Աշխէն Ջրբաշեան, բ.գ.թ., դոցենտ
Յայտնի է, որ քննադատ Նիկոլ Աղբալեանը սկսնակ շատ գրողների առաջին գնահատողն ու արժեւորողն է եղել՝ Իսահակեան, Տէրեան, Զօրեան, Չարենց… Բայց այն գնահատականը, որ նա տուեց Աւետիք Իսահակեանի առաջին՝ «Երգեր ու վէրքեր» ժողովածուին «Մուրճ» ամսագրի իր յօդուածում, իսկապէս զարմանք է յարուցում, քանի որ Աղբալեանը դեռ շատ երիտասարդ էր՝ ընդամենը 23 տարեկան, բայց կարողացաւ հմուտ քննադատի աչքով տեսնել ու ներկայացնել սկսնակ բանաստեղծի այն ամենաէական գծերը, որոնք հետագայում պէտք է իրենց զարգացումը ապրէին նրա պոեզիայում։
Արձագանքելով Իսահակեանի ժողովածուի վերնագրին՝ Աղբալեանն իր յօդուածը կոչեց համանման կերպով՝ «Երգ ու վէրք», եւ նա իրաւամբ իրեն համարում էր Իսահակեանի առաջին գնահատողը։ «Ովքեր հետեւում են մեր պարբերական հրատարակութիւններին, — գրում է նա, — նրանց ծանօթ է, անշուշտ, պ. Իսահակեանի անունը, որ 4-5 տարի է արդէն, ինչ տպում է իր բանաստեղծութիւնները «Տարազում», «Արաքսում» եւ «Աղբիւրում», բայց այս 4-5 տարին, սխալած չենք լինի, որ ասենք, թէ նրա մասին մի էջ բան չի տպուած»։ Ի հարկէ, յանուն արդարութեան, քննադատը նաեւ նշում է, որ Իսահակեանի անունը խօսք ու զրոյցի նիւթ է, նրա մասին ամենուր խօսում են, նրա բանաստեղծութիւններից շատերն անգիր են անում, սակայն լուրջ գնահատական դեռեւս չի տրուել։
Եւ ահա «Երգ ու վէրք»-ը արժանի գանահատականի առաջին փորձն է։ Շուրջ 50 տարի անց՝ 1946 թ., երբ Բէյրութում նշում էին Իսահակեանի 70-ամեայ յոբելեանը, «Ազդարար» թերթում տպագրուած իր յօդուածում Աղբալեան հպարտութեամբ է յիշում, որ ինքն է եղել բանաստեղծի առաջին գնահատողներից, եւ կրկին հպարտութեամբ փաստում, որ չի սխալուել։
Նախ, Աղբալեանն իր առաջին յօդուածում արդէն նկատել ու արժանի գնահատական էր տուել երիտասարդ բանաստեղծի հարուստ ու փարթամ երեւակայութիւնը, որի շնորհիւ նա ստեղծում է հրաշալի պատկերներ։ Ժողովածուի բանաստեղծութիւնների մէկի առիթով քննադատը գրում է. «Ի՞նչ է սա. նկա՞ր է, թէ բանաստեղծութիւն, այս պատկերը վրձնի գո՞րծ է, թէ խօսքերով է արտայայտած։ Որքա՜ն հասարակ խօսքեր, որքա՜ն սովոր գծեր, բայց եւ ի՜նչ պայծառութիւն, աչք ծակող փայլ ու լոյս»։ Եւ քննադատը եզրակացնում է. «Պ. Իսահակեանի բանաստեղծութիւնները ոչ միայն հարուստ են պատկերներով, այլեւ յաճախ իրենք պատկերներ են… Այս բոլորից երեւում է, որ հեղինակը իսկական տաղանդի տէր է…»։
Թէպէտ Աղբալեանն ընդգծում է Իսահակեանի պոեզիայի գեղանկարչական տեսանելիութիւնն ու պատկերաւորութիւնը, բայց միեւնոյն ժամանակ նաեւ ցոյց է տալիս գեղանկարչութեանը բնորոշ անշարժութիւնից զերծ լինելը։ Նրա պոեզիաիւմ բառերն ու խօսքերը անդադար շարժւում են, «իրար գլխով ընկած թռչում են, վազում, ինչպէս ձայները յարմար են գալիս նիւթին. կարծէք քամին է, որ ձիւնն իրար խառնած՝ կատաղած փչում է…»։ Քննադատը նաեւ բարձր է գնահատում Իսահակեանի ճոխ լեզուն՝ գրելով. «…Այս լեզուն մի չտեսնուած լեզու է մեր գրականութեան մէջ, այդպէս ոչ ոք չի գրում, մարդու աչքը շլանում է մայրենի լեզուի այդ հարստութիւնից…»։ Քննադատի համար իրօք յայտնութիւն էր Իսահակեանն իր բանաստեղծական նոր աշխարհով, լեզուամտածողութեամբ ու պատկերային ճոխ համակարգով։ «Այսպէս ոչ ոք չի գրում ու չի գրել, — շարունակում է Աղբալեանը, — այսպէս ոչ ոք չի զգացել ու արտայայտել։ Տպաւորութիւնն այն է, որ կարդում ենք մի ինքնուրոյն գրողի երկեր, որ իր նմանը չունի մեր գրականութեան մէջ»։
Յատկանշական է, որ Իսահակեանի պոեզիայում Աղբալեանն արձանագրեց այն երկու կարեւորագոյն շերտերը, որոնք իրօք առանցքային էին՝ ժողովրդականը եւ, այսպէս կոչուած, տիեզերականը, որտեղ գերիշխում են անհատական կրքերն ու ապրումները։
Ի տարբերութիւն մի քանի տարի անց Լէոյի տուած գնահատականի՝ Աղբալեանը յատկապէս բարձր է դասում Իսահակեանի պոեզիայի ժողովրդական տարերքը։
Աղբալեանը որոշակիօրէն հակադրում է այդ երկու շերտերը, թէպէտ աւելի ուշ շրջանի գրականագիտութիւնը ցոյց տուեց Իսահակեանի պոեզիաիւմ դրանց միասնութիւնն ու ուղղակի կապը։ Այնուհանդերձ, հետաքրքրիր են այդ հակադրութեան առանցքային գծերն ու բնութագրիչները։ Աղբալեանն ինքը ստեղծում է իրապէս գեղարուեստական պատկեր՝ տեսանելիօրէն ներկայացնելու համար Իսահակեանի պոեզիայում առկայ ժողովրդական եւ անհատապաշտական գծերի սուր հակասականութիւնը՝ գրելով. «Նա լաւ է ու լայն, քանի ժողովրդի հետ է երգում եւ ժողովրդի սրտից է խօսում, նրա սիրտը ուժեղ է զարկում, գրածները փայլ ունին, ձայնը խրոխտ է եւ ազդեցիկ, ցաւը խորն է եւ համակող, նրան շրջապատող համակրողների թիւը ստուար է, հազարներ են՝ ցրուած մեր երկրի այս ու այն խորշում, այս ու այն խրճիթի կամ դաշտի մէջ։ Երբ ձեռք է զարկում իր սրտի միւս լարերին եւ հնչեցնում իր երգը կամ վէրքի մեղեդին, նրան համակրողների օղակը նեղանում է, աւելի քիչ սրտեր են բաբախում նրա հետ, աւելի քիչ մարդիկ են ձայնակցում նրա վշտին ու ցաւին… այնտեղ զգացմունքները նեղ են ու սուր, արտայայտութիւնները համեմատաբար աղքատ ու անորոշ։ Բայց երբ բանաստեղծը գնում է գնում, հեռանում է, վերանում դէպի իր «հեռու ափերը», ժայռերն ու անապատները, այլեւս անկարելի է լինում նրան հետեւել. նա մնում է միայնակ, կորցնում ես նրան աչքիցդ մշուշի ու գորշ անորոշութեան մէջ, այլեւս նրա շուրջը չի լսւում ոչ մի սրտի բաբախում, բացի իր սրտի զարկը, որ խուլ կերպով հնչում է սառը բարձունքներում, լռութեան միջին, զգացմունքները անորոշ են դառնում ու ցուրտ, մտքերը մթնում են ու խառնւում իրար, արտայայտութիւնները փոխւում, դառնում անհասկանալի եւ անընբռնելի… ոչ մի մահկանացու չի կարող նրան հետեւել, նայ մենակ է իր «վէրքերի» հետ, անընկեր…»։ Իսկապէս, պատկերաւոր է բնութագրումը, աւելի քան խօսուն։
Եւ քննադատը եզրակացնում է. «Երբ բանաստեղծը կտրատում է այն բոլոր թելերը, որոնցով նա կապուած է ժողովրդի մեծ սրտի հետ, երբ այլեւս ժողովրդի կամ շրջապատողների ձայնը չի հասնում քերթողի ականջին, որովհետեւ նա շատ է հեռանում ու վերանում… այլեւս մենք չենք կարողանում նրան հասկանալ, հետեւել չի լինում նրա թռիչքին, …համազգալն ու հասկանալը ոչ միայն դժուար, այլեւ անկարելի է դառնում…»։ Իբրեւ օրինակ՝ Աղբալեանը մէջբերում է ժողովածուից մի քանի բանաստեղծութիւն։ Ըստ քննադատի՝ այդ գործերում «լեզուն էլ է տարօրինակ դառնում», «ամեն բան վարագուրւում է անորոշութեամբ, պղտորւում աչքներիդ առաջ»։ Եւ նոյնիսկ մի փոքր աււելի դաժան բնութագիր է տալիս. «Պ. Իսահակեանի այս տեսակի բանաստեղծութիւնները (փառք, աստծոյ, որ քիչ են) հէնց մեռած են ծնուել, նրանք հիւանդացած ու գրգռուած ջղերի արդիւնք են, անորոշ, մութ, ամենքին անծանօթ ու խորթ»։ «Բայց ուրախալին այս է, — շարունակում է քննադատը, — որ թէեւ դրանք, անկասկած, հիւանդ բաներ են, բայց քիչ են…»։ ««Հրդեհ», «հեղեղ», շատ մեծ խօսքեր են, որ չեն գալիս բանաստեղծի իսկական չափերին…», — գրում է նա։ Քննադատն անգամ որակում է սա իբրեւ «նախապաշարուած մեծամոլութիւն»։ Իսկ ո՞րն է բանաստեղծի իրական չափը. դա անպատասխան սէրն է՝ ժողովրդական լարերով ու ելեւէջներով երգած, «վշտով, ցաւով, կսկիծով, յուսահատութեան հասնող երազների ցնդումով»։ Եւ բանաստեղծի միակ մխիթարութիւնը բնութեան մէջ է, որտեղ նա կարեկից սիրտ է գտնում։ Այդ իրական չափը ժողովրդական մտածողութիւնն է, ժողովրդական չափը, ոճը, լեզուն, եւ «այլեւս մենք չենք կարողանում մեր սքանչացումն ու հիացքը պահել…»։ «Այստեղ, — իրաւացիօրէն նկատում է քննադատը, — երեւան է գալիս բանաստեղծի մի նոր յատկութիւնը՝ ժողովրդականութիւնը, որ նրա ընդհանուր բնագիծը չէ, բայց բնագծի ամենաթանկագին ու կարեւոր մասն է…»։ Ինչո՞ւմն է այդ ժողովրդականութիւնը. նրա այն յատկութեան մէջ, որ կարողանում է ժողովրդի պէս զգալ, նրա սրտով ապրել… «Ահա՛ թէ որտեղ է բանաստեղծի անիրական վէրքերի սպեղանին, ահա թէ որտեղ նրա սիրտը կը հանգստանայ, ահա թէ ո՛ւր պիտի իջնի նա, ո՛ւմ սիրտը մտնի, ո՛ւմ ջղերով զգայ, ո՛ւմ վիշտն ու ցաւը երգի»։
Յօդուածում անդադար անցնում է սառը բարձունքների եւ ջերմ ու կանաչած ստորոտների հակադրութիւնը։ Այդ ստորոտները լայն են, մարդաշատ ու կենդանի, իսկ բարձունքները՝ սառն ու անկենդան, եւ քննադատը եզրակացնում է. «Սառը բարձունքները ոչինչ չեն տայ բանաստեղծին. այնտեղ բարձրացել է իր երեւակայութեամբ եւ՛ ժողովուրդը ու հիասթափվել…»։ Իսկ «ստեղծագործութեան առաջին եւ անհրաժեշտ պայմանը համազգալն է ուրիշի սրտին, առանց ուրիշի դրութիւնը մտնելու ընդունակութեան չկայ ստեղծագործութիւն, մարդ պէտք է կարողանայ ապրել ուրիշի կեանքով, մտածել նրա նման, դատել ու խօսել, զգալ ու կշռադատել», — գրում է Աղբալեանը։
Ի հարկէ, կարելի է այս գնահատականներից շատերի հետ չհամաձայնել, սակայն անառարկելի է, որ Աղբալեանը որսացել է Իսահակեանի պոեզիայի կարեւորագոյն լարերը, տեսել դրանց էական գծերն ու ներկայացրել հայ ընթերցողին։ Հետագայ տարիներին Աղբալեանը տարբեր առիթներով կրկին անդրադարձել է Իսահակեանի պոեզիային, եւ մեծ բանաստեղծը մշտապէս զգացել է քննադատի ջերմ շունչն ու աջակցութիւնը։