Բուխարեստի «Արարատ» ամսագրի թղթակից, Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտութիւնների դոկտոր Արսէն Արզումանեանի «Ստրունգայի հայկական որբանոցը. բեկուած ճակատագրերի վկայութիւններ» գիրքը հեղինակի ծաւալուն ուսումնասիրութիւնն է Ռումինիայի Ստրունգա գիւղի հայկական որբանոցի ուշագրաւ պատմութեան վերաբերեալ։
Գրքի ռումիներէն և հայերէն տարբերակները լոյս են տեսել Բուխարեստում, 2023 թ., որբանոցի 100-ամեակի կապակցութեամբ։ Աշխատութիւնը բացառիկ է իր ուսումնասիրութեան աղբիւրներով. առաջին անգամ ուսումնասիրուել և վերլուծուել են որբանոցի արխիւներն ու Բուխարեստում լոյս տեսած հայկական պարբերականների հարիւրաւոր յօդուածներ, որոնք անդրադարձել են որբանոցի հիմնադրմանը, կայացմանը և լուծարմանը։ Այդ պարբերականների մեծ մասը միայն Ռումինիայում է յաջողուել գտնել և մոռացումից փրկել։
Ռումինիայի Եաշի մարզում գտնուող Ստրունգա գիւղը՝ երիզուած սաղարթախիտ անտառներով ու մաքրամաքուր աղբիւրներով, ռումինահայ համայնքում խոր յուզական ապրումներ է արթնացնում: Ռումինիայի կառաւարութեան և ռումինահայ համայնքի մեծ ջանքերի շնորհիւ այդ խաղաղ անկիւնում 1923 թ. ապրիլ ամսին իր դռներն է բացում Ստրունգայի հայկական որբանոցը, որտեղ ապաստան են գտնում Հայոց ցեղասպանութիւնից փրկուած 200 երեխայ՝ 150 տղայ, 50 աղջիկ: Ջարդերի ժամանակ նրանք կա՛մ կորցրել էին ծնողներին, կա՛մ խզուել էր նրանց կապը ծնողների հետ: Որոշ դեպքերում էլ անելանելի դրութեան մէջ գտնուելով՝ ծնողները կամ հարազատներն էին երեխաներին յանձնել որբանոցի խնամքին: Սոյն աշխատութեան մէջ ներկայացուած է որբանոցի գրանցամատեանը՝ երեխաների լուսանկարներով և անձնական տուեալներով: Հեղինակին յաջողուել է պարզել, թէ ինչ ընթացք ունեցաւ նրանցից մի քանիսի կեանքը որբանոցին յաջորդած ժամանակահատուածում:
Հետազօտուած նիւթերում արժէքաւոր տեղեկութիւններ են յայտնաբերուել նաև որբանոցի շրջակայքում գոյութիւն ունեցած, կարելի է ասել, մինչև այդ «անյայտ» հայկական դամբարան-մատուռի վերաբերեալ, որի կապը որբանոցի և նրա բնակիչների հետ գրքում ներկայացուած է ուշագրաւ դրուագներով։ Խօսքն այդ շրջանում հայազգի յայտնի կալուածատէր, Ստրունգա գիւղի հիմնադիրներից մէկի՝ Ինջէ Յակոբի ընտանիքի դամբարանի մասին է, որը 1923 թ. դառնալու էր Սբ. Նահատակաց մատուռ։
Թէև Ստրունգայի հայկական որբանոցը կարճ կեանք է ունեցել, այն խոր հետք է թողել ռումինահայերի յիշողութեան մէջ:
(«Գրական Թերթ», 7 փետրուար 2025)