«Վերնատունը» հայ գրողների մտածողութեան ձեւաւորման գաղափարական կենտրոն (*)

Անի Եղիազարեան, Գրականագէտ, բ.գ.թ.

1895-1896 թթ. ի պատասխան Զէյթունի ազատագրական պայքարին՝ Արեւմտեան Հայաստանի տարբեր հատուածներում եղան Սուլթան Համիդի հայկական կոտորածները։ Պետութիւն, պետականութիւն չկար։ Հայ գրող-արուեստագէտների առջեւ ոչ միայն աբովեանական հայոց լեզուն ժողովրդականացնելու խնդիր էր դրուած, այլեւ՝ հայոց պետականութիւնը վերականգնելու հարցը։
Թումանեանի տանը՝ Թիֆլիսի Բեհբութեան փողոցի № 50 հասցէում, պարբերաբար հաւաքւում էին հայ ազգի լուսաւոր մտաւորականները քննարկելու ազգային հարցեր, գրականութեանը վերաբերող տարաբնոյթ խնդիրներ: Թումանեանի բարձրադիր բնակարանում աւելի յաճախակի սկսեցին հանդիպել Լեւոն Շանթը, Աւետիք Իսահակեանը, Նիկոլ Աղբալեանը, Ղազարոս Աղայեանը, Դերենիկ Դեմիրճեանը, որոնցից իւրաքանաչիւրին Թումանեանն հանդիպել եւ ծանօթացել էր կեանքի տարբեր փուլերում: «Ահա այդ հաւաքոյթները մեզ բերին մի գրական խմբակ ստեղծելու գաղափարին։ Խմբակը կազմուեց աննախընթաց եռանդով եւ վճռականութեամբ։ Այն երեկոն, երբ ուշ գիշերով, ընթրիքից յետոյ կազմուեց խմբակը, յիշում եմ, որ կարեւոր համարուեց անմիջապէս մի անուն եւս գտնել խմբակի համար։ Առաջարկուեց «Վերնատուն» անունը` իբրեւ Թումանեանի բարձրայարկ բնակարանի յարմար անուն։ Այդ դուր եկաւ մեզ։ Դա յիշեցնում էր մի ուրիշ վերնատուն, ուր հաւաքուեցին Քրիստոսի աշակերտները։ Դրա մէջ ինչ-որ  հոգեկան ներքին իմաստ կար…», — գրել է Դերենիկ Դեմիրճեանը:
XIX դարավերջի եւ XX դարի սկզբում «Վերնատունը» Թիֆլիսում գործող հայ առաջին գրական ակումբ-խմբակն էր, որի մշտական անդամները շաբաթը մէկ-երկու անգամ հաւաքւում էին Յովհաննէս Թումանեանի տանը՝ «իրար տեսնելու եւ զրոյց անելու» (հիմնականում հինգշաբթի եւ շաբաթ)։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողներն ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականութեան դասական եւ նոր հեղինակների, ինչպէս նաեւ իրենց` արդէն գրուած եւ նոր ստեղծուած գործերը։ Նշանաբանն էր՝ «Վե՛ր, միշտ վեր»։
«Վերնատունը» իւրայատուկ դպրոց էր թիֆլիսահայ գրասէր հասարակութեան համար։ Գործունէութեան տարիներին մէկը միւսին գերազանցող գրական գլուխգործոցներ են ծնուել։ «Վերնատունը» դարձաւ «Հայ գրողների կովկասեան ընկերութեան» հիմնադրման նախադրեալը: Վերջինս պետական գրանցում ունեցող գրական առաջին կազմակերպութիւնն էր եւ ունէր իր կանոնադրութիւնը։

«Վերնատան» մշտական անդամներն էին՝ Ղազարոս Աղայեան, ում անուանել են Վերնատան «գրական նահապետ» ոչ միայն տարիքի, այլեւ՝ փորձի եւ հեղինակութեան համար, Յովհաննէս Թումանեանը՝ հիմնադիր եւ միակ ու անփոփոխ նախագահը, Աւետիք Իսահակեանը, Լեւոն Շանթը՝ խմբակի միակ «ողն ու ծուծով» թատերագիրը, Դերենիկ Դեմիրճեանը՝ ամենակրտսեր անդամը, որն աչքի է ընկել նաեւ իր ծաղրանկարներով, Նիկոլ Աղբալեանը՝ «ոչ բելետրիստ» (այսինքն՝ որ գեղարուեստական գրող չէ, ֆրանսերէն belles-lettres դարձուածքէն ածանցուած. — խմբ.) անդամը եւ միակ տեսաբանն ու քննադատը։ Նրանք ունէին իրենց վերնական-կեղծանունները. Աղբալեանին անվանում էին Բրանդէս, Թումանեանին՝ Շեքսպիր, Շանթին՝ Հայնէ, Դեմիրճեանին՝ Բայրոն, Իսահակեանին՝ Նիցչէ՝ ելնելով նրանց գրական հետաքրքրութիւններից: Խմբում միայն Աղայեանն էր, որ կրում էր Նահապետ պատուանունը: «Կին հիւրերին ասում էին վերնանուշներ: Գրական հաւաքոյթներին հիւրերը մշտապէս հիւրասիրւում էին քիշմիշով ու լաբլաբուով, որին ասում էին վերնահատիկ», — գրում էր Թումանեանի դուստրը՝ Նուարդը:
Մշտական անդամներից բացի` «Վերնատան» հանդիպումներին յաճախ ներկայ են եղել նաեւ հայ այլ գրողներ, արուեստագէտներ, պատմաբաններ, լեզուաբաններ կամ գրականասէր մարդիկ՝ Պերճ Պռոշեանը, Մուրացանը, Շիրվանզադէն, Արշակ Չոպանեանը, Վրթանէս Փափազեանը, Կոմիտասը, նկարիչներ Գէորգ Բաշինջաղեանը, Փանոս Թերլեմեզեանը, Փիլիպոս Վարդազարեանը եւ ուրիշներ։
Գրական-մշակութային այդ բեղուն երեկոներին քննարկւում էին բազում եւ տարատեսակ հարցեր՝ գրողի եւ քննադատութեան կապի խնդիրներ, գրականութեան տեսութեան խնդիրներ, տարբեր ազգերի պատմութեան խնդիրներ, գրական նախորդների վերագնահատութիւն, համաշխարհային դասական գրականութիւն, ժողովրդական բանահիւսութիւն եւ այլն:  Վերնականներից իւրաքանչիւրի ձգտումն էր ստեղծել բարձրարուեստ գրականութիւն, որը կը նպաստէր հայ ազգային մշակոյթի զարգացմանը: Այդ ճանապարհին երիտասարդ եւ տաղանդաւոր գրող Լ. Շանթի համար էական նշանակութիւն ունէին համաշխարհային դասականներին նուիրուած բուռն քննարկումները, նոր հայեացքներ եւ նոր կարծիքներ լսելը, հայ գրականութեան հետ դրանք զուգահեռ քննելը: Լ. Շանթի նախաձեռնութեամբ կազմակերպուել են յատուկ երեկոներ՝ նուիրուած յոյն դասական հեղինակների՝ Հոմերոսի, Էսքիլէսի, Սոփոկլէսի, Եւրիպիդէսի ստեղծագործութիւններին, որոնց մեծ ոգեւորութեամբ մասնակցել են ոչ միայն բուն վերնականները, այլեւ հիւրընկալուող գրական այլ դէմքեր: Այդ քննարկումները նպաստաւոր ազդեցութիւն են ունեցել հայ գրողների ստեղծագործական հայեացքների կողմնորոշման եւ յղկման համար:

«Վերնատան» հանդիպումները եղել են ընդհատումներով, քանի որ հիմնադիր անդամներից ոմանք յաճախ մեկնել են արտասահման կրթութեան կամ այլ գործերով: 1901 թ. Շանթը կարճ ժամանակով մեկնել է Անտվերպէն (Բելգիա)՝ դիւանագիտական ծառայողի մասնագիտութիւն ստանալու, ապա՝ Փարիզ՝ հաշուապահի վկայականը վերցնելու համար: 1902 թ. ամռանը նա մեկնել է Լոզան (Շվէյցարիա): Եվրոպայում գտնուելիս նա յաճախ նամակներ է գրել Յովհ. Թումանեանին՝ խօսելով «Վերնատան» կարեւորութեան մասին. «Մնացեր ես դուն, մեր Վերնատան հաւատարիմ պահապան. կու գանք, Հանէս ջան, կը ժողովուինք նորէն, կը կարդանք նորէն մեր Սոփոկլէսն ու Սերվանտէսը, կը խօսինք, կը խօսինք նորէն… տակնուվրայ կ՚ընենք նորէն մեր ամբողջ գրականութիւնը ու կը տաքնանք ու կ՚ոգեւորուինք մեր սկզբունքներով, մեր տաղանդով, մեր գրածովն ու գիտելիքներով»: Շանթը Թիֆլիս է վերադարձել միայն 1902 թ. ուշ աշնանը:
«Վերնատունը» գործել է մօտ 10 տարի։ Գործունէութիւնը դադարել է 1908 թ. վերջին, երբ Յովհաննէս Թումանեանին եւ Աւետիք Իսահակեանին ձերբակալել են ցարական կառավարութեան կողմից նախաձեռնուած աղմկայարոյց «Դաշնակցութեան գործով»։ Գործունէութեան դադարման պատճառներից է եղել նաեւ անդամների երկրատեւ բացակայութիւնը եւ ցրուածութիւնը։

1909 թ. Յովհ. Թումանեանը բնակութեան տեղափոխուեց թիֆլիսեան նոր հասցէ՝ Վոզնեսեւսկայա 18, որտեղ ապրեց մինչ կեանքի վերջ:

*) Այս գրութիւնը հիմնուած է հեղինակին կողմէ 19 մարտին տրուած առցանց դասախօսութեան վրայ, որ կազմակերպուած էր «Համազգային» Աւստրալիայի կողմէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *