ԱՊՐԵԼ ԱՊՐԻԼԻՆ… եւ այլ քերթուածներ

ՎԱՉԻԿ ԴԱԴԱՅԵԱՆ

Ապրել ապրիլին…
Յաջողուեց դեռեւս տասնհինգ թուին:
Վէրքերի վրայ դարման դնելով,
Ցաւն այդ մեր հոգում յաւէտ պահելով`
Հասանք յաջորդ դար տասնվեց թուին,
Նորից ապրիլին…Հանգիստ չէր տալիս ոսոխը մեր հին,
Ուզում էր տիրել մեր արդար հողին`
Փորձելով վերջ տալ հայի տեսակին.
Ձախողուեց կրկին…
Հայը ինչպէս միշտ իրենը ասաց,
Այն էլ` ցաւալի:
Զգացինք նաեւ մենք մի ցաւ դառնաղի:
Նորից ապրիլը իր սեւ գործն արեց,
Ամիսն այդ դաժան արիւնով ներկուեց:
Բայց ստիպեց ապրենք,ստիպեց արարենք,
Ստիպեց ազգովի մենք համախմբուենք:
Ապրել ապրիլին կը նշանակի,
Որ հայը միշտ իր դերում կը լինի`
Յաւէտ յաղթողի:

* * *

Իսկ ինձ թւում էր՝
Իմ պատուհանից, երբ երեւում է պատուհանը քո,
Դու ինձ ես սպասում այդ պատուհանից`
Ինչպէս աստղերի սպասող երեկոյ:
Եւ ես՝ աստղի պէս,
Ծլլում եմ դէպի պատուհանը քո:
Նկատելով ինձ՝
Մտքումդ գուցէ երազանք պահես,
Որ այս դէմ դիմաց պատուհանները
Մնան պատուհան,
Բայց այդ դէմ դիմաց պատուհաններից
Նայող սրտերը գուցէ միանան:
Ու ինչ-որ մի պահ աստղը կը խամրի,
Իսկ պատուհանից երազանք պահող աչքեր չեն լինի:
Իսկ ինձ թւում էր,
Որ պատուհանս դիմացն է դրուած քո պատուհանի,
Մինչդեռ, նայելով իմ պատուհանից,
Քո պատուհանը երբէք չեմ գտնի:

* * *

Այնպէս մտար,
Որ դուռն անգամ ճռռալ չուզեց,
Դռան ձայնն անխօս լռեց:
Չէր խանգարի
Քո ձայներից եւ ոչ մէկին՝
Ոտնաձայնին կամ թոքերից արագ ելած
Տաքուկ շնչին:
Դու իմ դիմաց լուռ նստեցիր
Եւ նայեցիր քո աչքերից պայծառացած
Իմ աչքերին…
Ու փարուեցինք մենք մէկմէկու,
Առանց մի տառ անգամ իրար մենք ասելու:
Ժամեր տեւեց
Մեր այդ անխօս զրուցելուն,
Մեր ոխերիմ,չար կարօտին կշտամբելուն:
Ու ես ձեռքս կամաց-կամաց առաջ տարայ,
Որ շօշափեմ նուրբ դէմքը քո,
Որ մատներս ազատ լող տան
Քո փոթորկուած ծով մազերում,
Բայց չքուեցիր,անէացար:
Այնպէս կամաց դու հեռացար,
Որ դուռն անգամ ճռռալ չուզեց,
Դռան ձայնն անխօս լռեց:

Արցախ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՍԻՆ
Վաչագան (Վաչիկ) Արթուրի Դադայեան
Ծնած է 1994-ին Մարտունի քաղաքը՝ Արցախ: 2000-էն 2012 յաճախած է տեղւոյն Նելսոն Ստեփանեանի անուան թիւ 1 դպրոցը, ընթացքին 5 տարի յաճախելով նաեւ Մարտունիի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: 2013-էն 2015 կատարած է իր զինուորական ծառայութիւնը Արցախի պաշտպանութեան բանակէն ներս: 2018-ին գերազանցութեամբ աւարտած է Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) Իրաւագիտութեանն բաժինը:
2017-ին Արցախի հանրապետութեան նախագահի կողմէ ստացած է «Մարտական ծառայութեան համար» մեդալ, իսկ 2018-ին պարգեւատրուած է «Հայրենեաց պաշտպան» մեդալով:
2017 դեկտեմբերի 22-ին լոյս տեսած է անոր «Խաղաղութիւն բերողը» պատմուածքը` գրքոյկի տեսքով։ Հեղինակ է նաեւ շարք մը չափածոյ ստեղծագործութիւններու, որոնցմէ նմոյշներ կը ներկայացնենք այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *