ՆԱՐԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ
Արցախի պետական համալսարանի դասախօս
Ժողովուրդների եւ ազգերի պատմութեան մէջ լինում են այնպիսի ծնունդներ, որոնք յետոյ դառնում են նրա մեծագոյն երջանկութեան եւ միաժամանակ մեծագոյն ողբերգութեան անմոռանալի երգը: Բակունցի նման գրողի եւ մարդու բացառիկ ծնունդը մի այդպիսի երջանկութիւն, եւ նրա եղերական վերջալոյսը մեծագոյն ողբերգութիւն էր ոչ միայն մեր գրականութեան, այլեւ մեր իսկ ժողովրդի համար: Խոհազգայական խորունկ ու նուրբ տարողութեամբ, պատկերային գունարուեստով, խօսքի երաժշտականութեամբ եւ պատումի բնոյթով Բակունցի արձակը ինքնըստինքեան դարձել է այն հանգուցակէտը, ուր համաձոյլ եւ համահունչ են արձակն ու պոեզիան, երգն ու կտաւը: Դա ստեղծագործ մտքի ու երեւակայութեան, զգացմունքի ու զգացողութեան պայծառակերպութիւն է, բացառիկ ոգեղէն մի աշխարհ: Մինչեւ Բակունցը ոչ ոք հայ արձակի մէջ այնպիսի հմայքով, այնպէս կենդանի ու շօշափելի չի նկարագրել բնաշխարհիկ գեղեցկութիւնն ու բոյրը, ոչ ոք այնքան խորութեամբ ու նրբութեամբ չի ընկալել հազար ու մի խորհուրդներով առլեցուն բնաշխարհը, բնաշխարհիկ մարդու հոգում թաքնուած գեղեցկութիւնները, ցաւն ու ողբերգութիւնը: Բակունցը տեսաւ, զգաց այդ ամենը` մի զարմանալի մտքով եւ յոյզով:
Մի անսովոր զգուշութեամբ միահիւսելով բանաստեղծական նրբութիւնը գեղարուեստական արձակին` Բակունցը հայ արձակը բարձրացրեց նոր որակի` բանաստեղծական արձակի: Խօսքի նրբութեան առումով Բակունցի հետ կարող է վիճել Վահան Տէրեանը: Այդ անսահման նրբութիւնը գալիս է նաեւ նրանց ընդհանուր խառնուածքից: Ահա ինչպէս են կերպաւորուել երկու գրողները ժամանակակիցների յուշերում: Նուարդ Թումանեան. — «Տէրեանը իր խառնուածքով գերազանցօրէն բանաստեղծ էր, իր էութեամբ` մի բանաստեղծութիւն: Նրա հոգին նուրբ էր ու քնքուշ, իր Գանձայի ծաղիկների նման` նրբին ու զգայուն: Նա սիրտ էր համակ ու զգացմունք, միշտ տարուող ու գերող, վառուող ու այրող… Նա ներքին ապրումի, ներքին աշխարհի մարդ էր, սիրում էր մօտը, եւ իր մօտ ու հարազատների շրջանում էր, որ բացւում էր Տէրեանը»(1):
Գուրգէն Մահարի. — «Խորունկ էր նա ու հմայիչ, հանդարտ ու յստակ… Լիրիկ էր ոչ միայն գրքում, այլ նաեւ կեանքում… Ինչ-որ էլեգիական երանգ կար նրա թէ՛ քայլուածքի, թէ՛ շարժուձեւի, թէ՛ խօսակցութեան տոների եւ թէ, նամանաւանդ, նրա լռութեան մէջ… Չէր սիրում երեւալ հասարակական վայրերում»(2):
Երբ խօսք է լինում Բակունցի արձակի գեղարուեստական առանձնայատկութիւնների մասին, շեշտւում է նաեւ «ժլատ արձակ» բնութագիծը: Խօսքն այս դէպքում Բակունցի արձակի առաւելութիւններից մէկի` պատումի հակիրճ ու խիտ կառուցուածքի մասին է: Բացառիկ նոյն նրբութեամբ է Բակունցը վարուել նաեւ բառի ընտրութեան հանդէպ:
Բակունցի բնաշխարհիկ արձակի առանձնայատկութիւններից մէկն էլ ժամանակատարածական անհունն է: Մարդը եւս` որպէս բնութեան մի հիւլէ, միաձուլւում է այդ անսահմանութեանը. այլ կերպ ասած, մարդը մեռնելով փոխում է միայն իր կենսաձեւը:
Բառերի ժլատ տնտեսմամբ, բայց խոհազգայական խտացուածութեամբ եւ նրբութեամբ Բակունցը հասաւ ոչ միայն գեղարուեստական արձակի նոր որակի` բանաստեղծական արձակի, այլեւ բանարուեստի մի այլ տեսակի, որ յատկանշւում է որպէս «լռութեան արուեստ»: «Բակունց վարպետ արուեստագէտն է համր գրականութեան, չափազանց ինքնատիպ, նոյնիսկ անկախ ֆրանսական «լռութեան դպրոցէն», — նկատում է Շ. Նարդունին: — «Արդարեւ, չի խօսիր արեւելցին, եւ , զարմանալի է, համր է նաեւ արեւելցի փիլիսոփան (ան կը նայի, կը դիտէ իր ներսը — ներհայեցողութիւնը արեւելեան դպրոց մըն է): <….> Մեծ արուեստագէտ մը կը մնայ Բակունց»(3):
Գիւղատնտեսի մասնագիտութեան ընտրութիւնը պատահականութի՞ւն էր նրա կեանքում, թէ՞ նախասիրութիւն, դժուար է ասել: Ստոյգ է մի բան. Բակունցի գիւղատնտեսական գործունէութիւնից շահեց ոչ միայն Զանգեզուրի գիւղաշխարհը, որի գլխաւոր գիւղատնտեսն էր, այլեւ առաւելապէս արուեստի աշխարհը, գրական մի աշխարհ` բոլորին յայտնի «Մթնաձոր» անունով: «Մթնաձորը» Ակսել Բակունցի գեղագիտական ու հոգեբանական որոնումների հանգոյցն է, նրայ ինքնարտայայտման, ինքնաորոնման եւ ինքնավերագտնման ներքին առանցքը: «Մթնաձորը» ե՛ւ բնաշխարհ է, ե՛ւ հոգէաշխարհ, ե՛ւ պատմաշխարհ: Ընթանալով թումանեանական գեղագիտութեան հարազատ հետքերով` Բակունցը յայտնաբերեց բնաշխարհիկ կեանքի ճշմարտութիւնը. մարդը բնութեան մէջ, եւ բնութիւնն ինքը` մարդու մէջ:
Միշտ չէ, որ գրողի եւ նրա ստեղծագործութեան բնաւորութիւնները կարող են խաչաձեւուել. երբեմն դրանք ընթանում են նաեւ զուգահեռաբար: Բակունցը, սակայն, այն գրողներից է, որոնց գիրն ու կերպարը ներդաշնակ ու անանջատ միասնութիւն են: Իր կեանքի ծանրագոյն պահերին անգամ Բակունցը հաւատարիմ մնաց իր էութեանը, գլուխ չխոնարհեց ոչ մի բռնակալի եւ ոչ մի բռնակարգի առջեւ, քայլեց իբրեւ մերկ ճշմարտութիւն ժամանակի փոքր ու մեծ դիմակահանդէսներում, մնաց այն, ինչ կար` իր իսկ պատկերած բնաշխարհի կուսական մաքրութեամբ, անարատ մտքով եւ լոյսով: 1930-ական թուականների ողբերգութեան վէրքերում ցաւ կայ դեռ, արիւն կայ տաք, եւ դեռ մխալու են սերունդների սրտերը, եւ ցաւի հետ օրեցօր զօրանալու է Բակունցի եւ նրա գրական ընկերների արուեստի ուժը…
Ակսել Բակունցը արտակարգ նուրբ տաղանդով օժտուած գրող էր: Նրա արուեստի ուժն ի յայտ եկաւ միանգամից, հէնց առաջին ժողովածուում` իր դէմ հանելով ժամանակի գրական միջակութիւններին: Անվիճելի է, որ Բակունցը դատապարտուեց նաեւ իր հանճարի համար: Այդպէս է եղել բոլոր դարերում. չունեցածի զգացողութիւնը գրական միջակութիւնների, նաեւ տաղանդով օժտուած գրողների հոգում ծնում է նախանձի մարմաջ. Բակունցը նրանց համար դառնում է անհանդուրժելի, որովհետեւ անհամեմատ բարձր էր իրենցից: Բակունցի տաղանդի դէմ նրանք ոչինչ անել չէին կարող. անհնար է մարդու մէջ սպանել այն, ինչ նրան տրւում է ի վերուստ, ինչպէս որ անկարելի է մարդուց խլել իր էութիւնը: Ուստի, հալածանքներ պէտք է լինէին ե՛ւ գրական, ե՛ւ քաղաքական մթնոլորտում:
Բակունցի դէմ գրական-քաղաքական մեղադրանքներն ուժգնացան 1933 թուականից, երբ ազգային եւ պրոլետարական գրողների բախումը, աստիճանաբար հասունանալով, վերածուեց անխուսափելի առճակատման: Բակունցն ու Չարենցը ժամանակի ազգապահպանման գաղափարաբանութեան առաջնորդ դէմքերն էին, ուստի, բնականաբար, հալածանքներն առաջին հերթին եւ ամենից շատ ուղղուեցին նրանց դէմ. Չարենցը` կեանքի բովով անցած, յախուռն խառնուածք, Բակունցը` վերին աստիճանի նուրբ եւ զգայուն, ներհուն բնաւորութիւն…
1926 թ. մարտին վերջնականապէս տեղափոխուելով Երեւան` Բակունցն անվերապահօրէն կանգնում է ազգային կողմնորոշում ունեցող գրողների կողքին, որոնք համախմբուել էին Չարենցի գլխաւորած «Նոյեմբեր» գրական խմբակցութեան շուրջ: Բակունցը միանգամից դառնում է ազգային գաղափարախօսութեան` Չարենցից յետոյ երկրորդ ուղենշային դէմքը ժամանակի գրական եւ հասարակական-քաղաքական մթնոլորտում: Բակունցի անունը` որպէս նացիոնալիստի եւ ժողովրդի թշնամու, նոյնիսկ աւելի շատ էր հոլովւում, քան Չարենցինը: Ոմանք էլ համոզուած էին, որ ոչ թէ Չարենցն է Բակունցին մղել ազգայնամոլութեան, այլ Բակունցը` Չարենցին: Այսպէս` գրողների միութեան 1936 թ. յունիսի 4-ի ժողովում, դատապարտելով Բակունցին, Ն. Զարեանն աւելացնում է. «Գրական կազմակերպութեան հիմնական վտանգը, նացիոնալիստական տրամադրութիւնների կենտրոնը հանդիսացել է սկզբի օրից մինչեւ այսօր Ա. Բակունցը: Դաշնակցական լիկվիդատորների համագումարում նրա արտասանած ճառը ոչ թէ լիկվիդացիայի ճառ է, այլ քօղարկուած աշխատանքի անցնելու ձեւերի հետագայ ծրագիր… Մենք ժամանակին հիացել ենք Չարենցի յեղափոխական գրականութեամբ: Չարենցը եղել է յեղափոխութեան բանաստեղծը: Այն օրուանից, երբ Ակսելը մտաւ մեր կուսակցութիւնը, այդ օրուանից Չարենցն ընկաւ Ակսելի ազդեցութեան տակ. հիմնական պատճառը Ակսելն էր: Ոչ թէ Բակունցին պէտք է ազատել Չարենցի ազդեցութիւնից, այլ ընդհակառակը` Չարենցին` Բակունցի ազդեցութիւնից»(4):
Ովքեր էին քննադատում Բակունցին, եւ ինչ ողբերգական հետեւանքներ ունեցան դրանք գրողի համար: Բակունցի ողբերգութեան եւ ընդհանրապէս այդ տարիների գրական արիւնոտ պայքարում մեղքերի ծանրագոյն բաժին ունի Նաիրի Զարեանը` ժամանակի տաղանդաւոր գրողներից մէկը: Լինելով իշխող վարչակարգի գաղափարախօսութեան խօսափողը` Ն. Զարեանը, այդ վարչակարգին հաճոյանալու համար, վաճառեց գրական խիղճն ու արժանապատւութիւնը` սեւ բիծ ձգելով իր ապրած կեանքի եւ գրական վաստակի վրայ: Աններելի է Զարեանի դրսեւորած վարքագիծը Բակունցի պէս անբասիր մարդու եւ գրողի հանդէպ, եւ մանաւանդ աններելի են մամուլում Բակունցին հասցէագրուած մէկը միւսից խայտառակ այն յօդուածները, որոնց վերնագրերն իսկ բաւական են` պատկերացնելու դրանց զրպարտողականութեան աստիճանը. «Գրական լեզուի նացիոնալիստական աղաւաղումների դէմ», «Ընդդէմ նացիոնալիզմի եւ տրոցկիզմի, յանուն սոցիալիստական մեծ գրականութեան», «Կապը կտրած խմբապետը», «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» եւ այլն: Չուզենալով ծաւալուել անհեթեթութեան չափերի հասնող, բայց ժամանակին այնքան ծանր հետեւանքներ պատճառած այդ յօդուածների բովանդակութեան շուրջ, խնայելով Ն. Զարեանին` այնուամենայնիւ, անդրադառնանք դրանցից մէկին` «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» յօդուածին` տպագրուած 1936թ.: Հիմք ընդունելով 1923թ. նոյեմբերի 20-23-ին Դաշնակցութեան լուծարման ժամանակ Բակունցի կողմից ներկայացուած ելոյթը` Ն. Զարեանը անթոյլատրելի արտայայտութիւններով փորձում է արժեզրկել Բակունցի պայծառ գործերը. «Իր լղարիկ յօդուածներով Բակունցը սողաց գրական ասպարէզ: Ընթերցողին յայտնի է նրա «գրական» գոյութեան սկզբնական շրջանը: < … > Բակունցն արտայայտում է այն միտքը, թէ հայ գիւղացին բնութեանն ու վայրի գազաններին ձուլուած տարերային մի ֆենոմէն է եւ իր կենցաղով ու հոգեբանութեամբ համարեա չի տարբերւում արջից: < … > Այդ լղարիկ հատուածներում չկայ մարդկային ոչ մի կենդանի կերպարանք, իրական կենցաղի ամբողջական ոչ մի նշոյլ….»(5):
Ժամանակին Բակունցը, նկատի ունենալով իր շրջանի գրաքննադատների «կուլտուրական ցածր մակարդակը», գրել է.— «Եթէ մեր քննադատները չեն կարողանում ճիշտ եզրակացութիւններ անել ու ճիշտ քննադատել, դրա պատճառն այն է, որ նրանք չեն մտել երկի մէջ եւ երկի կառուցուածքից չեն բխեցրել եզրակացութիւնը» (IV, 505-518): Բակունցի այս հետեւութիւնը պարզ է դարձնում նաեւ Ն. Զարեանի վերոյիշեալ գրական մեկնաբանութեան տխուր հիմքերը: Ապագայի գրականագէտները, ի հարկէ, խմբագրեցին այդպիսի գրաքննադատների սխալները, ողբերգականն այն է, սակայն, որ անուղղելիօրէն անդառնալի էր այդ եւ համանման սխալների զոհ դարձած Բակունցի եւ նրա գրական ընկերների կորուստը: Նոյն յօդուածում Ն. Զարեանը ինքնըստինքեան, ասես, իրեն եւ իր համախոհներին վերապահելով մեղուի փութաջանութեամբ նեկտար պատրաստելու դերը, այսպիսի ոչնչացնող խօսքեր է ուղղում Բակունցի ստեղծագործութեանը. — «Ա. Բակունցը իր գրական ողջ գործունէութեան ընթացքում օձային հետեւողականութեամբ թոյն է արտադրել իր բոլոր գրուածքներում….»(6):
Յօդուածի հետագայ տողերում Ն. Զարեանի երեւակայութիւնն արդէն դառնում է անհանդուրժելի` ծնունդ տալով այսպիսի ազգադաւ մտքերի. — «Սահմանների լայնացման յոյսը իր սեփական յոյսն է, որ նա բերել է իր հետ իր աւանտիւրիստական կուսակցութիւնից: Իսկ խորհրդային հայ գիւղացին իր սեփական փորձով վաղուց է համոզուել, որ իր խորհրդային հայրենիքի սահմաններում, առանց աչք տնկելու հարեւանի հողերին, ազնիւ աշխատանք թափելով` նա կը հասնի եւ արդէն հասնում է ունեւոր եւ կուլտուրական կեանքի: < … > Նրա մէջ դեռ ապրում է դաշնակցականների, հայ ժողովրդի այդ ամենաոխերիմ թշնամիների ցնդաբանութիւնը «ծովից ծով Հայաստանի» մասին… Այստեղ նա ձայնակցում է ֆաշիզմի հետ ձուլուած, ռասսայական տեսութեան ծիծաղելի ասպետ Նժդեհին, այդ կարիկատուրային, կիսագրագէտ «հայկական Նիցշէին: < … > Բակունցը զրպարտում է հայ աշխատաւոր գիւղացիներին` իր դաշնակցական զոոլոգիական թրքատեացութիւնը վերագրելով նրանց: < … > Բակունցը ոչ միայն մազաչափ չի բարձրանում Րաֆֆու ռասսայական թրքատեացութիւնից, այլեւ մի աստիճան աւելի խորն է թաղւում անասնական շովինիզմի թունաւոր ճահիճը: Միթէ պարզ չէ, որ Բակունցի բերանով խօսում է դաշնակ խմբապետը` < … > բացարձակ կոչ անելով դէպի Մարութայ սարը»(7):
Ցաւալի է այս ամենի գիտակցումը, առաւել եւս այն պատճառով, որ սա գրում է Ն. Զարեանը` ժամանակի տաղանդաւոր գրողներից մէկը, եւ դա այն պարագայում, երբ ինքն անձամբ զգացել էր հայրենիքը կորցնելու ողբերգութիւնը, տեսել իր ժողովրդի հանդէպ կատարուող ոճիրը, կորցրել հարազատներ: Եւ հիմա թուրքական եաթաղանով մորթուած ժողովրդի` հրաշքով փրկուած բանաստեղծ որդին, առանց ինքնաքննադատութեան ներքին զգացողութեան, ծանրագոյն յանցանք է համարում կորցրած հայրենի եզերքի յիշողութիւնը, կարօտն ու ցաւը: Իր արարքի ծանրութիւնը կեանքի վերջին տարիներին զգացել է նաեւ Զարեանը եւ զղջման խօսքեր գրել` «Ասք Անդրանիկ զօրավարի», «Զրոյց մեռած բանաստեղծի հետ», «Ասք ի խորոց սրտի» եւ այլն:
Ահա այսպէս, ժամանակի դաժան թելադրանքով, Ն. Զարեանն ու նրա գրական համախոհները կանգնեցին ապազգային դիրքերի վրայ` հալածանքների նետեր ուղղելով բոլոր նրանց դէմ, ովքեր կեանքի գնով ամեն ինչ արեցին պատմական հայրենիքի յիշողութիւնը պահպանելու եւ գալիք սերունդներին ժառանգելու համար:
«Ծիրանի փողը» պատմուածքի ինքնատեսակ քննադատութիւնից յետոյ նոյն յօդուածում Նաիրի Զարեանը «Որդի որոտման» վիպակի մասին գրում է.— «Որդի որոտման, — այս ծաղրական մականունով է կնքել Ա. Բակունցը գիւղի սոցիալիստական վերակառուցմանը նուիրուած կոմունիստին: Եւ Բակունցը թշնամական ատելութեամբ ջախջախում է նրան: < … > Դաշնակցական իժն առանց հրաժարուելու իր թոյնից եւ անգամ չփոխելով իր շապիկը` սողացել է մեր կուսակցութեան սրբազան ծոցը: Դաւաճանները բացել են դռները նրա առաջ եւ նրա օձային մերկութիւնը ծածկել են խորհրդային լուսաւոր քաղաքացու պսպղուն շապիկով… Իժը տաքացել է այնտեղ եւ, հաւատարիմ իր հին բնաւորութեան, շարունակել է խայթել ու թունաւորել: Կուսակցութեան լաւագոյն զաւակները տարիներ շարունակ տեսել են նրա խայթոցները, շօշափել են նրա թոյնը մեր գրականութեան մէջ, ցանկացել են պատռել նրա շապիկը, թունազրկել նրան: Բայց Ա. Խանջեանն իր լակեյների միջոցով եւ իր անմիջական միջամտութեամբ փակել է մարդկանց բերանը եւ դաշնակցական օձի ուսերին գցել է խորհրդային գրականութեան վարպետի շլացուցիչ ծիրանին… Պատռուած է Ա. Բակունցի շապիկը, եւ նա երեւում է իր օձային քստմնելի մերկութեամբ»(8):
Բակունցի դէմ ուղղուած այս յօդուածը մատնանշում է նաեւ Զարեանի միւս նման յօդուածների բովանդակութիւնը: Զարեանի «բակունցագիտութիւնը» ժամանակին յաղթեց, եւ Բակունցին գնդակահարեցին, Բակունցի ստեղծագործութեան վրայ կողպէք կախեցին: Բայց դա ժամանակաւոր յաղթանակ էր եւ ժամանակաւոր պարտութիւն…
Բակունցի արուեստը «ոչնչացնող» գրաքննադատների թիւը այդ տարիներին միայն Նաիրի Զարեանով չէր սահմանափակւում: Հանդէս եկան նաեւ Վ. Թերզիբաշեանը` «Հակայեղափոխական նացիոնալիստների գրական հնարքները» («Գրական թերթ», 1936, 12 հոկտեմբեր), Հ. Սիրասը` «Կուսակցութեան երկաթէ կարգապահութեամբ» («Գրական թերթ», 1936, 22 սեպտեմբեր), Վ. Մարգարեանը` «Դաշնակ հակայեղափոխականի գրական դէմքը», («Խորհրդային արուեստ», 1936, թիւ 18), Հ. Մամիկոնեանը` «Նացիոնալիստական-տրոցկիստական գրականութեան դրօշակակիրը» («Գրական թերթ», 1937, 6 ապրիլ, թիւ 10), Ասուր Վենը (Ասատուր Ասատրեանը)՝ «Գրականութեան դասագրքերը մաքրենք նացիոնալիզմի կեղտից («Գրական թերթ», 1937, 21 մայիս, թիվ 15), բազմաթիւ ուրիշ «վայ» քննադատներ, որոնք իրենց հրապարակային ելոյթներում եւ մամուլում անխնայ հարուածներ հասցրին Բակունցին այն օրերին, երբ Երեւանի բանտի դաժան կանոնակարգում ամենադրամատիկ ձեւով Բակունցն ապրում էր իր կեանքի վերջին պահերը: Բակունցի դէմ ուղղուած այդ բոլոր յօդուածների հեղինակները, լրացնելով միմեանց, միանշանակ նոյն մեղադրանքներն էին յորջորջում, եւ նրանց շրջանակը օրըստօրէ ողբերգազաւեշտական չափերով համալրւում էր, քանի որ Բակունցին եւ ազգային միւս գրողներին քննադատելը դարձել էր շատերի համար ցանկալի դիրքեր ձեռք բերելու կամ սեփական ես-ը քաղաքական հետապնդումներից փրկելու եղանակ: Զրպարտողականութեան առումով այս յօդուածներին ոչնչով չէին զիջում նաեւ կուսակցական կամ գրողների ընդհանուր ժողովներում հնչած ելոյթները:
Այսպէս` 1934թ. յուլիսի 9-ին, գրողների միութեան կոմունիստական խմբակցութեան նիստում Բակունցի դէմ քաղաքական մեղադրանքներով հանդէս է գալիս նախ եւ առաջ Նաիրի Զարեանը` կուսակցութեան գաղափարախօսութեան դիրքերից բոլորովին մերկացնելով Բակունցին: 1936թ. յունիսի 4-ի, ապա նաեւ նոյն թուականի յուլիսի 9-ի գրողների միութեան ժողովներում եւս Բակունցը դատապարտւում է որպէս նացիոնալիստ, ժողովրդի թշնամի եւ հեռացւում կուսակցութիւնից: Դատապարտողների դերում հանդէս են գալիս Ն. Զարեանը, Հ. Սիրասը, Գ. Յովնանը, Ն. Դաբաղեանը, Հ. Գիւլիքեւխեանը, նաեւ Վ. Ալազանը, Վ. Նորենցը եւ ուրիշներ: Բակունցի դէմ ուղղուած գրական-քաղաքական հալածանքները շարունակւում են նաեւ 1937 թուականին: Այդ ժամանակ Բակունցն արդէն ձերբակալուած էր, Երեւանի բանտում ապրում էր ծանրագոյն օրեր: Մի կողմից բանտի դաժան կանոնակարգը, ճնշող հարցաքննութիւններն ու բռնութիւնները, միւս կողմից հոգեկան ծանր մտատանջութիւնները, շուրջը տիրող կասկածի մթնոլորտը բոլորովին հիւծում են նրան: Կեղեքուած էր ոչ միայն ֆիզիկապէս, այլեւ հոգեպէս: Իսկ անարժան ու չնչին հակառակորդները օրըստօրէ աւելի էին բարձրացնում իրենց աղմկալի ձայնը: 1937թ. ԽՍՀՄ գրողների միութեան վարչութեան չորրորդ նիստում ելոյթ է ունենում ՀԽԳՄ վարչութեան առաջին քարտուղար Գ. Աբովը եւ դարձեալ հոլովում Բակունցի անունը. «Նացիոնալիստ-դաշնակ Բակունցը իր «Ծիրանի փողը» պատմուածքում հակադրում է այսպէս կոչուած Թուրքահայաստանը ներկայ Խորհրդային Հայաստանին, կոչ անում վերադառնալ այդ երկիրը»(9): Նոյն ոգով նա հանդէս է գալիս նաեւ 1937թ. ապրիլի 17-ի ժողովում:
Հայրենասիրութիւնը Բակունցի մէջ չմնաց սոսկ որպէս մի զգացմունք, թէկուզ եւ մեծ զգացմունք: Հայրենասիրութիւնը Բակունցի դէպքում դարձաւ տեսանելի վարք, դարձաւ նաեւ ճակատագիր: Եւ սա բոլորովին էլ չափազանցութիւն չէ, այլ պարզ հետեւութիւնը նրա ապրած կեանքի եւ գրական վաստակի: «Ծիրանի փողը» դարձաւ այդ մեծ սիրոյ` ոչ մի ծաւալ չընդունող պարունակութիւնը: Երկիր հայրենին հնարաւոր չեղաւ փրկել զէնքով, գոնէ գրչով պէտք է փրկել այն` որպէս պահանջատիրութիւն գալիք սերունդներին ժառանգելու համար: Գաղափարական այս պայքարն էր առաջ տանում Բակունցը ստալինեան բռնապետութեան տարիներին, եւ դա մի սովորական գրապայքար չէր, այլ կեանքի ու մահուան խնդիր` խօսքի ուղղակի իմաստով: «Լառ-Մարգար»-ում չկայ պայքարի այն ոգին, որ առկայ է «Ծիրանի փող»-ում, չկայ նաեւ հայրենիք վերադառնալու յոյսը, քանի որ Լառ-Մարգարը ծովն է նետում հին տան բանալիները: Արդեօք Բակունցն արդէն կորցրե՞լ էր հայրենիքը վերագտնելու յոյսը: «Լառ-Մարգար»-ը գրուել է աւելի շուտ, քան «Ծիրանի փողը», ուրեմն` գիտակցութեան երկունքով վերածնուել է մեծ յոյսը. «Հաղ մը երթամ տեսութեան մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութայ բանձր սարին…» (I, 204): Սա Բակունցի գաղափարակիր հերոսի երազանքն է, իսկ կտակը` կորուսեալ հայրենիքի յիշողութիւնը. «Զիմ փող կը տամ իմ քաջարծիւ թոռնիկին…» (I, 204):
1915թ. Բակունցը դիմում էր յղել Հայկական կենտրոնական կոմիտէին` խնդրելով ուղարկել իրեն Արեւմտեան Հայաստան. տասնվեցամեայ պատանին յանձն էր առնում կատարել ամենածանր ու դժուարին աշխատանքները: 1917թ. Բակունցն արդէն Արեւմտեան Հայաստանում էր, կամաւորական ջոկատների շարքերում մաքառում էր հայրենի երկրի փրկութեան համար: Բայց ճակատագրի հեգնանքով երկիր հայրենին դառնում է երկիր երազի: Այդ ծանր օրերի տխուր արձագանքները դարձան «Աղօթք», «Աշոտը» եւ «Անտառում» քնարական պատկերները: Բակունցի արձակը սկսւում եւ վերջանում է հայրենի երկրի կորուստի ցաւով. «Լառ-Մարգար», «Քեռի Դաւոն» եւ «Ծիրանի փողը» պատմուածքներում Բակունցը վերջին անգամ երգեց հեռւում մնացած հայրենի երկրի կարօտի երգը: Դա կարապի երգ էր, դա նաեւ երգ երգոց էր` ծնուած ցաւից եւ մի վերջին յոյսից:
Արուեստագետի դիմանկարն ամբողջանում է ոչ միայն ստեղծագործութեամբ, այլեւ կերպարով: Ակսել Բակունցը գաղափարապէս անկախ բնաւորութիւն էր, իր կոչմանը նուիրուած արուեստագէտ, ժամանակի ամենահալածուած, ամենադրամատիկ գրողը, մեծ տառապեալի կերպար: Ոչ մի ցուցմունք-վկայութիւն չի կարող ստուեր նետել Բակունցի պէս մարդու բարոյական պայծառ նկարագրի վրայ. ո՞վ գիտէ, հոգեկան ու ֆիզիկական ինչպիսի վիճակում է եղել Բակունցը այդ հարցաքննութիւնների ժամանակ: Յայտնի է` անմարդկային ինչ եղանակներով էին մեղադրեալներից պոկում ցուցմունք-վկայութիւններ. ՆԳԺԿ-ի մարմիններին յանձնարարուած էր` կալանավորներին խոշտանգել այնքան, մինչեւ նրանք հաստատէին իրենց շուրջ ստեղծուած մեղադրանքները: «Հոկտեմբերի սկզբին, — պատմում է Բակունցի կինը, — ես նրան ուտելիք եւ սպիտակեղէն տարայ եւ հետ ստացայ պայուսակը կեղտոտ սպիտակեղէնով: Գալով տուն` սպիտակեղէնի վրայ յայտնաբերեցի արիւն: < … > Ակսելն անճանաչելի էր, բոլորովին կոտրուած, կիսախելագարի պէս: Կարծես ուրիշ մարդ էր»(10): Առերեսումների, մէկը միւսի դէմ յօրինուող ցուցմունքների, ֆիզիկական բռնի ուժի գործադրութեան, հարազատների աքսորի ու մահուան սպառնալիքների` խելագարութեան հասցնող մթնոլորտում քչերը կարողացան պահպանել ոգու կորովը: Պարզ է, որ Բակունցի ցուցմունքները նաեւ «խմբագրել են» ՆԳԺԿ-ի մարմինները, յարմարեցրել դրանք իրենց նպատակներին, ստիպել ստորագրել ներքոյ:
Բոլոր դէպքերում մի բան վստահութեամբ կարող ենք նկատել. թէ իր տուած ցուցմունք-վկայութիւններում, թէ այդ օրերից պահպանուած յուշ-պատառիկներում Ակսել Բակունցը կերպաւորւում է դարձեալ ողբերգական անհատի դիմանկարով: Մտաւոր այդ իւրայատուկ սպանդի մէջ ֆիզիկապէս ու հոգեպէս կեղեքուած գրողը գնաց ինքնափրկութեան` ունենալով միմիայն մի նպատակ. «Ես չեմ սպառուել, որ ինձ հանգստացնեմ արդէն գրածներով: Թող նա հանգստանայ, ով ոչինչ չունի տալու եւ չգիտի` ինչու ստեղծագործել: Ես գիտեմ, որ գրում եմ դեռեւս չաւարտուած գործերի, սկսուած եւ չաւարտուած գրքերի մասին: Բայց եւ գիտեմ, որ դիմում եմ կուսակցութեանը` ինձ գթալու խնդրանքով ոչ անձնական շահերի համար: Ինձ գրելու եւ կարդալու հնարաւորութիւն տուէք, ինձ գիրք ու մատիտ տուէք»(11):
Ոչ ոք, սակայն, չէր ուզում լսել ինքնակեղեքող տառապանքի այս արդար ձայնը: Ի զուր էր Բակունցը ստեղծագործելու հնարաւորութիւն խնդրում, ամեն ինչ կանխորոշուած էր վերջնականապէս: Ընդամենը քսանհինգ րոպէ տեւած հարցաքննութիւնից յետոյ 1937թ. յուլիսի 7-ին` ժամը 11.55 րոպէին, Բակունցը դատապարտւում է պատժի առաւելագոյն չափի` գնդակահարութեան: Դատավճիռն ի կատար է ածւում յաջորդ օրը` յուլիսի 8-ին: Մի ամբողջ օր Բակունցը վերապրել է իրեն սպասող վաղուայ ողբերգութիւնը: Տասնմէկ ամիս Երեւանի բանտում հոգեպէս ու ֆիզիկապէս խոշտանգուած գրողը գնդակահարւում է տաղանդի ծաղկման բուռն շրջանում: 37 օր առաջ` յունիսի 1-ին, լրացել էր կեանքի 38 տարին:
Գրականութեան մէջ եւ կեանքում մահ կայ, որ յաւերժական կեանք է ուղենշում: Ակսել Բակունցին վիճակուած էր յաւերժական կեանք:
Ստեփանակերտ
ՆՇՈՒՄՆԵՐ
1) Վահան Տէրեանը ժամանակակիցների յուշերում, էջ 67:
2) Գ. Մահարի, Երկերի ժողովածու, 5 հատորով, հ. 5, Ե., 1989, էջ 515, 517:
3) Շ. Նարդունի, Մթնաձոր, գրախօսութիւն, «Մենք», Փարիզ, 1932 թ., հմ.Դ-Ե:
4) ՀՀ ՀՔԿՓ ԿՊԱ, ֆ. 1346, ց. 1, գ. 4, թ. 14-15:
5) «Գրական թերթ», 1936, 20 օգոստոսի, թիւ 19:
6) Նոյն տեղում:
7) Նոյն տեղում:
8) «Գրական թերթ», 1936, 20 օգոստոսի, թիւ 19:
9) «Գրական թերթ», 1937, 20 մարտի, թիւ 7:
10) Ռ. Իշխանեան, Մեր ինքնութեան գլխաւոր նշանը, Ե., 1991, էջ 270-271:
11) Դ. Գասպարեան, Ալեքսանդր (Ակսել) Ստեփանի Բակունց, Մեղադրական գործ N4131, էջ 55: