Զինուորի մահը դանդաղ էր մօտենում: Աչքերի առաջն արնագոյն ստուերներ են պատում: Մահացու վէրքից արիւն է ծորում: Կաթ-կաթ: Բայց մահը վարանում էր մօտ գալ ու պահմտոցու պէս մի խաղ էր սկսել: Շուրջբոլորը մշուշուած էր մահուան խորհրդաւորութեամբ: Քիչ առաջ, երբ ամբողջ մարտադաշտը ոռնում էր արեան համն առած գազանի նման, այսպիսի անդորր պատկերացնելն անբնական կը թուար: Զինուորը մէջքը յենեց խրամատի պատին: Այսպէս յարմար է մեռնելը: Ցաւ չկար: Կար միայն մշուշոտ հեռուներից տեսաժապաւէնի նման պատկերուող անցեալ, կեանք` մի կարճատեւ երազ: Մի քաղաք կար աշխարհում, այն քաղաքը, որն ամենագեղեցիկն էր, ու զինուորի համար անփոխարինելին քարտէզի բոլոր քաղաքներից: Այդ քաղաքի չքնաղ բնապատկերն ու կեչիների քաղցր բուրմունքը ոչ մի գեղագէտ, ոչ մի քարտէզ չէր կարող այնպէս, ինչպէս նա էր տեսնում իր աչքերով: Աշխարհում ոչ մի անհոգի քարտէզ չէր կարող այնպիսի հպարտութեամբ ու գորովանքով կրել այդ քաղաքն իր մէջ, ինչպէս զինուորն` իր ողջ էութեամբ: Դա կեչիների, Մանկութեան ու Պատանեկութեան հրաշակերտ քաղաքն էր, որտեղ մի օր աշխարհի բոլոր հրաշամանուկների նման ճչացել էր աշխարհ գալու բերկրանքից: Իսկ ինչու են երեխաները լացով ծնւում եւ ոչ թէ ծիծաղով: Զինուորը սարսափել էր մօր արգանդից իր հետ յորդած արեան առատութիւնից, որից մահուան բոյր էր առել: Դա սկիզբն էր: Որքա՜ն սկիզբներ են եղել նրա կեանքում: Սկիզբ էր, երբ առաջին անգամ մայրիկ կանչեց, երբ սեփական ձեռքով բռնած ճաշի գդալը բերանը տարաւ եւ ինքնուրոյն կերաւ ճաշը, երբ գիրք-տետրերով առաջին դասարան մտաւ, երբ մութ փողոցի տղաների հրամցրած առաջին դառնահամ սիգարէտը ծխեց, երբ…
Նրա մահն էլ սկիզբ է մի նոր, լուսաւոր կեանքի, որն ինքն այդպէս էլ երբեւէ չի ապրելու:
Դեռ երեկ էր կարծես, որ իրեն քնքուշ ու արեւադէմ ուսուցչուհին հարցրեց. «Ի՞նչ ես ուզում դառնալ, տղա՛ս»: Եւ նրա կամքից ու հասկացողութիւնից անկախ, մի վերերկրային ուժ պատասխանել էր` «Զինուո՛ր»: Դա նույնպէս սկիզբ է նրա կեանքում: Իսկ ո՞վ էր նրանց դասարանի ամենագեղեցիկ աղջիկը:
Զինուորն անսպասելի ցուրտ ու ծակոցներ զգաց, որոնք ցնցեցին արնաքամ մարմինը: Մահը մօ՞տ է: Ոչ, պարզապէս կեանքն էր հետզհետէ լքում նրան, ինչպէս… ինչպէս… Զինուորը ճիգով ոտքի կանգնեց, բայց ուժերը սպառուեցին, ու խրամատից դուրս գլորուեց: Ընկած տեղում, ուղիղ կրծքի մօտ մի կարմիր ծաղիկ կար, որի վրայ արիւն էր ծորում: Կաթ-կաթ: Տեսնես ծաղիկն-իրականում ինչ գոյն ունէր:
Աշխարհում մի կախարդական քաղաք կար, որտեղ ապրում էր իմաստուն ծերունի` ծաղիկների չթագադրուած արքան: Նրա ծաղիկները հրաշագործ զորութիւն ունէին, որոնք կարողանում էին հոգիներ բուժել…

Որտե՞ղ էր այսպիսի հէքեաթ լսել:
Ծաղկավաճառ ծերունին խորհուրդ տուեց ահա այս նոյն կարմիր ծաղկից նուիրել իրենց դասարանի գեղեցկուհուն, որի հետ Կեչիների պուրակում էր հանդիպելու: Գարնանային անմոռանալի օր էր: Կեչիների թովիչ բոյրեր, թաւշեայ պուրակ ու խորհրդաւոր լռութիւն: Ինքն ու աղջիկը քայլում էին ձեռք ձեռքի տուած, բայց նրանց դէմքերը չունեն երջանկութեան դրոշմը, որը Կեչիների պուրակն անսպառ նուիրում էր զոյգերին: Տղան պիտի գնար: Պիտի կատարէր մարգարէութիւն, որ ճակատագիրն էր կանխորոշել: Զինուոր պիտի դառնար: Հրաժեշտին մի կարմիր ծաղիկ նուիրեց աղջկան: Ծաղիկ, որ հոգիներ է բուժում:
Զինուորի դէմքին մի երազուն ժպիտ էր սառել:
Հիմա Կեչիների պուրակում նոյն գարունն էր` զբօսնող զոյգերով, ծաղիկներով ու բոյրերով: Բոլորը զբօսնում են, սիրահարւում, ատում, բաժանւում, երջանկանում եւ ապրում: Իսկ այն աղջի՜կը: Նա հիմա միայնակ կծկուել է պուրակի մի անկիւնում եւ իրենց հանդիպումներն է մտաբերում` ափերի մէջ չորացած կարմիր ծաղկի թերթերով գուշակելով` սիրո՞ւմ է, չի՛ սիրում: Ծաղիկների արքան ասաց` ծաղիկները բուժում եւ միացնում են հոգիները, բայց չասաց, որ ծաղիկներից ու հոգուց զօրեղ բաներ էլ են լինում, որ դրանք երկուսն էլ կարելի է վաճառել: Չասաց, որովհետեւ տղան, միեւնոյն է, չէր հաւատալու:
Զինուորը բեկորներից ծանրացած մարմնով ու ձեռնափայտով սիրած աղջկայ պատուհանի տակ կանգնել ու ներսից նրա երջանիկ ծիծաղն էր լսել, իսկ քիչ յետոյ տեսել նրան մի յղփացած փողկապաւորի գրկում խայտալով՝ շքամուտքի մօտ սպասող շքեղ մեքենան էր նստում: Նա մօտիկից նայեց Զինուորին, բայց հեռաւորութիւն կար աղջկայ աչքերում: Ինչ-որ տեղ հեռւում հրաբուխներ ժայթքեցին ու հանգան: Խորտակուեցին յոյսեր, հաւատներ ու սէրեր: Այնտեղ` բարձունքում աստղեր շողացին ու մոխրացան: Հողը երերաց Զինուորի ոտքերի տակ, բայց այդ ամենը չէր կարող աղջկան խանգարել անտարբեր մեքենան նստելու եւ հեռանալու համար:
Այդ գիշեր ոստիկանները Զինուորի տուն ներխուժեցին ու խուզարկելուց յետոյ ոչինչ չգտնելով` նրան բանտախուց տարան: Իսկ առաւօտեան, դեռ չբուժուած, նորից ռազմաճակատ ճանապարհեցին: Նույնիսկ ծնողներին չհասցրեց հրաժեշտ տալ:
Եւ հիմա վերջ: Աւարտուեց իր կարճատեւ երազ-կեանքը: Զինուորի թէժ մարտերում, արկերի բեկորներով ակօսուած դէմքով մարգարտահատիկ արցունքներ հոսեցին: Նա չուզեց մեռնել, որովհետեւ սիրում էր բազմախորհուրդ աշխարհը, մարդկանց, կեանքը: Ուզեց կրկին տեսնել ալեհեր ծնողներին, որոնց աչքերում երբէք չէին մարելու սպասման, յոյսի ու կարօտի տաք արցունքները:
Զինուորը հրաժեշտի աղօտ ու թախծոտ հայեացքով նայեց կարմիր ծաղկին, որից լուսաւոր մի խաղաղութիւն էր բխում` սփռուելով անհանգիստ աշխարհի ու մարդկանց վրայ: Եւ հասկացաւ, որ ճակատագիրն էր իր փոխարէն այն ժամանակ պատասխանել ուսուցչուհուն. «Զինուոր պիտի դառնամ»: Ճակատագիրն էր այն խորհրդաւոր ու զօրաւոր ուժը, որ նրան ճիշտ ժամին, ճիշտ տեղն էր տանում այն պահերին, երբ ինքն ամենից քիչ էր սպասում դրան: Զինուոր դառնալը նրա հոգու եւ ճակատագրի պահանջն էր: Սէր էր դա: Անսահման սէր` հայրենիքի, հողի, ծաղկի, ծնողի ու մարդու նկատմամբ, որը նրա համար նշանակում էր` Զինուոր: Եւ մեռաւ Զինուորը: Աւելի շուտ կեանքը հեռացաւ նրանից: Մարդիկ կարող են եւ չյիշել նրան, բայց կախարդական քաղաքի կեչիները մի սրբազան երկիւղածութեամբ ասք ու լեգենդ կը հիւսեն, իսկ կարմիր ծաղիկն աշխարհին շշուկով կը պատմի նրա` հայրենիքի ու սիրոյ համար ընկած «Զինուորի մասին» առասպելը:

Արցախ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՍԻՆ
Վան Նովիկով ծնած է 1986 փետրուար 8-ին, Չարենցաւան: 1995-ին տեղափոխուած է Արցախ ու վերաբնակած Մարտունիի Վազգէնաշէն գիւղը։ 2003-ին աւարտած է Մարտունիի Աշան գիւղի միջնակարգ դպրոցը, իսկ 2010-ին Արցախի պետական համալսարանը՝ պատմաբանի ու մանկավարժի որակաւորմամբ։
Ստեղծագործել սկսած է ուսման տարիներէն։ 2012-ին տպագրուած է իր պատմուածքներու առաջին ժողովածուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *