ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՒԱՐՏՒՈՒՄ

ՎԱՆ ՆՈՎԻԿՈՎ

Պատերազմը սնւում է պատերազմով:
Շիլլեր

Պատերազմը ծնուեց թերեւս այն ժամանակ, երբ… Կայէնը սպանեց եղբօրը` Աբելին: Յետոյ որդին սպանեց ծնողին, ծնողը` որդուն, ազգը` ազգին, ու պատերազմը մեծացա՜ւ-մեծացաւ, բայց ոչ ծերանում է, ոչ էլ մեռնում: Մարդկութեան միամիտ տեսակը յոյս է պահում, թէ ինչպէս արցունքն է յորդում ցաւից, բայց ի վերջոյ սպառւում, ինչպէս ատելութիւնն է բռնկւում արդար թէ մոլոր մի պահի, ինչ-որ ժամանակ, սակայն, մարում, այնուամենայնիւ, ժամանակի ամոքիչ շնչից, պատերազմ կոչուող մղձաւանջն էլ կ՚անհետանայ աշխարհից: Աւա՜ղ…
Պատերազմ էր: Ո՜րերորդն աշխարհում` ո՜վ է հաշուել…
Պատերազմ էր, եւ մի թախծալուր լռութիւն մշուշել էր երբեմնի կենսախինդ քաղաքի երազանուշ առօրեան: Աշնանակէսի բարդիները ոսկեփետուր արցունքներ էին մանում քաղաքի վրայ` աղօթանման երգ հիւսելով նրա նահատակ որդիների մասին: Քամուց քշուող տերեւների նման մարդիկ էլ էին ընթանում, ասես, իրենք իրենց, անորոշ ուղղութեամբ: Նոյնիսկ մանուկներն էին, մէկէն մեծացած տաս ու աւելի տարով, լուրջ դէմքերով նայում իրար ու աշխարհին: Պատերա՜զմ էր…
Նրանց դէմքը փոքրիկ Սամուէլը մինչ այդ տեսել էր միայն հեռուստաէկրանի վրայ. կարմիր հրացոլք, ահաւոր դղրդիւն, արիւն, հողին փռուած կապտած կերպարանքներ…
— Ովքե՞ր են, հայրիկ, — հարցրել է` ստանալով կարճ ու դժկամ պատասխան.
— Զոհուածներ:
Ու տղեկը պատկերացրել է, թէ դա քնելու պէս մի բան է:
— Բա երեսներն ինչո՞ւ են կապտած…
— Նրանց ծեծել, տանջամահ են արել:
— Ինչո՞ւ:
— Պատերազմում սպանում են:
Ուրեմն, նրանց ծեծողները չար մարդիկ են եղել: Աւելի չար` քան հիմա իր հայրը, որը երբ հարբում է, իսկ նա հարբում է համարեա ամեն օր, հայհոյում եւ անխնայ ծեծում է իրեն ու փոքրիկ եղբօրը: Այդ օրուանից սկսած` գիշերը Սամուէլի համար դարձել է օրուայ ամենաանցանկալի մասը, քանի որ քնի մէջ միշտ նոյն տեսարանն էր այցի գալիս իրեն. բաց դաշտ` կապտած դիակներ…

Առաւօտեան շուտ արթնացաւ` հացի հերթի պիտի գնար: Երբ առաջին անգամ ասուեց, որ տան հացն առնողն ինքը պիտի լինի, մայրը բողոքեց` հայրը գոռաց նրա վրայ.
— Ձէ՜նդ… Թող սովորի փուչ աշխարհում գլուխը պահելը…
Հացը կտրօնով էին տալիս: Հերթերը երկարում` տեւում էին մինչեւ կէսգիշեր… Այդքան սպասելուց յետոյ էլ շատ անգամ մարդկանց մի մասը դատարկ էր վերադառնում տուն: Այդ հեռանկարից խուսափելու համար տղան գիշերը համարեա չէր քնում, սպասում էր երրորդ աքլորականչին, որ շուտ հագնի շորերն ու դուրս վազի տնից: Գիտէր` դատարկ որ տուն եկաւ` հայրը կը ծեծի… Շտապ լուացուելուց յետոյ տղան մտաւ խոհանոց` ծամելու որեւէ բան գտնելու յոյսով, բայց ոչինչ չկար: Չէր դիմացել, ընթրիքին կերել էր առաւօտեան նախաճաշի իր բաժինը… Աչքն ընկաւ երեկոյից սեղանի վրայ մնացած սուրճի բաժակներին: Արագ լպստեց քաղցրաւուն մրուրը ու յետեւից լսեց մօր հառաչանքը: Ուրեմն` նրա քունն էլ չի տանում… Համբուրեց մօր այտն ու երկրորդ հառաչանքը ետին թողած` փողոց վազեց, ձեռքում ամուր բռնած պայուսակը, որի մէջ էր հացի կտրօնը:
«Ի՜նչ լաւ է», — ինքն իրենից գոհ, որ այդքան շուտ է արթնացել, մտածեց նա` դեռ հեռուից տեսնելով, որ խանութի առջեւ ոչ ոք չկայ:
Գնաց կանգնեց ուղիղ պատուհանի մօտ, որտեղից վաճառողուհին հացերը տալիս էր կտրօնը մեկնողներին: Սակայն շուտով ուրախութիւնը մարեց, երբ փողոցի անկիւնից երեւաց ծանօթ տղաների խումբը` Գիրուկի գլխաւորութեամբ: Ինքն ու այդ հարուստ ապրողի (պատերազմի ժամանա՞կ…) երես առածը չէին սիրում իրար: Գիրուկն առիթը բաց չէր թողնում` իրեն ծաղրելու համար: Սամուէլը տագնապից նոյնիսկ մոռացաւ, որ քիչ առաջ ամբողջ մարմինը դողում էր ցրտաշունչ քամուց: Օդում վաղահաս ձեան շունչ կար: Օ՜, Սամուէլն ինչպէ՜ս է ատում ձմեռը… Նա հին ու թեթեւ բաճկոնակով էր եւ ամառային կօշիկներով` առանց գուլպաների: Շտապելուց մոռացել էր դրանց մասին:
Խումբը մօտեցաւ, ու լսուեց Գիրուկի խարդաւալից հարցը.
— Տղե՜րք, մեզնից ո՞վ ա առաջինը լինելու հերթում…
«Նրա տաք վերարկուի մէջ ինձ նման երեքը կը տեղաւորուեն», — պահի լրջութեանը չնայած` մտածեց Սամուէլը, ապա հարցը յիշելով ու հասկանալով Գիրուկի մտքում եղածը, ատամների արանքից հաստատակամ նետեց.
— Առաջինը ե՛ս եմ:
— Յա՜… դու՞, — իբր զարմացաւ Գիրուկը, — էդ ինչի՞ց որոշեցիր…
— Ես ձեզնից առաջ եմ եկել:
— Բայց ո՞վ ա տեսել, որ դու ես եկել, ոչ թէ Պոնչոն, — լինելիքի հաճոյքից արդէն ծուռ ժպտացող ընկերոջ կողմը ցոյց տուեց Գիրուկը:
— Կարեւորը` որ ե՛ս գիտեմ…, — նորից կարճ նետեց Սամուէլը:
— Քո իմանալը շա՜տ քիչ ա, պա՞րզ ա…
Օղակը սպառնալից սեղմւում էր տղայի շուրջը: Նա արդէն իր գլխավերեւում զգում էր իրենից երկու-երեք տարով մեծ` թոկից փախածների վանող շնչառութիւնը: Ութ տարեկան տղան բռնցքամարտիկի դիրք ընդունեց…
— Դէ, հեռո՛ւ գնա դռան մօտից… Լսու՞մ ես:
— Չե՛մ գնայ:
Նա ծեծից չէր վախենում: Հայրն այնքան էր ծեծել, որ ցաւը չզգալու «փորձ» էր ձեռք բերել: Սկսեցին տեղալ հարուածները, բայց Սամուէլը դիմադրում էր մահապարտի պէս: Թւում էր` մարմնին անվնաս տեղ չի մնացել այլեւս: Պպզեց պատուհանի տակ` ձգտելով ծնկների արանքում պահել գլուխը, մինչ կ՚երեւային մարդիկ` փրկէին… Երբ տղայի քթից ու գլխից ծորացող արիւնը ներկեց հագի շորերը, խումբը քիչ-ինչ հանգստացաւ: Նրա թուլացած մարմինը պոկեցին տեղից ու քարշ տալով հեռացրին խանութից, իրենք վերադարձան գրաւեցին պարտուածի տեղը: Մայթեզրին նստած Սամուէլը վիրաւորանքից լաց եղաւ: Յետոյ դադարեցնելով արիւնահոսութիւնը` աննկատ մօտեցաւ արդէն պոչը հեռւում թողած հերթին ու կանգնեց վերջում: Բայց երբ հաց ստանալու հերթը վերջապէս հասաւ իրեն, պարզուեց որ այն սպառուել է: Առաջինը յիշեց հօր մասին. կը սպանի, ախր, իրեն… Եթէ սթափ չլինի` կը ջարդի՜: Նրա առանց այն էլ դժգոյն դէմքի գունատուելը տեսնելով` վաճառորդուհին կարեկցաբար օրօրեց գլուխը:
— Էդ ո՞վ ա, — մուտքի դռան բացուելը կռահելով` հարցրեց հայրը, եւ ձայնի խռպոտ հնչեղութիւնից տղան հասկացաւ, որ նա հասցրել է հարբել «լրիւ ծրագրով»: Հասկացաւ ու սարսափեց:
— Ես եմ, հայրիկ, Սամուէլը…, — գրեթէ կակազելով արտաբերեց տղան ու զարմացաւ, թէ որքան շուտ նա յայտնուեց իր առջեւ…
— Բերածդ ո՞ւր ա, — դատարկ պայուսակին նայելով` ֆշշացրեց հայրը:
— Հայրիկ… Հացը… Հայրիկ, ես մեղաւոր չեմ… Ես շատ վաղ գնացի, բայց…
Չհասցրեց միտքն աւարտել: Ականջատակին հասցուած հարուածից տապալուեց գետնին, ու ջանալով չկորցնել գիտակցութիւնը, արագ-արագ վրայ բերեց.
— Քո արեւ, հայրիկ, հացը վերջացաւ, ինձ չհասաւ… Քո ա՜րեւ…
— Վերջացել էր, ուրիշ խանութից առնէիր, տխմար, — ոտքով որդու փորին հարուածելով` գոչեց իր տեղը չիմացող հայրը:
«Տէ՛ր Աստուած, — մտածեց Սամուէլը, — ախր նա մինչեւ պատերազմն այսպիսին չէր, խմում էր, ճիշտ է, բայց չէր ծեծում: Մինչեւ կոնտուզիա ստանալը… Վիճակն այնքան լուրջ է, որ էլ ծառայութեան չեն վերցնում: Անուղղելի հարբեցող է դարձել: Ախ, գոնէ մայրը շուտ տուն գար, չթողնէր` ծեծը շարունակուի: Մի օրուայ համար սա շատ է շատ, ուժի կտոր չի մնացել ներսում, հիմա ուշքը կգնա…»:
— Կը գնամ, հայրի՜կ, հէնց հիմա կը գնամ ուրիշ խանութ: Գուլպաներս հագնեմ` գնամ, ոտքերս շատ են սառել…
Տղան համարեա դուրս փախաւ տնից: Արդէն ձիւնախառն անձրեւ էր գալիս, հետն էլ` ոսկոր կտրող քամի: Ցաւից ու ցրտից մարմինը նւում էր: Քայլում էր` ասես չիմանալով` ուր եւ ինչու: Ասես ոչ թէ ինքն էր քայլում, այլ ինչ-որ մէկը յետեւից հրելով` առաջ էր տանում իրեն: Մարդիկ անցնում էին` դոյզն-ինչ ուշադրութիւն չդարձնելով նրա վրայ. ամեն ոք իր հոգսի յետեւից էր շտապում: Եղաւ երկու, երեք խանութում էլ` բախտն էլի չբերեց: Արդէն երեկոյ` քայլում էր մթնշաղի միջով, երբ աչքն ասֆալտի վրայ հացի կրծմրծած մի կտոր տեսաւ: Ուժերը դաւաճանեցին, ու նա փլուեց տեղում` դէն նետուած («երեւի Գիրուկի նման մէկի ձեռքով», — մտածեց իրենից անկախ) պատառի համարեա կողքին: Սամուէլի ներսում իւրօրինակ մի մաքառում էր սկսուել: Տատանւում էր երկու իրարամերժ զգացումների միջեւ. ամօթի եւ գայթակղութեան… Ի վերջոյ, վճռեց` հէ՜րն էլ անիծած… Թաքուն նայելով չորս կողմը` տղան ձեռքը մեկնեց պատառին եւ արագ ճանկելով այն` տարաւ դէպի բերանը: Այսպէ՜ս, զզվանքը յաղթահարելով` կ՚ուտի ուրիշի բերնի թուքը գուցէ ներծծած այդ հացը, փոքր-ինչ ուժ հաւաքի` տուն հասնելու համար: Մայրն արդէն եկած կը լինի, երեւի տեղը տեղ չի տալիս, իրեն` Սամուէլին է փնտռում… Խղճաց նրան եւ աւելի եռանդով ծամեց օտար պատառը: Երբ այն վերջացաւ, ափսոսանքի զգացում ունեցաւ. լինէ՜ր, էլի՛ լինէր այդպիսի մի պատառ` բերնի թուքն այսքան առատ չզգար: Հառաչելով նայեց շուրջը` ոչ մի մարդ, ոչ մի շարժում: Քաղաքի հետ ընկած փողոցներից մէկն էր` փոքրիկ միակ խանութով, բայց եւ քիչ բնակչութեամբ, մտածել էր` գուցէ այնտեղ ճարի ուզածը: Աւա՜ղ… Տեղից վեր կենալ ուզեց` չստացուեց: Դիմացի ծառը պարում էր տեղում… Նորից փորձեց վեր կենալ, նորից չստացուեց: Նոր նկատեց, որ անձրեւն անհետ եղել` արդէն իսկական ձիւն էր տեղում մեծ-մեծ փաթիլներով: Շատ չանցած` մարմինը ծածկուեց ձիւնով: Առաջին ձիւնը շատ գեղեցիկ էր ասֆալտի վրայ: Այն փափուկ ճերմակով ծածկել էր հրետակոծութիւնից առաջացած փոսերը: Ասֆալտը տղային հսկայ բարձ թուաց: Հիմա՜… հիմա գլուխը կը դնի բարձին ու մի քիչ կը հանգստանայ: Մի քիչ ուժ կը հաւաքի, որ կարողանայ տուն գնալ: Մայրիկը հիմա լաց է լինում տագնապալից… Հիմա՜… հիմա…, մի քի՛չ էլ փակի աչքերը, մի քիչ էլ հանգստանայ՜… Աւելի խոր դէպի իրեն ձգելով սառնամանիքից անզգայացած ոտքերը եւ գլուխն աւելի յարմար տեղաւորելով «բարձի» վրայ` շշնջում էր տղան, մայրիկը մեղք է, հիմա իրեն է փնտռում փողոցից փողոց…
Դա վերջին միտքն էր, որ այցելեց նրան` սառչելուց առաջ:
Պատերազմ:
Չապրած ութերորդ ձմեռ:

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *