Սոնա Ադամեան
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակը բանաստեղծ Խաչիկ Մանուկեանի ծննդեան 60-ամեակին նուիրուած գրական ցերեկոյթ էր կազմակերպել՝ Աւ. Իսահակեանի տուն-թանգարանում։ Բազմաթիւ հիւրերի թւում էր նաեւ Բագրատ սրբազանը, որի օրհնութեամբ եւ խօսքով էլ մեկնարկեց միջոցառումը։ «Իմ ճանաչած բոլոր տարիների մէջ ոչ մի վայրկեան ընկալումներիդ, սկզբունքներիդ, ապրումներիդ, գրիչիդ մէջ փոփոխութիւն տեղի չի ունեցել, — բանաստեղծին դիմելով՝ ասաց Սրբազանն ու շարունակեց, — ո՛չ յարմարուելու, ո՛չ էլ կոմպրոմիս ունենալու կեանքում։ եւ ինչպէս միշտ եմ ասել, մեր սիրելի Խաչիկի թանաքի եւ արեան գոյնը նոյնն են։ Իսկ մեր կեանքի համար նա ընծայել է ոչ միայն իր գրիչը, միտքը, սիրտը, ամբողջական նուիրումը, այլեւ իր կեանքի ամենաթանկը՝ իր զաւակին, որը բոլոր պոեմների, բանաստեղծութիւնների, հրապարակային խօսքի, ամենի խտացումն ու բարձրակէտն է։ Մարդ, որի համար ոչ մի անգամ ոչ մի միլիմետր զիջում տեղի չի ունեցել եւ դեռ աւելին՝ անընդհատ ընծայում։ Շատ զօրանաս, Խաչիկ ջան, թող Վաչագանն էլ երկնքից իր լայն ժպիտով ուղեկցի քեզ»։
«Համազգային»-ի Երեւանի գրասենեակի ղեկավար Ռուզան Առաքելեանի խօսքով, ներկաները հաւաքուել են մի բանաստեղծի շուրջ, որը տարիներ շարունակ խօսել է մեր մտքից, հոգուց եւ սրտից. «Դեռ շատ տարիներ առաջ առիթ եմ ունեցել գրելու Խաչիկ Մանուկեանի մասին եւ գրել եմ, որ մենք բախտաւոր սերունդ ենք, որ ունենք Խաչիկ Մանուկեանի նման տաղանդաւոր բանաստեղծի ժամանակակիցը լինելու բախտաւորութիւնը։ Այսօր էլ նոյնն եմ կրկնում։ Խ. Մանուկեանը գալիս է մեր դասական գրականութիւնից, որի բոլոր չափանիշները նրա պոեզիայում ներառուած են։ Նա այն քիչ բանաստեղծներից է, որի ապրումն անկեղծօրէն տող է դարձել, եւ ցանկացած մէկը, կարդալով նրա բանաստեղծութիւնները, իրեն ընկեր կը ճանաչի, որովհետեւ այդքան մտերիմ կը զգայ, քանի որ խօսում է բոլորիս մտքի, հոգու հետ։ Ես չեմ ուզում անդրադառնալ նրա մարդկային կերպարին, փոխարէնը ուզում եմ ընդգծել, որ այս գրականութիւնն ապրեցնելու է մեզ եւ ապրելու է շատ երկար տարիներ։ Իր վերջին՝ «Անմահականս» գիրքը, որ նուիրուած է որդու յիշատակին, անհնար է առանց յուզմունքի կարդալ, բայցեւ մի մխիթարանք կայ։ Երբ կարդում ես այդ դառը ապրումները, որոնք յուզում են քեզ մինչեւ հոգուդ խորքը, դրա կողքին կայ նաեւ ապրելու եւ ապրեցնելու մի շատ գեղեցիկ պատգամ. որքան էլ ինքը խօսում է իր վշտի մասին, բայց ընթերցողին փոխանցում է ապրելու կամք, արիութիւն, որպէսզի հայրենիքը մեր աչքի լոյսի նման պահենք»։
Ներկաներին ողջունեց նաեւ բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը, որն իր խօսքում նկատեց, որ իր 60-ամեակի հանդիսութիւնը «Համազգային»-ը որոշել էր դեռ Բէյրութում անցկացնել, բայց «արկերը պայթեցին, յետոյ որոշեցինք, որ Երեւանն էլ պակաս Բէյրութ չէ, եւ, ուրեմն, հանդիպումն անցկացնենք Երեւանում»։ Բանաստեղծը նկատեց, որ իր տարեդարձը գարնանն էր, եւ հասցրին, ձմռան շեմը չհատած, նշել շատ պատուելի օջախում՝ Իսահակեանի տուն-թանգարանում, որտեղ վարպետի շունչը կայ, որն ազգ է պահում։
«… եւ, ընդհանրապէս, բոլոր այն գրողները, ովքեր գալիս են մեր պատմութեան ուժն իրենց մէջ կրելով, նրանք ազգապահպան երեւոյթներ են, եւ պատահական չէ, որ այդ բոլոր տաղանդաւորներն ընդվզեցին մեր ժամանակի դէմ, որովհետեւ իրենց ու մեր աչքի առաջ ազգ ու հայրենիք է վերանում։ Մենք այդ ամենը տեսնում ենք, բայց, ի ցաւ մեզ, չենք ընկալում, մենք կարծես բթացել ենք մեր ժամանակի առաջ, ու կարծես սովորական են դարձել այս տեղատարափ կորուստները, այս տեւական փոխզիջումները, այն բութ մտքերը, որոնք մեր ազգին անընդհատ յղւում են։ Ես շատ ուզում եմ, որ մեր ժողովուրդն իր հայեացքը շրջի Իսահակեանին, Թումանեանին, Քոչարին։ Իսկ այն գոյանքները, որ ասում էին՝ հերոսը հարկ մուծողն է, ես դրանց առաջարկում եմ՝ գնան կանգնեն Դաւթի արձանի դէմը, եւ մի քիչ տղամարդու շունչ գայ վրաները, որ հասկանան՝ հերոսն ով է, հարկ մուծողն ով է։ Բաներ կան, որ խելագարեցնում են մարդկանց։ եւ շատ ուզում եմ, որ գնահատականները հէնց սկզբից տալով հասկանանք, որ մենք մեր ազգային նկարագիրը կորցնել-չկորցնելու արահետում ենք, բայց երբեք ու երբեք, քանի դեռ ես շնչում եմ, թոյլ չեմ տալու, որ իմ զաւակի նուիրումն իր երկրին ու հայրենիքին փոշիացնեն», — ընդգծեց բանաստեղծը։
Իր 60-ամեայ ճանապարհը Խաչիկ Մանուկեանն անցել է բազմաթիւ գրքեր լոյս ընծայելով ու յաջողութիւններ արձանագրելով՝ մատնանշում է գրականագէտ Դաւիթ Գասպարեանն ու նկատում, որ նա երբեք իր ձայնը չի յարմարեցրել ու չի կեղծել. «Խաչիկն այն բանաստեղծն է, որ ընթերցողի, ժողովրդի առջեւ վերականգնեց բանաստեղծի, գրողի կերպարը։ Գրողների միութեան 500-600 անդամները՝ դեռ մի կողմ, բայց ժողովրդի, իրականութեան հետ գրականութեան կապերը դանդաղ խզուեցին, ու այսօր ոչ թէ ընթերցողն է հեռացել գրականութիւնից, այլ գրականութիւնն է հեռացել ընթերցողից։ Խաչիկ Մանուկեանն այդ հեռացումը կարճեց եւ ասաց՝ բանաստեղծը սա է, գրական խօսքն էլ՝ սա, որովհետեւ մարդու, ժամանակի, կեանքի հետ խօսել է պէտք եւ գրական մարդու կերպարը վերականգնել այս աւերուած ժամանակներում՝ այսքան կորուստների մէջ։ Հեշտ չէր, բայց Խաչիկը կարողացաւ դա վերականգնել։ Շատ բարձր եմ գնահատում իր գրական ներկայութիւնը, քանի որ մեր առջեւ բանաստեղծ է, իրական ձայն»։
«Համազգային»-ի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանի դիտարկմամբ էլ, Խաչիկ Մանուկեանն իր ստեղծագործական կենսագրութեամբ նուաճել է բանաստեղծի սեփական բարձունքը. «Հայրենիքը կրկին պղտոր փոթորիկների մէջ է, կրկին անարդարութեան ու զրկանքների զոհասեղանին, Խաչիկ Մանուկեանն այս փոթորիկներին կողքից չի նայում, այլ դրանց մէջ է ե՛ւ ֆիզիկապէս, ե՛ւ հոգեպէս, որպէս բանաստեղծօրէն իր ժամանակներն ու բարքերն արձանագրող, դրանց դէմ ընդվզող մտավորական ու քաղաքացի։ Ոժեղ են ու կրակոտ Խաչիկ Մանուկեանի տողերը, եւ ընթերցողի համար ակնյայտ է դառնում, որ նախքան թղթի վրայ ամրագրուելը, դրանք անցել են բանաստեղծի արիւնաթակ տաք սրտի միջով»։
(«Հրապարակ», 30 Նոյեմբեր 2024 )