(Զեկոյց Սփիւռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ խորհրդաժողովին)
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Այս խորհրդանշական խորհրդաժողովին, այս խորհրդանշական ամբիոնից ես ուզում եմ հարցնել Հայրենիքի եւ ի սփիւռս աշխարհի տարագրուած իմ յարգոյ գրչակիցներին՝ 101 տարի արծարծուելուց ու վերարծարծուելուց յետոյ արդեօ՞ք ցեղասպանութեան թեման մեր գրականութիւնում սպառուած է: Հարցնում ու ինքս էլ ինձ պատասխանում, աւելի ճիշտ յանդիմանում եմ՝ ինչպէ՞ս կարող է ցեղասպանութեան թեման սպառուել, երբ 101 տարի անց էլ մեր անմեղ նահատակներն անթաղ են մնացել ու որ կարեւորն է՝ շարունակում են գերի մնալ, յոյսով, հաւատով լի հայեացքները մեր ուղղել Արարատն ու Վանայ լիճը, Մուշն ու Սասունը:Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակին, ինչպէս եւ ուխտել էի, Ստամբուլ մեկնեցի, ապրիլի 24-ին անցայ այն վերջին ուղին, որով անցել էին Կոմիտասը, Վարուժանը, Սիամանթոն, մեր ութ հարիւր մտաւորականները, ընդհուպ «Հայդար փաշա» կայարանը հասայ ու, յետոյ, ուխտս կատարածի, պարտքս հատուցածի գոհունակութեամբ Արարատեան Հայաստան վերադարձայ: Համոզուած էի, որ 101-րդ տարուայ առաջին օրուանից մենք մեր գրական անդրադարձը հայոց հազարամեակների պատմութեան մեծագոյն ողբերգութեան նկատմամբ վերանայելու, ցեղասպանութեան իրողութիւնը վերաիմաստաւորելու ենք: Ինչո՞ւ էի այդպէս համոզուած: Նախ այն պատճառով, որ անցնող հարիւրամեակի ընթացքում, չնայած գրական ռահվիրաների անդառնալի կորուստներին, մեր գրականութիւնն ու հրապարակագրութիւնը հասան իրենց նպատակին: Մենք, ազգային արժանապատւութեամբ, հետեւողականութեամբ կոյր ու խուլ աշխարհին լսել, տեսնել տուեցինք, որ անցեալ դարասկզբին Արեւմտեան Հայաստանում իրագործուել է աննախադէպ ոճրագործութիւն, մի ամբողջ ժողովուրդ բռնասպանուել է, վերապրողները բռնահանուել, ազգային տարածքները բռնազաւթուել են: Ճշմարտութիւնն անհերքելի է՝ աշխարհը անսաց մեզ ու հաւատաց, քաղաքակիրթ երկրները մէկը միւսի հետեւից ընդունեցին ցեղասպանութեան իրողութիւնը, դատապարտեցին ոճրագործութիւնը: Այսինքն՝ հայ գրողներս, եւ ոչ միայն հայ գրողներս, մեր վէպերով, բանաստեղծութիւններով, վաւերական վկայութիւններով առաջին հարիւրամեակի մեր առաքելութեան առաջին փուլն յաջողութեամբ աւարտել ենք, նոր հարիւրամեակում նոր փուլի պիտի անցնենք, նոր հիմնախնդիրներ արծարծենք: Մինչդեռ հին իներցիայով շարունակում են ասպարէզ ելնել լալահառաչ երկեր, որոնք եղեռնի աղեխարշ նկարագրութիւններով ասես ձգտում են մարդկութեան գութը շարժել, խղճահարութիւն յարուցել:
Բայց չէ՞ որ անցնող հարիւրամեակում աշխարհում շատ բան է փոխուել: Փոխուել է հէնց Արարատեան Հայաստանում: Դարավերջին հայաստանահայութիւնը միակուռ ու միահամուռ ոտքի ելաւ, վերականգնեց ազգային անկախ պետականութիւնը, աւելի՛ն, հզօր բանակ ստեղծեց, առաջին անգամ պատմական տարածքներ ազատագրեց: Որպէս հայոց բանակի պահեստի սպայ, սիրելի գրչակիցներ, ես ուզում եմ ձեզ խնդրել, որ չհաւատաք դիւանագիտական խարդաւանքներին ու խաբկանքներին, մենք Արցախը դեռեւս քսանհինգ տարի առաջ, մէկընդմիշտ ենք ազատագրել, ազատագրել ենք ո՛չ թե դիւանագիտական աճպարարութեամբ, այլ՝ զէնքով: Արցախի ազատամարտին մենք մի անգամ եւս համոզուեցինք, որ, այո՛, միայն զէնքով կայ հայոց փրկութիւն:
Ուրեմն, թէեւ յապաղումով, ժամանակն է, որ մենք՝ գրողներս էլ ոգեշնչուենք մեր ժողովրդի յիրաւի՛ պատմական յաղթանակներով ու լալահառաչ վկայութիւններից, վկայութիւնների հետ մէկտեղ մեր արդարացի, անժամկէտանց պահանջատիրութիւնը ներկայացնենք: Ներկայացնենք յաղթողի, իրաւատիրոջ ինքնավստահութեամբ ու արժանապատւութեամբ: Ընդ որում այս սրբազան աւանդը մեզ պատգամել են հէնց իրենք՝ մեր նահատակ գրչակիցները: Հայ ամենաքնարական, նրբանուրբ բանաստեղծներից մէկը՝ Ռուբէն Սեւակը իթթիհատական Թուրքիայում, չմոռանա՛նք՝ իթթիհատական Թուրքիայում, գրում էր.
Քե՜զ, ցասումի վայրագ հեղեղ գահավէժ,
Արդարութեան փայփայելի մո՜ւթ հըրէշ,
Խաւարներու ահե՛ղ ծընունըդ, Վրէ՛ժ,
Ողջո՛յն, տաղե՜րս քեզի՛…
Մեր միւս նահատակ բանաստեղծը՝ Սիամանթոն, յաւելում էր.
Զա՛րկ, Կովկաս, սա անարգ Ճակատագիրը ջախջախելու եւ Չարիքն ըմբերանալու համար,
Զա՛րկ, որովհետեւ ամե՛ն յոյս զՔեզ կը յուսայ եւ ամեն ապագայ զՔեզ կը պաղատի,
Զա՛րկ, վասնզի ամեն Ազատութիւն եւ ամեն Արեւ քու հարուածիդ կայծերէն պիտի ծնանին.
Զա՛րկ, Քու անթառամ սիրոյդ եւ ատելութեանդ չափին խորութեանը համեմատ.
Զա՛րկ, զա՛րկ, ահաւասիկ հորիզոնները կը կապոյտնան, ահաւասիկ առաւօտները կը ճեղքուին,
Զա՛րկ, ազատաբեր հարուածիդ շռինդը Մասիսէն ի Տաւրոս եւ մինչեւ հայրենիքին խորերը կը թնդայ:
Վերջապէս, ինչպէս գիտէք, հանճարեղ,Վարուժանը լրացնում է.
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
—Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ—
Գրիչս եղաւ անթրոց սըրտերու հնոցի…
—Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ—
Եղէգնեայ գըրչով վըրէժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր:
Ստամբուլ կատարած 100-ամեակի իմ ուխտագնացութեան օրը՝ ապրիլի 24-ին, «Նոր զարթօնք» երիտասարդական միութիւնը Թաքսիմի հրապարակում սգերթ ու մոմավառութիւն էր կազմակերպել: Երբ տեղ հասանք, պարզեցին պաստառները՝ «Հարիւր տարին բաւ է», «Պիտի չմոռնանք, պիտի չմոռցնենք»… ու յանկարծ թուրքերէն պաստառ՝ «Չէրքէզները ձեզ հետ են»: Ինչքան գիտեմ, չէրքէզները մահմեդական են, պատճառը չհասկացայ, մօտեցայ, հարցրի:
—Մենք սոսկ հայերի համար չենք պայքարում, — պատասխանեցին, — պատմական արդարութեան համար ենք պայքարում:
Եթէ չերքեզները, այն էլ Թուրքիայում, պայքարում են մեր արդարութեան համար, մենք ինչո՞ւ պիտի չպայքարենք, պայքարի չմղենք մեր ընթերցողներին:
Ֆրանսահայ հոգեվերլուծաբան Հելէն Փիրալեանը, որ ուսումնասիրում է ցեղասպանութեան հետեւանքները վերապրողների 3-րդ ու անգամ 4-րդ սերնդի վրայ, Երեւան կատարած հերթական այցելութեան ժամանակ խնդրեց, որ միասին Արցախ գնանք: Նա զրուցեց խրամուղիներում սահմանները պաշտպանող զինուորների հետ ու ինձ շնորհաւորեց:
—Գիտե՞ս, — ասաց, — արցախեան գոյամարտի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հայը փոխուել է, յաղթահարել է թուրքի վախի բարդոյթը, նոր սերունդն այլեւս թուրքից չի վախենում:
Այո՛, հայը փոխուել է, իսկ թո՞ւրքը: Ձեզ յայտնի՞ է, որ նոյն 100-ամեակի օրերին, իրենց իսկ մամուլի վկայութեամբ, թուրք ազգայնամոլներն այսպիսի պաստառներով էին ելել ցոյցի. «Շնորհակալութիւն մեր պապերին, որ 100 տարի առաջ մեր երկիրը մաքրեցին հայ տականքներից»:
Յամենայն դեպս՝ ես հաւատում եմ Հելէն Փիրալեանին. երբ շատ եմ կարօտում իմ տոհմական բնօրրանը՝ Ակնը, հասնում եմ Շուշի, բարձրանում եմ բերդապարսպի ամենավերին աշտարակը: Այնտեղից՝ յաղթանակած Շուշիի բարձունքից, ես տեսնում եմ ազատագրուած Ակնը: Ամբողջ Արեւմտահայաստանը: Որովհետեւ համոզուած եմ՝ Արեւմտահայաստանի ազատագրութեան ճանապարհը Շուշիով է անցնում:
Ես համոզուած եմ եւ ուզում եմ, որ դուք էլ համոզուէք:
Երջանկայիշատակ Գերսամ Ահարոնեանը, ամեն Ամանորի, բաժակը բարձրացնելիս, նոյն կենացն էր խմում՝ «Գալ տարի Վանի մէջ»:
Շնորհակալութի՛ւն:
Ծաղկաձոր, 9 հոկտեմբեր 2017