ԿԱՐՕՏ եւ այլ քերթուածներ

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Գիշերը յուշերիդ ստեղներն է սեղմում,
Եւ սենեակդ լցւում է քնքուշ նուագով.
Քնել չի՜ լինում…
Մի առ մի թերթում ես օրերիդ մատեանը,
Եվ արցունքիցդ աղօթք է կաթում.
Քնել չի՜ լինում…
Բառերդ հանգրուան են փնտրում
Եւ մեռնում են՝ թղթին չհասած .
Քնել չի՜ լինում…
Ճերմակ թղթին նկարում ես երազներդԵւ խելագարի պէս պատռոտում ես այն.
Քնել չի՜ լինում…

* * *

Քո կարօտներում
Իմ հոգու ցաւը այնքան է թեթեւ,
Որ աշխարհի ծանրութիւնը էլ չե՜մ զգում…
Քո կարօտի բարձունքներում
Քամին այնքան նուրբ է շոյում,
Որ աշխարհի փոթորիկից էլ չե՜մ մրսում…
Քո կարօտի լռութիւնը
Այնքան շատ է ինձ սփոփում,
Որ աշխարհի աղմուկները էլ չե՜մ լսում…
Քո կարօտի կանչող երգից
Ականջներս նուագում են.
Փողոցների խզուած երգը էլ չե՜մ ուզում…

* * *

Երբ համբերութիւնը
Մահանում է ափերիդ մէջ,
Դու ափսոսում ես այն դէն շպրտել,
Քանզի այն ամբարում է իր մէջ
Ապրած-չապրած ժամանակդ,
Փախչող խաղը ժամացոյցի,
Քրքիջները խելակորոյս րոպէների,
Որ պիտի հանդիպումներ դառնային…
Եւ հազար ու մէկ գիշերները,
Որ չես քնել`
Միշտ ուշացող այն հեքիաթի պատճառով…
Դու չես կարող դէն շպրտել
Քո սեփական աչքերը թաց,
Որ պահում են, պինդ պահում են
Արցունքները քո չծնուած.
Ամեն արցունք մի երազ է,
Հէնց որ ծնուեց` ցած կ՚ընկնի, էլ չի լինի…
Դու չես կարող մի կողմ նետել
Հառաչանքը ափսոսանքի
Եւ անտարբեր Անցորդի պէս
Ժամանակի ձեռքը սեղմել
Ու լոկ ասել` բարով մնաս,
Ուրախ էի, որ ուշացար կամ էլ` չեկար…
Ու համբերութիւնը նորից,
Մի վերջին անգամ մահանում է ափերումդ,
Ու նորից, մի վերջին անգամ
Դու այն
Չես շպրտում,
Չես այրում,
Չես թաղում,
Չես … Չես …
Ու այն շարունակում է ապրել ափերումդ`
Մի ուրիշ ժամանակ
Մի ուրիշ սպասումներում
Համբարձուելու յոյսով….

* * *

Առաջ սիրում էի թափառել
Մարդկանց հայեացքներում,
Յետոյ յոգնեցի՝
Փնտրածս ամեն օր կորցնելուց…
Հիմա սիրում եմ
Չափել-չափչփել Լռութիւնը
(թէեւ մաթեմատիկայից չեմ փայլում բնաւ).
Հիմա գիտեմ՝
Լռութիւնը ուղիղ համեմատական է
Իմ փնտրածի ու չգտածի
Համագումարին,
Եւ դժուար թէ
Առաջիկայ հարիւր տարում
Դա փոփոխուի
(Եթէ այդքան ապրեմ)…
Առաջ սիրում էի
Թափառել աստղերի հետեւից,
Եւ գիշերը պահել բաց կոպերիս վրայ,
Հիմա գիտեմ՝
Աստղերը երբէք երկիր չեն հասնի
Եւ երկիրը հազիւ թէ մի օր
Աստղանայ…
Հիմա ես սիրում եմ Լռութիւնը.
Դրա համար թափառել պէտք չէ,
Այն իմ ներսում է
Ամեն օր քնում ու զարթնում…

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *