Այստեղ հայեր են ապրել

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Երբ շարժակառքը իմ բնօրրանը՝ Ակն մտաւ, տեսայ Եփրատը, Խնկաձորը, Սիամանթոյենց Վերի թաղը, Զոհրապենց Վարի թաղը, Մեծարենցենց Բինկեանը. չէի ուզում, բայց արցունքներն իրենք իրենց հոսում էին այտերովս:

Ջահել կառավարը սրտաշարժուեց.

Ինչի՞ ես լալիս, էֆենդի,— ասաց,— արի տանեմ մեր տուն, ինչքան ուզում ես ապրի, էս դրախտը վայելի:

Ես մե՛ր տոհմատունն եմ ուզում,— ասացի:

Շշմած՝ հետ շրջուեց.

Ինչի, էստեղ հայե՞ր են ապրել:

* * *

Արեւմարին լեռնաքաղաքի փողոցները խնոցու կարագ ու ծաղկած փշատենի էին բուրում, ներքին բակերն իրենց ստուերներն էին որոնում ու չէին գտնում։ Միայն Խնկաձորն էր անդադրում գահավիժում, լուսափոշի շաղ տալով՝ ամպի ծուէնները տանում, Եփրատն էր լցնում։

Պապիս հայրը՝ Տիար Արփիարը, դուրս եկաւ Նարեկեան վարժարանից։ Նա իրեն մինչեւ շրջաբակ ուղեկցած սաներին հրաժեշտ տուեց, յետոյ միտքը փոխեց, առաջնորդարան մտաւ (երեւի գործ ունէր) ու օրուայ լրագրերը գրպանելով՝ Ակնաղբիւրի սալայատակ դարաւանդներով տուն իջաւ։ Անձրեւանոցը, որ բռնել էր ձեռքին, ո՛չ տապին, ո՛չ էլ տեղատարափին չէր բացում, գաւազանի պէս էր գործածում։ Տիար Արփիարը ծանրամարմին այրմարդ էր, ծնկոսկրի նեարդաբորբի պատճառով իրանն ու յատկապէս որովայնը, որի վրայ տարուբերւում էր ժամացոյցի ոսկեւսյ շղթան, դժուարութեամբ էր կրում։ Չնայած նա ցաւը սքօղում, գոհունակ, փոքր—ինչ էլ ներողամիտ ժպիտով էր աշխարհին նայում։

«Ով ակնցի չէ, քիչ մը հայ չէ»՝ ահա այդ առեղծուածային ժպիտի իմաստը։

Վարի՝ Արեգի թաղում, Խնկաձորի շառաչը մեղմացաւ։ Սալայատակ փողոցը լցուեց կկոցների շկփկոցով, որը կարծես չափաբերում էր ոստայնանկների հայրէնները։ Բաց պատշգամբից զրնգում էր Նուշիկ խաթունի զեղուն ձայնը.

Երթա՜մ, թուխ ամպիկ լինիմ,

Գամ ցայթեմ քու երդիկքդ ի վրայ։

Ցածնա՜մ, ցօղիկ մը տամ,

Քու Ճերմակ կրծոցդ ի վրայ…

Հանդիպակաց պատշգամբից Թուխիկ խաթունը չէր համբերում, որ վերջացնի, արձագանքում էր.

Հոգեկս ես, հոգեկս ուզես,

Չէ՛ չըսիմ, հանիմ տամ ի քեզ։

Վախիմ թէ աչերս ուզես,

Ալ ինչո՞վ հայիմ ի քեզ։

Երկուսի ամուսիններն էլ վաղուց Ակնում չէին, պանդխտում էին, վերջին զաւակներին չէին տեսել։

Քառայարկ, քարաշէն առանձնատան մեծերն ու փոքրերը, անգամ բակապահ գամփռը՝ Որոտը, է՜ դեռեւս Վանից բերուած հեզասահ կատուն՝ Հեզիկը, գիտէին տիար Արփիարի վերադառնալու ժամը։ Հէնց թթենիների ստուերները երկարեցին ու մգացան, Որոտն ու Հեզիկը, որ կիսաքուն իրար պոչ էին կծմծում, վեր թռան, թափ տուեցին իրենց, մօտեցան դարպասին։ Ուռը զնգզնգաց։ Ամբողջ Ակնում յայտնի կրթական մշակ, միանգամայն հրապարակագիր ու հոգաբարձու տիար Արփիարն իր յաղթ հասակով մի պահ կանգնեց առմուտքում, ինչպէս սերտարան մտնելիս՝ խիստ նայեց շուրջը, եւ քանի որ ամեն ինչ տեղը—տեղին էր (միշտ էր տեղը—տեղին), ինքնաբաւ սղալեց թանձր յօնքերը։ Այո, յօնքերը եւ ոչ թէ ընչացքները։ Ընչացքն ինչ պիտի անէր, նրա խռիւ յօնքերը ճակատը ծածկում, խճճւում էին արտեւանունքների արանքում։

Ածիլուած ատենդ քիչ մը թեթեւցո՛ւր, մա՛րդ,— մերթընդմերթ յանդիմանում էր կինը՝ Վեհանուշ խաթունը։

Ինչո՞ւ պզտիկցնեմ,— նրա շուրթերից անպակաս ժպիտը լայնանում, փառաւորում էր դէմքը,— եթէ Աստուած արժանի չհամարէր, չէր տար։

Մշակը, որ մշակ չէր, իրենց տան տղան էր, ընդառաջ փութաց, ձեռքից անձրեւանոց—գաւազանը վերցրեց, մրգօղու սրուակն իջեցրեց բակի ջրաւազանը, որին ակնցիները Վասպուրականի հին բարբառով հնձան էին կոչում։ Արփիարը թոյլ տուեց, որ Վեհանուշ խաթունը օգնի, տնազգեստը հագաւ, փեշկիրը վերցրեց, լուացուեց ու ջուրթափի համար այգու ծայրի պէտքարանը գնաց։ Աշնանամուտ էր. ախտահանելու համար մշակն արտաքնոցի պատերը թանձր կրաջրով էր ներկել, ինչպէս գարնանը այգու ծառերի բներն էր ներկում։ Տարբերութիւնն այն էր, որ Վեհանուշ խաթունը միայն իրեն յայտնի չափաբաժնով պէտքարանի կրաջրի մեջ փոքր—ինչ լեղակ էր խառնել, որից պատերը կիսամթնում կապտաթոյր երանգ էին ստացել։ Ջուրթափից յետոյ տիար Արփիարը նորից լուացուեց, խոնաւացած փեշկիրը մշակին յանձնեց ու սեղանի գլուխն անցնելով՝ խաւարտի աղանդերով մի բաժակ մրգօղի՝ ախորժաբեր ըմպեց։ Այդ ընթացքում Վեհանուշ խաթունը (նա, խօսքը մեր մէջ, չնայած գիրութեանը, անհարկի փութաշարժութիւն ունէր) սեղան բերեց տաք մնալու համար թոնրում անթեղած ճիտապուրը։ Տիար Արփիարը փակեց աչքերը։ Վեհանուշ խաթունը, տղան՝ Սեղբոսիկը, երկւորեակ դուստրերը՝ Շողիկն ու Շաղիկը, մշակը, որոնք բոլորն էլ կողք—կողքի իրենց մշտական, անփոփոխ տեղերն ունէին, աչքները փակեցին, հետը կրկնեցին. «Օրհնեա՛, Քրիստո՛ս Աստուած մեր, հոգեւոր օրհնութեամբ զկերակուրս եւ զըմպելիս ծառայից Քոց եւ շնորհեա՛ առողջութիւն հոգւոյ եւ մարմնոյ…»։

Ընթրիքից յետոյ տիար Արփիարը չգնաց «Մեծն Ներսէս» բեմախաղի փորձին, չնայած գլխաւոր՝ սուրբ Մեսրոպի դերն էր իրեն վերապահել։ Կանխազգացում չունէր, պարզապէս սիրտը զաւակներից չէր կտրւում։ Հէնց տեղաւորուեց թթենու տակի ընկողմնակալին, երկւորեակներից մէկը աջ, միւսը՝ ձախ՝ ցաւող ծունկը մագլցեց։ Նրանք այնքան նման էին իրար, որ երբեմն մայրն անգամ չէր տարբերում։ Հայրը յանձնուեց երեխաների կամքին, համբուրեց Շողիկի աչքն—ունքը, խաղարկուն հարցրեց.

Անունդ ի՞նչ է։

Շողիկ,— պատասխանեց փոքրիկ հրեշտակը։

Հայրը փառ—փառ ծիծաղեց.

Չէ՛, դուն Շաղիկն ես։

Յետոյ շրջուեց, Շաղիկի աչքն—ունքը համբուրեց.

Անունդ ի՞նչ է։

Շաղիկ։

Փառ—փառ ծիծաղեց.

Չէ՛, դուն Շողիկն ըլլալու ես։

Սեղբոսիկը քոյրերին արհամարհում էր, առանձնայատուկ ուշադրութիւն պահանջում։ Նա հասել էր հօր լայնշի ուսերին, ասպատակում էր հրեղէն ձին ու թուրը ճօճելով ցաքուցրիւ էր անում թաղի թուրք լամուկներին, որոնք, մենակ նախակրթարան գնալիս, ետեւից քարեր էին շպրտում, իրենք էլ չհասկանալով, թէ ինչու, Անդրանիկ փաշային ու Վեհափառ հայրապետին էին հայհոյում։

Լեռնային այդ հայաքաղաքի նկատմամբ արեգակը առանձնայատուկ գորով ունէր. տիար Արփիարի նման, կանխազգացում չունենալով հանդերձ` սովորականից երկար մնաց երկնակամարում, հարկ եղածից աւելի քաղցրացրեց աշնանային թութն ու թուզը։ Ու հէնց հանգաւ՝ Մնձուրի լեռնաշարի դարաւանդներում, բիւրեղապակու ցոլքերով ցայտեց լուսինը։ Նարնջագոյն Ակնը արծաթազօծուեց։

Վանի երկգոյն աչքերով կատուն՝ Հեզիկը, որ ընթրիքից յետոյ քնել էր կտուրին՝ լողքարի ստուերում, ճմլկոտեց, ոտքերը ձգելով մինչեւ լողքարը հասցրեց, ուզեց գլորելով ցուիքից ցած նետել։ Բայց, քանի որ չկարողացաւ, յօրանջեց լուսնի երեսին, բաց աչքերով շարունակեց մրափել։

Ուռը դարձեալ, այս անգամ երկչոտ չխկչխկաց ու չնայած արձագանք չստացաւ, դարպասի դուռը փոքր—ինչ բացուեց, հարեւանուհին՝ Արուսեակ քոյրիկը, ձեռքի ճրագով լուսաւորեց դէմքը.

Աքրի ախպարը կ՚ըսէ քի՝ եթէ ժամով մը նստելու գանք, ձեզի արգելք կ՚ըլլա՞նք։

Ադ ի՞նչ խօսք է,— փութախօսեցին ամուսինները,— հիւրը Աստծունն է, հրամմեցէ՛ք ։

Արուսեակ քոյրիկը ճրագը մի կողմ տարաւ, որ դարպասը փակի։

Ալ ո՞ւր կ՚երթաս, նե՛րս եկուր։

Ձայնը դարպասի այն կողմից լսուեց.

Հիմա կու գամ։

Աքրիմպազն ու Արուսեակը իրենց պարտէզի կողմի դրացիները, մշտայցելուներն էին. զաւակ չէին ունեցել, հաւանաբար ունենալու յոյս էլ չունէին, ամեն գիշեր ընթրիքից յետոյ ձանձրանում, երկար որոշում էին, թէ ում հիւր գնան։ Չյոգնեցնելու համար հերթականութիւն էին սահմանում։ Տիար Արփիարին թւում էր, թէ իրենց հերթը համեմատաբար շուտ—շուտ է հասնում։

Դարպասն այս անգամ առանց ուռի չխկչխկոցի բացուեց, նախ երկարահասակ Աքրիմպազ ախպարը յայտնուեց, ետեւից՝ կինը, որ հազիւ գօտկատեղին էր հասնում։ Նա գնացել էր տուն, փաթաթուել էր մինչեւ կրունկները հասնող շալով, ձեռքերը թաքցրել։ Ներս մտնելով շալը հետ տուեց, ձեռքի տուրիկը սեղանի անկիւնում դրեց, նոր միայն «բարի տեսանք» ասաց։ Վեհանուշ խաթունը գիտէր՝ տուրիկի միջինը փշատ, պաստեղ, թզի չիր էր, յանդիմանեց.

Ինչո՞ւ նեղութիւն քաշեր ես, մենք չունի՞նք։

Դրացինին բերածը պզտիկներուն համով կու գայ,— քանի որ տուրիկն աննկատ չմնաց, գոհունակ ժպտաց Արուսեակը։

Վեհանուշը ցածրաթոռը մօտեցրեց, քրեղանի մէջ լցրեց Արուսեակի բերածները, աւելացրեց իր մառանինը՝ մեղրում պահուած չոր սեր, պաստեղ, աղիհատիկ, կրծանուշ։ Ապա, տանտիրուհու պարտականութիւնները կատարած համարելով, աթոռակը դրացուհու աթոռակին մօտեցրեց, սկսեց արագ—արագ շերամի խծուծներից մետաքս մանել։ Շտապում էր. ուսանոցը Աստուածածնի տաղաւարին պիտի հասցնէր։

Գիշերային այդ այցելութիւններին զրուցելը տղամարդկանց էր վերապահուած։

Է՜, ի՞նչ կայ, չիկայ նայինք,— սա Աքրի ախպարի խօսակցութիւնն սկսելու իւրօրինակ ձեւն էր։

Նա խաղախորդ էր, երեկոները տուն մտնելուն պէս ձեռքերը եռման ջրով լուանում, Մնձուրի լեռան կապոյտ հողով կարմրացնելու աստիճան քերում էր, բայց հում կաշուի ու աղաղի հոտը չէր անցնում։ Աքրիմպազ ախպարը սերտարան չէր յաճախել, կարդալ հեգելով գիտէր, բայց սիրում էր տիար Արփիարի հետ ազգային հարցեր քննարկել։ Նա համոզուած էր՝ եթէ երեք կուսակցութիւնները, յատկապէս հնչակեաններն իր կարծիքը լսէին, միացեալ ուժերով Հայաստանը շատ շուտ կ՚ազատագրէին։ Մտածումները նա շարադրում էր երկար ու մանուածապատ, եւ եթէ տիար Արփիարը մերթընդմերթ, ճարահատ, գլխով համաձայնւում էր, յաղթական կնոջն էր շրջւում՝ «Տեսա՞ր, որ ըսածս ճիշտ էր»։

Այդ օրը խաղախորդը հերթական ուլենին քերելիս մտքերը որոճացել, մտադրուել էր յետընթրիքի այցելութեանը հարեւանի հետ քննարկել ապագայ Հայաստանի մայրաքաղաքը Վա՞նը դարձնելու, թէ՞ Անին վերականգնելու յոյժ հրատապ խնդիրը, բայց տիար Արփիարը ժամանակին կանխեց ու Սեղբոսիկին ձայնեց.

Տղա՛ս, սա նարդին կը բերե՞ս։

Ամառնատանը թանձր լռութիւն իջաւ։ Եթէ Աքրիմպազ ախպարը նարդի էր խաղում, կատուն անգամ պիտի չմլաւէր։ Միայն ինքն իրաւունք ունէր ճակատագրական պահին զառին քծնելու՝ «քեզի կաշիէ քսակ պիտի կարեմ» կամ փնոուելու՝ «Շունի ոսկոր չե՞ս, պատուհանէն դուրս նետուելու արժանի ես» ասելու:

Բլրագիւղի բարձունքում ջրբաշխը վառեց խարոյկը։ Ուրեմն կէսգիշեր էր։ Բոցերի լոյսով սկսուեց գիշերային ջրտուքը։

Դրացիները ոտքի կանգնեցին. իրենց ջրի հերթը չէր, հանգիստ կարող էին գնալ—քնել։ Աքրիմպազ ախպարը սեղանի անկիւնում թողեց ծխափողն ու քթախոտի պարկուճիկը, որովհետեւ գիշերը ծխելու սովորութիւն չունէր, իսկ բացուող օրուայ առաջին սուրճը տիար Արփիարի հետ պիտի խմէր։

«Մնաք բարով»—ից, «Երթաք բարով»—ից յետոյ Վեհանուշ խաթունը երեխաներին պոկեց իրենց խաղից, քնելու տարաւ։ Տիար Արփիարը յօնքերը փաղաքշեց, ոտքի վրայ մի բաժակ էլ մրգօղի խմելով՝ ձմռնատուն բարձրացաւ։ Նա լցուած էր իր ապրած օրով՝ սաների սերտողութեամբ ու ոստայնանկների հայրէններով, Սեղբոսիկ մանչով ու Շաղիկ—Շողիկ երկւորեակներով, Աքրիմպազ ախպարի՝ ապագայ Հայաստանի մայրաքաղաքը Վա՞նը դարձնելու, թէ՞ Անին վերականգնելու մտահոգութեամբ։ Անցաւ գրասեղանի առաջ՝ ահա՛ այդ ամենը պիտի դառնային իր հերթական համարները։ Տիար Արփիարը բացեց հաստ մատեանը, որի վրայ մեսրոպեան երկաթագրերով գեղագրել էր «Աստուածաշունչն Հայոց» բառերն, ու հայացքը նորից սահեց իր անուն—ազգանուան վրայով։ Հաւանեց: Անշուշտ, ինքն իրաւացի էր, բայց ամեն անգամ մատեանը բացելիս յամենայն դէպս նախնիների հանդէպ մեղաւորութեան զգացողութիւն ունենում էր։ Իրենց տոհմական ազգանունը Ղաբասակզլեան՝ հայերէն թարգմանութեամբ Կարծրմօրուքեան էր եղել՝ այնպէս, ինչպէս Վերի թաղում ապրող Սիամանթոյենցը Եարճանեան, բրգնիքցի Վարուժանենցը Չպուգքեարեան էր։ Իր պապը, թէ՞ պապի պապը, խելամիտ էր եղել, Սենեքերիմ արքայի հետ Ակն գաղթելիս ժառանգներին յիշեցնելու համար, որ իրենք Վասպուրականի Ճանիկ գիւղից են, տոհմական ազգանունը փոխել, Ճանիկեան էր դարձրել։ Նախքան «Աստուածաշունչն Հայոց» մատեանը գրել սկսելը տիար Արփիարը «Աշխարհացոյցը» մանրադիտակով զննեց, Վասպուրականի Թիմար գաւառում Ճանիկ գիւղը գտաւ, բայց հարազատութիւն, կարօտ չզգաց։ Նա Ակնում էր ծնուել ու միշտ իրեն ակնցի էր համարել։ Դրա համար պապերի դէմ մեղանչեց, տոհմական ազգանունը փոխեց, Ակնունի գրչանունն ընտրեց։

Արագ—արագ թերթելով մատեանի էջերը՝ գտաւ քսաներեքերորդ էջը, որ կիսատ էր թողել։ Թէ ինչ էր գրել նախորդ քսաներկու էջերում, չուզեց անդրադառնալ։ Ժամանակը կը գար, հայերը ոչ թէ հրէաների, այլ ի՛ր գրած ազգային Աստուածաշունչը կ՚ընթերցէին ու ճշմարտութիւնը կ՚իմանային իրենց անցեալի, յատկապէս ապագայի մասին, կը շրջէին ճակատագրի ուղեկորոյս անիւը։

Մթան մեջ Խնկաձորը ահասարսուռ որոտումով էր Եփրատ գահավիժում, տիար Արփիարը մեղեսիկը խշրտացնելով շարունակում էր գրել, որովհետեւ Աստծոյ պարգեւած գիշերային երանութիւնը յաւերժական էր համարում։

Մինչդեռ վերջինն էր։

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *