ՀՈՂԷ ԿՏՈՒՐԻՆ — պատմուածքներ

ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

1

Տատս ասաց, որ մեր հարեւան Մեսրոպենք ձմեռուայ վառելիք չունեն:
—Ուրեմն ձմեռը չի՞ գալու, — հարցրի ես:
—Ինչո՞ւ,— զարմացաւ տատս:
—Դէ, Մեսրոպենք վառելիք չունեն:
Ձիւնը նստեց: Ցուրտ էր:Պառկեցի տաք անկողնում ու լացեցի՝ Մեսրոպենք վառելիք չունեն:
Տատս ասաց, որ լացս կտրեմ, թէ չէ Սոնէենց հարսանիքին թամաշա չի տանի:
Լռեցի:
Քունս խանգարեց կացնի ձայնը:
Հայրս փայտն ուսին դրած՝ դուրս եկաւ: Ձիւնը մղկտաց հօրս ոտքերի տակ:
Տատս օրհնեց հօրս:
Մեսրոպենց կիսաքանդ ծխնելոյզից ծուխ դուրս եկաւ:
Բոլորս լուռ էինք, Մեսրոպենց Բողարն էր հաչում:

2

Շունը չորս ձագ էր ունեցել: Չորսն էլ կախուել էին մօր պտուկներից ու անդադար ծծում էին: Ոչի՛նչ, մի քանի երկաթից ամուր ոսկոր կը գցեն դէմը, հին ու մին ապուրի մնացորդ կ՚ուտի , կաթի պակաս չի ունենայ:
Տանտիրուհին ներս մտաւ: Մի անծանօթ կնոջ հետ էր: Ա՜յ քեզ բան, շունը երբեք սեխի գլխով այդ երկարավզին չէր տեսել:
Վեր թռաւ մայր շունը, ձագերին շպրտեց այս ու այն կողմ: Ոչի՛նչ, քաղցից չեն մեռնի, թող սպասեն, չէ՞ որ տէրն էր ներս մտել: Մեծահոգի էր շունը: Անդադար լիզում էր տիրուհու ոտքերը, ուզում էր ասել, հասկացնել, գոռալ, որ ինքն էլ է մայր դարձել, որ չորս երեխաներ ունեցող տիրոջն այսուհետ աւելի լաւ կը հասկանայ:
Կողպէքը ժանգոտ էր, բայց մի կերպ փակեցին:
Շունը պառկեց: Երանի ինքն էլ հաչելու նման հմուտ լացել կարողանար:
Ձագերից երկուսը սեխի գլխով երկարավզի գրպանից մօր կողմն էին նայում: Երանի մայրն իրենց էլ լացել սովորեցնէր:
Լոյսը կրկին բացուեց: Թթուած կաթի հոտը շուրջբոլորն էր բռնել:

3

Անանը յարձակուեց իւղի պուտուկին վրայ՝ փորձելով ամանի ծերացած պատերից գոնէ մի գդալ իւղ քերել՝ կտրից նոր բերած չորացած աւելուկով ապուրը եփելու համար:
Աւելուկի հիւսքը քանդեց Սարոյենց աղբիւրի սառը ջուրը: Ջուրն այնքան պաղ էր, որ աւելուկի մէջ թաքստոց գտած մրջիւնը հազիւ կարողացաւ փախչել:
Ապուրի բոյրը խառնուեց թոնրի կիսավառ աթարի դառը հոտի հետ. ծանրացաւ օդը: Ապուրը եռաց, ապուրի մէջ իւղ չկար:
Փոքրիկ Շողոն ու Արշոն լացեցին. ապուրը համով չէր:
Մութն իր թեւերի մէջ առաւ Անանենց հողէ կտուրը:
Երեխաների քունը չտարաւ, լացեցին: Մայրը երկուսին էլ լաւ ծեծեց:
—Ապուրը համով չէր, մէ՛կ է, համո՛վ չէր,— արցունքների միջից անդադար կրկնում էր չարաճճի Շողոն:
Մայրը քաշեց աղջկայ ծամերից, որ բերանը փակի: Տատն անիծեց հարսին:
Խսրի պռունկը գործող ծեր պապը մի կողմ թողնելով՝ դուրս վազեց: Յարդանոցում ձմեռացման դրած մեղուի միակ փեթակից մի կտոր մեղուահաց բռնած՝ ներս մտաւ:
Շողոն ու Արշոն շուրթերը լիզեցին:
Ծեր Չալոն իր նուաղուն ձայնով քշեց գիւղ հասած սոված գայլին: Շողոն ու Արշոն էլ քաղցած չէին: Անանն աղօթք մրմնջաց: Գիշերն անուշ դարձաւ:
Լոյսը կրկին բացուեց: Իւղի պուտուկը դատարկ մնաց:

4

ԿԵԱՆՔԻ ՇՈՒԿԱՅ ՄՏԱՅ. խիղճ գնեցի, դրանից ոչ պակաս՝ լաց: Ծիծաղը շատ էր՝ գունաւոր, փայլփլուն, շատ քիչ գնեցի, այն էլ նրա համար, որ մերոնք վրաս չբարկանան: Ներումից էլ քիչ վերցրի, ինքն ինձ այդքան էլ դուր չի գալիս, իսկ առատաձեռնութիւնը՝ անսահման:
Ո՜նց էր ժպտում նուիրում վաճառող պապիկը, ողջ ապրանքը պայուսակս դատարկեցի:
Հումորը՝ տեսակ-տեսակ, վրան չնայեցի: Համբերութիւնը թանկ էր, չկարողացայ շատ գնել, քանի որ խնայածս գումարով գաղտնապահութիւն էի գնել:
Դրամապանակս դատարկուեց, ձեռքս տարայ գրպաններս, մի երկու կոպեկ էլ կար. վաղուայ հացի գումարն էր, դրանով էլ ընկերասիրութիւն գնեցի:
Ոչի՛նչ, քաղցից չեմ մեռնի:

5

Մրջիւնը քրտինքի մէջ կորել էր՝ իր փոքրիկ որջ տանելով կերածս հացի փշուրները: Մի կտոր հաց դրեցի բնին մօտիկ:
Ուրախութիւնից լացում էր:

6

Ջուրը խաղում էր ջրկիրի կօշիկների մաշուած ներբանների տակ:

7

Գարու քիստը լորի ոտքն էր մտել. հատիկը կուլ չգնաց:

8

Շարժուող երամից մի կռունկ ետ նայեց.
—Փետուրս հնձած արտի մէջ եմ թողել, կարօտիդ փնջի մէջ կը դնես:

9

Քամին անսպասելիօրէն բացեց պատուհանս: Վախեցայ:
Տատիս մաշուած գոգնոցից բուրող ռեհանի ու դաղձի հոտն էր բերել: Կարօտից քարացայ:

* * *

Ես մեր սարի հաւքն եմ ուզում,
Սինձ ու դաղձի հոտն եմ ուզում,
Սար բարձրացող այծ ու գառի
Զիլ ու անուշ ձայն եմ ուզում:

Քարն ու խիճը թեւին առած
Պաղ գետակի ջուրն եմ ուզում,
Բանջար հանող աղջիկների
«Ամպի տակից…» երգն եմ ուզում:

Սարի փէշին հնձուորների
Հնձած խոտի բոյրն եմ ուզում,
Սարուոր տատիս մերած մածնի
Անմահական համն եմ ուզում:

Ես մեր սարի հովն եմ ուզում,
Ես կարօտիս երգն եմ ուզում…

* * *

Ա՜խ, խնոցի, խնոցի,
Խելառ ու գիժ խնոցի,
Տատս ինչքա՜ն քեզ պատմեց
Իր սեւ օրից, խնոցի՛:

Հոգու տխուր լուռ ցաւից,
Կախաղանիդ պարանից՝
Բռնած ամուր ու արագ,
Մածնից քամեց սեր, կարագ:

Ա՜խ, խնոցի, խնոցի,
Անդարդ ու լուռ խնոցի՛,
Կատուն նստել է կողքիդ,
Թաթն է լիզում, խնոցի՛:

Գիշերն իջաւ, քուն մտան
Աստղերն չթէ մի բարձի,
Իսկ դու գնում ես, գալիս
Ի՛մ գիժ, խելա՛ռ խնոցի:

Երեւան, 17 սեպտեմբեր 2017

 

Հեղինակին մասին.
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆԻ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ ծնած է 1980-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գիւղը: Աւարտած է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ընդունուած Երեւանի Մ. Խորենացու անուան համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Կը դասաւանդէ հայոց լեզու եւ գրականութիւն միջնակարգ դպրոցներու մէջ։ Հեղինակ է երկու գրքերու. «Տատիկիս շերեփի բոյրը» եւ «Գրական եւ արտադասարանային միջոցառումների սցենարներ»: Ամուսնացած է, ունի մէկ որդի:
Իր խօսքերով՝ «Աշակերտներիս հայեցի խօսքն ու լեզուն ուսանելուց բացի, յաճախ մնում եմ ինքս ինձ հետ, հոգուս բազմածալ ու նուրբ թելերով հիւսում գեղարուեստական ստեղծագործութիւններ»:

One Reply to “ՀՈՂԷ ԿՏՈՒՐԻՆ — պատմուածքներ”

  1. Գյուղական անուշաբույր պատմվածք` համեմված ռեհանի ու սինձի բուրմունքներով:
    Խնոցու ճռռոցի տակ երգվում է “Ամպի տակից”-ը:
    Լավ գործեր են, ապրե’ս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *